Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ 100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ»

«ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ 100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ»
26.11.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ազգային ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, Ձեր կարծիքով` իմաստ ունի՞ բարեփոխելու այն, ինչը, միևնույն է, չի գործում ընտրությունների ընթացքում:
-Իհարկե, եթե չկա քաղաքական կամք, ոչ մի ընտրական օրենսգիրք փրկություն չի կարող լինել, բայց ԸՕ-ն հնարավորություն է տալիս այն անձանց, ովքեր ուզում են պայքարել և արդյունքի հասնել առանց արտաինստիտուտային գործընթացների, արդյունավետ պայքարի օրենսդրական գործիքներ ունենալ: Այնպես չէ, որ իշխանությունն ինչ ուզում է, անում է 100 տոկոսով, ամբողջ Հայաստանը վերահսկելը շատ բարդ է: Այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունը կարողանում է իրական պայքար տանել, շատ դեպքերում հաղթում է, իհարկե, կան տեղամասեր, որտեղ խախտվում են քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները, բայց նույնիսկ այդ պարագայում իշխանության ընտրակեղծիքների հնարավորությունը պակասում է, որովհետև չեն կարողանում բոլոր տեղամասերն այդ կերպ վերահսկել, ի վերջո, այդ գործընթացներով ձեռք բերված արդյունքները երբեմն էլ անվավեր են ճանաչվում: Բոլոր դեպքերում պայքար տարվում է, և այդ պայքարի արդյունքում է, որ ընդդիմությունը խորհրդարանում տեղեր է ստանում, նախագահական կամ ՏԻՄ ընտրություններում ձայներ է հավաքում:
-Ի՞նչ պետք է անել գործող Ընտրական օրենսգրքի հետ, որպեսզի ԿԸՀ-ն իրենով չփոխարինի ընտրական գործընթացը:
-ԿԸՀ-ի աշխատանքը, ըստ էության, կարևոր է մինչև քվեարկության օրը, իսկ քվեարկության օրն առավել կարևոր է ընտրատարածքային ու տեղամասային հանձնաժողովների դերը: «Ժառանգության» փոփոխություններով փորձ է արվում այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք հնարավորություն կտան քվեարկության օրը նորմալ վերահսկողություն իրականացնել: ԸՕ-ում չկան ոչ կարևոր կետեր: ԸՕ-ում չկա լուծման մեկ բանաձև. եթե մի խնդիր լուծվում է, մնացած խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվում: ԸՕ-ն համալիր է, որտեղ յուրաքանչյուր օղակի հետ կապված պիտի առաջարկվեն այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան, որ շղթայական մեխանիզմն աշխատի:
-Ի՞նչ եք առաջարկում, որ այդ մեխանիզմն անխափան աշխատի:
-Դեռ 2009-ին այդ առաջարկները ներկայացվել են, արտահերթ նիստով քննարկվել և խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտել է, որից հետո «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն համատեղ Վենետիկի հանձնաժողով ուղարկեցին առաջարկները: «Ժառանգությունն» այդ առաջարկների հիման վրա նոր ԸՕ է կազմել, որը քննարկման ենք տվել մեր դաշնակցական գործընկերներին, որպեսզի համատեղ նախագիծ կազմվի: Առաջարկներով փորձել ենք վերացնել բոլոր այն բաց կետերը, որոնք 2007-ի, 2008-ի, 2009-ի ընտրություններում արձանագրել ենք:
-Վենետիկի հանձնաժողովից արձագանք ստացե՞լ եք:
-Ոչ միայն Վենետիկի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, Այ Եֆ Ի Ես-ի փորձագետների հետ էլ քննարկումներ ենք արել, բացառությամբ 1,5 դրվագի, որի հետ կապված խնդրի առկայությունը մի փոքր ուշ ընդունեցին, մնացած տեսակետներն անմիջապես համընկել են:
-Այդ ի՞նչ ճակատագրական 1,5 է:
-Մեկը վերաբերում է ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը, որպեսզի մատչելի լինեն ընտրություններին մասնակցող կողմերի համար, իմանանք` Հայաստանից բացակայող քանի՞սն են քվեարկում, հանգուցյալներից ովքե՞ր են եկել, գոյություն չունեցող ինչքա՞ն հասցեներ կան, փորձագետներն զգուշանում են, որ ցուցակների հրապարակումը մարդու անձնական կյանքին է առնչվում: Թեպետ ընտրությունը հրապարակային գործընթաց է, գաղտնին քվեարկության պահն է միայն: Ժողովրդավարական շատ երկրներում դա արվում է, օրինակ` Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում: Իսկ կես հարցը վերաբերում էր հանձնաժողովների անդամների հետկանչի մեխանիզմներին: Փորձագետները հետկանչի պարագայում վտանգված են համարում հանձնաժողովի անդամի անկախությունը: Երբ ներկայացրինք իրավիճակը, որ հետկանչի մեխանիզմի բացակայությամբ կուսակցությանը տրված տեղը կորչում է, երբ կուսակցության անդամը չի կարողանում դիմադրել իշխանության ճնշումներին կամ անցնում է քաղաքական այլ ճամբար, փորձագետները խնդիրն ընդունեցին: Մնացած բոլոր առաջարկներն ընդունվեցին, այդ դրույթներն աշխարհի շատ երկրներում կիրառվում են:
-Այդ առաջարկներն իսկապե՞ս ռեալ են ազատ-արդար-թափանցիկի ապահովման համար:
-Ինքներդ դատեք, մենք առաջարկում ենք 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ, տեղամասում տեսախցիկի տեղադրում, որը արձանագրի ոչ թե քաղաքացու ընտրության պահը, այլ ինչպես է անցնում ընտրությունը: Անդրադարձել ենք ֆինանսական խնդիրներին` վերահսկողության առաջարկվող մեխանիզմները համահունչ են փորձագետների տեսակետներին: Չափազանց կարևոր է բոլոր մակարդակների հանձնաժողովների հավասարակշռված կազմի առկայությունը: Միջազգային հանրությունը տարբեր բանաձևերով քանիցս հորդորել է իշխանություններին ընդդիմության հետ համատեղ մշակել ԸՕ, եթե իշխանությունները նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք ունեն, այդ սկզբունքային առաջարկները պիտի ընդունեն: Հակառակ պարագայում նորից ունենալու ենք թերի ԸՕ, ժողովրդի վստահությունը կորցրած ընտրական գործընթաց և ժողովրդի վստահությունը չունեցող իշխանություններ, որը մարտի 1-երի կրկնության ճանապարհն է: Առաջարկներից նաև կարևոր եմ համարում ընտրացուցակներում կանանց 30 տոկոս ներգրավվածությունը:
-Դուք լրջորեն կարծում եք, որ սեռային հատկանիշո՞վ են պայմանավորված մարդու կայացածությունը, ընդունակությունները, քաղաքական կամ գիտական հավակնությունները: Պատգամավորի պարագայում կարևորը սե՞ռն է, թե՞ քաղաքական հայացքները: Արհեստական չէ՞ այդ քայլը:
-Ընտրացուցակներում կին թեկնածուներ լինում են, խորհրդարանում կին պատգամավորները քիչ են: ՈՒրեմն` խնդիրն ապահովելն է, որ նրանք ոչ միայն ցուցակներում լինեն, այլև օրենսդիր մարմնում: Պետք է սահմանվի, որ կին պատգամավորի մանդատը վայր դնելու պարագայում ԱԺ է գալիս ոչ թե ցուցակի հաջորդ համարը, այլ հաջորդ կինը: Միայն այլևս կին չլինելու դեպքում է մանդատը տղամարդու տրվում: Այս քայլն արհեստական չէ, այլ բնական, որովհետև տոկոսային առումով հասարակության մեծ մասը կանայք են, բարձրագույն կրթություն ունեցողները դարձյալ կանայք են: Եթե կանայք կարողանում են վարչության պետեր լինել, հանձնաժողով, նորաստեղծ նախարարություն ղեկավարել, կարող են պատգամավոր լինել:
-Բայց տղամարդկանց մեծամասնությունը չհանդուրժեց կին փոխնախագահի` հոգեբանական, մենթալիտետային, թե ինչ պատճառներով:
-Խնդիրը կառավարման համակարգում էր, եթե կուսակցությունը ժողովրդավարական արժեքներ է դավանում, կանանց ներկայությունը խրախուսվում է: Հիշեք «Ժառանգություն» խմբակցության օրինակը: Բայց եթե նույնիսկ առաջարկի մեջ արհեստականություն ենք տեսնում, պիտի ընդունենք, որ կանանց ներկայությունը խորհրդարանում հնարավորություն է տալիս մեծացնելու աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնելու ագրեսիվությունն ու անհանդուրժողականությունը, ճկունություն բերելու քաղաքական գործընթացների մեջ:
-Կողմ լինելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Դուք կարծում եք, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգն ու քաղաքական դաշտը այդքան կայացա՞ծ են:
-Ցանկացած պարագայում իրականությունն է որոշիչը: Իսկ ի՞նչ կա իրականում: Խորհրդարանում «անկախ» է համարվում 10 պատգամավոր, նրանցից կուսակցական չեն 3-ը, թե 4-ը, և բոլորը որոշակի հարաբերություններ ունեն որևէ խմբակցության հետ: Թերևս բացառություն են Տիգրան Թորոսյանը, որն էլ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով է ԱԺ եկել, և Վիկտոր Դալլաքյանը:
-ՈՒզում եք ասել` «միայնակ գայլերի» ժամանակն անցե՞լ է:
-Ես չեմ ասում, կյանքն է ցույց տալիս` անկախ պատգամավոր Սամվել Բալասանյանը դառնում է ԲՀԿ-ի փոխնախագահ... Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, որպես կանոն, հարում են որևէ քաղաքական ուժի: «Միայնակ գայլերի» ժամանակը, իրոք, անցել է, որովհետև մեծամասնական ընտրակարգով ԱԺ մտած պատգամավորներին էլ այս կամ այն քաղաքական ուժն է ընտրություններում աջակցել: Մինչ այժմ տեղի ունեցած բռնությունները, ընտրակաշառքները իշխող կուսակցությունները հիմնավորում են բացառապես մեծամասնականների կազմակերպած լինելու հանգամանքով: Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են ծեծուջարդը, ընտրախախտումները բացառել, պետք է անցնել 100-տոկոսանոց համամասնականի: Խորհրդարանում քննարկվում է մի նախագիծ, որը փորձում է ձևավորել էթիկայի կանոնակարգ, որի գործունեության արդյունքում գործարարները չպետք է լինեն պատգամավոր: Եթե իշխող մեծամասնությունն ուզում է էթիկայի կանոններ մշակել, որ գործարարները խորհրդարանում չհայտնվեն, կարող են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանել և կուսակցական ցուցակներում խոշոր գործարարներին չընդգրկել:
-Իսկ որքա՞ն են կուսակցություններն օբյեկտիվ իրենց ցուցակները կազմելիս:
-Նախ` ցանկացած կուսակցություն շահագրգռված է նորմալ ցուցակ ունենալու հարցում: Երկրորդ, եթե ցուցակի թեկնածուներն անընդունելի լինեն հասարակության համար, ուղղակի այդ կուսակցությանը ձայն չեն տա: Ես ընդունում եմ, որ մի օր պիտի հասնենք վարկանիշային քվեարկության, բայց մինչ այդ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին պիտի հասնենք ու մի քանի ընտրություն անցկացնենք այդ ընտրակարգով, որպեսզի քաղաքական դաշտը կուսակցություններինը լինի, ոչ թե ապաքաղաքական տարրերինը, տնտեսական խոշոր սուբյեկտներինը, կամ էլ կրիմինալինը, ինչը, ցավոք, այժմ կա: Մինչև վազելը դեռ պետք է քայլել սովորենք:
-Մինչև վազելն անսայթաք քայլել սովորելու համար չե՞ք կարծում, որ ամենակարևորն ընտրացուցակն է` ի՞նչ չափանիշով է ընտրացուցակը կազմվում, ապագա խորհրդարանի որակն ու հեղինակությունն այդ կետից են սկսվում` սա մեկ: Երկրորդ` սովորաբար կարևորվում է ընտրացուցակի վերևի հատվածը, հասարակությունն իր ընտրությունը կատարելիս առաջին 10 կամ 20 անուններին է նայում, իսկ խորհրդարանում հետո հայտնվում են բոլորովին այլ մարդիկ, որովհետև այդ 10-20-30-ը հանկարծ հրաժարվում են ժողովրդի ծառա լինելու պատվից: Երրորդ` 1000 տոկոս համամասնականով էլ չեք լուծի ձեռներեցների մուտքը կանխելու հարցը, որովհետև նրանք ԱԺ գալով իրենց բիզնեսի կյանքի ու մահու խնդիրներն են լուծում, ծայրահեղ դեպքում ֆիկտիվ հավատարմագրային կառավարման կդիմեն:
-Այսօր Հայաստանում ոչ ոք նույնիսկ հարազատ եղբորը չի վստահում իր բիզնեսը, ոչ մի խոշոր գործարար հավատարմագրային կառավարման չի հանձնի իր բիզնեսը, որտեղ ամեն ինչ պարզ ու հստակ չէ: Համաձայն եմ, որ մանդատն ապահովում է ստվերում մնալը կամ բիզնեսի անվտանգությունը: Բայց Խաչատուր Սուքիասյանի օրինակը ցույց տվեց, որ դա էլ երաշխիք չէ: Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանների դեպքերն էլ հավելեք: Իհարկե, շատ փաստեր են եղել, որ ցուցակի առաջին հատվածը դուրս է գալիս, և ստորին հատվածն է մտնում խորհրդարան: 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ ապահովելով երեք ընտրությունից հետո կստանանք այնպիսի վիճակ, որ կուսակցությունն իսկապես կախված կլինի ընտրողների կարծիքից: Այսօր բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն 100-տոկոսանոց համամասնականի դեպքում չի կարող իր առավելությունն ապահովել, դաշտը որոշակի հավասարակշռության վիճակի մեջ կմտնի: Հավասարակշռության արդյունքում իշխանության ու ընդդիմության ձայների տարբերությունն այդքան կտրուկ չի կարող լինել, իսկ դա ոչ հեղափոխական ճանապարհով իրավիճակի առողջացում կբերի: 2-3 ընտրություն հետո արդեն ցանկացած կուսակցություն շատ խիստ չափանիշներով կկատարի իր ցուցակի ընտրությունը: Իշխանությունը չի ցանկանում 100-տոկոսանոց մեծամասնականի անցնել, որովհետև գրեթե 41 տեղ որոշակի ֆինանսական, վարչական ռեսուրսների, բռնությունների կիրառմամբ նվեր է ստանում և արդեն հեշտ է դառնում մեծամասնություն լինելը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ