Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԱՍՏԾՈ ԿՐԱԿԸ (Հրհեղեղ)

ԱՍՏԾՈ ԿՐԱԿԸ (Հրհեղեղ)
25.10.2011 | 00:00

(սկիզբը` թիվ 65-ում)

Հայորդի զավակներ, հիմա էլ հերթը մերն է՝ սրտի զղջումով ապաշխարելու ու Տիրոջ առջև աղոթքով ու աղաչանքով նախ ներում խնդրելու մեր ու մեր հայրերի մեղքերի համար, որոնք, կոմունիստական տարիներին խաչընկեց անելով, եկեղեցիներ քանդեցին, քահանաներ աքսորեցին ու սուրբ ավետարաններ վառեցին: Բայց Տերը, Իր մեծ ողորմությամբ համբերելով, մեզ ժամանակ է տվել մեր կատարած մեղքերից ապաշխարանքով մաքրվելու ու գալիք դատաստանից փրկվելու, ինչպես զգուշացնում է Պետրոս առաքյալը.
«Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների և պիտի ասեն. «Ո՞Ւր է Նրա գալստյան խոստումը, քանի որ մեր նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից»: Եվ այս բանն ուզողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե եղել է երկինքը, և երկիրը՝ ջրերից, և որ ջրերը մնում են հաստատ Աստծո խոսքով. դրա համար էլ այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով: Իսկ այժմ երկինքն ու երկիրը վերապահված են դատաստանի օրվա կրակի և ամբարիշտ մարդկանց կորստյան օրվա համար:
Բայց այս ևս ծածուկ չմնա ձեզանից, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես ոմանք են կարծում, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանի որ չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն ապաշխարեն: Սակայն Տիրոջ Օրը գիշերվա գողի պես պիտի գա. այն ժամանակ երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի, ու տարերքը հրով կիզված պիտի հալվի, և երկիրը ու նրա մեջ եղած ամեն բան պիտի կրակով այրվեն» (Բ. Պետրոս 3.3)։
Ինչի մասին գրվեց, անշուշտ պիտի կատարվի, քանզի անսուտն Աստծո խոսքերն են դրանք։ ՈՒ որպեսզի մարդ արարածը պատրաստվի այդ կրակի օրվան (որը ես հրհեղեղ անվանեցի), Տերն Իր մարդասիրությամբ զանազան կերպերով հիշեցնում է այդ գալիք ահեղ օրվա մասին։ Դրանցից մեկն էլ մեր օրերի մարգարեուհի Վասուլա Ռիդենի միջոցով Հիսուսի տված պատգամներն են։
Ահա դրանցից մեկը։ Այն, ինչ կարդացիք, գրված է Սուրբ գրքում դեռ դարեր առաջ, և ահա եկել են այդ գրվածքների կատարման ժամանակները, և աշխարհի երեսին բնակվող այս սերունդը, որ ապականել է իրեն անվերջ մեղքերով, իր վրա Աստծո բարկությունն է բորբոքել։ Վկա են բնության չլսված աղետներն ու մարդկանց անժամանակ մահերը։ Եվ ոչ միայն այդքանը: Տերը միայն Իր իմացած ձևերով լսող ականջների համար մարգարեական պատգամներ է ուղարկում, որպեսզի մարդիկ դարձի գան ու ապաշխարեն իրենց մեղքերի համար։
Այդ մարգարեական պատգամներից են նաև հույն ուղղափառ եկեղեցու զավակ Վասուլա Ռիդենի միջոցով ստացված ու գրված Տիրոջ պատգամները։
Ահա դրանցից մի քանիսը, որ վերաբերում են արծարծված նյութին։
Տերը կգա բոցավառվող Կրակով, որ երկրից արմատախիլ անի և արմատապես այրի այս աշխարհի այն ամեն չարը, որն ընկղմված է անբարոյականության մեջ (ապրիլի 23,1993)։
Երբ Իմ Օրը գա, արևը կոպիտ քուրձից էլ սև կդառնա: Լուսինը կբոցավառվի, և երկրի հիմքերը կցնցվեն, և ինչպես փորոտիքն է դուրս թափվում որովայնից, երկիրը դուրս կթափի իր դևերին: Երբ սա կատարվի, մարդիկ մահ կցանկան, բայց չեն գտնի այն: Հետո երկինքը կոլորվի փաթեթի նման և անմիջապես կլուծվի բոցերի մեջ, և բոլոր նյութերը կլուծվեն ջերմության մեջ: Այդ օրը գալիս է և ավելի շուտ, քան կարծում եք։ Ես կիրականացնեմ այս մարգարեությունները ձեր կենդանության ժամանակ:
Իմ մարգարեներն ուղարկվում են ձեզ մոտ, որ հուսահատ կանչեն. «Ապաշխարե՛ք, քանի որ Աստծո զայրույթը կբռնկի մի կրակ, որը կայրի ձեզ»։ Սակայն դուք չեք լսում, որովհետև դուք ընկալում եք Իմ կանչերը որպես սպառնալիք: Երբ նրանք կանչում էին ցավով. «Ապաշխարե՛ք, քանի որ Ավերողը տեղավորվել է ամեն քաղաքում, և ձեզանից ոչ մեկը չի փախչի: Հարթավայրը հիմա դարձել է մի զանգվածային գերեզման: Ապաշխարե՛ք, այլապես դուք նույնպես այնտեղ կմահանաք» (1988, հուլիսի 3, ՜Հռոդոս կղզի)։
«Խաղաղություն քեզ, զավա՛կս: Իմ Եկեղեցին վերազարթնելու է, բայց նախքան այդ, Նա է՛լ ավելի շատ է տառապելու: Նա իր Փորձությունների շեմին է գտնվում։ Ահա՛, նայիր Իմ Արդարության Բաժակին։
Ես նայեցի մի գեղեցիկ ոսկե բաժակի, որը զարդարված էր թանկագին քարերով։ Այն բերնեբերան լիքն էր։ Եթե մեկը շարժեր այն, անպայման թափվելու էր:
Տեսնո՞ւմ ես, թե որքան լիքն է այն: Այն գրեթե թափվում է, զգուշացի՛ր: Որովհետև, եթե Իմ Արդարությունը թափվի, այն հեղվելու է ձեզ վրա, արարչություն, բացահայտելով վաղուց մարգարեացած եկեղեցական նզովքը: Դուք ընկղմվելու եք խավարի մեջ: Ես գողի պես անսպասելի գալու եմ ձեզ մոտ: Ես ձեզ զգուշացումներ եմ արել: Ես ձեզ նշաններ եմ տվել՝ աչալուրջ մնալու համար, բայց դուք մերժում եք դրանք: Դուք չեք ուզում ընդունել և ճանաչել Ժամանակների Վախճանը, անկախ այն բանից, թե Ես որքան եմ փորձել զգուշացնել ձեզ: Ձեր անհավատությունն Իմ հանդեպ համընդհանուր է: Իմ զգուշացումը նման է լինելու Մաքրման` ձեզ դարձի բերելու համար, որն արվելու է մեծ խղճահարությունից դրդված: Ավա՜ղ, արարչությո՛ւն: Ավա՜ղ, անհավատնե՛ր, որ ավելացնելու եք ձեր անհավատությունը՝ էլ ավելի ծառանալով Իմ դեմ: Խավարով պարուրված ձեր հոգին քշվելու է որպես մի հոսանք, հենց Իր՝ Խավարի կողմից։ Արարչությո՜ւն: Որքա՜ն եմ Ես խղճում ձեզ: Որքա՜ն եմ տառապում` տեսնելով, որ դուք կորած եք հավիտյան: Զավակնե՛րս, Ես Շունչ փչեցի ձեր մեջ՝ կյանքի կոչելով ձեզ, սրբագործելով ձեզ՝ նախքան ձեր ծնվելը, Ինձ վերադարձեք: Սիրտս կտոր-կտոր է լինում տեսնելով, թե որքան շատերն են ընկղմվելու այս հոսանքի մեջ՝ գնալով դեպի լիակատար խավարը և հավիտենական դատապարտությունը: Արարչությո՛ւն, թեև ձեր մեղքերն ալ կարմիր են, Ես այնքա՜ն եմ ուզում ձեզ ներել:
Եկե՛ք, եկե՛ք Ինձ մոտ, վերադարձե՛ք դեպի Ինձ՝ դեպի ձեր Հայրը: Ես սիրով կընդունեմ ձեզ և հազար անգամ ավելի սիրով կընդունեմ ձեզ, քան «անառակ որդու հայրը»: Վերադարձե՛ք Ինձ՝ նախքան Իմ Բաժակը դուրս կհորդի: Վերադարձե՛ք, նախքան Իմ Արդարությունը կթափվի ձեզ վրա՝ անհամար պալարներ առաջացնելով, կիզելով ձեզ և ձեր շուրջը գտնվող ամեն մի կենդանի էակ: Դուք կուզենաք շնչել, բայց միայն այրող քամի կուլ կտաք, որը ներքուստ կայրի ձեզ՝ վերածելով ձեզ կենդանի ջահերի: Արարչությո՜ւն, հասկացի՛ր, թե որքան մոտալուտ է այս ժամը, որովհետև այսօր դուք տեսնում եք, որ ծառերը տակավին ծաղկում են, բայց վաղը նրանցից ոչ մեկն անգամ չի մնալու: Դուք ծածկվելու եք սատանայի ծխով` մահացու շղարշով: Օ՜, հասկացեք, որ այս ավերմունքները և դժբախտությունները ձեզ վրա են թափվելու ձեր չար գործերի` ձեր ուրացության, Իմ դեմ ձեր ապստամբելու պատճառով: Ապաշխարեցե՛ք հիմա, քանի դեռ ժամանակ կա, դարձի եկեք հիմա: Ես պատրա՛ստ եմ ներելու ձեզ։
Ընթերցող հայորդի զավակ, ինչպես կարդացիր` հիմա դեռևս Աստծո ողորմության վերջին ժամանակներն են այդ մեծ ու ահեղ օրվանից առաջ և ամեն հոգու հնարավորություն է տրվում դարձի գալու, ապաշխարելու գործած մեղքերից ու Հիսուս Քրիստոսի անունը տալով փրկվելու: Իսկ փրկության տապանն այժմ հանդիսանում է Քրիստոսի Եկեղեցին, այսինքն` Տիրոջ անտեսանելի ու հոգևոր սուրբ Մարմինը, որի ամեն մի «քարը» մկրտության ավազանով վերստին ծնված անձն է, որը սուրբ երկյուղով, պատվիրանները պահելով ու բարի գործերի մեջ հարատևելով, իր խաչը վերցրած Հիսուսին է հետևում, այդպիսիներին Տերը խոստացել է.
«Այն Օրը, երբ Իմ սեփական գանձը հավաքեմ, նրանց պիտի խնայեմ, ինչպես մի մարդ խնայում է իր որդուն, որն իրեն ծառայություն է անում: Եվ պիտի դառնաք ու արդարի և ամբարիշտի, Աստծուն ծառայություն անողի և Նրան ծառայություն չանողի տարբերությունը պիտի տեսնեք այդ ժամանակ» (Մաղաքիա 3.17,18)
«Մի՛ վախեցիր, քանզի Ես քեզ փրկեցի, քեզ քո անունով կանչեցի. դու Իմն ես։ Երբ կրակի միջով քայլես, պիտի չայրվես» (Եսայի 43.1- 2)։
Որովհետև ոչ թե նրանք պիտի փրկվեն, ովքեր Տե՜ր Աստված, Տեր Աստված են կանչում, բայց իրենց ապրած կյանքը ոչնչով չեն տարբերում Աստծուն մերժողների կյանքից, այլ նրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը և կյանքով ու գործով կատարում դրանք:
Իսկ եթե մարդիկ նորից արհամարհեն Աստծո ողորմության այս վերջին հնարավորությունը, ապա նրանց արյունը իրենց գլխին. այդպիսիներն Աստծո արդարության դռնով պիտի մտնեն: Բայց ո՞վ կարող է վստահ լինել, որ կարող է սուրբ ու ահավոր Աստծո առջև կանգնել ու արդարանալ: ՈՒրեմն անմիտ չլինենք, այլ օգտվենք ողորմությամբ լի, շնորհի այս հոգենպաստ ժամանակներից, քանզի ամեն սրբություն ուրացած այս աշխարհի բազում մեղքերի պատճառով Աստծո համբերության բաժակն արդեն պռնկեպռունկ լիքն է, իսկ վրեժխնդրության կրակը բորբոքված՝ թեժ հնոցի նման, ինչպես գրված է. «Ամեն մարմին պիտի իմանա՝, որ Ես՝ Տերս, Իմ սուրը պատյանից հանել եմ: Իսկ երբ քեզ հարցնեն, թե ինչու ես գրել (այս գիրը), այն ժամանակ ասա. «Գալիս է ժամանակը, և ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, և ամեն հոգի պիտի մարի, և ամեն ծունկ ջրի պես պիտի լինի. քանզի ահա գալիս է (կրակի պես բորբոքված) այդ ահեղ օրը. ու պիտի կատարվի՛ այս ամենը» (Եզեկիել 21.5-7)։
Եթե հավատում եք Աստծո խոսքի այս մարգարեություններին, ապա անմիտ չլինենք, այլ զղջումով ապաշխարենք մեր մեղքերի համար և աղոթենք, որ Տերը փրկի մեզ աշխարհի վրա գալիք վրեժխնդրության այդ կրակից։ (Քանզի ինչ որ գրվեց այստեղ, շուտով պիտի կատարվի. ով ականջ ունի, կլսի ու կփրկվի)։
Որպես հուսադրող վերջաբան ասենք, որ մեզ սիրող Հայրը 2009 թ. նոյեմբերի 28-ին Վասուլային տվել է այս աղոթքը, որպեսզի յուրաքանչյուր ոք աղոթքով մեղմացնի Արարչական արդար բարկությունը.

Բարեգութ Հա՛յր, Քո բարկությունը մի՛ թափիր
այս սերնդի վրա,
որ չլինի թե ամենքս կործանվենք։
Մի՛ թափիր վիշտ ու տառապանք Քո հոտի վրա,
քանզի ջրերը կցամաքեն,
և բնությունը կթառամի ու կչորանա։
Ամեն բան կոչնչանա Քո բարկությունից՝
իրենից հետո չթողնելով ոչ մի հետք։
Քո Շնչի ջերմությունը կբոցավառի երկիրը՝
այն վերածելով անապատի։
Հորիզոնի վրա կերևա մի աստղ, ու գիշերը
կործանում և ավերում կբերի,
ու ձմռան ձյան նման մոխիր կթափվի,
ծածկելով Քո ժողովրդին,
և նրանք ուրվականների կնմանվեն։
Ողորմի՜ր մեզ, ով Աստված, և Քո խստությամբ մի՛ դատիր մեզ.
այլ հիշիր այն սրտերը, որ Քեզնով են ուրախանում,
և Դու էլ` նրանցով։
Հիշիր Քեզ հավատացողներին, և թող Քո ձեռքը
ուժգին չհարվածի,
այլ բարձրացրո՛ւ մեզ Քո ողորմությամբ
և Քո պատվիրանները
դիր յուրաքանչյուրիս սրտում։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ