2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«Մեր հասարակությունը պետք է սովորի հրաժարվել մաքսիմալիզմից»

«Մեր հասարակությունը պետք է սովորի հրաժարվել մաքսիմալիզմից»
18.09.2009 | 00:00

«ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼՈԿՈՄՈՏԻՎԻ ԴԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՄՆ-Ը»
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետագա ճակատագիրը, դրանց շուրջ հնարավոր զարգացումները և այդ համատեքստում Հայաստանի շահերի պաշտպանության հնարավորություններն է մեկնաբանում «Գլոբալիզացիայի հայկական կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Պարոն Գրիգորյան, Դուք հրապարակավ բավականին դրական եք գնահատել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։ Համարում եք, որ դրանք այս տեսքով ստորագրելու դեպքում Հայաստանը լուրջ կորուստներ չի՞ ունենա։

-Որոշ դիտողություններով համաձայն եմ այդ ձևակերպմանը։
-Իսկ դիտողությունները որո՞նք են։
-Փաստաթուղթը, իմ կարծիքով, բավականին հաջող է, և հասարակական քննարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո, կարելի է ստորագրել։ Սակայն ամենակարևորը, անշուշտ, դրա իրագործումն է։ Հիմնական վտանգն այն է, թե որքանով Թուրքիան, ի վերջո, պատրաստակամ կլինի Ղարաբաղը հայ-թուրքական հարաբերություններից տարանջատելու հարցում։ Նախաստորագրված այս տարբերակում այդ տարանջատումը գրեթե առկա է, բայց գործընթացը դեռ ավարտին չի հասել, և պետք է տեսնել, թե Թուրքիայում ընթացող քննարկումների հանրագումարում իրենք այս կապակցությամբ ինչ կառաջարկեն։
-Մինչդեռ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կարծում են, որ Ղարաբաղի հետ կապված նախապայմանն այս փաստաթղթում արդեն իսկ քողարկված ձևով կա և ձևակերպված է այն դրույթում, ուր կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պայմանավորվում չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին։
-Նախ` սկսենք նրանից, որ մեր հասարակությունը պետք է սովորի հրաժարվել մաքսիմալիզմից։ Սա հենց հասարակության, ոչ թե իշխանության կամ ընդդիմության պրոբլեմն է, որովհետև մեր հասարակական ընկալումներում այսպես է. որևէ պայմանավորվածության, համաձայնագրի, պայմանագրի մեջ հայկական պահանջները պետք է արտահայտված լինեն ամբողջությամբ, իսկ մյուս կողմինը` ոչ մի ձևով։ Այդպես չի լինում, այլ հարց է, որ եթե հակառակորդի շահերը չափազանց մեծ ծավալով են արտահայտված ի վնաս Հայաստանի, նման փաստաթուղթ պետք չէ ստորագրել։
Կոնկրետ Ղարաբաղի հետ կապված պնդում են, թե երբ նշված ձևակերպման մեջ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, պետք է լինի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիշատակումը։ Թող ինձ ներեն, բայց սա անհեթեթություն է։ Սա երկկողմ փաստաթուղթ է Հայաստանի և Թուրքիայի միջև, ու եթե ազգերի ինքնորոշման սկզբունքը հիշատակվեր, դա կնշանակեր, որ Հայաստանը պաշտպանում է ինչ-որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը Թուրքիայի ներսում, իսկ Թուրքիան` Հայաստանի ներսում։ Կարծում եմ` մեր կուսակցությունները հնարավորություն ունեն այս կապակցությամբ միջազգային իրավաբանների կարծիքն իմանալու և հետո եզրակացություններ անելու։
-Սակայն այդ դրույթն ունի նաև շարունակություն...
-Այո՛, և շարունակության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվում են չմիջամտել երրորդ երկրների ներքին գործերին։ Մեծ վերապահությամբ կարելի է ասել, որ այստեղ Ադրբեջանի շահերի պաշտպանությունը հետապնդող ինչ-որ բան կա։ Այն իմաստով, որ Հայաստանը չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին։ Թեպետ իրականում այդպիսի միջամտություն չկա, Ղարաբաղը ինքնորոշվել է, իսկ Հայաստանը սատարել է նրա ինքնորոշման իրավունքը, երբ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի հետ խնդիրն ուժով լուծել։ Այդ գործընթացը շարունակվում է քսան տարի, իսկ այս դրույթը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Այսինքն, սա սկզբունքորեն Ղարաբաղի հետ կապված նախապայման չէ, բայց եթե մտահոգություններ կան, կարելի է այդ դրույթը փորձել վերաձևակերպել` փաստաթղթի վերջնական ստորագրումից առաջ։
-Ձեր ընդդիմախոսների հաջորդ պնդումն այն է, որ Հայաստանն այս արձանագրություններով, փաստորեն, ճանաչելու է 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը և այդ պայմանագրով Թուրքիային արված տարածքային զիջումները։
-Նախ, եկեք ընդունենք, որ առհասարակ սահմանային խնդիրներին չանդրադառնալ հնարավոր չէ։ Բայց ես այդ դրույթում Կարսի պայմանագրի ճանաչման հիմքեր չեմ տեսնում։ Այդ հոդվածում նշված է` «վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»։ Իմ կարծիքով` 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում և նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրված պայմանագրերը չեն համապատասխանում միջազգային իրավունքի գործող նորմերին։ Հետևապես, սա Հայաստանի կողմից այդ պայմանագրերի ճանաչման պահանջ դիտարկելը, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Միջազգային իրավունքի ժամանակակից համակարգը ձևավորվել է Յալթա-պոտսդամյան պայմանագրերի արդյունքում, երբ հետագայում ստեղծվեցին ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլ կառույցներ։ Հետևաբար, խոսք կարող է լինել ՄԱԿ-ի կանոնադրության ընդունումից և ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո ստորագրված փաստաթղթերի մասին։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Թուրքիան միջպետական պայմանագրեր չեն ստորագրել, իսկ Կարսի պայմանագիրը չի համապատասխանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային նորմերին։ Ըստ այդմ, չեմ կարծում, թե սա պետք է դիտել իբրև նախապայման, թեպետ եթե մտահոգություն կա, արտգործնախարարությունը մինչև փաստաթղթի վերջնական ստորագրումը պետք է ճշգրտի, թե ո՛ր պայմանագրերի մասին է խոսքը։ Ի վերջո, երբ 1992-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ և ընդունեց կազմակերպության կանոնադրությունը, միաժամանակ այդ կանոնադրության համաձայն ճանաչեց այլ երկրների գոյություն ունեցող սահմանները։ Չեմ կարծում, թե արձանագրությունների վերոնշյալ ձևակերպումը դրանից ավելին է ենթադրում։
-Եվ, վերջապես, երրորդ մտահոգիչ կետը։ Արձանագրությունները նախատեսում են, որ հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի կազմում պետք է ստեղծվի պատմական վիճելի խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողով։ Կան հիմնավոր մտահոգություններ, որ սա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի վաղեմի նախապայմանի վերաձևակերպված տարբերակն է և նպատակ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել երկու երկրների ու միջազգային քաղաքական օրակարգից։
-Այդպիսի մտահոգություն արտահայտվել են Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն։ Չեմ ժխտում, որ այդպիսի ենթահանձնաժողովի գոյությունը կարող է դանդաղեցնել ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց եղելությունը կասկածի տակ դնել չի կարող։ Նկատի ունենանք, որ փաստաթղթում «ցեղասպանություն» արտահայտությունն ընդհանրապես չկա։
Ես բոլորովին չեմ պնդում, թե սա իդեալական փաստաթուղթ է, բայց այստեղ փորձ է արված հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատումը տարանջատել երկու ժողովուրդների վերջնական հաշտեցումից։ Որովհետև հաշտեցումը լինելու է շատ երկարատև ու դժվարին պրոցես։ Մյուս կողմից էլ` այդ նույն հանձնաժողովում մենք կարող ենք առաջ քաշել հայ-թուրքական հարաբերություններում թերևս ամենակարևոր օրակարգային խնդիրներից մեկը` մեր մշակութային ժառանգության պաշտպանության հարցը Թուրքիայում։ Նկատի ունենանք, որ 1950-60-ականներին Թուրքիայում հակահունական և հակահրեական լուրջ ալիք բարձրացավ, և այդ ալիքի տակ հայկական մշակութային ժառանգությունն էլ թուրքական պետությունը վերանվանեց բյուզանդական, հատկապես` հայկական եկեղեցիները։ Հիմա մեկ այլ մտահոգիչ գործընթաց էլ կա` աննախադեպ ակտիվություն է դրսևորում Վրաստանը, որի հոգևորականներն Արդվինի, Արդահանի շրջաններում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիների հետ կապված հայտ են ներկայացրել Թուրքիայի իշխանություններին, թե դրանք վրացական են։ Համանման ակտիվություն է դրսևորում նաև Հունաստանը, և չի բացառվում, որ թուրք-հունական բանակցությունների արդյունքում էլ կլինեն հայկական եկեղեցիները հունական վերանվանելու փորձեր։ Ըստ այդմ, միջկառավարական հանձնաժողովի կազմում պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծումը պետք չէ մեկնաբանել բացառապես ի վնաս հայկական կողմի, մենք էլ կարող ենք այնտեղ խնդիրներ բարձրացնել, հատկապես պատմական ժառանգության պաշտպանության հարցը, և հասնել արդյունքների։ Այսինքն, շատ բան կախված է լինելու մեզանից, թե ինչպես ենք այդ հանձնաժողովում ու նրա ենթահանձնաժողովներում աշխատելու։
-Այնուհանդերձ, Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ այս արձանագրությունները չեն ենթադրում առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Մեզ առաջարկված է ավելի շուտ պայմանագիր, որը կապ չունի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին 1961-63-ի Վիեննայի կոնվենցիաների հետ։
-Այդ իմաստով համաձայն եմ, որ սա ավելի շատ պայմանագրային տեքստ է, քան զուտ արձանագրություն։ Կարելի է ասել, որ ակնհայտ նախապայմաններ այստեղ արտահայտված չեն։ Իհարկե, զուտ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արտգործնախարարները կարող էին իրականացնել հեռագրերով։ Բայց պետք է նկատի ունենանք, որ հայ-թուրքական հարաբերությունները ծանր են, և առանց երկու ժողովուրդների փոխհարաբերություններին առնչվող որոշ խնդիրների անդրադառնալու, թերևս, անհնար էր պարզապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
-Ինչո՞ւ։ ԽՍՀՄ-ը և Ճապոնիան, այսօր` Ռուսաստանն ու Ճապոնիան, վիճելի հարցերը չեն կարգավորել, բայց ունեն դիվանագիտական հարաբերություններ։
-Ճիշտ է, սակայն պետք է ընդունենք, որ ԽՍՀՄ-Ճապոնիա դիվանագիտական հարաբերություններն էլ ուշացումով և մեծ դժվարությամբ հաստատվեցին։ Ռուս-ճապոնական հարաբերություններում էլ այսօր ամեն ինչ հարթ չէ, հաշտության համաձայնագիր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի ստորագրվել, մոտ հեռանկարում էլ չի ստորագրվի, որովհետև Ռուսաստանը Ճապոնիային չի հանձնի Կուրիլյան հայտնի չորս կղզիները։ Բայց դա չի խանգարում, որ այս երկու պետությունների միջև ակտիվ տնտեսական հարաբերություններ ու բազմամիլիարդ առևտրաշրջանառություն լինեն։ Այսինքն` նրանք քաղաքական կամք են դրսևորել ու անցյալի դժվար հարցերը տարանջատել են օրակարգային միջպետական հարաբերություններից։
Հայաստանի և Թուրքիայի միջև էլ երկար ժամանակ վերջնական հաշտեցում չի լինի։ Բայց այն փաստաթուղթը, որն այսօր քննարկման առարկա է, առաջին քայլն է անցյալի ու ներկայի խնդիրները տարանջատելու, և այդ իմաստով բավականին հաջողված փաստաթուղթ է։ Անշուշտ, իդեալական չէ, որովհետև, ի վերջո, որոշիչ է լինելու այն, թե մենք գործնականում ինչպես կկարողանանք աշխատել, առաջ քաշել մեզ մտահոգող հարցերը Թուրքիայի հետ հարաբերություններում և լուծումներ գտնել։
-Ըստ Ձեզ` գերտերությունների պարտադրանքի հետևա՞նքն է այս ամենը, և արդյոք կա՞ այդքան ռեսուրս Հայաստանին ու Թուրքիային ստիպելու, որ գործընթացն ավարտին հասցնեն։
-Մի բան ակնհայտ է, որ գերտերությունների շահերն այստեղ համընկել են։ Ակնհայտ է նաև, որ այս գործընթացում լոկոմոտիվի դերն ստանձնել է ԱՄՆ-ը, մասամբ նաև` Եվրամիությունը։ Սակայն, միաժամանակ, գոնե մինչև այս պահը Ռուսաստանն էլ դեմ չի արտահայտվել հայ-թուրքական ներկա երկխոսությանը, որովհետև Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները դեռ երկար ժամանակ չեն կարգավորվելու, իսկ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենա ակտիվացնել Հայաստանում իրեն պատկանող տնտեսական հզորությունները, Թուրքիայի տարածքով ապահովելու ռազմաբազայի սպասարկումը։ Այսինքն` կան կոնկրետ շահեր, որ գերտերությունների պարագայում համընկնում են։ Մենք պետք է կարողանանք շահերի այս խաչմերուկում ճիշտ կողմնորոշվել և սեփական շահերի պաշտպանությունն ապահովել։
Օրինակ, եթե վերջնական համաձայնություն կայանա Հայաստանի և Թուրքիայի միջև, ու սահմանը բացվի, Ադրբեջանը կզրկվի Թուրքիայի հետ հարաբերություններում իր ունեցած որոշակի մենաշնորհային դիրքից։ Արդեն հիմա այդ կապակցությամբ Բաքվում շատ մեծ անհանգստություն կա, և ջանքեր են գործադրվում Անկարայի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքական փոխհարաբերություններից տարանջատելու ջանքերը հաջողությամբ չպսակվեն։ Որովհետև ակնհայտ է, որ այդ դեպքում Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղի հարցում այլևս այն չի լինի, ինչ ցանկանում է Բաքուն։ Ակնհայտ մտահոգություններ կան նաև Վրաստանում, որովհետև Վրաստանը, մի կողմից, կշահի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ու իրենք կարողանան Կարս-Գյումրի երկաթուղով բեռնափոխադրումներ իրականացնել, բայց մյուս կողմից էլ պարզ է, որ հայկական բեռնափոխադրումները Վրաստանի տարածքով զգալիորեն կկրճատվեն, և դա լրացուցիչ ֆինանսական միջոցներից կզրկի Վրաստանին։ Բացի այդ, Հայաստանի կախվածությունը Վրաստանից կոմունիկացիոն առումով այս դեպքում կհատուցվի Հայաստանից Վրաստանի կախվածությամբ։ Այսինքն, տարածաշրջանում կստեղծվի բոլորովին նոր իրավիճակ, որտեղ Հայաստանի առջև նոր հնարավորություններ կբացվեն, եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել նոր իրադրությունը։
-Ձեր պնդմամբ ստացվում է, որ Հայաստանն առանձնակի զգուշանալու բան չունի այս գործընթացից։
-Ոչ, այդպես չէ։ Ամենակարևորն այս իրավիճակում այն է, թե արդյո՞ք Թուրքիան իսկապես կկարողանա տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Նրանց մոտ էլ ներքաղաքական քննարկումների փուլն է, հնչում են կարծիքներ, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի օգտին կարգավորելու նախապայմանը պետք է դրվի Հայաստանի առջև։ Հիմա խնդիրն այն է, թե որքանով Թուրքիայի ներկայիս կառավարությունը քաղաքական կամք կդրսևորի ու կկարողանա դիմակայել ընդդիմության ճնշմանը։
Ես կարծում եմ, որ մենք սկզբունքորեն ոչինչ չենք կորցնում։ Եթե հետագա գործընթացում, հատկապես Թուրքիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ ի հայտ գա Ղարաբաղի հարցը` որպես նախապայման, ապա Հայաստանը կարող է չստորագրել կամ հետագայում չվավերացնել փաստաթուղթը։ Բայց գործընթացից ի սկզբանե հրաժարվելը և մեկուսանալը սխալ է։ Որովհետև, նախ, արտաքին աշխարհում մեզ բացարձակապես չեն հասկանա, բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մենք կհայտնվենք անբարենպաստ վիճակում։ Ի վերջո, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորենք, իհարկե, ձգտելով, որ դա արվի առանց մեզ համար անընդունելի պայմանների։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ