Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՆԱ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ, ԲԱՅՑ ԵՎ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԸՆԴԱՐՄԱՆԱԼ ՍՐՏԻՆ

ՆԱ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ, ԲԱՅՑ ԵՎ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԸՆԴԱՐՄԱՆԱԼ ՍՐՏԻՆ
07.10.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Այնտեղ, որտեղ ամեն ինչ անմխիթար է թվում, մխիթարանքն արդեն շեմին է։ Ակա՛նջ դիր, նա բախում է դուռը։ Ներս թող նրան առանց հապաղելու, քանզի նա բերում է քեզ ամենալավը` ինքն իրեն։
Ի՞նչը կարող է լինել ավելի անմխիթար, քան ձանձրույթը։ Ո՞վ գիտե, թե որտեղից է նա հայտնվում։ Սակայն նա արդեն այստեղ է։ Կյանքը հանկարծ դառնում է այնպես աղքատիկ, այնպես անգույն, այնպես չոր և այնպես օտար։ Ոչինչ չի գրավում, ոչինչ չի ուրախացնում, ոչինչ չի ողջունում ինձ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։ Ամենուրեք միայն թորշոմած խոտ է, գորշ քարեր, մեռյալ անապատ։ Ժամանակը դառնում է դատարկ ու ձգվում դանդաղ։ Գոյություն ունեցող ամեն բան ինձ թողնում է անտարբեր, իսկ այն, ինչը պետք է գրավի նրա տեղը, անորոշ է, ես չգիտեմ դա... Իզուր թափառում եմ խավարի մեջ, ամեն ինչ «այն չէ»։ Սակայն ես հո նույնն եմ. ուրեմն աշխարհն է դարձել ձանձրալի։ Աշխարհը ճղճիմ է ու ստոր ինձ համար. նա ոչինչ չի կարող տալ ինձ։ Եվ իմ ձանձրույթը միայն հաստատում է իմ «հոգևոր գերազանցությունը»։
Օ՜հ, խղճուկ մխիթարանք։ Հենց որ դու ուրախություն զգաս սեփական գերազանցությունից, ձանձրույթը միանգամից կչքանա, բայց նորից կվերադառնա և կհաստատվի ընդմիշտ, կարծրանալով, դառնալով կյանքի դիրքորոշում ու մռայլ կփայփլի քո աչքերից մեծամտությամբ ու խիստ հոգևոր դեպրեսիայով։ Ո՛չ, իսկական մխիթարությունը գալիս է սեփական հոգու խորքից։
Ձանձրույթի աղբյուրն աշխարհի մեջ չէ, այլ քո մեջ։ Ինչ-որ ժամանակ դու հոգնե՞լ ես կյանքից, թո՛ղ, մի՛ ստիպիր քեզ, սերը կարթնանա ինքն իրեն։ Հնարավոր է, դու չափից շա՞տ ես սիրել։ Կամ քո սերը մնացել է անպատասխա՞ն։ Կամ դու ի՞նքդ ես խանգարել քո սիրուն։ Կամ քեզ չի՞ հերիքել կամքը սիրո համար։
Կարճ ասած, քո սերը հեռացել է. նա շրջվել է մեջքով դեպի աշխարհը և էլ չի ուզում նվիրվել ոչ մի բանի։ Ցանկությունները լռել են, սիրտն էլ չի ցանկանում երգել` ո՛չ Աստծուն, ո՛չ կուռքերին, և թվում է, թե աշխարհը կորցրել է իր հմայքը։
Հոգին առանց ցանկությունների զննում է աշխարհը, նայում է նրան առանց սիրո և հենց այդ պատճառով կարծում է, որ այն խղճուկ է և ձանձրալի։
Սակայն աշխարհն ամենևին էլ այդպիսին չէ։ Բնությունը, ինչպես միշտ, լի է հրաշալի գաղտնիքներով. մարդը, ինչպես միշտ, լի է կրքերով ու ձգտումներով, խճճված, աստվածային և միաժամանակ դժոխային, և ամբողջությամբ` աննման մի տեսարան։ Աշխարհը մնացել է նույնը, ինչպիսին էր միշտ։ Չի գործում միայն քո ցանկությունը, ու դու այդ անգործությունը կոչում ես «ձանձրույթ»։ Բաց իրականում ձանձրույթը միայն հայացք է` ուղղված բուժման, նոր ցանկության, նոր արժեքների մխիթարություն փնտրելուն։ Եվ, առաջին հերթին, նոր սիրո` մերձավորի, սեփական ժողովրդի, Աստծո հանդեպ։ Հարկավոր է նախ ինքդ քո մեջ ունենաս ձանձրույթին դիմակայելու խիզախություն. տարեք այն հանգիստ, ու այն կկորչի, երբ վերածնվի սերը։
Սակայն դա չպետք է լինի շատ երկարատև։ Ձանձրույթը պետք է լինի կարճատև, չէ՞ որ կյանքն ինքը չափազանց կարճ է երկարատև ձանձրույթի համար։
Ձանձրույթը նման է սև ակնոցի. նա խեղաթյուրում է աշխարհը, բայց և թույլ է տալիս ընդարմանալ սրտին։ Բավական է, որ աչքերը հանգստանան, դեն նետեք ակնոցը, որպեսզի նորից ժպտան արևն ու գույները։ Նայի՛ր և ուրախացի՛ր։
Կա առանձնահատուկ մի արվեստ` գոյության հետ հաշտվելու, ստեղծագործորեն միանալու նրա հետ, նորից գտնելու ելման կետը և տրվելու նրան։ Կա առանձնահատուկ մի արվեստ` վերափոխվելու և միշտ գտնելու նորը հնի մեջ` արժեքի, թվում է թե արժեզրկվածի մեջ, սիրելին` անկարևորի մեջ։
Կա առանձնահատուկ մի արվեստ միշտ ինչ-որ բան սիրելու և ինչ-որ բան ցանկանալու մեջ։ Եվ դա պետք է լինի այն, ինչը չի կարող հիասթափեցնել։
Դա է սովորեցնում ձանձրույթը։ Դա է դեղամիջոցը ձանձրույթի։ Դա է նրա մխիթարությունը, չէ՞ որ ձանձրույթը հենց մխիթարանք է։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ