2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»
08.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
-Մոսկվայի քաղաքապետի պաշտոնազրկումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Երևանում` նկատի ունենալով, որ Հայաստանի քաղաքական ու ֆինանսական շրջանակները Լուժկովի հետ սերտ և անթաքույց կապեր ունեին:
-Լուժկովին աշխատանքից հեռացնելը նշանակում է, որ հիմա գոյություն չունեն կաստաներ ու կլաններ, որոնց վրա իշխանությունը չի տարածվում, իշխանությունն այլևս տաբուներ չունի: Ես քանիցս ասել եմ, որ սեպտեմբերից իրավիճակ է փոխվելու, գուցե դա ընկալվում էր, որ Հայաստանում հենց հիմա նախագահ է փոխվելու, բայց խոսքն այդ մասին չէր: Իրավիճակի փոփոխությունը սկզբում լինում է ընդհանուր: Կյանքի որակն այնքան է վատանում, որ կամ հեղափոխական զարգացումներ պիտի լինեն, կամ համակարգը պիտի փոփոխություններ կրի:
-Ի՞նչ փոփոխություններ կարող է կրել համակարգը:
-Համակարգի տրանսֆորմացիայի առաջին ազդակը օլիգարխներից և կոռումպացված չինովնիկներից ազատվելն է:
-Հայաստանո՞ւմ էլ օլիգարխներից ու կոռումպացված չինովնիկներից ազատվելու գործընթաց է սկսվելու:
-Ներկա իրավիճակով` դժվար: Լուժկովի օրինակը կարող է չկիրառվել Հայաստանում, բայց քանի որ նա տասնյակ տարիներ եղել է Կովկասի քաղաքական լոբբինգի գլխավոր խողովակը, անպայման վերաձևումներ կլինեն: Ի վերջո` երկու տարբերակ կա. կամ Լուժկովը դաշնային իշխանությունից կբաժանվի սկանդալով, ինչը կբերի քրեական գործերի, կամ սկանդալ չի լինի, բայց նա հարկադրված զգալի չափով սեփականություն կզիջի նոր տերերին:
-Երկու տարբերակում էլ զիջելու է...
-Այո, բայց կա չափի հարց: Առաջինը կզիջվեն այն ակտիվները, որոնք Մոսկվայից դուրս են, օրինակ, հիմա Լուժկովի ինչի՞ն է պետք սեփականությունը Երևանի Հյուսիսային պողոտայում: Հայկական քաղաքական էլիտայի, չինովնիկական կաստայի անհանգստությունը, հաճախակի այցերը Մոսկվա, Ռոբերտ Քոչարյանի Մոսկվայում տևական ժամանակով լինելը ցույց են տալիս, որ լուրջ իրավիճակ է ստեղծվել: Գաղտնիք չեն Քոչարյանի և քոչարյանամերձ ուժերի բիզնես կապերը Լուժկովի հետ: Եթե նույնիսկ «ապահարզանը» խաղաղ լինի, միևնույն է, փոփոխություններն անխուսափելի են:
-Կարծում եք, որ տնտեսական փոփոխությունները կբերեն քաղաքականի՞:
-Այդպես չէր լինի, եթե քաղաքական գործոնները լինեին միայն քաղաքական: Ֆելինիին իր հանճարեղ ֆիլմերը նկարելու համար շատ մեծ գումարներ պետք չէին, հիմա հնարավո՞ր է որևէ լուրջ ֆիլմ առանց համարժեք ֆինանսավորման: Հնարավոր է, եթե ռեժիսորը հանճարեղ է: Այդպես է նաև քաղաքականության մեջ: Եթե նրանք քաղաքական գործոն են, ֆավորիտների կամ փողերի կորուստը կբերի կորուստներ քաղաքական դաշտում: Եթե քաղաքական գործոն չեն, չինովնիկ են կամ ինչ-որ պայմանավորվածությամբ են հայտնվել, ունենալու են նույն բախտը, ինչ Քաջ Նազարը: Պատահական չէ, որ այդ հեքիաթի թափառիկ սյուժեն եվրոպական ու ռուսական դրսևորումներում այնքան տիպիկ, համոզիչ ու հմայիչ չէ, որքան հայկականը: Քաջնազարները պիտի հասկանան` ինչ է կատարվելու իրենց հետ:
-Ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում, արտահերթ ընտրությունների նախադրյալնե՞ր կան, որ չեն բարձրաձայնվում, բայց չեն կարող անտեսվել, թե՞ այնքան կարևոր են այս ընտրությունները, որ նախընտրական պայքարը պետք է 2-3 տարի առաջ սկսել...
-Հայաստանի քաղաքական դաշտը հիմա ճահիճ է, ճիշտ էին նկատել, բայց այդ ճահիճը մեծ ճահճի հետևողական շարունակությունն է... Կասկածից վեր է, որ այս ճահիճը Հայաստանում պահպանվում է ոչ միայն հայկական քաղաքական կամ տնտեսական էլիտայի ջանքերով, այլև համաշխարհային էլիտայի պայմանավորվածությունների հիման վրա:
-Ի՞նչ ունի Հայաստանը, որով դառնում է համաշխարհային էլիտայի ուշադրության առարկան, և նրանք որոշումներ են ընդունում հայկական ճահճի բնակիչների կյանքը կամ բնակիչներին փոխելու մասին:
-Առաջին հերթին Հայաստանն ունի հազարամյակների պատմություն: Հին Եգիպտոսը, Բաբելոնը ո՞ւր են: Հայաստանը մի վայր է, որտեղ կատարվում են շատ իրադարձություններ, որ նույնիսկ կապված չեն մարդկանց ցանկությունների հետ: Հայաստանը քաղաքակրթական խաչմերուկ է, բավականաչափ լուրջ հոգևոր կենտրոն, պատահական չէ, որ պետականորեն քրիստոնեությունն առաջինը մենք ենք ընդունել, որ ջրհեղեղից փրկված Նոյն Արարատի վրա է հանգրվանել: Հիմա քաղաքական էլիտայի մեծամասնությունը մտածում է գազամուղների, նավթամուղների, ճանապարհների, բնական պաշարների մասին, իսկ մտածե՞լ եք` անապատում ստեղծված Իսրայելն ի՞նչ ունի: Հայաստանը տարածաշրջանի հարյուրավոր խնդիրների լուծման բանալին կարող է լինել: Մտածե՞լ եք` ինչու հենց հիմա խաչը դրեցին Աղթամարի եկեղեցու վրա: Թուրքերի ինչի՞ն է պետք հաստատել, որ այդ կոթողները հայկական են: Հազիվ թե այնքան բարեգութ են դարձել, որ քրիստոնեական քաղաքակրթությունն են որոշել աշխարհին ներկայացնել:
-Աշխարհը չգիտի՞` Կոստանդնուպոլիսն ով է կառուցել:
-Աշխարհը նաև մոռանալ գիտի: Թուրքիան, իրոք, ուզում է աշխարհին ցույց տալ իր տարածքի քաղաքակրթական հարստությունը և իր հոգատարությունը...
-Հոգատարության վերջին ճիչն էլ նամա՞զն էր Անիի մայր տաճարում:
-Դա նոր դերվիշների կուսակցության, որը նորօսմանության հիմնական կրողն է, պատասխանն էր խաչի տեղակայմանը: Թուրքիան մի կողմից ցույց է տալիս, որ քաղաքակրթական խաչմերուկ է, մյուս կողմից էլ թուրքական որոշ շրջանակներ խորապես համոզված են, որ շուտով Հայաստան չի լինելու, հայ ազգն այս տարածքում չի ապրելու, և իրենցից պարտք ու պահանջ չի լինելու: Դրա նախապայմանները ստեղծում ենք մենք` արտագաղթով, կյանքի անտանելի պայմաններով... Աստծո պահած լինելն է խանգարել այդ ծրագրերի իրականացմանը: Ամբողջ համակարգը չի՞ աշխատում այդ ուղղությամբ, արտագաղթը դա՞ չի նշանակում, մի գիշեր էլ համաձայնագիր կստորագրվի, որ Հայաստանը դառնում է ինչ-որ երկրի մարզ: Սերժ Սարգսյանն արդեն երկու տարի է` նախագահ է, և ի՞նչ, որևէ լուրջ կոռուպցիոների ձե՞ռք է բռնել, որևէ մեկը պատժվե՞լ է... Բնականաբար, ոչ, որովհետև առաջին հերթին նա այդ մարդը չէ, դրա համար ուրիշ գաղափարներ, ուրիշ կամք պիտի ունենար, երկրորդ` նույնիսկ այդ ամենն ունենար, չէր կարող անել…
-Իսկ եթե արե՞ց:
-Եթե արեց, այլ խնդիր է լուծելու` իշխանական թեկնածուներին շարքից հանելու, թեպետ շրջապատը ներկայացնելու է բոլորովին այլ շղարշով: Իսկ իրականում լուծելու է Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, Արմեն Գևորգյանին` նախագահի պոտենցիալ թեկնածուներին չեզոքացնելու խնդիրը: Բացատրությունը լինելու է, որ իշխանությունը միակամ ու միասնական պետք է գնա ընտրությունների, ուստի դաշտը պիտի մաքրվի:
-Գուցե այդպես լիներ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը լիովին վստահ լիներ, որ վճռական պահին Ձեր թվարկած մարդիկ չեն ասելու` «Ոնց ասես, շեֆ», հասկանալով, որ չարժե ինքնասպան լինել նախագահության համար:
-Սերժ Սարգսյանին մի շփոթեք Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա օլիգարխիկ հեղափոխության պարագլուխն էր, հիմքերը դրվել են ավելի վաղ, բայց նրա օրոք է ձևավորվել օլիգարխիկ համակարգը: Որտե՞ղ էր այդ ժամանակ Սերժ Սարգսյանը: Ինքն ասում է, որ եղել է գորշ կարդինալ, բայց ես կարծում եմ, որ եղել է համակարգի սովորական անդամ: Գորշ կարդինալները երբեք բացահայտ իշխանության չեն գալիս, իսկ նա եկավ, որպեսզի հավասարների մեջ դառնա առաջինը: Օրինակ` անհրաժեշտ պահին Հովիկ Աբրահամյանը կարող է ասել ոչ թե` «Ոնց ասես, շեֆ», այլ «Ինչքան դու ներդրում ունես, այնքան էլ ես, ի՞նչ հարց կա»: Այսինքն` դու ի՞նչ ես արել համակարգի համար, հոկտեմբերի 27 է անցել, մարտի 1 է եղել... Ի դեպ, բոլոր այդ մարդիկ 2008-ի օգոստոսից քանիցս եղել են Մոսկվայում, տարբեր խոսակցություններ են վարել, որոնց մասին լուրերը հրապարակվել են:
-Ես առաջնորդվում եմ տրամաբանությամբ` ինչո՞ւ պիտի իշխանությունն ինքնաոչնչացման դիմի, նման մակարդակներում իշխանությունը նվազագույնը երեք քայլ պիտի կանխատեսի, հետո մեկ քայլ անի:
-Ինչո՞ւ: Միանշանակ համոզված լինելով, որ համակարգը, միևնույն է, քանդելու է ժողովուրդը: Այդ բարձր գիտակցությունը ձևավորվեց, երբ Մոսկվայի շրջակայքում սկսեց տորֆը այրվել, ու անտառային հրդեհները չշնչելու դարձրին օդը:
-Շատ շեշտակի կապ է:
-Նույնքան շեշտակի, որքան իշխանազրկվեց Յուրի Լուժկովը, երբ մեղավոր կարող էր նշանակվել ցանկացած նահանգապետ: Քաղաքական էլիտան, ականջդ կանչի Անդրոպով, լավ հասկացավ, որ սկսվում է մի գործընթաց, որն իրենցից կախված չէ: Տարբերակ չկա` կամ վերևից փոփոխություններ են արվում համակարգում, կամ համակարգը ներքևից ջնջվում է ամբողջությամբ: Նրանք միշտ համոզված են եղել, որ արևմտյան քաղաքական էլիտան իրենց կպահի, նույն Լուժկովը 7 օր ուներ, բայց Վալդայ չգնաց, Ավստրիա գնաց... Երբ հասկացան, որ արևմտյան քաղաքական էլիտային իրենք պետք չեն, մնաց տրանսֆորմացիան վերևից անելու ելքը:
-Եվ ի՞նչ կստացվի:
-Ոչ, Հայաստանում քաղաքական տրանսֆորմացիան վերևից չի ստացվի, որովհետև տրանսֆորմացնողը և տրանսֆորմացվողը նույն կլանն է: Ռուսաստանում այլ է. որևէ մեկը չի կարող ասել, որ անցած տասնամյակում Դմիտրի Մեդվեդևը տարբեր գործարքների մաս է կազմել, կան միայն քաղաքական թելեր, բայց ոչ օլիգարխիկ, ոչ կոռուպցիոն, ոչ...
-Ձեր ասածներից բխում է, որ մենք գնում ենք դեպի հեղափոխություն. եթե տրանսֆորմացիան վերևից հնարավոր չէ, ներքևից սկսած տրանսֆորմացիան, ինչ էլ անվանես, հեղափոխություն է դառնում: Հայաստանում սպասում են` ո՞վ է հաղթելու, Պուտի՞նը, Մեդվե՞դևը, որպեսզի հասկանան նախագահական ընտրություններում ով ինչ շանսեր ունի, այլ տարբերակ կա՞:
-Մեդվեդևի այցը Հայաստան հայկական իշխանական էլիտան ներկայացրեց իբրև ցարի այց: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ լուծվում է Մոսկվայում, բայց Մոսկվան բավականաչափ լուրջ կենտրոն է հայկական խնդիրների լուծման, ավելի լուրջ, քան Վաշինգտոնը կամ Փարիզը: Իսկ եթե Պուտինն իշխանության չեկա՞վ, Մեդվեդևն էլ չգնա՞ց, ի՞նչ է լինելու: Եթե երկուսն էլ մնացին:
-ՈՒզում եք ասել` երկիշխանությո՞ւն:
-Ռուսաստանում երկիշխանությունը միշտ վատ ավարտ է ունեցել:
-Հեղափոխակա՞ն:
-Դեռ Եկատերինա II-ը Եմելյան Պուգաչովի ապստամբությունը դաժանորեն ճնշեց, որովհետև նա ներկայանում էր իբրև ցար` Պյոտր 3-րդ, ստեղծվում էր երկիշխանության վտանգ: Ռուսաստանն ատոմային երկիր է, երկիշխանությունը չի կարող երկար տևել: Միլիոնանոց հանրահավաքներ են լինում Եվրոպայում` իշխանության տնտեսական քաղաքականության դեմ: Պետերբուրգում 3 օր հաց չեղավ, և սկսվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը:
-Հնարավո՞ր է Աստանայում դեկտեմբերին ստորագրվի համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
-Դեռ ոչ ոք չգիտի, բանակցությունները շարունակվում են: Այս հարցի պատասխանն ավելի հստակ կլինի նոյեմբերին:
-Հայաստանում մինչև հիմա իշխանափոխությունները Ղարաբաղի անվան տակ են եղել, անկախ այն բանից` Ղարաբաղի հետ կապ ունեցել են, թե ոչ, հնարավո՞ր է` հիմա էլ Ղարաբաղը դառնա գործոն:
-Իհարկե, հնարավոր է, Ղարաբաղը ազգային առաջնահերթ խնդիրներից մեկն է, բայց իզուր է իշխանության և քաղաքական մտքի հիմնական հատվածը բևեռված միայն այդ մտքի վրա:
-Չե՞ք կարծում, որ մինչև իշխանության հարցը Հայաստանում չլուծվի, Ղարաբաղի հարցը չի լուծվելու:
-Արևմուտքում այդ գիտակցությունն արդեն կա. սկսել են հասկանալ, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող են տալ Հայաստանի ու Ադրբեջանի խարիզմատիկ առաջնորդները, որոնց խոսքն ու գործը ժողովուրդը կընկալի: Մինչև հիմա հակառակ կարծիքն է եղել` ինչքան թույլ լինի նախագահը, այնքան հեշտ է հարցը լուծել: Ոչ թե Ղարաբաղի խնդրի հիման վրա, այլ Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհին շատ հնարավոր է հեղափոխություն լինի նոր լիդերների առաջացման համար, որովհետև հներն այնքան են թաղված կլանային համակարգում, որ նույնիսկ իրենց համար ազգանպաստ որոշումներ փնտրելիս առաջին հերթին փնտրում են կլանային շահերը: Ղարաբաղի հարցը կարող է լուծել նոր Հայաստանի նոր նախագահը։ Որևէ լուծում ժողովուրդը կընկալի և կընդունի, եթե համոզված լինի, որ երկրի առաջին դեմքը գործում է հայկական շահերից ելնելով, եթե նա իր կյանքով և գործունեությամբ ցույց է տվել, որ նվիրված է համայն հայության շահերին և փորձում է ստեղծված իրավիճակից ելք գտնել:
-Ստատուս քվոն` իդեա ֆի՞քս:
-Հայաստանի կառավարող էլիտար հատվածը տարեկան երկու միլիարդ փող է աշխատում, Հայաստանից բացակայում է 60-80000 մարդ, բայց երբ այդ մասին ասում ես` միանգամից կտրում են` ուրիշները կգան, Ղարաբաղը կտան, իսկ գուցե եկողը նախ կլաններն է մաքրում, կյանքն է լավացնում, հետո բանակցում է Ղարաբաղի հարցով, և ամեն ինչ էլ շատ լավ է լինում:
-Ինչո՞ւ ենք այդքան վախեցած` Լևոնը Ղարաբաղը կծախի, Ռոբերտը Ղարաբաղը կծախի, Սերժը Ղարաբաղը ծախում է, վտանգի՞ զգացողությունն է, թերահավատությա՞ն, ինքնապահպանմա՞ն բնազդն է:
-Ինքնապահպանման բնազդը լավագույն տարբերակը կլիներ, անհատները կարող են փոխվել, բայց եթե համակարգը չի փոխվել, ով էլ գա, նույնն են ասելու, որովհետև խաղի կանոնները չեն փոխվելու: Քաղաքական օրակարգում Հայաստանը, բացի Ղարաբաղից, ներքին կյանք էլ ունի, չէ՞ որ կարևորագույն գործոն է: Ներքին ու արտաքին քաղաքականության այնքան խնդիրներ կան, որոնց լուծման ճանապարհին մենք կարող ենք այնքան ուժեղանալ, որ այդ մտայնությունը դուրս գա մեր միջից: Ներկայումս միայն Ղարաբաղի հարցով պայմանավորված է իշխանական կլանի գոյությունը Հայաստանում... Մենք էլ ասում ենք, եկեք այնպես անենք, որ թե՛ երկիրն առաջ շարժվի, թե՛ Ղարաբաղի հարցը ստանա հայանպաստ լուծում:
-Այսինքն` Ղարաբաղի ստատուս քվոն պաշտպանում է ստատուս քվոն Հայաստանո՞ւմ:
-Մենք պետք է փոխենք Հայաստանում ստատուս քվոն և ուժեղացած անդրադառնանք Ղարաբաղի ստատուս քվոյին: Ինչքան Հայաստանում պաշտպանում ենք ստատուս քվոն, այնքան թուլացած ենք մոտենում Ղարաբաղի ստատուս քվոյի լուծմանը: Քանի Հայաստանի ստատուս քվոն չենք փոխել, Ղարաբաղի ստատուս քվոն ամեն տարի կարող է դառնալ պատերազմի, աղետի պատճառ: Երբ Հայաստանը նորմալ կացութաձևի գա, երբ արդյունաբերությունը զարգանա, երբ մենք դառնանք այն գործոնը, որ աշխարհն ուզի մեզ տեսնել, կարող ենք իրավամբ հարցը լուծել: Հայաստանը երկար սպասելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ իրավունք: Ես չեմ ուզում ժամկետներ նշել, բայց, կրկնում եմ, երկու ամիս առաջ ո՞վ կկանխատեսեր 18 տարի աշխատած Լուժկովի գործազրկությունը: Ֆորսմաժորները սկսվել են:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ