Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Վախենամ` այս իշխանությունները կրակի մեջ են ընկել»

«Վախենամ` այս իշխանությունները կրակի մեջ են ընկել»
25.09.2009 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբում Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ, վերլուծելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, իր գնահատականները ներկայացրեց հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսության հավանական շահերի ու վնասների վերաբերյալ։
«Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների բարելավումը, սահմանի բացումը մի քանի փուլերով պետք է գնահատել։ Կարծում եմ, առաջին էֆեկտը լինելու է ի վնաս Հայաստանի։ Կարճատև ժամանակահատվածում թուրքական ապրանքները, որ մեր շուկայում իրենց տեղն արդեն գտել են, ավելի լավ պայմանների առկայությամբ առավել ակտիվորեն կներգրավվեն մեր շուկա, ինչից, բնականաբար, կորուստներ ենք կրելու»,- նշեց պարոն Ասատրյանը` պարզաբանելով, թե խնդիրներ կստեղծվեն հիմնականում գյուղատնտեսության համար։ «Պետք է ընդունել, որ այս ոլորտում Թուրքիան անհամեմատ բարձր ցուցանիշներ ու արդյունավետություն ունի։ Խոսքը պարզագույն ապրանքատեսակների մասին է, այսինքն` այն, որոնք Հայաստանն արտադրում է ու բավարարում իր պահանջները։ Գյուղատնտեսությունում լինելու են և՛ կարճատև, և՛ երկարատև խնդիրներ»։ Չնայած սրան, բանախոսն ընդգծեց, որ գլոբալ առումով «տնտեսական» սահմանի բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար, քանի որ «տնտեսությունը չի կարող կիսատ-պռատ զարգանալ, հնարավոր չէ փակված իրավիճակում գյուղատնտեսություն զարգացնել»։ «Մենք ունենք որոշակի պոտենցիալ, որը չի աշխատում, որովհետև չունենք ճանապարհներ, շինարտադրություն, էներգետիկա և այլն։ Պարզապես այս ամենի համար ժամանակ է պետք, ասել է` մինչ մեր ապրանքը կհաստատվի թուրքական շուկայում»։ Այսուհանդերձ, ակումբի հյուրին զարմացնում է, որ խնդիրը «բովանդակազրկում» են։ «Իրականում հայ-թուրքական սահմանը բաց է... Թուրքիան արհեստականորեն է այս իրավիճակը ստեղծել, որովհետև դրանից շահ է հետապնդում։ Տնտեսական սահմանի բացումը բարոյական, զգացմունքային բան չէ, այն իրական հարաբերությունների խնդիր է, որի հիմքում դրված է ոչ թե ցամաքային ճանապարհի բացումը մարդկանց տեղաշարժի համար, այլ ապրանքների հոսքը»։ Ասատրյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում Հայաստանի համար տնտեսական սահմանի բացումը` արդյոք երկաթուղին կբացվի՞, տարիֆները բավարա՞ր են լինելու արդյունավետ աշխատելու համար և այլն։ Տնտեսագետը կանխատեսեց նաև սահմանի բացման հեռանկարը. «Կհայտարարեն սահմանը բացված է, բայց երբ մի բեռնատար Եվրոպայից Հայաստան ապրանք տեղափոխի, կասեն` կներեք, տերմինալը պատրաստ չէ կամ կշեռքը չի աշխատում ու նման այլ պատճառաբանություններ կներկայացնեն»։
Բացի սահմանի բացման տնտեսական գնահատականներից, բանախոսը հարցը դիտարկեց նաև քաղաքական տեսանկյունից։ «Վախենամ` այս իշխանությունները կրակի մեջ են ընկել։ Ավելի վատ վիճակում են, քան նախորդ տարի, երբ գործընթացը դեռ չէր սկսվել։ Որևէ իշխանություն Հայաստանում չի գնա այս փաստաթուղթը ստորագրելուն։ Այստեղ կան իրական նախապայմաններ, ինչն անհնար է դարձնում գործընթացի շարունակությունը։ Իշխանությունների ջղաձիգ քայլերից հասկանալի է, որ փորձում են նահանջել, մինչդեռ նահանջը շատ ավելի վատ արդյունքի կհանգեցնի։ Կարծում եմ` արձանագրությունը չի ստորագրվի։ Նույնիսկ իշխանությունն առանձին ուժերի դրդում է գնալ այնպիսի քայլերի, որ չստորագրելու համար հող նախապատրաստեն։ ՀՅԴ-ն մեզանում միշտ կառավարելի ուժ է, սա երբեք էլ գաղտնիք չի եղել, ուղղակի պատվերներ են կատարում։ Այս պահին Թուրքիան ավելի շահավետ պայմաններում է ու «ֆուտբոլային» սահմանը միանշանակ կբացի, ասելով` համեցեք, եկեք, մի հատ էլ սեղան կգցեն, աղ ու հաց էլ կդնեն։ Բայց ընդամենն այսքանը։ Այնինչ սահմանի բացումը պետք է լիներ նախադրյալ` հարաբերությունները կարգավորելու։ Սա հայկական դիվանագիտության անգրագիտությունն է»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ