ԱՐՁԱԳԱՆՔ
Հարգելի խմբագրություն, սույն հոդվածին («Ի տարբերություն եգանյանական վիճակագրության», «Իրատես de facto», 26.07.2011) անդրադառնալուն առաջին հերթին ինձ դրդեց Ձեր կայքէջի հոգևոր բովանդակություն ունեցող ձախակողմյան սյունակը. Պողոս առաքյալի թուղթը` ուղղված ոչ միայն Կողոսիայում նոր ձևավորված քրիտոնեական համայնքին, այլև բոլոր քրիստոնյաներին: Չպետք է բարկանալ, երբ ամբողջությամբ խեղաթյուրում են ասածներդ կամ վերագրում մտքեր, որոնք դու չես հնչեցրել: «Երկրում արտագաղթ չկա» և «զանգվածային, աղետալի արտագաղթ Հայաստանում չկա» տարբեր արտահայտություններ են, և չգիտես ինչու, հոդվածագիրը, հոդվածի սկզբում միանգամայն ճիշտ մեջբերելով իմ խոսքից 2-րդ արտահայտությունը, այնուհետև անիրավացի ինձ է վերագրում 1-ին` 2-րդից խիստ տարբեր իմաստ ունեցող միտքը: Չպետք է զայրանալ, որ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանի միգրացիոն իրավիճակի մասին ես դատում եմ իմ հարևանների տեղաշարժերով: Չպետք է չարությամբ լցվել, երբ քո մասին խոսելիս օգտագործում են «...սրա նմաններ» անհարգալից արտահայտությունը: Այլ հատկապես Հիսուսի պայծառակերպության տոնին ընդառաջ շաբաթապահքի այս շրջանում ավելի քան արդիական է Եռամեծար Առաքյալի` «հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը» հորդորը: Խոսքս ուզում եմ ավարտել Սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» ԻԳ աղոթքի հետևյալ տողով «...և դարձո զնոսա ի չարեացն, զոր ունին վասն իմ»:
Հարգանքներով` Գագիկ ԵԳԱՆՅԱՆ