ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ես ըմբռնեցի նրա դատարկությունը և հասկացա, որ կորցրի այն իմ կյանքից

Ես ըմբռնեցի նրա դատարկությունը և հասկացա, որ կորցրի այն իմ կյանքից
06.04.2012 | 00:00

Երեկ ես կորցրի իմ օրը։ Դա պատահեց կարծես ինքնաբերաբար, սակայն երեկոյան ես իմ ամբողջ էությամբ զգացի, որ ինձ համար այդ օրը խորտակվեց։

Հենց որ արթնացա, ինձ համակեցին հոգսերը. առաջ եկան ամեն տեսակի դժվարություններ, բարդություններ և պարզապես վտանգներ, ասես օձերով լի բույն։ Զուր էի փորձում արհամարհանքով կամ հումորով գլուխս ազատել դրանից. անտեղի կշտամբում էի ինձ երկչոտության և հոռետեսության համար, զուր էի հանգստություն փնտրում աղոթքի մեջ։ Կարծես ճնշող մի մառախուղ իջավ հոգուս վրա. կապերը չէին քանդվում, հույսերը մարում էին։ Երևակայությունս պատկերում էր մոտեցող դժբախտություններն ու ստորացումները. երբ կյանքին տիրում են մոլեռանդները, հոգևոր ապուշները, ապա պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Ինձ համակեցին դառնությունն ու զզվանքը։ Սիրտս ջղաձգվեց ու դարձավ անողոք։ Հարկավոր էր պայքարել։ ՈՒ պայքարով սկսվեց այդ կործանված օրը։ Հարկավոր էր հավաքել ուժերը և մեկը մյուսի հետևից քանդել պատերը։ Հարկավոր էր հանգստություն գտնել հենց տագնապի մեջ, կենտրոնանալ, ամեն ինչ կշռադատել, մշակել ծրագիր և արժանապատվորեն դիմավորել վտանգը։ Հարկավոր էր անցնել հարձակման, արթնացնել բարեկամներին, մեկից մյուսի մոտ գնալ, համոզել ծույլերին, նզովել թշնամիներին։ Հարկավոր էր ապացուցել անվիճելին, քարեր փշրել, մետաղ հալել։ Աշխարհում այնքա՛ն երջանիկ մարդիկ կան, որոնք չէին էլ ենթադրում, թե ինչ են դարձնում կյանքը կուրադավանները, ինչպիսի սուտ, ինչպիսի անկենդանություն, ամայացում և կեղտ են բերում նրանք մարդկանց, և ինչեր ես ստիպված լինում հանդուրժել նրանց պատճառով։ Երեկոյան, երբ վերադարձա տուն և բոլոր կապերը ինչ-որ հրաշքով քանդվեցին, ես ինձ ահավոր հոգնած էի զգում։ Ամեն ինչ հաջողվել էր, սակայն օրը խորտակված էր։

Այն խորտակվել էր, քանի որ սիրտն իմ ջղաձգվել էր, ու նրան դաժանացրել էր ինձ շրջապատող բիրտ ու անողոք աշխարհը` վարակելով ու թունավորելով ինձ։ Երբ սիրտը դաժանանում է, ապա ընդունակ չէ սիրելու. նա չի երգում և չի առկայծում, վիրավորված ու քարացած սուզվում է մռայլ լռության մեջ, նրա մեջ չկան ո՜չ փաղաքշանք, ո՜չ ժպիտ, և նա արդեն ընդունակ չէ աղոթելու։ Նա քարացած է։ Իսկ երբ սիրտը քարանում է, ապա մարդը չի կարող լինել Աստծո գործիք, և օրդ կործանված է։Դա կործանված օր էր նաև այն պատճառով, որ ես մտածում էի միայն իմ մասին և ջանում էի միայն ինձ համար։ Չէ՞ որ հարկավոր էր ինչ-որ ձևով դուրս գալ այդ փակուղուց։ Օ՛հ, այդ վախը սեփական մորթու համար, որն ասես այնքան անհրաժեշտ ու թանկագին է։ Կյանքը, կարծես, սկսում է պտտվել միայն քո շուրջը։ Թվում է, թե երկրի վրա և երկնքում ոչ մի լավ, ոչ մի բարձրագույն բան չկա։ Մարդը կուրանում և խլանում է տառապող ողջ աշխարհի համար. և Աստծո կենդանի հյուսվածքը, ինչի համար արժե ապրել երկրի վրա, ասես դադարում է իր համար գոյություն ունենալուց։ Եվ օրն անցնում-անհետանում է հոգու մեջ` մեռած և ճղճիմ, հեռանում է դեպի անցյալը, որպես չբացված ծաղիկ։ Այդ օրը ինձ համար կորավ նաև այն պատճառով, որ ես պայքարում էի մարդկանց դեմ, ես ձգտում էի ինձ ենթարկել նրանց կամքը, օգտագործել նրանց որպես սեփական գործիք, և չկար իմ մեջ կենդանի սեր նրանցից և ոչ մեկի նկատմամբ։ Ես մոտենում էի նրանց զգուշորեն և ճարպկորեն, ես համոզում էի և ապացուցում, ներշնչում նրանց անհրաժեշտը, իսկ ինքս մնում էի կոպիտ և գործունյա, ու միայն աչքերս հառած նայում էի նրանց, ինչպես քարտաշը կնայեր դեռ անտաշ քարերին։ Դա դեռ քիչ է։ Նրանք շարունակում էին զզվելի լինել ինձ համար, այդ դաժան, ինքնահավան, մեծամիտ դուրսպրծուկները, և իմ ալեկոծված հոգում նողկանք էր տիրում։ Եվ դա հարկավոր էր թաքցնել` կեղծավորելով, ստելով, թաքցնելով ատելությունը։ Ինչպե՞ս ազատվել այս բեռից։ Ինչպե՞ս մեղմացնել ու արթնացնել իմ սիրտը։ Կարթնանա՞ նա երբևէ սիրո համար։ Հեռացի՜ր, հեռացի՜ր, իմ կորած օր, որ կարողանամ մոռանալ քեզ ու դարմանվել։Այո, օրս կորած էր, որովհետև գեղեցիկն ու նուրբը աշխարհում գոյություն չունեին ինձ համար։ Թռչունները չէին երգում ինձ համար։ Ծաղիկները չէին ուրախացնում իմ հոգին ու չէին բուրում ինձ համար։ Ես ամենևին չէի երազում գեղեցկության մասին։ Սառը քամին սուլում էր իմ գլխավերևում, ինչպես փողոցի լապտերի վրայով։ Ես նույնիսկ չէի հիշում, թե երեկ արև կար երկնքում։ Իմ մեջ երգող ներքին երգը լռել էր, և չորացել էր նրա վտակը։ Աշխարհը, որպես մի նուրբ գաղտնիք, որպես կենդանի օրհներգ, Աստծո հրաշք, ինձ համար գոյություն չուներ։ Ո՜չ, դա կյանք չէր, ես չեմ ապրել այդ օրը։Այն կործանվեց ինձ համար, որովհետև ես չգտա ինձ դեպի Աստծո Արքայություն տանող ոչ մի թել, և իմ հայացքը ոչ մի անգամ չդիպավ նրա զարմանահրաշ, լուսավոր հյուսվածքին։ Այդպիսի օրերին կյանքը զրկվում է իմաստից և սրբությունից, որքան էլ հաջողությունները մեծ լինեն։ Քանզի մարդը կառուցում է սեփական կյանքը ոչ թե գործերով, այլ արարքներով. նա շնչում է գերմարդկային հովերով, նա ապրում է սրբազան հեռուների շողերով, նա ապրում է Աստծո շնչով...

Դե, ուրեմն, հրաժեշտ տանք կորած օրվան` թող այն հանգչի մոռացության մեջ։ Միայն մի բան ինձ կմնա այդ կործանված օրից. ես ըմբռնեցի նրա դատարկությունը և հասկացա, որ կորցրի այն իմ կյանքից։

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ