Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Եթե երկիրն ուժեղ է, ամեն մեկին իր բաժին ջերմությունը տալիս է»

«Եթե երկիրն ուժեղ է, ամեն մեկին իր բաժին ջերմությունը տալիս է»
02.10.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՇՏ ԱՆՈՒՄ Է ԱՆՀՆԱՐԻՆԸ»
-Սոնա, դասական արվեստի ներկայացուցիչները մշտապես նշում են, որ իրենց ժանրը բավարար պահանջարկ և լսարան չունի Հայաստանում: Սրա պատճառներից մեկը, գուցե և գլխավոր, գովազդի բացակայությունը կամ ոչ պատշաճ մատուցումն է: Ինչո՞վ սա բացատրել` դասական արվեստը գովազդելու պրոֆեսիոնալիզմի պակասո՞վ, թե՞ այն մտայնությամբ, որ մեզանում դասական արվեստ գովազդելն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:
-Պատճառները մեկ-երկուսը չեն, շատ են: Մեղավոր են նաև դասական արվեստով զբաղվողները: Մենք այնքան էլ չենք ձգտում մեզ լիարժեքորեն ներկայացնել կամ մյուսների նման խեղդել դաշտը, գրավել մեզ պատկանող-չպատկանող բոլոր տեղերը: Շատ մեծ հավակնություններ ունեցողներն ընդհանրապես ինչ-որ պահի ծիծաղելի են դառնում: Վերջապես մարդն այս աշխարհում անում է ինչ-որ բան, ստեղծում է ինչ-որ բան ու վերանում-գնում է: Սա է ամբողջ ճշմարտությունը: Ինձ համար ասածիս ամենավառ դրսևորումը քանդակագործ Ղուկաս Չուբարյանն է: Անձնական առնչություն չեմ ունեցել նրա հետ, բայց իր մարդկային օրինակը շատ հուզիչ է: Ընդամենը մի հեռուստահաղորդում եմ դիտել, որի ընթացքում նա մենախոսում էր իր կյանքի, գործունեության, արած-չարածի մասին: Եվ այդպիսի մարդու մահը բացարձակ լռության մատնվեց: Նա ոչ թե մահացավ, այլ չքվեց, վերացավ, մեզանից այդ տեսակը պակասեց: Առանձնապես կարևորություն չունեցող մարդիկ են կյանքից հեռանում, ու մեզանում դա դառնում է մեծ ուշադրության առարկա, ամեն ինչ ծիսական կանոններով լուսաբանվում, ներկայացվում է, իսկ այսպիսի գիգանտը, մեր ազգի շատ մեծերից մեկը մահացավ, և ոչ մի անդրադարձ չեղավ դրան: Չուբարյանն ամեն ինչ արեց, որպեսզի չկարևորվի իր անձը և մեզ էլ ստիպեց, որ իրեն այդպես վերաբերվենք: Ժամանակ առ ժամանակ անցնում էի նրա տան մոտով ու տեսնում, թե ինչպես է ծանր քարերը կրում ու կրում. այդ տարիքում նոր գործ էր նախաձեռնում: Միշտ տղայիս ուշադրությունը հրավիրում էի նրա վրա, հորդորում, որ նկատի, գնահատի այդ կարգի մարդկանց, այդ կարգի աժեքները: Այսպիսի մարդկանց կողքին այնքա՜ն ծիծաղելի է «գովազդ» բառը: Ես բացարձակապես չեմ ուզում նշանակություն տալ այդ բաներին: Ինքս երբեք չեմ փորձում նախաձեռնել իմ գովազդը: Ինքնաբերաբար ինչքան կստացվի, թող ստացվի: Եթե օտար մարդն ինձ համերգի ժամանակ ծաղիկներ է բերում, ամենաթանկարժեքն այդ ծաղիկներն են, ոչ թե նախապես որոշված, նույնիսկ պլանավորված, կազմակերպած ծաղկեզամբյուղները: Նման բաներն ուղղակի զավեշտական են, ու ամբողջ մեր կյանքը հիմա դրանով է լցված: Մեծ առումով հայ մարդը նա է, ով ունի լայն մտահորիզոն: Ես տեղային, էթնիկ հատկանիշներով չեմ ընկալում հային: Ինձ համար կարևոր է, թե որքան է մեծ, անծայրածիր հայի մտահորիզոնը, սլանալու ինչպիսի հնարավորություն ունի նրա միտքը: Դրանով եմ արժևորում հային: Հայ ժողովուրդն իրականության բացառիկ զգացողություն ունի և միշտ անում է անհնարինը: Շատ պարադոքսալ է, բայց այդպես է: Երբ ես սկսում եմ մանր բաներին ուշադրություն դարձնել, նեղսրտել, թե ինչու այս կամ այն տեղեկագրում չեն նշված մեր անունն ու գործերը, մի պահ հետո հիասթափվում եմ ինքս ինձանից: Չեմ էլ ուզում, որ այդ մասին խոսվի: Եթե մարդկանց հետաքրքրում է մեր արածը, նրանք կգտնեն մեզ ու կգնահատեն:
-Ասացիք` որ հայ ժողովուրդը միշտ անում է անհնարինը: Եթե մեր անկախ պետականության շրջանին անդրադառնանք, «անհնարինների» շարքում ո՞ր իրողությունները հատկապես կառանձնացնեիք:
-Եթե դասական արվեստի նկատմամբ վերաբերմունքի իսպառ բացակայության այս պայմաններում մենք ունենք այնպիսի մեծ ջութակահար, ինչպիսին Սերգեյ Խաչատրյանն է, դա արդեն անհնարին բան է: Եթե ունենք մեր շախմատիստների խումբը, անհնարին է: Եթե ունենք Վահագն Հայրապետյան, ում նման ջազի զգացողություն ունեցող մարդը պարզապես պիտի ոչ մի կապ չունենար Հայաստանի հետ, անհնարին է: Եվ ոչ միայն Հայաստանի, այլև, ընդհանրապես, կյանքի, իրականության հետ նա ոչ մի կապ չունի: Որտեղ էլ լիներ, այդպես պիտի ապրեր: Նա իսկական արվեստագետ է: Չի կառչում հանգամանքներից, ամեն բան ի նպաստ իրեն չի անում: Ապրում է իր կյանքով, այնպես, ինչպես ստացվում է: Իր գովազդն ու փառքն էլ վազում են հետևից: Սա է ճիշտը: Եթե արվեստագետն ինքն իր գովազդի վրա աշխատի, բա իր գործն ո՞վ անի: Գովազդը մեր գործը չէ: Արվեստի դրսևորումները շատ տարբեր են: Մենք միայն դրանց մի քանի տեսակը գիտենք: Ինչով որ ես եմ զբաղված հիմա, այդ տեսակի մասին սովորություն չկա մտածելու: Այն, ինչ հիմա անվերջ ցուցադրվում է բեմից, արվում է ուշադրություն գրավելու, ծափեր որսալու համար: Եվ հանուն դրա պատրաստ են ամեն ինչի՝ կուրծքները պատռելու, սրա-նրա ոտքերն ընկնելու, խնդրել-աղաչելու, որ իրենց հավանեն, ուշադրության արժանացնեն: Համատարած սա է: Մեր վերջին ներկայացումը՝ «Զուգահեռը», ճիշտն ասած, այդպիսին չէ: Եվ ես հենց դրա համար եմ կարևորում այն: Ինչ կարծիք էլ որ հայտնեն այդ ներկայացման մասին, դա կլինի պարզապես կողքից ասված մի բան: Ներկայացումը ոչ մեկին չի խնդրում, աղաչում, պարտադրում, որ գովեն իրեն, չի ձգտում դուր գալ: Դուր գալու տենչ, ագրեսիա նրանում չկա: Սա մի ուրիշ տեսակի արվեստ է, որն ինքնին կա, գոյություն ունի: ՈՒզո՞ւմ ես, հավանո՞ւմ ես այն, լա՛վ, չե՞ս հավանում, միևնույն է, ինքն իր տեղում կանգնած է և ոչ ոքից ոչինչ չի խնդրում, չի աղերսում: Այդ տեսակ բաները, այդպիսի դիրքորոշումը մեզանում բացակայում են: Մարդիկ սովոր չեն այդ տեսակին, և իմաստ չունի բողոքել, թե մենք չհասկացվեցինք, չգնահատվեցինք: Սա է ճանապարհը: Այլ բան է վերլուծական, գիտական խոսքը, որն էլ մեր ներկայացման մեջ կարևորել է երաժշտագետ Նատալյա Հարությունյանը: Նման գնահատականներն անհրաժեշտություն են ստեղծագործողի համար: Վերջերս լսում էի Երոֆեևին, որն ասում էր, թե նոր բան ստեղծվելիս միշտ չէ, որ դռներն արագ են բացվում: Դրանք բացվում են դժվարությամբ, ճռռոցով, և գործ անող մարդու համար այդ ճռռոցը լսելի է:
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՄՈԹԽԱԾ ԶԳԱՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
-Օրերս Հայաստանում հյուրընկալված Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի նախագահ Ալեքսի Գյուրջյանը, խոսելով իրենց հովանավորած մշակութային նախագծերի մասին, նշեց, որ բոլոր նման ձեռնարկումները՝ իբրև վերջնանպատակ, իրենց հիմքում ունեն քաղաքական շահագրգռություններ, կոչված են նպաստելու Հայաստանի քաղաքական շահերին: «Հովեր» երգչախմբի գործունեությունը հայրենիքում և հատկապես արտասահմանում ունի՞ այդպիսի նպատակամղում:
-Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ հաճախ մարդը չի էլ հասկանում, թե ինչ նպատակով է այս կամ այն բանն անում: Ես երբևէ այդպիսի կոնկրետ նպատակ չեմ դնում իմ առաջ: Եվ կարծում եմ, որ հայրենասիրությունը շատ ամոթխած զգացում պետք է լինի ինչ-որ տեղ, ոչ թե պիտի արտահայտվի բառերով, լոզունգներով, ելույթներով, սիրո ճչան արտահայտություններով: Ես այդ տեսակի մեջ չեմ։ Հաստա՛տ: Թե ինչպիսի ջերմությամբ եմ վերաբերվում Հայաստանին, Աստծուն է հայտնի: Միշտ հիշում եմ քեռուս՝ գրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի խոսքերը. «Հայաստանը գուրգուրանքի կարիք ունի»: Օրինակ, «Զուգահեռ» ներկայացումը կոնկրետ ոչ մի առնչություն չունի մեր ազգային, հայրենասիրական թեմաների հետ, բայց եթե մենք հայ ենք ու բեմադրել ենք այդպիսի ներկայացում, ուրեմն դա արդեն հայկական երևույթ է: Որքան լայն է մարդու մտահորիզոնը, այնքան նա հայ է: Որքան կարող է անիրագործելին իրագործելի դարձնել, որքան ոչ ադեկվատ է, այդքան հայ է: Իրականությունն այնքան էլ հետաքրքիր չէ (մեղմ ասած), և որքան մարդը կարողանա վերանալ իրականությունից, այնքան ավելի կմոտենա հայկականությանը, որովհետև իսկական հայկականությունը խույս է տվել մեզանից:
-Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքի և արդյունքի մասին դատողություններն իրարամերժ են: Հատկապես կտրուկ գնահատականների են հակված սփյուռքահայերը: Վերջերս արգենտինահայ քաղաքագետ, պրոֆեսոր Ռոբերտո Մեսրոպ-Մալխասյանը հեռուստաեթերից հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ այսօրվա Թուրքիան ցանկանում է իր վրայից մաքրել անցյալի մեղքը: Կարծում եք՝ Թուրքիան ունի՞ այդ մեղքի գիտակցումը կամ, առավել ևս, դրանից ազատվել-չազատվելու խնդիրը:
-Չգիտեմ, թե ինչ է ուզում Թուրքիան, բայց վստահ գիտեմ մի բան. մեր երկրի ղեկավարներն այնքան անպատասխանատու մարդիկ չեն, որ ի վնաս մեզ ինչ-որ բան անեն: Բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռքին որևէ լծակ ունեն, ուզում են անել լավագույնը Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Ես սրանում համոզված եմ: Այլ հարց է՝ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Չի՛ կարելի անընդհատ ընկնել սխալներ գտնելու, քննադատելու, հակաճառելու հետևից: Քաղաքական դաշտն ինքնին մի առանձին աշխարհ է, և եթե ես այդ դաշտից դուրս եմ, չպետք է խառնվեմ դրա գործերին: Կարծում եմ` ամեն ինչ արվում է, որպեսզի լավ լինի Հայաստանի համար: Դրանում չեմ էլ կասկածում: Ծիծաղելի է մտածել, թե իշխանությունը կամ դաշնակցությունը կարող են հակահայկական քայլեր կատարել: ՈՒղղակի անհարմար է այսպես մտածելը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկությանը:
-Դա մեծ խնդիր չեմ համարում: Թող այդ խումբը լինի: Թող արվեստագետների խումբ էլ լինի, քաղաքագետների խումբ էլ լինի: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ մի պրոբլեմ է: Թող տարբեր կարգի, տարբեր հոսքի խոսակցություններ լինեն: Ինչքան խոսվում է, այնքան շատ բան է բացահայտվում: Թող լինեն այդ խոսակցությունները, ի՞նչ ունենք դրանից վախենալու: Դաշնակցությունը, որ այդքան բարկանում ու հուզվում է, մի բան գիտի, չէ՞, որ մտահոգված է: Եվ էլի հայանպաստ դիրքերից է հանդես գալիս: Հո առանց հիմքի չի՞ խոսում: ՈՒրեմն ճշմարտության որոշակի տոկոս կա դաշնակցականների անհանգստություններում, որ բողոքի ալիք են բարձրացրել: Բայց դա իրենց գործն է, ուրեմն, թող մեր ուսերին չդնեն: Երբ ես իմ գործն անում եմ, քաղաքականությամբ զբաղվողների ուսերին չեմ դնում բեռս: Թող իրենք էլ իրենց գործն անեն, իրենց մասնագիտությամբ զբաղվեն ու ինձ վրա չբարդեն ծանրությունը: Իրենք են քաղաքական կաթսայի մեջ եռ գալիս, իրենք էլ պիտի իմանան ինչպես լուծել հարցերը: Ես ի՞նչ իմանամ, թե որն է ճիշտը, որը՝ սխալը: Չէ՞ որ այդտեղ այնքա՜ն նրբություններ կան, որոնք ես կարող եմ սխալ հասկանալ:
«ՍՓՅՈՒՌՔԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ ԻՐ ՈՐՈՇԻՉ, ԿԱՐԵՎՈՐ, ԲԱՅՑ Ո՛Չ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԱՅՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵՋ»
-Ի՞նչ եք կարծում, սփյուռքի վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ կարո՞ղ է պայմանավորվել որևէ գործընթացի (ասենք՝ հայ-թուրքական հարաբերությունների) ցանկալի կամ անցանկալի ելքով:
-Սփյուռքի հայությունը, հայրենիքից երկար ժամանակ կտրված լինելով, չի կարողանում շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել: Ես, որ ապրում եմ այս երկրում, չեմ հասկանում շատ բան, սփյուռքահայը հեռվից ինչպե՞ս հասկանա (չնայած՝ կան բաներ, որ հեռվից ավելի լավ են երևում): Թուրքիայի սահմանը բացելու խնդիրը, մեծ շփումների, ազատ տեղաշարժվելու հնարավորությունները դրա�ած՝ կա� են ինքնին: Բայց ես հիշում եմ, որ սովետական տարիներին մեր հանրապետությունում կային ամբողջովին թուրքերով բնակեցված գյուղեր, որոնց հենց էդպես էլ կոչում էինք՝ թուրքի գյուղեր: Եթե հանկարծ սահմանները բացելուց հետո մենք նորից կանգնենք այդպիսի փաստի առաջ, որքանո՞վ ենք դրան պատրաստ: Հազիվ մեր երկիրը մաքրվել է թուրքերից, այդ վերքը դեռ չի էլ սպիացել: Հիմա նորի՞ց մեր գյուղերը տանք նրանց: Մյուս կողմից՝ ինչո՞ւ պարփակվենք ինքներս մեր մեջ: Չէ՞ որ խոսում էինք լայն մտածողության, անսահմանափակ մտահորիզոնի մասին, և ցանկացած մարդու մեծագույն երազանքն առանց սահմանների աշխարհն է: Բայց արդյոք դիմացինը մեզ կհասկանա՞ ու կհարգի՞, եթե մենք լինենք այդպիսին: Արդյոք ագրեսիվ չի՞ դառնա բաց սահմանի պայմաններում: Այդ դեպքում մարդը կարող է շատ վատ վիճակում հայտնվել, կարող են ցեխոտ ոտներով գալ ու տրորել նրա աշխարհը: Դա էլ է սարսափելի: ՈՒրեմն պիտի կարողանանք պահել հավասարակշռությունը, և՛ բաց լինել, և՛ թույլ չտալ ոտնձգություններ: ՈՒ սրանով պիտի զբաղվեն բոլորը՝ թե՛ դաշնակցությունը, թե՛ իշխանությունը, թե՛ մյուս բոլոր կուսակցությունները: Ինչ վերաբերում է սփյուռքին, նա շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին: Կարող եմ բերել հենց մեր երգչախմբի օրինակը: Մեզ սփյուռքահայ երաժշտասեր բարերարներ են հովանավորել, մինչև մեր երկիրը մի քանի ամիս առաջ կարողացավ մեզ տալ պետական կարգավիճակ և որոշակի ֆինանսավորում: Ես չեմ կարող դա ուրանալ: Կարծում եմ` Հայաստանին վերաբերող խնդիրների քննարկումներում սփյուռքը պիտի մաս կազմի և ասի իր խոսքը, որովհետև դրանք համայն հայությանը վերաբերող խնդիրներ են, բայց ինքը միանձնյա որոշող չպետք է լինի: Սփյուռքը պիտի ունենա իր որոշիչ, կարևոր, բայց ո՛չ վերջնական ձայնը մեր ազգային խնդիրների լուծման մեջ: Ես երբեմն տեսնում եմ, որ սփյուռքն իր կամքն ու ճաշակն է թելադրում շատ հարցերում, մասնավորապես՝ արվեստում: Եվ այդ ճաշակը բացարձակապես չեմ համարում բարձրակարգ ու արժեքավոր: Նույնիսկ ինչ-ինչ անճաշակություններ տեղ-տեղ շատ վտանգավոր դրվատանքի են արժանանում սփյուռքում: Օրինակ՝ մեր էստրադային երգիչ-երգչուհիները հաճախ մեծ գումարներով հրավիրվում են սփյուռքի կողմից և իրենց համերգներով ամբողջությամբ նվաճում ասպարեզը: Ես չեմ համարում, որ դա ճիշտ գործունեություն է սփյուռքի կողմից: Ընդհակառակը, շատ վտանգավոր է և վնասակար: Իրենց ճաշակով չէ, որ պիտի զարգանա Հայաստանի մշակույթը: Բայց հաճախ այդպես է լինում: Իհարկե, բոլորի ճաշակը չէ այդպիսին: Ապացույցը հենց «Հովերին» հովանավորելու փաստն է: Թեև, եթե նորից անդրադառնամ լայն մտածողությանը, պիտի խոստովանեմ, որ ամեն բան շատ ճիշտ է: Մարդկության մեծ մասն ուղղակի զվարճանքի, ժամանցի կարիք ունի: Նա այդ իրավունքն ունի ու թող օգտվի դրանից: Բայց բոլոր ասպարեզներն այդ բաներով լցնելն արդեն անթույլատրելի է: Բոլոր խանութներում միևնույն ապրանքը չի կարելի վաճառել: Մարդը պիտի իմանա, որ կա գոնե մի խանութ, որտեղ վաճառում են ոչ այն ապրանքը, ինչ մնացած բոլոր խանութներում, որ ինքը կարող է գնել այդտեղից իր ուզած ապրանքը: Պիտի մարդը հասկանա, որ իր պահանջմունքը չի արհամարհվում, թեկուզ ինքը փոքրամասնություն է: Մի անգամ Ժվանեցկին հրաշալի միտք հայտնեց. «Մենք շատ ենք սիրում մեր երկիրը, բայց եթե մեր երկիրն էլ մեզ սիրի, նոր կդառնա պետություն»: Նրանից ավելի լավ ես չեմ կարող ասել: Ժողովուրդը սիրում է իր երկիրը, գնում զոհողությունների, զոհվում նրա համար, բայց այդ ամենը մնում է անհատույց: Սա նշանակում է, որ երկիրը թույլ է: Իսկ եթե ուժեղ է և ամեն մեկին իր բաժին ջերմությունը տալիս է, ապա մարդն արժևորված է զգում իրեն:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ