Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԸ

ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԸ
23.11.2010 | 00:00

Վերջին ժամանակներս ռուսաստանյան շատ ԶԼՄ-ներում Հայաստանի ներիրավիճակը նախասիրած թեմա է դարձել։ ՈՒ թեև կաշառասունության և քաղաքական քրեականության հարցերը, իրոք, ծայրաստիճան ցավագին են երկրի համար և հուզում են, փաստորեն, ողջ հայությանը, այդուհանդերձ, արժե ուշադրություն դարձնել այն բանին, որ որոշ «մերկացումներ» ակնհայտորեն «սարքովի» են։ Այսպես, հայկական ընդդիմադիր շրջանակներն առանձնակի ջղագրգռությամբ են արձագանքում առաջին հերթին «Միաբանություն» հայկական ազգային ակումբի (Մոսկվա) ղեկավար Սմբատ Կարախանյանի հոդվածներին ու հարցազրույցներին, որոնք կանոնավոր կերպով հայտնվում են մամուլում։ Դրանք ամենից հաճախ հիշեցնում են հատուկ կառույցներից ստացված «սլիվ»` լի անհեթեթություններով, և չեն կարող համոզել քիչ թե շատ խորհող ընթերցողին։ Վերջերս այդ գործիչը «Ռեգնում» գործակալությունում բարբաջել է «Հայաստանի տարածքով Ռուսաստան գնացող թմրաթրաֆիկի» և այն մասին, թե մետամֆետամինի քիմիական բաղադրությունը, որը նույնպես Հայաստանից է թափանցում Ռուսաստան, ցույց է տվել, որ այն կարող է արտադրված լինել Երևանի վիտամինների գործարանում։ Նախ նկատենք, որ եթե Կարախանյանը մոռացել է «հայրենի երկրի» աշխարհագրությունը, ապա Հայաստանից Ռուսաստան ուղիղ ճանապարհն անցնում է միայն օդանավակայանով, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, վերահսկողությունն իրականացնում են ռուսաստանցի սահմանապահները։ Ինչ վերաբերում է մետամֆետամինի «արտադրությանը», ապա Հայաստանում դեղագործական ձեռնարկությունները պատկանում են մի հայ օլիգարխի, որն աչքի է ընկնում Ռուսաստանի հանդեպ առանձնակի սիրով։ Քննադատության չեն դիմանում հատկապես ռուսաստանցի «մահվան առևտրականների» շուրջ միջազգային վերջին սկանդալների և ՌԴ-ում հատուկ կառույցների կողմից այդ բիզնեսի վերա-հսկման լույսի ներքո նրա այն ճամարտակությունները, թե Հայաստանից «զենքը հոսում է երրորդ երկրներ»։ «Ռուսաստանն այդ տարածքը (նկատի ունի Հայաստանը) համարում է իրենը և ճիշտ է անում։ Այդ տարածքում պետք է պահպանվի Ռուսաստանի ազդեցությունը։ Այնտեղ, որտեղ Արևմուտքն է, օրինակ` Վրաստանը, այնտեղ առկա են պերմանենտ հեղափոխությունները և մասնատումները»։ Ավելորդ չէ վերջում նշել, որ «ռուս ընկերներին» և նրանց դրածոներին չէր խանգարի, ի վերջո, քարոզչախոսություն և հասարակական կարծիքի հետ ձեռնածություններ անել սովորել հենց այդ նույն «արհամարհելի յանկիներից»։ Չէ՞ որ, երբ ընթերցողին բացահայտ «խալտուրա» ես հրամցնում, նույնիսկ «բարի ցանկություններով», դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ