Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
16.12.2011 | 00:00

Չորեքշաբթի-հինգշաբթի կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային ավարտական հանդիպումները: Քանի որ A, B, C, G, H, I խմբերում խաղերն ավարտվել են երեկ ուշ գիշերին, դրանց անդրադառնանք ընդհանուր կանխատեսման մակարդակով` փոխարենը սևեռվելով մյուս խմբերի հանդիպումների վրա, սակայն մինչ այդ ասենք, որ Եվրոպայի չեմպիոնների լիգայից Եվրոպայի լիգա արդեն իսկ «գործուղվել» են անգլիական «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին», հոլանդական «Այաքսը», իսպանական «Վալենսիան», պորտուգալական «Պորտուն», հունական «Օլիմպիակոսը», թուրքական «Տրաբզոնսպորը» և չեխական «Վիկտորիան»:
D խումբը տասներկու միավորով գլխավորող պորտուգալական «Սպորտինգի» համար «Լացիոյի» հետ խաղը մրցաշարային առումով բացարձակապես նշանակություն չուներ, մինչդեռ ռումինական «Վասլույի» պես վեց միավոր ունեցող «Լացիոն» առաջնային կարևորության խնդիր ուներ լուծելու, քանի որ նրանցից միայն մեկն էր շարունակելու լիգայի գարնանային հանդիպումները:
Սկզբունքորեն դժվար էլ էր ասել` իտալակա՞ն, թե՞ ռումինական ակումբի վիճակն էր ավելի նախընտրելի, որովհետև ինչպես խմբի առաջատարի ինքնասիրությունը կարող էր խանգարել թույլ հանդես գալուն, այնպես էլ մրցաշարը ձախողած «Ցյուրիխը», հնարավոր է, սեփական հարկի տակ երկրպագուների առաջ քիչ, թե շատ արդարանալու ցանկություն ունենար: Ասենք, որ շվեյցարական ակումբը գոհացրեց իր երկրպագուներին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով «Վասլույի» դարպասը, իսկ «Լացիոն», ամեն տեսակի անակնկալներից ապահովագրվելու համար, վերցրեց ու հաղթեց «Սպորտինգին» (2:0) և, նրա հետ թև թևի, մտավ Եվրոպայի լիգայի գարնանային խաղերի փուլ:
Նույնատիպ իրավիճակ էր և F խմբում, որտեղ խնդիրներ ունեին լուծելու հավասար` յոթական միավոր ունեցող ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Այստեղ էլ խոշոր հարց էր` վաղապես խնդիրը լուծած իսպանական «Աթլետիկը» կլինի պատշաճ «խոնարհության» հյո՞ւր, թե ատամ կկրճտացնի հյուսիսային հարևանի վրա` դրանով իսկ կանաչ լույս վառելով ավստրիական ակումբի առաջ, որը հյուրընկալվել էր խմբի հետնապահին: «Աթլետիկը» պահպանեց տանտիրոջ նկատմամբ հարգանքի բոլոր «կանոնները», սակայն գնդակների 4:2 տարբերությունը պահանջվող այն մեծությունը չէր, որ ֆրանսիական ակումբի առաջ բացեր մեկ տասնվեցերորդի ճանապարհը: Այս խմբում «Աթլետիկին» ընկերակցեց «Զալցբուրգը»` հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասնելով «Սլովանի» նկատմամբ:
Շատ ավելի խճճված էր իրավիճակը J խմբում, որտեղ հարցերը վաղօրոք լուծած գերմանական «Շալկեին» մեկ տասնվեցերորդում հավասարապես կարող էին ընկերակցել խմբի մյուս երեք թիմերը` իսրայելական «Մաքքաբին» (Հայֆա), ռումինական «Ստյաուան», կիպրական ԱԵԿ-ը (Լարնակա), որոնցից առաջինն ուներ վեց, մյուս երկուսը` հինգ միավոր: Հյուրընկալվելիս «Շալկեն» եղավ չզիջող ու, «Մաքքաբիին» հաղթեց ակնհայտ գերազանցությամբ` 3:0: Պատեհ առիթը ձեռքից բաց չթողեց «Ստյաուան»` սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասնելով ԱԵԿ-ի նկատմամբ:
K խմբում յոթ միավոր ունեցող անգլիական «Ֆուլհեմն» ու վեց միավոր ունեցող «Վիսլան» հեռակա պայքարում որոշելու էին, թե իրենցից որ մեկն է հետագա պայքարում ընկերակցելու հոլանդական «Տվենտեին»: Այստեղ շատ ավելի բարդ էր լեհական ակումբի վիճակը, որովհետև մրցելու էր խմբի առաջատարի հետ: «Վիսլան» արդարացրեց երկրպագուների սպասումներն ու հյուրընկալելիս 2:1 հաշվով հաղթեց մրցակցին: Իսկ այն, ինչ եղավ «Ֆուլհեմ»-«Օդենսե» հանդիպումում, պիտի համարել անգլիական ակումբի պատմության սև օր: Խաղի վերջին րոպեին հավասարեցնելով հաշիվը` աղյուսակը երեք միավորով եզրափակող «Օդենսեն» ոչ միայն հերոսացավ, այլև լեհական ակումբի դիմաց վառեց կանաչ լույս:
Ծանր խնդրի առաջ էր կանգնած E խումբը ներկայացնող Կիևի «Դինամոն», որն ինքն էր իրեն մութ անկյուն քշել և որին միայն ու միայն հաղթանակ էր պետք Թել Ավիվի «Մաքքաբի» հետ խաղում` պայմանով, որ մեկ միավորի առավելություն ունեցող թուրքական «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ կպարտվի կամ ոչ ոքի կխաղա գարնանային մրցափուլ դուրս եկած անգլիական «Սթոք Սիթիի» հետ: Թեև երրորդ գոլը «Դինամոն» խփեց ու հաշիվը հավասարեցրեց այն ժամանակ, երբ խաղադաշտում ուներ ընդամենը ինը խաղացող, սակայն դա բավարար չեղավ խմբայինից դուրս գալու համար, որովհետև «Բեշիքթաշը» ձեռքից բաց չթողեց իր աստղային պահն ու սեփական հարկի տակ 3:1 հաշվով գերազանցեց խմբի առաջատարին` նրան հարկադրելով նահանջել երկրորդ հորիզոնական:
L խմբում մարզական հետաքրքրություն ներկայացնում էր միայն «Անդերլեխտ»-«Լոկոմոտիվ» հանդիպումը, որտեղ գնդակների լավագույն հարաբերությամբ հաղթելու դեպքում, ռուսական ակումբը կարող էր բելգիական թիմի պես հավաքել տասնհինգ միավոր ու դառնալ խմբի առաջատար: Սակայն հանդիպումը ցույց տվեց, որ «Անդերլեխտը» շատ ավելի բարձրակարգ թիմ է, ինչն ապացուցել էր նաև թիմերի մոսկովյան հանդիպման ժամանակ (2:0). այստեղ գրանցվեց 5:3 հաշիվ: «Շտուրմ»-ԱԵԿ դիմակայությունում ավստրիական թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով զիջեց հունականին:
Ինչ վերաբերում է երեկ հանդիպումներն ավարտած թիմերին, անկախ վերջին խաղի արդյունքից, հաջորդ փուլ են դուրս եկել հոլանդական ՊՍՎ-ն (առաջին տեղով) ու լեհական «Լեգիան» (C խումբ), ուկրաինական «Մետալիստը» (G խումբ), իսկ հունական ՊԱՕԿ-ը (A խումբ), բելգիական «Ստանդարտը» (B խումբ), իսպանական «Աթլետիկոն» (I խումբ) ընդամենը պիտի լուծեին խմբից որ տեղով դուրս գալու հարցը: Այնպես որ, այս ակումբների համար, փաստորեն, խաղերը կրելու էին ձևական բնույթ, ինչը երկրորդ-երրորդ տեղերում գտնվող ու նրանց հետ հանդիպում ունեցող թիմերին պայքարը շարունակելու լավագույն հնարավորություն էր ընձեռում: Միակ լարվածությունը H խմբում էր, որտեղ յոթ միավոր ունեցող անգլիական «Բիրմինգհեմին» անհրաժեշտ էր միայն ու միայն հաղթանակ, մինչդեռ միմյանց հետ մրցակցող բելգիական «Բրյուգեին» ու պորտուգալական «Բրագային» (տասական միավոր) լրիվ բավարարում էր նաև ոչ-ոքի արդյունքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ