Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒ ՑԱՎԱԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒ ՑԱՎԱԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2
09.09.2011 | 00:00

Օգոստոսին էին նաև այնքան երկար թմբկահարված Համահայկական խաղերը, որոնք իրենց փոքրիկ հոբելյանն էին տոնում: Ճիշտ է, հինգն այնքան էլ մեծ թիվ չէ, բայց, դե, մեր երրորդ հանրապետությունն էլ առանձնապես մի մեծ տարիք չունի: Ցավով պիտի ասել, որ Համահայկական խաղերն իրենց մարզական նշանակությամբ առանձնապես մեծ դեր չունեն, և այդ բացն առայժմ փոխհատուցվում է այլ որակներով, որոնց մեջ առաջնայինը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումն է ու խորացումը, ինչն ինքնին քիչ բան չէ: Սակայն երևի թե վաղուց եկել է այդ բարձր անվան բուն կոչվածությունն առաջին պլան մղելու ժամանակը, մանավանդ որ այսօր աշխարհի շատ երկրներում ունենք հայազգի բազմաթիվ մարզիկներ, ովքեր եղանակ են ստեղծում իրենց ներկայացրած մարզաձևերում՝ տվյալ երկրի հիմնը հնչեցնել ու դրոշը բարձրացնել տալով: Ինչո՞ւ նույն այս Համահայկականի դրոշի տակ չփորձել միավորել նրանց, բարձրացնել մեր խաղերի կարգավիճակը (ամեն տեսակի «բազեների» հանդիպումների կամ դաշնակցական բանակումների ժամանակ իրիկվա հովին խաղացվող տարբեր խաղերի մակարդակը թողնելով նույն այդ հանդիպումներին ու բանակումներին), տալ դրանց միջազգային կարգի խաղերի քաշ ու կշիռ՝ նաև այս կերպ նույն այդ միջազգային հանրության ուշադրությունը բևեռելով մեր երկրի վրա: Չենք կարծում, որ Հայաստան անունն ի լուր աշխարհի շատ ավելի հնչեցնելը պակաս ռեսուրս է աշխարհի կողմից առավել ճանաչելի դառնալու կտրվածքով:
Վերն արծարծված խնդրո առնչությամբ սկզբունքորեն մեկ այլ հարց էլ է առաջ մղվում: Եթե չանենք այս քայլը, ապա Համահայկական խաղերը ճարպիկ մարդկանց ձեռքին որակական այն նույն բովանդակությունը կստանան, ինչ ստացել է որոշ հեռուստաընկերությունների կողմից լայնորեն շրջանառության մեջ դրված «համահայկական աշխարհ» արտահայտությունը, որն ավելի շատ նման է ջուրծեծոցիի: Եկեք մեզ համար մեկընդմիշտ ամրագրենք, որ չի կարելի գաղափարի հետ անփույթ վերաբերվել, որովհետև բումերանգի էֆեկտով այն հետ կդառնա ու առաջինը հենց մեզ կհարվածի: Ընդ որում` սարսափելի ցավոտ: Սա, կարծում ենք, խնդիր է, որի մասին արժե լրջորեն մտածել՝ չխնայելով ջանք ու եռանդ, ֆինանսական միջոց:
Մարզական առումով օգոստոսը բարենպաստ էր նաև հայկական ձյուդոյի համար: Պրահայում երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող դարձավ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը, իսկ Գարիկ և Գոռ Հարությունյանները 55 և 60 կգ քաշային կարգերում նվաճեցին բրոնզե մեդալ: Հավաքականի ավագիչ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ մեր ձյուդոիստներն այնուհետ մասնակցեցին Եվրոպայի գավաթի խաղարկության մեկ այլ փուլի: Բեռլինում վանաձորցի Գոռ Հարությունյանը միայն եզրափակիչում պարտություն կրեց: Հաղթողի պատվանդան տանող նրա ճանապարհին կանգնեց Արամ Գրիգորյանը, ով հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Զուտ հանրապետության մարզական շահերից ելնելով, ինչ խոսք, ցանկալի էր, որ հակառակը լիներ, սակայն գոհանանք նրանով, որ գոնե մեր տեսակն է աչքի ընկել:
Կիևում, այս անգամ արդեն աշխարհի պատանիների առաջնությունում, 60 կգ քաշային վանաձորցի ձյուդոիստ Արսեն Ղազարյանը (հավաքականի ավագ մարզիչ` Մարտին Սարգսյան), վեց մարտից հաղթելով հինգում, դարձավ բրոնզե մեդալակիր, ինչը լուրջ ձեռքբերում է և խոսուն փաստ` մարզաձևում շարունակականության առումով:
Ցավոք, պատանիների ու երիտասարդների հաջողությունը չկարողացան կրկնել կամ զարգացնել մեծահասակները (գլխավոր մարզիչ` Ադրիան Կրոիտորու): Փարիզի աշխարհի առաջնությունը միայն տրտմություն բերեց, թեպետ այստեղ պիտի որ արդարացնեին գոնե իրենց փորձառու Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը (60 և 66 կգ քաշային կարգեր), ովքեր մեկ անգամ չէ, որ հանրապետության մարզական պատիվը բարձր են պահել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում: Համարենք ցավալի վրիպում ու շարժվենք առաջ:
Օգոստոսին Հնդկաստանում ավարտված շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը քիչ հակասական զգացումների տեղիք չտվեց: Այսպես ասելը բնավ էլ չի նշանակում թերագնահատել մինչև 20 տարեկանների մեջ Ռոբերտ Հովհաննիսյանի աշխարհի փոխչեմպիոն դառնալը: Պարզապես ցավալի է, որ մինչև վերջին` 13-րդ տուրը, աղյուսակը գլխավորած մեր գրոսմայստերը լրացուցիչ գործակիցներով չեմպիոնությունը զիջեց լեհ Դարուս Շվիհերցին, ում համար պարզապես լրացուցիչ արագություն ապահովեց մեր մյուս գրոսմայստերը` Սամվել Տեր-Սահակյանը, ով այդպես էլ ուշքի չեկավ այդ պարտությունից (մինչև վերջին տուրը մրցաշարային աղյուսակում նա երրորդն էր) և ի վերջո հանգրվանեց իններորդ հորիզոնականում: Անկեղծորեն ասենք` հավասարապես վիրավորական էր թե՛ Սամվելի իններորդ, և թե՛ Ռոբերտի գրաված երկրորդ տեղը: Գուցե վերջինիս պարագայում մեր մեջ խոսողը մաքսիմալիզմն է, բայց մրցաշարին ուշի ուշով հետևած շախմատասերը լավ կհասկանա, թե ինչու ենք այսպես ասում ու, հաստատ, համամիտ կլինի: Պարզապես նյութի մատուցման այս ձևաչափը հնարավորություն չի տալիս բացելու փակագծերը, ինչպես որ առանց փակագծեր բացելու անդրադարձանք ուսանողական խաղերին մեր մյուս մարզիկների մասնակցությանը:
Ամսվա երրորդ տասնօրյակին լեհական Չեխանովում ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Աղջիկներից ունեինք ընդամենը մեկ մասնակից, սակայն ի՜նչ մասնակից: Իզաբելլա Յայլյանը փոքր-ինչ հնարավորություն չընձեռեց մրցակիցներին` 53 կգ քաշային կարգում տիրանալով աշխարհամասի ողջ ոսկուն: Երկամարտում նա ցույց տվեց 170 կգ արդյունք (77+93):
Ոսկե եղավ նաև մեր հավաքականի ու առհասարակ առաջնության ավարտը: Այստեղ լիակատար տերն ու տնօրենը գյումրեցի մեր հսկա Գոռ Մինասյանն էր, ով մրցահարթակ էր դուրս գալիս այն ժամանակ, երբ մրցակիցներն ավարտած էին լինում իրենց մոտեցումները: Ոսկյա էին պոկումում 165 և հրում վարժությունում 200 կգ կշռող ծանրաձողին նրա առաջին մոտեցումները: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր վարժության ժամանակ նա ունեցավ երկուական մոտեցում և դրանցից յուրաքանչյուրն իր ցուցանիշները բարելավելու համար: Վերջնահաշվում նա ցույց տվեց 390 կգ արդյունք (181+209): Ի դեպ, պոկում վարժությունում Գոռի ցույց տված 181 կգ-ը Եվրոպայի ու աշխարհի պատանեկան ռեկորդ է։ Ինչ վերաբերում է մեր մյուս ծանրորդներին, միանշանակ դժվար է նրանց մասնակցությանը գնահատական տալը, թեպետ Անդրանիկ Կարապետյանն ու Մհեր Պողոսյանը (69 և 94 կգ քաշային կարգեր) վերադարձան աշխարհամասի մեծ բրոնզով, իսկ հավաքականը թիմային հաշվարկով երրորդն էր: Առաջիկայում ծանրամարտին մենք հարկավ կանդրադառնանք ավելի մանրամասն, ուստի բավարարվենք այսքանով:
Թերթի հուլիսյան վերջին համարում տեղեկացրել էինք նաև, որ Աստանայում (Ղազախստան) կայացած բռնցքամարտի աշխարհի երկրորդ պատանեկան առաջնությունում մեր մարզիկներից երկուսը` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի սան Գոռ Ջևելեկյանը (66 կգ) և երևանցի, գերծանրքաշային Սերյոժա Հակոբյանը դարձել էին երրորդ մրցանակակիր: Պատանիների հաջողությունը, արդեն մեկ ամիս անց, զարգացրին մեր երիտասարդները, այս անգամ` Եվրոպայի առաջնությունում: Իռլանդիայում մեր հավաքականի ակտիվում (ավագ մարզիչ` Դերենիկ Ոսկանյան) գրանցվեց երկու մեդալ: Աշխարհամասի երրորդ մրցանակակիր դարձավ 60 կգ քաշային Գոռ Երիցյանը, իսկ 49 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Կորյուն Սողոմոնյանը: Շնորհաշատ այս պատանին, ով անվիճելիորեն հայկական բռնցքամարտի հույսերից է և «Լոնդոն-2012»-ի, թերևս, ամենահավանական թեկնածուներից մեկը, նախանձելի հետևողականությամբ ավելացնում է իր տիտղոսների թիվը: Հիշեցնենք, որ նա արդեն եղել է պատանիների աշխարհի չեմպիոն:
Ընդհանուր գծերով ահա այսպիսին էր մարզական օգոստոսը, որից փորձեցինք առավել հետաքրքրականը ներկայացնել մեր ընթերցողին: Իհարկե, սա չի նշանակում, որ համաշխարհային սպորտն այսքանով էր ներկայացված մարզասերին: Աշխարհը շատ ավելի լայն ու լիքն է, քան մենք պատկերացնում ենք: Պարզապես այդ աշխարհին մեր մասնակցությունն էր այդչափ, և ինչ-որ տեղ տագնապելով, որ թարմությունը կորցրած տեղեկություն կհաղորդենք, որոշեցինք այսքանով բավարարվել և շատ ավելի ընդգրկուն լինել մեր հետագա հանդիպումների ժամանակ, մանավանդ որ արձակուրդն ավարտված է, և «Իրատես de facto»-ն վերադառնում է լիարյուն աշխատանքային ռեժիմի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ