Այսօր մեր ժողովրդին պարտադրվող բազում մարտահրավերներին զուգընթաց աղետալի թափ է ստացել մեր հազարամյակների մշակույթի կողոպտման, յուրացման կամ ավերման ու նենգափոխման գործընթացը։ Բոլոր այն դեպքերում, երբ ոչնչացնել չեն կարողանում, այնպիսի նենգափոխումների են ենթարկում, որ աննախադեպ է քաղաքակրթության պատմության մեջ։ Յոթհազարամյա հեռավորությունից մեզ հասած աստղադիտարանի պատից կախում են օտարալեզու ցուցանակ` վրան գրված` «Ղոշուն դաշ» (ղոշուն` զորք, բանակ, ավարառուներ և դաշ` քար)։ Եվ եթե մեկը փորձում է բերան բացել այդ ավազակային կեղծիքի դեմ, ընկնում է ջարդի տակ։ Իսկ երբ համանման մի նենգափոխման դեմ հանդես եկավ Շահեն Մկրտչյանը, ընկավ ոչ թե սովորական ջարդի, այլ ոչնչացնող շանթերի տարափի տակ։ Էլ «կեղծավոր ավազակ», էլ «գող խաբեբա», էլ «խեղկատակ», էլ «քրջոտ» ոչնչություն, հանձին որի «գործ ունենք բարբաջանքի այն տեսակի հետ, երբ տգիտությունը շաղախված է փրփրած նախանձի հետ»։
Բարեխղճությունը պահանջում է արձանագրել, որ Սամվել Կարապետյանը տարիների քրտնաջան հետևողականությամբ կարողանում է փրկել մեր նյութական մշակույթի կոթողները գոնե լուսանկարների, չափագրումների, արձանագրությունների վերծանման ճանապարհով։ Այդ շնորհակալ աշխատանքն այսօր ունի ոչ միայն գիտամշակութային, այլև քաղաքական հրատապ նշանակություն։ Ամենուր, երբ նա կառույցները տեսնում է աչքով, շոշափում ձեռքով, գործի դնում լուսանկարչական ապարատը և կատարում չափագրություններ, հասնում է լիարժեք վարպետության, ճիշտ այնպես, ինչպես կոշկակարը կամ դերձակը կարող է վարպետանալ իր արհեստում։ Դա առանձնապես տեսանելի է Կարապետյանի «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» գրքում։
Բայց ամեն անգամ, երբ նա փորձում է իրականությունը ներկայացնել, մանավանդ ազերթուրքական նենգափոխությունների ազդեցության տակ, կամ այս ու այնտեղից լսածներով, ամեն ինչ շրջվում է գլխիվայր։ Այս հրապարակմամբ կփորձենք նայել իրականությանը` բավարարվելով երկու վկայակոչմամբ միայն` ճշմարիտ տեղեկություն ներկայացնելու նպատակով, քանի որ ավելի հարմար առիթ չէինք ունենա։ Իսկ Արցախի հուշարձանների ահավոր նենգափոխումներին կանդրադառնանք առանձին։
Դեռևս 1999 թ. հրատարակած պատկերագրքում Կարապետյանը գրել է. «Այնտեղ, որտեղ ներկայիս համանուն շրջանի կենտրոն Ֆիզուլի քաղաքն է, 1827 թ. հիմնվել է Ղարաբուլաղ անվամբ բնակավայրը։ Սկզբնական շրջանում նրա միակ բնակիչները ռուս աղանդավորներն էին (մոլոկաններ), բայց հետագայում փոքրիկ Ղարաբուլաղը համալրվեց թուրքերով ու նաև փոքրաթիվ հայերով... 1915 թ. արդեն Կարյագինո վերանվանված նախկին Ղարաբուլաղում ռուսները (65 տուն) իրենց թվաքանակով զիջում էին տեղի թուրքերին։ ...Ի դեպ, և՛ թուրքերի, և՛ հայերի հիմնական մասը այդտեղ էր գաղթել Շուշիից, քանի որ ռուսների հիմնադրած գյուղը, իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ, ամենօրյա տոնավաճառների վայր էր դարձել» (էջ 238-239)։
Թե որտեղի՞ց է Կարապետյանը վերցրել այս ամենը, մեզ անհայտ է։
Ցարիզմը չէր կարող 1827-ին գաղթօջախ ստեղծել Ղարաբաղում, որովհետև դեռ գտնվում էր Պարսկաստանի դեմ արյունոտ պատերազմում։ Դեռևս 1826 թ. Աբաս Միրզան 60 հազար զորքով կռվում էր Շուշիի պարիսպների տակ, շրջափակման մեջ ընկած Կարյագինի ջոկատին ստույգ ոչնչացումից փրկեց Ջրաբերդի մելիք Վանին` կարճ ժամանակ հետո «պարգևատրվելով» աքսորով։ 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով միայն հաստատվեց խաղաղություն։
Որ ազերթուրքը կարող էր ոտք դնել Կարյագինոյում խորհրդային կարգերի հաստատումից հետո միայն, արձանագրված է ժամանակի պետական փաստաթղթերում։ Մեր ձեռքին է ցարական պետական, պաշտոնական մի փաստաթուղթ` Ելիզավետպոլի նահանգի 1912 թ. հարկացուցակը. մի փաստաթուղթ, ուր բացառվում է քաղաքական նկրտումով որևէ նենգափոխում։ Այնտեղ, ըստ ամենայնի, ներկայացված են բոլոր բնակավայրերը, բնակիչների ազգային ու կրոնական պատկանելությունը, բնակիչների կազմն ըստ սեռի ու միասին, և այն ամենը, ինչ ենթակա է հարկման։ Կարյագինոյի մասին արձանագրված է, թե այնտեղ ապրում է 400 ռուս մոլոկան։
Որ Կարյագինոն նախաստեղծ տեղանուն է, հաստատվում է նաև գաղթօջախներ հիմնելու ցարական «ձեռագրով»։ Ցարիզմը գաղթօջախներ էր ստեղծում միանգամայն «բաց» տարածություններում, կենսաապահովման համար բարենպաստ ու բերրի տարածքներում` խուսափելով գյուղական վայրերում խառն էթնիկական բնակավայրեր ստեղծելուց։ Այդ սկզբունքով ժամանակակից Մարտունու և Հադրութի տարածքում «մի գծի վրա» ստեղծեց Կուրոպատկինոյի (Ղարաբաղում կռված զինվորական), Խոնաշենի, Գևորգավանի և Կարյագինոյի գաղթօջախները։ Նույն այդ «գծի վրա» ուրիշ բնակավայրեր չկային և այսօր էլ չկան։
Եվ վերջապես։ Որ այդ տարածքում գոյություն չի ունեցել Ղարաբուլաղ տեղանուն, որ այն թուրքական խարդախում է, հաստատվում է նաև ժողովրդի հիշողությամբ։ Այդ ինչպես է, որ ավանդապահ ժողովուրդը նույնիսկ Լենկթեմուրի ավերածությունները սերնդեսերունդ փոխանցելով, հասցրել է մեզ, իսկ իր «ամենշաբաթյա առևտրի վայր» Ղարաբուլաղը «մոռացել»։ Բերում ենք Լենկթեմուրից հասած երկու հիշողություն։ Հայտնի է, որ Լենկթեմուրն ավերել է Ամարասի վանական համալիրը։ Այդ բարբարոսության ահավորությունը ժողովուրդը բանահյուսական պատկերավորմամբ հասցրել է մեր սերնդին այսպիսի տեսքով։ Թեմուրը զորքը շարք է կանգնեցրել Ամարասից մինչև Արաքս և վանքի քարերը ձեռքից ձեռք փոխանցելով թափել Արաքս գետը։ Կամ։ Արաքսի ափամերձ հայոց Բայլականը ավերելուց հետո, զորականներից մեկը հարցնում է Թեմուրին, թե այսուհետ դեպի ո՞ւր պետք է շարժվենք։ Թեմուրը ձեռքը մեկնում է դեպի Մռովի լեռը` ասելով. «Կարա բախ-ձյունին նայիր»։ Այս էլ «ղարաբաղ» բառի ժողովրդական ստուգաբանությունն է։ Գալով մեր օրերին` ասենք, որ 60-ականներից Ղարաբաղի բոլոր թփերն ու քարատակերը քրքրած Շահեն Մկրտչյանը նման բնակավայրի մասին տեղեկություն չունի։ Կամ Գեղամ Աթայանը, որ Տողի պատմության ու հնությունների մասին արժեքավոր ուսումնասիրության հեղինակ է և որը, եթե Տողից մի քար նետի, կհասնի Կարյագինո, չգիտե, որ այնտեղ նման բնակավայր է եղել։ Մի՞թե նրա հայրը կամ պապը երբևէ չեն պատմել, թե ինչ շահավետ առևտուր են կատարել այդ «Ղարաբուլաղում»։
Խորհրդային կարգերի շնորհիվ ազերթուրքերը մուտք գործեցին Կարյագինո, որի հիմնական զանգվածը 1954-ին Պարսկաստանից փախածներն էին։ Դիմելով նենգափոխումների ճարպիկ ձևերին` ազերթուրքերը չէին կարող բավարարվել Կարյագինոն Ֆիզուլի դարձնելով, նրանք պետք է հորինեին թանձրանուն թուրքական տեղանուն` Ղարաբուլաղ, հիմնավորեին «անկասկածելի» հայկական սկզբնաղբյուրներով ու ցցեին «մեյդանում»։ Իսկ Ս. Կարապետյանն էլ, լսած լինելով, որ Կարյագինո-Ֆիզուլին ազերթուրքական շրջկենտրոն է, կուլ է տվել թուրքական կեղծարարության խայծը` փակ աչքերով լուսանկարել մեզ անհայտ սկզբնաղբյուրը։
Պատեհ առիթներով Ս. Կարապետյանը հայտարարում է, թե ազերթուրքերը նստակեցության են անցել ընդամենը 19-րդ դարում, կարծելով, թե դրանով նրանց «պորտը տեղն է դնում»։ 19-րդ դարը նվիրելով հեղինակին` մի երկու դրվագով ցույց տանք ազերթուրքերի նստակեցության անցնելու ընթացքը` դարձյալ օգտվելով հարմար առիթից։
1905-06 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ երկու ժողովուրդների հարաբերությունները խզվեցին, երկու կողմերից էլ զինված ջոկատներով հսկում էին սահմանները։ Եվ ահա մի օր, ներկայիս Մարտունու շրջանի Գիշի գյուղի անասնապահները գյուղից 4 կմ ներքև գտնվող անասնագոմերից նախիրը դուրս են բերում արոտի և վերջին գոմից 10-15 մետր հեռավորության վրա զգում նեխած ձկան գարշահոտ։ Շամբը «բացում» են և տեսնում, որ ճանապարհի երկու կողմերում էլ թափված է բավականին ձուկ։ Ինքնին հասկանալի էր, որ երկու ձիաբեռ այդ ձուկը Կուր կամ Արաքս գետերից այդտեղ կարող էին հասցնել միայն ազերթուրքերը։ Գյուղացիներից մեկը` Բաղդասար Աթալյանը, առաջարկում է, որ եթե մեր պահակներն իրեն բաց թողնեն, ինքը կգնա թուրքերից մի «խաբար» բերի։ Բաց են թողնում։ Թուրք պահակներին հասնելով` ասում է, որ իրեն տանեն այսինչ բեկի մոտ։ Երբ Բաղդասարին հասցնում են բեկի վրանի մոտ, բեկի կանայք ու աղջիկները, իրենց քիրվայի ձեռքերը համբուրելով, ողբաձայն բացականչում են. «Ո՞Ւր եք, անաստվածներ, սովից կոտորվեցինք»։ Բաղդասարը պատասխանում է. «Մենք էլ այդ վիճակում ենք աղի երեսից»։ Փակագծերում ասենք, որ սահմանային գյուղերի յուրաքանչյուր տղամարդ սահմանի մյուս կողմում ուներ իր ընկեր-մերձավորը, և այն բովանդակավորվում էր մարդկային օրինակելի անկեղծությամբ։ Ավելացնենք նաև, որ ազերթուրքերն այսօրվա պես չէին վառում մեր արտերը, այդ արտերը լիարժեքորեն կերակրում էին նաև իրենց` փոխանակային բանուկ ճանապարհով։
Հավուր պատշաճի հյուրասիրելուց հետո, Բաղդասարի ներքնաշորերը լցնում են աղով, բարձում էշին, և Բաղդասարը եկած ճանապարհով վերադառնում է գյուղ։ Հակամարտության այդ հատվածում վերականգնվում են հարաբերությունները։ Բաղդասարը տողերիս հեղինակի մոր հորեղբայրն է եղել։ Այնպես որ, ինչպես միշտ, մենք առաջնորդվում ենք սկզբնաղբյուրներով։
Իրական այս միջադեպն անառարկելի հաստատում է պատմական այն իրողությունը, որ ազերթուրքը սոցիալիզմ է մտել առանց արորի կամ գութանի հետ գործ ունենալու։ Ահա թե ինչու խորհրդային 70 տարիներին Ադրբեջանի կառավարողները, այլևայլ խնդիրներից բացի, պետք է լուծեին նաև երկու կարևորագույն հարց։ Առաջին հերթին պետք է իրենց սեխաձև գլուխները կլորացնեին, և հասան դրան բժշկական միջոցներով ու խառն ամուսնություններով։ Երկրորդ խնդիրը իրենց ցեղակիցներին նստակեցության վարժեցնելը, պարտադրելն էր, որն այնպես էլ լիարժեքորեն չստացվեց մինչև արցախյան ազատամարտը, որով փակվեց Ջերմուկի սարեր տանող ճանապարհը։
Ճիշտ է, առնվազն 30-ական թվականներից իշխանությունները պարտադրում էին, որ վարուցանքով ևս զբաղվեն, բայց լիարժեք արդյունքի հասնել չէին կարողանում։ Լավագույն դեպքում նրանք աշնանը կամ վաղ գարնանը սերմը հանձնում էին հողին, իրենց ոչխարների հետ բարձրանում սարերը։ Բերքահավաքը հիմնականում մնում էր հայերի հույսին։ Մեծ պատերազմի տարիներին, երբ 121 հազար հայերից 45 հազարին զորակոչեցին` թողնելով ծերերին ու մանուկներին, որոնց վաստակն էլ կալից էին տանում, շատ ընտանիքներ սովից փրկվեցին թուրքերի արտերը հնձելու ճանապարհով։ Հնձած յուրաքանչյուր 10 խրձից մեկը, այսինքն` բերքի տասը տոկոսը, հնձողինն էր։ 50-ական թվականներին նրանք բերքահավաքին մասնակից էին դարձնում նաև բարձր դասարանների հայ աշակերտներին` նրանցից ձևավորելով հատուկ բրիգադներ։
Անհրաժեշտ է նաև նշել, որ նստակեցության չընտելացող ազերթուրքերն ամուր կառչած էին մնում իրենց վրանային կենցաղին, քարուկիր բնակարանը խորթ էր նրանց։ Նորից հիշենք մեր ապրած օրերը։ Մեծ պատերազմի տարիներին ղարաբաղցի հայերից շատերը սովամահությունից փրկվելու համար ստիպված էին տան ծածկի թիթեղները պոկել ու վաճառքի հանել։ Վրանաբնակ թուրքերն այն գնում էին ու ցանկապատում իրենց ոչխարների փարախները, որովհետև այլ ձևով օգտագործելու բնագավառ չունեին։ Հիշենք նաև մի այլ ականատեսի վկայություն. 1953 թ. Թալիբխանլու ղշլաղից 43 ընտանիք տեղափոխեցին Տող գյուղ, որպես Ղարաբաղի թուրքացման հերթական միջոցառում։ Եկողները, տեսնելով գյուղի սալահատակ փողոցները, իրար կողքի կանգնած երկհարկանի, լայն պատշգամբներով բնակարանները, մնացել էին շշմած։ Չէին համարձակվում մտնել տները, վախենում էին տախտակապատ առաստաղները թափվեն գլխներին։ Նրանցից շատերը տների բակերում ու պատշգամբներում վրաններ խփեցին ապահովության համար, մինչև համոզվեցին, որ վտանգ չկա (Շ. Մկրտչյան «Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա», էջ 48)։
Նստակեցության չընտելացող այդ զանգվածին Ադրբեջանի կառավարությունը միջոց դարձրեց մարզը թուրքացնելու համար։ 50-ականներին մարզի կոլտնտեսություններին պարտադրեցին ոչխարապահության աննախադեպ պլաններ` շատ լավ իմանալով, որ գյուղամերձ տարածքներում այդքան ոչխար պահելն անհնար է, հայն էլ քոչվոր չի դառնա։ Եվ ստեղծվեց տարօրինակ մի վիճակ։ Կուսակցական պարտադրանքով ֆերմայի վարիչ ու հաշվետար էին նշանակվում հայերը, իսկ չոբանները դաշտավայրերից բերված թուրքերն էին` նաև իրենց ստվարաթիվ ոչխարներով։ Այդ վիճակը ձգվեց մինչև արցախյան վերջին հակամարտությունը։
80-ականների սկզբներին, երբ Հեյդար Ալիևին արժանացրին հերոսի կոչման, վերջինս, շքանշանները դոշից կախած, շրջեց գյուղեգյուղ։ Բերդաշենում (նախկին Ղզղուլա) կոլտնտեսության նախագահին հարցրեց, թե քանի՞ ազերթուրք է աշխատում կոլտնտեսությունում։ Նախագահի պատասխանին Ալիևը, ցուցամատներն իրար շփելով, հակադարձեց` քիչ է, պետք է հավասարեցնել։ Եվ ամեն ինչ անում էին, որ չոբաններն ընտանիքներով մուտք գործեն հայկական գյուղեր։ Բայց այստեղ էլ հաջողության չհասան։ Նույնիսկ չոբանները գյուղ էին մտնում միայն բերքը ստանալու համար` տարեկան երկու անգամ անցնելով գյուղամերձ ճանապարհներով։
Եվ ահա, 1962 թ. ամռանը, մեր համագյուղացի Միքայել Բաբայանի հետ, որ Երևանում դպրոցի տնօրեն էր, իսկ 10-20-ական թվականներին գյուղում աչքի ընկնող երիտասարդներից, գնացինք գյուղ` «թութ ուտելու»։ Թթենիների այգիներից մեկի ճանապարհին, մեր սրբատեղիներից մեկում տեսանք վրանների մի պատկառելի խումբ, որի շուրջբոլորը ճռվողում էին ազերթուրք կանայք ու երեխաներ։ Երեկոյան կողմը գյուղի «մեյդանում» նախագահը պարծենալով ներկայացնում է իր կոտորածները։ Պահը որսալով` Միքայելը հարցրեց. «Ի՞նչ խելքով եք մեր սրբատեղին շրջափակել թուրքերի վրաններով»։ Նախագահը պրոլետարական ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, դաշնակյան նացիոնալիզմի ու մունդառության զենքերով «խայտառակեց» Միքայելին ու հեռացավ։ Հաջորդ օրը Միքայելն իջավ շրջկենտրոն, հյուրընկալվեց երիտասարդ տարիներից նախածանոթ թուրք Չարքյաշի տանը, ուր խոսք ու զրույցի արանքում, ի միջի այլոց, ասաց, թե ինչպես է ձեր չոբանների նամուսը թույլ տալիս, որ իրենց կանանց ու աղջիկներին բերել, պահ են տվել գիշեցիներին, իրենք ջհանդամվել սարերը։ Երեք օր հետո չոբանները Ջերմուկի սարերից հասնում են գյուղ, վրանները թռցնում իրենց ղշլաղները։ Երկրորդ անգամ Գիշին փրկվում է թուրքացումից։ Առաջին անգամ, 1948 թ. աշնանը թուրքերի 90 տնտեսություն Արարատյան դաշտից տեղափոխեցին մեր գյուղ` Գիշի` գյուղը դարձնելով «ինտերնացիոնալ»։ Ամառվա սկզբին, Արարատյան դաշտի հարթավայրերի ու ջրարբի տարածքներին սովոր թրքերը մի մարդու պես փախան գյուղից։
Ահա այսպես, արցախյան ազատամարտի շնորհիվ մենք պարտադրեցինք ազերթուրքերին, որ վերջնականապես նստակյաց դառնան։ Մենք անհրաժեշտ համարեցինք առաջին հերթին ներկայացնել այս իրեղեն վկայությունները, որպեսզի ընթերցողը չմոլորվի պետական մրցանակներով ներկայացվող գրքերի լաբիրինթոսում։ Իսկ մեր հազարամյակների մշակութային կոթողների նենգափոխումներին կանդրադառնանք առանձին։
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ