Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՀԱՋՈՂՎԱԾ ՄԻՋՆԱՄԱՍՈՎ ՈՒ ՍԻՐՏ ԹՈՒՆԴ ՀԱՆՈՂ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՋՈՂՎԱԾ ՄԻՋՆԱՄԱՍՈՎ ՈՒ ՍԻՐՏ ԹՈՒՆԴ ՀԱՆՈՂ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
28.02.2012 | 00:00

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հերթական առաջնությունը:
Կանանց մրցավեճում հանրապետության մեկական չեմպիոններ ունեցան Արարատն ու Վանաձորը` ի դեմս 48 և 63 կգ քաշային կարգերը ներկայացնող Հերմինե Եղիազարյանի (87=37+50) ու Ռոզալյա Ավետիսյանի (159=72+87): Երկամարտի 175 (80+95) և 187 (82+105) կգ արդյունքներով հաղթողի պատվանդանին կանգնեցին երևանցիներ Իզաբելա Յայլյանն (58 կգ), ու Սիլվա Ջանոյանը (69 կգ): Առավելագույն թվով չեմպիոններ տվեց Գյումրին` երեք ներկայացուցիչ: Նրանք են` Մարգարիտա Ղազարյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (75 կգ), Նաիրա Հարությունյանը (+75 կգ): Աղջիկները համապատասխանաբար ցույց տվեցին 129 (57+72), 205 (95+110), 180 (80+100) կգ արդյունք:
Տղամարդկանց մրցակցությունում 56 և 94 կիլոգրամ քաշային կարգերում բավական միջակ արդյունքով հաղթողներ դարձան Գևորգ Սարիբեկյանն ու Վահրամ Գևորգյանը: Երկամարտում նրանք բարձրացրին 205 (95+110) ու 355 (160+195) կիլոգրամ: Միջազգային մրցահարթակում քննության դիմացող ծանրություն չէ նաև Սմբատ Մարգարյանի ցույց տված 245-ը (102+143), սակայն մեր այս հիրավի շնորհալի երիտասարդի պարագայում ապագային լավատեսորեն նայելու ավելի մեծ հույսեր կան. Սմբատը վնասվածքից հետո նոր-նոր է պնդանում, և նրա ձայնը, կարծում եմ, դեռ կլսենք: Ի դեպ, այս քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրած Աշոտ Սուքիասյանն էլ է ցույց տվել նույն արդյունքը:
Արդյունքի առումով, թերևս, այնքան էլ չգոտեպնդեց, սակայն կամային հատկանիշներով միանշանակորեն ուրախացրեց 85 կգ քաշային Աղասի Աղասյանը (359=160+199): Մեր խորին համոզմամբ` այս երիտասարդը, ով իրեն արդեն հասցրել է ցույց տալ տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցաշարերում ու առաջնություններում` դառնալով հաղթող ու բազմակի մրցանակակիր, անվիճելիորեն ունի շատ ավելի հզոր պոտենցիալ, քան առայժմ վկայում են նրա ցույց տված արդյունքները: Ժամանակն է, ու Աղասին հավասարի իրավունքով պարտավոր է ձեռնոց նետել քաշային այս կարգի «գրանդներին»:
105 կգ քաշային կարգում հաղթողը հանրապետության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Արթուր Բաբայանն էր` 390 կգ (170+220): Հարկավ, ուրախալի է, որ կարճատև դադարից հետո շնորհալի այս մարզիկը նորից է հայտնվել ազգային հավաքականի «հաշվեմատյանում»:
69 և 77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթողներ դարձան Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Առաջինի արդյունքն է 325 (148+177), երկրորդինը` 327 (147+180) կիլոգրամ: Ի դեպ, 77-ում գերազանց մրցելույթ ունեցավ նաև տասնյոթամյա Անդրանիկ Կարապետյանը, որի ոչ այնքան գրաված երկրորդ տեղն է ուրախացնողը (թեպետ այդ տարիքում հանրապետության մեծահասակների փոխչեմպիոն դառնալն ինքնին մեծ բան է), որքան ցույց տված արդյունքը` 318 (145+173) կիլոգրամ: Նկատենք, և սա մեր մասնավոր կարծիքն է, որ եթե ավելի ճիշտ կառուցվեին նրա մոտեցումները, արդյունքն անհամեմատ տպավորիչ կլիներ:
Խոսելով Վանիկ Ավետիսյանի ու Անդրանիկ Կարապետյանի մասին` հարկ է խոստովանել, որ այս մարզիկներն իրականում այնքան էլ 77 կիլոգրամ քաշային կարգի բան չէին. Վանիկի մրցակցային քաշը 70,3, Անդրանիկինը` 70,6 կիլոգրամ էր: Արդ` նայելով տղաների ցույց տված արդյունքներին, հարկ եմ համարում ընթերցողին իրազեկել, որ սրանք եվրոպական կարգի կիլոգրամներ են, ընդ որում` մեդալային հավակնումների: Այնպես որ, Սամվել Գրիգորյան-Վանիկ Ավետիսյան-Անդրանիկ Կարապետյան եռյակը հզոր ուժ է 69 կգ քաշային կարգում, և մնում է հուսալ, որ տղաների հոգեբանական պատրաստվածությունն էլ կլինի տեղը, ու քաշային այս կարգում կվերանվաճենք ուժեղագույնի մեր դիրքերը միջազգային մրցասպարեզում:
Եվ վերջապես գերծանր քաշային կարգի մասին, որտեղ Գոռ Մինասյան-Հայկ Հակոբյան դիմակայությունը պատիվ կբերեր ցանկացած առաջնության: Պիտի խոստովանեմ, որ Գոռի մասին առանձնակի հաճույքով եմ գրում, որովհետև այս պատանյակը ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ է հասունանում և անվիճելիորեն հայկական ծանրամարտի ոսկե երակն է: Ընթերցողին առանձնապես թվախեղդ չանեմ, միայն ասեմ, որ պաշտոնական մրցաշարերում մինչ այս ունեցած իր բոլոր արդյունքները գյումրեցի հսկան թարմացրեց` տարին սկսելով «400-ականների ակումբին» անդամակցելով: Գոռի ոսկե կիլոգրամները երկամարտում այսուհետ հավասար են 411-ի (186+225): Սուր մրցակցությունում նրան ընդամենը չորս կիլոգրամով զիջեց գյումրեցի մեր մյուս հսկան (187+220):
Այս նյութի շրջանակներում հնարավորինս սեղմ ներկայացնեմ նաև առաջնության ավարտից հետո ունեցածս զրույցը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, որը լույս կսփռի ընթերցողին հետաքրքրող մի քանի հարցերի վրա:
-Ինչո՞ւ չէին մասնակցում մեր առաջատարները, և արդյո՞ք սա չի նշանակում հանրապետության առաջնության թերարժևորում:
-ՈՒղիղ 151 օր հետո Լոնդոնի օլիմպիական խաղերն են, դրա համար էլ մարզչական խորհուրդը նպատակահարմար չգտավ նրանց լրացուցիչ փորձարկման ենթարկել, ինչո՞ւ չէ, նաև աշխատելով հեռու պահել հնարավոր վնասվածքներից:
-Առաջնությանը ներկա չէր նաև մեր մերձ ռեզերվը:
-Ընդամենը տասնինն օր հետո երիտասարդների առաջնությունն է: Պատճառն ընդամենը սա է:
-Քանի որ խոսեցինք երիտասարդներից` ի՞նչ սպասելիքներ ունենանք:
-Շատ քաշային կարգերում համարյա թե նույնանման արդյունքներ:
-Դառնանք այս առաջնությանը: Եղա՞ն հայտնություններ:
-Իր բարձր կարգը ևս մեկ անգամ հաստատեց ու անձնական ցուցանիշները բարելավեց Սամվել Գրիգորյանը: Նույնն արեց նաև Վանիկ Ավետիսյանը: Շատ ուրախացրեց Անդրանիկ Կարապետյանը` երկամարտի իր 318 կիլոգրամով. դա Եվրոպայի մեծահասակների անցած տարվա առաջնության երրորդ արդյունքն է: Սեփական աչքերով տեսաք, թե որքան լավն էր Գոռ Մինասյանը, թեպետ ժամանակավրեպ է արդեն նրա մասին խոսելը որպես հայտնության:
-Տեսնում եմ` գոհ եք տղամարդկանց առաջնությունից: Արդյո՞ք նույն զգացողությունն է նաև կանանց հետ կապված:
-Այս առաջնությունը գերազանցապես 1996-1998 թվականների սերնդով էր ներկայացված, և արդյունքները պիտի դիտարկել հենց այս տեսանկյունից: Առջևում 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերն են: Մյուս տարի մենք պիտի փորձենք ՈՒզբեկստանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում ամբողջական թիմով մասնակցել ու ձեռք բերել օլիմպիադայի համար անհրաժեշտ վարկանիշային միավորներ:
-Ինչպե՞ս եք գնահատում Մելինե Դալուզյանի նկատելիորեն համեստ արդյունքը:
-Վիրահատությունից հետո նա ընդամենը քսանչորս օր է, ինչ անցել է մարզումների: Արդյունքը գերազանց է:
-Հռիփսիմե Խուրշուդյանի մասին ի՞նչ կասեք:
-Վնասվածքից հետո նա նույնպես մտել է մարզումային լիակատար փուլ, և արդյունքների դինամիկան գոհացնում է: Առիթից օգտվելով` շնորհակալությունս հայտնեմ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով իր վրա վերցրեց մեր առաջատար մարզիկների, աղջիկների հետ մեկտեղ Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի, մյուսների բուժման, վերականգնողական պրոցեսների հետ կապված բոլոր ծախսերը` շարունակելով ամեն ինչով նեցուկ լինել մեզ:
-Եվրոպայի առաջիկա առաջնությանն ի՞նչ ակնկալիքներով ենք մեկնում:
-Հավակնոտ` որքան էլ ներկայացված ենք լինելու փաստացի երկրորդ կազմով:
-Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը ոնց որ թե այնքան էլ երկրորդ կազմ չեն:
-Նրանց օլիմպիական ուղեգրերից մեկին տիրանալու ռեալ շանս է տրված: Սակայն պայմանը մեկն է` կրկնել ու մի բան էլ ավելացնել այս առաջնությունում ցույց տված արդյունքներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ