2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն ՆԻՔՍՈՆԻ ՈՒ ՄԱՈՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն ՆԻՔՍՈՆԻ ՈՒ ՄԱՈՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
14.12.2010 | 00:00

«Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ Թուրքիան մեր աչքի առաջ ընկղմվում է իսլամական արմատականության հորձանուտը, իսկ այաթոլլահ Խոմեյնիի հիմնադրած Իսլամական Հանրապետությունը, չի բացառվում, որ դադարեցնի իր գոյությունը որպես կրոնապետություն։ Չի բացառվում նաև, որ շուտով աշխարհի ամենավտանգավոր մերձավորարևելյան վարչակարգը վերածվի տարածաշրջանի առավել ողջախոհ և չափավոր երկրի, իսկ Արևմուտքի դաշնակից համարվող աշխարհիկ մահմեդական Թուրքիան դառնա հետադիմության, թշնամանքի և կրոնական քսենոֆոբիայի օջախ։ Պատմության անիվը հերթական անգամ իր շրջադարձն է կատարում` նոր անակնկալներ մատուցելով մեզ»: Մերձավորարևելյան համաժողովի տնօրեն և Սթենֆորդի համալսարանին առընթեր Հուվերի ինստիտուտի աշխատակից Դենիել Փայփսի կանխատեսումից արված այս մեջբերումը, որն աղմուկ է բարձրացրել արևմտյան և իսրայելական զանգվածային լրատվամիջոցներում, ամենայն պերճախոսությամբ արտացոլում է տարածաշրջանի ապագա նոր տեսլականը և առաջատար մասնագետների ու քաղաքական գործիչների շեշտադրումների հնարավոր փոխատեղումը։ Այսօրվա դրությամբ, համաշխարհային գլխավոր հետաքրքրությունը, նաև «գլխացավը» հետևյալ հարցերն են. «Թեհրանը, ի վերջո, կկարողանա՞ միջուկային զենք ստանալ», «Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, կհամարձակվի՞ ևս մի պատերազմի մղձավանջի մեջ մտնել»։
Իսկ առայժմ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջերս Ժնևում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Իրանը, «վեցյակը» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) և Եվրամիությունը, առանձնապես ճեղքում չնկատվեց։ Ի դեպ, դեռ գագաթնաժողովի նախօրեին բանակցողները հայտարարել էին` «առայժմ ոչ մի առանձնահատուկ բան մի սպասեք», բայց բոլորն ընդգծում էին, որ դա վերջին մեկ տարվա ընթացքում առաջին նման ձևաչափի հանդիպումն էր (2009-ի հոկտեմբերին Թեհրանը կտրուկ ընդհատել էր բանակցությունները, ի նշան բողոքի` արտասահմանից վառելանյութի մատակարարման դիմաց ուրանի հարստացումից հրաժարվելու առաջարկության, որից հետո հաջորդել էր պատժամիջոցների խստացումը)։ Ինչպես և հարկն է, երկօրյա թեժ վիճաբանություններից հետո բոլորը ձևացրին, թե համաձայն են մյուս կողմի հետ, ընդ որում, կողմերից յուրաքանչյուրն այնպիսի կեցվածք էր ընդունում, ասես խաղի ամենաուժեղ մասնակիցն է։
Արևմտյան բանակցողները հայտարարեցին, որ ճանաչում են Իրանի իրավունքները, բայց պնդում են, որ կատարվեն պարտավորությունները, և իրենց գլխավոր խնդիրն է «վերացնել միջազգային լարվածությունը»։ Չինաստանն ավելի քան լավատես էր և կրկին հաստատեց, որ «պաշտպանում է չտարածման միջազգային ռեժիմը» և ջանքեր կգործադրի «խաղաղ բանակցություններին օժանդակելու համար»։ Ռուսաստանը նիստի նախօրեին ինչ-որ բաներ ճշգրտեց Իրանի հետ «երես առ երես» ձևաչափով, իսկ Գերմանիան ամփոփեց արդյունքները. «Բանակցությունները, ինչպես և սպասվում էր, ճեղքում չարձանագրեցին, բայց սկիզբը դրված է»։ Ամենագլխավորը երկխոսության հաջորդ փուլը 2011-ի հունվարի վերջերին Ստամբուլում անցկացնելու ձեռք բերված համաձայնությունն է։ Իրանի պատվիրակության ղեկավարն իր հերթին հայտարարեց, որ բանակցությունների տվյալ փուլում կողմերը պայմանավորվածության հանգեցին և հաջորդ փուլում «համագործակցության ոգի կդրսևորեն ու ջանքեր կգործադրեն փոխհամաձայնության հասնելու համար»։ Այնպես որ, բոլորը բաժանվեցին, ինչպես ասում են, միմյանցից գոհ։
Սակայն պետք է նշել, որ Ժնևից հետո չափավոր լավատեսության առիթ, այնուամենայնիվ, կա։ Չէ՞ որ բանակցությունների նախօրեին թվում էր, թե ոչ մի արդյունք չի լինի։ Այսպես, Թեհրանը պահանջում էր, որ օրակարգում ընդգրկվեն ոչ այնքան Իրանի միջուկային ծրագրերը, որքան միջուկային զինաթափման հետ կապված տարածաշրջանային խնդիրներն ու հարցերը, հատկապես Իսրայելի միջուկային զինանոցի լույսի ներքո։ Իսկ իրանական հատուկ ծառայությունների ղեկավարն ասաց, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունից (ԱտԷնՄիԳ) Իրանի միջուկային օբյեկտներ գործուղվող տեսուչների թվում կան օտարերկրյա լրտեսներ, որ ԱտԷնՄիԳ-ը պետք է դրա համար պատասխան տա, իսկ Իրանը մտադիր է ավելի մանրակրկիտ «զտել» տեսուչներին։ Այնուհետև իրանցիները միջնորդների խմբի երկրներին դատապարտեցին Թեհրանում տեղի ունեցած երկու պայթյունները «չհիշատակելու» համար։ Հիշեցնենք, որ դրանց հետևանքով զոհվել էր միջուկագետ գիտնական Մաջիդ Շահրիարին, ևս մեկը` Ֆերեյդուն Աբբասին, վիրավորվել էր։ Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2007 թ. բանաձևի համաձայն, Աբբասին «գլխավորում էր միջուկային և բալիստիկ հրթիռների հետ աշխատող» իրանցիների ցուցակը։ Եվ համապատասխանաբար, Թեհրանի կարծիքով, հենց դա էլ նրան դարձրել էր հնարավոր զոհ։ Կրակին յուղ ավելացրին նաև Իրանի ատոմային ծրագրում և մի շարք օբյեկտներում համակարգչային վիրուսի տարածման հարուցած քաոսը և բրիտանական հետախուզության ղեկավարի այն հայտարարությունը, թե Իրանի ատոմային նախագծի խնդրով «չի կարելի զբաղվել բացառապես սովորական դիվանագիտության եղանակներով»։ Իսկ բառացիորեն բանակցություններից երկու օր առաջ Թեհրանը «բարձրացրեց դրողչեքը»։ Երկիրը հայտարարեց, թե ատոմակայանների վառելանյութի բեռնավորման հարցում դարձել է ինքնաբավ, թե ինքը, իբր, արտադրել է ուրանի օքսիդի, այսպես կոչված, «դեղին կարկանդակի» առաջին քանակությունը, և թե Իրանը «բանակցությունների կգնա ուժեղ և հզորացած»։ Սպիտակ տունը տեղնուտեղը պատասխանել էր, որ հայտարարությունը «հետագա հարցեր է հարուցում Իրանի իսկական մտադրությունների առնչությամբ և անհանգստության լրացուցիչ առիթներ ստեղծում»։ Համանման հնչողություն ունեին նաև մյուս մեկնաբանությունները։ Դեռ ավելին, եթե իրոք «դեղին կարկանդակը» կա, ապա դա շատ բան է փոխում։ Չէ՞ որ մինչ այդ պահը Ռուսաստանը համաձայն էր վերամշակելու վառելանյութը, և շատերը կարծում էին, որ այդպիսով իրանական միջուկային ծրագիրն ավելի անվտանգ կդառնա։ Դժվար չէ կռահել, որ այդ համապատկերի վրա հանգստության աստիճանը չի բարձրացնում նույնիսկ այն հանգամանքը, որ իրանցի դիվանագետները Ժնևի բանակցություններում, ինչպես հաղորդվում է, ավելի շատ էին բացվում, քան սպասվում էր, իսկ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ասել էր. «Միջուկային զենքը ոչ մի խնդիր չի լուծում, դրանից միայն աղետներ են սպասելի», և կոչ էր արել Մերձավոր Արևելքը դարձնել միջուկազերծ գոտի։
Նկատենք, որ բանակցությունները, ամեն ինչից զատ, անցնում էին WikiLeaks-ի կայքի հրապարակումների լույսի ներքո և աշխարհի մայրաքաղաքները համակած անհանգստության ու նույնիսկ այն կառչուն գաղափարի խորապատկերի վրա, թե Իրանը, իբր, Հյուսիսային Կորեայից 19 «Մուսուդան» հրթիռ է ձեռք բերել։ Ավելի վաղ դրանք ցուցադրվել էին Փենյանում կայացած զորահանդեսում։ Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, այդ հրթիռներն իրականում խորհրդային ծագման են և օժտված են խոցելու նշանակալից շառավղով։ Ի դեպ, ռուսները համոզված են, որ Իրանի կողմից հրթիռների գնման ոչ մի ապացույց չկա, առավել ևս, «դժվար է հավատալ, թե Իրանը կգներ մի այնպիսի հրթիռային համալիր, որը ոչ մի փորձարկում չի անցել»։ Սակայն հասարակությանը և մամուլին չանհանգստացրեց նաև մի շարք փորձագետների հայտարարությունը, որոնք վերլուծել էին զորահանդեսի լուսանկարները և ենթադրում էին, որ այնտեղ օգտագործվել են կաղապարատիպեր։ Առավել ևս, որ զանգվածային լրատվամիջոցներն սկսեցին պնդել, թե ԱՄՆ-ը «հավատում է, որ Իրանը ձեռք է բերել այդ հրթիռները»։ Հետաքրքրական է և այն հանգամանքը, որ «արտահոսքի» հիմնական աղբյուրը Bild Zeitung գերմանական լրագրում տպագրված հոդվածն էր, որում ասվում էր, թե Թեհրանը Հյուսիսային Կորեայից գնել է BM-25-ի բաղադրատարրերի 18 հավաքածու, ոչ թե 19 հրթիռ։ Թե այստեղ ինչն է ճիշտ, և ինչն է հակահրթիռային պաշտպանության շուրջ չհանդարտվող պայքարի իրական շարժառիթը, դժվար է ասել։ Այդուհանդերձ, շատ երկրների հասարակական կարծիքն այն է, որ «Իրանի խաղաղ ատոմային նախագիծն իրականում միջուկային զենքի մշակման ծրագրի քողածածկույթ է»։ Առավել ևս, որ չնայած արևմտյան դիվանագետները միաձայն պնդում են, թե «գերադասում են դիվանագիտական, ոչ թե ռազմական լուծում», բայց այդ խոսքերին ավելացնում են. «Մենք ոչ հետ կշրջվենք, ոչ էլ կնահանջենք»։
Հետևաբար, պետք է ափսոսանքով նշել, որ ինչ վերաբերում է Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններին, ապա իրավիճակը թեպետ դեռևս դանդաղ, բայց անշեղորեն ընթանում է դեպի վերջնագիծ։ Իսկ այդտեղից դժվար է, եթե ոչ անհնար, միանգամից հետ նահանջելը։ WikiLeaks-ի նոր մերկացումները կայծակնային արագությամբ որսացին գիշանգղ կոնգրեսականները` ապացուցելու համար Իրանի դեմ պատերազմելու անհրաժեշտությունը։ Ոմանք ապշեցնող և վախեցնող նմանություն են գտնում 2003-ի և Իրանի նկատմամբ այսօրվա հռետորաբանության միջև, որը հանգեցրեց իրաքյան պատերազմին։ Լուրեր են տարածվում, թե ԱՄՆ-ը կենտրոնացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, ենթադրվող հզորացմանը մասնակցում է նաև Իսրայելը։ Ոմանք ենթադրում են, որ դա նախապատրաստություն է Իրանի վրա հարձակվելու համար։ Հաղորդվում է, որ իսրայելական ուղղաթիռները մեծ քանակությամբ ռազմական սարքավորումներ են փոխադրել Սաուդյան Արաբիայի հյուսիսում գտնվող ռազմահանգրվան։ Վերջերս London Times հանդեսը հաղորդել էր, որ Էր Ռիադը իսրայելական ռազմական ինքնաթիռներին թույլատրել է օգտագործել երկրի հյուսիսի իր օդային տարածության միջանցքը։ Նյութում նաև հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն այնպես է ուղղորդում, որ երկրի վրայով թռչող իսրայելական ինքնաթիռները չխփվեն։ Բացի այդ, Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ամերիկյան զորքեր են կենտրոնացվել ադրբեջանա-իրանական սահմանում (մեզ համար շատ հետաքրքիր ու կարևոր հանգամանք)։ Ադրբեջանը, կարծես թե, հաստատել է այդ տեղեկությունը, սակայն հայտարարել է, թե ամերիկացիներն այնտեղ գտնվում են որպես խաղաղարար պատվիրակություն` «զինված ապստամբների դեմ պայքարելու համար» (հետաքրքիր է` ի՞նչ ապստամբների)։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը նաև հաստատել է այն տեղեկությունը, որ 11 ամերիկյան ռազմանավ է անցել Սուեզի ջրանցքով, սակայն հայտարարել է, թե դա սովորական իրադարձություն է։ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Հեյդենն ասում է. «Այժմ Օբամայի` Իրանը ռմբակոծելու չկամությունը նվազում է»։ Որոշ փորձագետներ հայտարարում են. «Եթե Ծոցում պատերազմ սկսվի, իրանցիները կշրջափակեն ծովային ուղիները, նրանք թույլ չեն տա հեղուկանավերն անցնեն, նավթի գինը կաճի մինչև 500 դոլար մեկ բարելի դիմաց։ Դոլարի պահանջարկ կառաջանա»։ Եվ դա, նրանց կարծիքով, ԱՄՆ-ի համար «կողմ լինելու» փաստարկ է (արաբական և իրանական նավթի շրջափակումից, էներգակիրների գների կտրուկ աճից, ըստ երևույթին, կշահեն նաև այլ, չնշենք, թե որ, երկրներ)։
Թեպետ և նկատենք, որ տվյալ խնդիրներով զբաղված թե՛ քաղաքական գործիչները, թե՛ վերլուծաբանները պատկանում են երկու ճամբարի` լավատեսների և հոռետեսների։ Հոռետեսների պարագայում ամեն ինչ պարզ է։ Նրանց մենք նշեցինք, և նրանք, ըստ հաստատված սովորույթի, պատերազմ և ռմբահարված են «կանխատեսում»։ Ըստ լավատեսների, այստեղ արժե ուշադրություն դարձնել «միջուկային գործի» առնչությամբ տարաձայնությունները (նախ և առաջ, ԱՄՆ-ի կողմից) վերացնելու առաջարկվող եղանակների վրա։ Ամերիկյան լրատվամիջոցները հիշում են, որ ԱՄՆ-ը նախագահ Էյզենհաուերի օրոք եռանդագին պաշտպանում էր Իրանի միջուկային ծրագիրը։ Այսպես, Իրանի գծով մասնագետ Գարի Սիքը (Կոլումբիայի համալսարանից) հայտարարում է. «Պետք է փոխել մեր մոտեցումն Իրանի նկատմամբ։ Որքան էլ դա տարօրինակ է, Վաշինգտոնը կարող է պարզել, որ ԱՄՆ-ին ձեռնտու է օգնել նրան»։ Եվ նման մոտեցումները հաճախակի են դառնում Ամերիկայի փորձագիտական հանրության շրջանում։ ԿՀՎ-ի նախկին գործակալ Ռոբերտ Բերը, օրինակ, իր նոր գրքում պնդում է, թե ամերիկացիները «չպետք է Իրանին խանգարեն իսլամում գերիշխելու նրա ձգտման մեջ»։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ն ու Իրանը հասունացել են այն բանի օրինակով դաշինք կնքելու համար, որը ժամանակին ստեղծել էին Նիքսոնը և Մաոն։ Դեռ ավելին, ճակատագրի հեգնանքն այն է, որ Իրանը միակ երկիրն է, որն ընդունակ է դիմակայելու ԱՄՆ-ի մյուս գլխավոր հակառակորդների ազդեցությանը։ Ի դեպ, ներկայիս ամերիկյան վարչակազմը ևս չի ձգտում խրվել պատերազմի մեջ և հայտարարում է, որ «ԱՄՆ-ը մտադիր է նոր ջանքեր գործադրելու»։ Բացի այդ, այնտեղ հետզհետե ավելի հաճախ են հիշում Բժեզինսկու խոսքերը. «Անհրաժեշտ է, որ Պեկինն անմիջականորեն մասնակցի Իրանի հետ երկխոսությանը, քանի որ այդ երկրի հետ բանակցային գործընթացի ձախողման հետևանքները կշոշափեն նաև Չինաստանը»։ Ընդ որում, ուշադրություն դարձնենք, որ նրա վաղեմի ախոյան և քաղաքական ևս մի կարկառուն դեմք` Քիսինջերը, միանգամայն համերաշխ է այդ կարծիքի հետ, ինչը շատ հազվադեպ է լինում։ Բացի այդ, Պենտագոնի ղեկավարի կարծիքով, «Իրանի օբյեկտներին հարված հասցնելու հնարավորությունը չի մտնում այն տարբերակների մեջ, որոնք մենք, կամ էլ որևէ մեկը, պետք է քննարկենք ներկա պահին»։ Այնպես որ, համարձակվում ենք հուսալ, որ դեռևս ամեն ինչ կորած չէ, և թե՛ տարածաշրջանը, թե՛ ամբողջ աշխարհը հերթական անգամ կընկրկեն անդունդի եզրից։ Բոլոր կողմերի «մկանախաղն» այս դեպքում ավելին չէ, քան ասվածի լրացուցիչ փաստարկում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ