1990-ականներին Ռուսաստանի հանրությունը համակված, երբեմն էլ ռուս մտավորականությանը հատուկ ծայրահեղականությամբ կլանված էր եվրասիական երազներով, որոնք վերստին սկսեցին արթնանալ ռուսական պետականության չափազանց սուր ճգնաժամի շրջանում։ 19-րդ դարի վերջին արժեզրկված սլավոնասիրությանը փոխարինելու եկած եվրասիականությունը, որը սնվում էր Դանիլևսկու, Կ. Լեոնտևի, Ա. Խոմյակովի, Ի. Իլյինի, Պ. Տրուբեցկու, Պ. Սավիցկու, Ի. Սոլոնևիչի և այլոց գաղափարներով, 1917 թվականից հետո բարդ մտորումների առարկա դարձավ «տապալված դասակարգի» միջավայրում, որի շատ ներկայացուցիչներ (Ն. ՈՒստրյալով, Մ. Ագուրսկի, Յու. Կլյուչնիկով և ուրիշներ) եվրասիական գաղափարի իրականացման հետ էին կապում Ռուսաստանի ապագան։ Իսկ բարոն Ն. ՈՒնգեռնը ձգտում էր իրականացնել այն` Մոնղոլիայում և Սիբիրում ստեղծելով «եվրասիական պետություն»։ Մի շարք վկայություններով, բոլշևիզմի շատ պարագլուխներ, առաջին հերթին Իոսիֆ Ստալինը, համամիտ էին եվրասիականության գաղափարին և ձգտում էին իրագործել «եվրասիական նախագիծը»։ Հենց Ստալինի (ոմանք նաև Տրոցկու) հետ էին իրենց գաղափարների իրագործումը կապում տարագիր շատ եվրասիականներ։ Եվ ուրեմն` ի՞նչ է եվրասիականությունը։ Սա մի երկու-երեք էջի վրա ներկայացնելը բարդ բան է, բայց փորձենք։
Այն տարածությունը, որը համապատասխանում է ռուսական կայսրության և նախկին ԽՍՀՄ-ի տարածքին, եվրասիականների համար միանգամայն առանձնահատուկ տարածություն է, և ով տիրապետում, վերահսկում է այն, «դատապարտված է» նաև հատուկ առաքելություն իրականացնելու, և անգամ` որոշակի իմաստով գերիշխելու աշխարհում։ Ընդ որում, պատշաճը հատուցելով ռուս ժողովրդին այդ գաղափարի մարմնավորման համար, այդ տարածությունն ու նրա աշխարհաքաղաքական նշանակությունը համարվում են նվիրական` անկախ այն բանից, թե որ ազգն է կոչված կատարելու այդ առաքելությունը։ Դրա հետ մեկտեղ, այդ տարածության քաղաքական իրողությունը պետք է հիմնվի խոր ավանդականության վրա, որի կրողներն են ուղղափառությունն ու իսլամի առանձին ուղղություններ։ Խորհրդային ամբողջատիրական գաղափարախոսության պայմաններում ստեղծելով ազգի ծագման նշանավոր տեսությունը` հիմնված նպատակասլացության հասկացության վրա, Լ. Գումիլյովը ոչ միայն գիտական սխրանք գործեց, այլև առաջին անգամ ձևակերպեց եվրասիականության` որպես արևելյան սլավոնականության և թուրքերի ճակատագրական միության ամբողջական գաղափարախոսությունը։ Եվ արդեն նման հզոր գաղափարական հիմքի վրա արդի եվրասիականները ձեռնոց նետեցին կոմունիստներին ու ժողովրդավարներին, «նորեվրասիական նախագիծը» հայտարարելով որպես Ռուսաստանի համար այլընտրանք չունեցող։ Այսինքն, խոսքը հայտնի տարածքում կայսրության վերականգնման մասին է, ընդ որում, «պահպանողական հեղափոխության» կամ «երրորդ ուղու» գաղափարախոսության հիման վրա, որը ենթադրում է ուղղափառություն և այլ ավանդապահական կրոններ դավանող ինչ-որ ընդհանրական պետություն կամ հասարակություն, արժեքային համակարգ։ «Նորեվրասիական նախագիծը» պաշտպանություն գտավ ռուսական մտավորականության նշանակալի ու ներկայացուցչական խավի, ռուսական գեներալակազմի, այնպիսի ազդեցիկ կուսակցության կողմից, ինչպիսին Վլադիմիր Ժիրինովսկու ՌԼԴԿ-ն է։ Իսկ նախագծի հիմնական գաղափարախոսն Ալեքսանդր Դուգինն է` անշուշտ, ականավոր մի քաղաքագետ, գաղափարախոս, միստիկ փիլիսոփա։
Ամեն ինչ հիանալի էր ընթանում։ Եվրասիական և պահպանողական հեղափոխական գրականությունն ավելի ու ավելի շատ գրադարակներ էր զբաղեցնում, դադարել էր լուսանցքային համարվելուց և գաղափարական խորությամբ ու մշակվածությամբ, բարձրաշխարհիկությամբ, ինչո՞ւ չէ` նաև գներով արդեն մրցակից չուներ Ռուսաստանում։ Բայց տեղի ունեցավ դեռևս լիովին չգիտակցված ինչ-որ բեկում։ Թեմայի ձանձրալիության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այն Ռուսաստանի համար «հավերժական» է։ Սկսել է թափ առնել էթնիկ ազգայնականությունը, ջանալով հեռանալ պարզունակությունից և կիրառության մեջ դնելով «բարձրաշխարհիկ ազգայնականություն» հասկացությունը, նրա գաղափարախոսները գոյություն ունեն ոչ թե ինքնըստինքյան, այլ անպայման ի հեճուկս եվրասիական ազգայնականության։ Այսինքն, եթե եվրասիական ազգայնականությունը կտրականապես մերժում էր ռուս կամ Եվրասիայի մեկ այլ ազգի էթնոազգայնականությունը, քարոզում էր եվրասիական ինչ-որ ունիվերսալություն, ինչու չէ, նաև ընդհանուր առմամբ պետության ունիվերսալություն, կոմունիստներից ու ազատականներից փոխառելով «ինտերնացիոնալիզմի» տարրեր, «բարձրաշխարհիկ ազգայնականությունը», մերժելով էթնոազգայնականության նեղ ընդգրկումը, հռչակում է ոչ թե պարզապես ռուս ազգի, այլ առհասարակ սպիտակ ռասայի ազգայնականությունը։ Դրա գաղափարախոսները, նախ և առաջ Վ. Ավդեևը, հայտարարում են, որ ռուս ազգի վերածնունդը պետք է տեղի ունենա ոչ թե մեկուսի, այլ ամբողջ սպիտակ ռասայի վերածնության միասնական գործընթացում։ Որպես աշխարհայացքային հիմք ընդունելով Միշել Պոնյատովսկու պատգամը` «համախմբվել հանուն մեր էթնիկ, լեզվական, բարոյական և քաղաքական արժեքների, վերակերտել սպիտակ ռասայի մարդկանց հնդեվրոպական արժեքները և սեփական բախտը վստահել ապագային, որը ոչ մի տեղ դեռևս նկարագրված չէ», ինչպես նաև Գ. Կալտենբրուների հետևությունը` «պահպանողական տեսության ելման կետը իրատեսական մարդաբանությունն է», Ռուսաստանի «բարձրաշխարհիկ ազգայնականները» մարտի նետվեցին (հնարավոր է` ի մահ) եվրասիականության դեմ։ «Բարձրաշխարհիկ ազգայնականությունն» իր գաղափարախոսների համար հնարավորություն է` վերածնելու Ռուսաստանը ոչ թե միաստվածային մեսիականության, անցյալից հերոսներ քաղելու, անցյալի իդեալներին շարունակ վերադառնալու, նահատակաց պաշտամունքի և ուղղափառ զոհաբերության, հավերժական որոնման, ինքնախարազանման ու զղջման հիմքերի, այլ Արևմտյան Եվրոպայի հետ սերտ դաշինքով տեխնիկայի զարգացմամբ պայմանավորված հիմքի վրա։ Ոչ թե որպես անցյալի «ոսկեդարի» վերհուշի, այլ ապագայի «ոսկեդարի» կերտման արտացոլանք։ Հասկանալով ցանկացած տեսության անմրցունակությունը ժամանակակից Ռուսաստանում, արևմտյան փիլիսոփայությանն ապավինող «բարձրաշխարհիկ ազգայնականներն» իրենց «մոդեռնիզմի» ասպարեզում անկասելիորեն գլորվել են հեթանոսության գիրկը, ուր գտնում են ներկա Ռուսաստանում այնքան պակասող լավատեսություն` արտահայտված ինկառնացիայի (մարմնավորման) գաղափարում, նիցշեական «անվերջ վերադարձում»։ Ավելին, «բարձրաշխարհիկ ազգայնականությունն» ազդարարվում է որպես եվգենիկ ավանդականություն, որը քարոզում է «առողջ բնազդներ», ինչը, չնայած «ազգային» երևալու ցանկությանը, պարզապես հերքում է բուն ուղղափառությունը։ Եվ, վերջապես, ինչպես «նոր աջերի» ամբողջ եվրոպական մոդեռնիզմը, հերքվում է քրիստոնեությունն առհասարակ։
Պահպանողական հեղափոխության հզոր ու խոր տեսության, եվրասիականության ամբողջական գաղափարախոսության պայմաններում «բարձրաշխարհիկ ազգայնականությունը» հիշեցնում է հետպատերազմյան արևմտաեվրոպական «նոր աջերի» գաղափարիկների խղճուկ նմանակ` եվգենիկայի, կասկածելի ավանդականության, մարդաբանության և, վերջին հաշվով, «ոչ սպիտակ աշխարհից» քաղքենիական մեկուսության խառնուրդով։ Եվրասիականները, բողոքելով «բուրժուական ազգայնականության» ալիքի դեմ, հետևյալ փաստարկներն են բերում էթնոազգայնականության դեմ` ընդհանրապես, և «բարձրաշխարհիկի» դեմ` մասնավորապես։ Ի տարբերություն Ասիայի, որը «Մեծ տափաստանի» և մոնղոլների ժամանակիցներից եղել է Ռուսիայի դաշնակիցն ու գործընկերը` վերցնելով թե՛ ռուսական նկարագիրը, թե՛ ուղղափառ ավանդականությունը, և անգամ հազար տարի պաշտպանել է Ռուսիան Արևմուտքի ոտնձգություններից, Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում աշխատել է ոչ միայն նրան ենթարկել քաղաքականապես, այլև պարտադրել իր հավատը, բարոյախոսությունը, աշխարհայացքը, խլել Ռուսաստանի հոգին։ Այնուհետև` Ռուսաստանին Եվրոպայում ոչ ոք չի սպասում, իսկ, այսպես կոչված, ինտեգրացիան նրան կվերածի Արևմուտքի հումքային կցորդի և աշխատուժի մատակարարի։ Արևմտամետ կողմնորոշումը ծուղակ կդառնա Ռուսաստանի համար, որին, լավագույն դեպքում, կսնուցեն որպես Չինաստանի դեմ ուղղված արգելապատնեշի։
Բայց ի՞նչն է դարձել «բարձրաշխարհիկ ազգայնականության» արմատավորման խթանը։ Ըստ էության, «հողին կպածների» ու «արևմտամետների» այդ դիմակայությունը նոր չէ, այն ձգվում է ավելի քան 200 տարի։ Սակայն տվյալ դեպքում եվրասիական գաղափարին հակադրվում է ոչ թե ինչ-որ արևմտյան ազատականություն կամ ժողովրդավարական գաղափարներ (ֆրանսիական հեղափոխության կամ Ֆրենսիս Ֆուկիամայի տեսության ժամանակների), այլ միանգամայն մեծապետական, աջ (ինչը շատ կարևոր է), ազգայնամոլության (նացիզմի) և սոցիալ-նացիստական գաղափարների ձգող ազգայնականությունը։ Եվ դա հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանում միշտ «շան կծածը շան մազով են բուժում»։ Իսկ դրա պատճառը հետևյալն է. ռուսական բուրժուաազգայնական պետության ու հասարակության կայացման «լուսանցքային» կամ «սահմանային» ժամանակաշրջանը (մինչև 2000 թ.) անցել է, Ռուսաստանում տեղի է ունեցել հասարակության դասակարգային բևեռացում, առաջացել են բուրժուազիայի, արդյունաբերական-ֆինանսական կապիտալի, բյուրոկրատիայի տարբեր խմբեր։ Անցել է այն ժամանակաշրջանը, երբ ազգայնական, հայրենասիրական և ձախ գրականության ֆինանսավորումը կատարվում էր «հոգու թելադրանքով», ելնելով առանձին հեղինակների ու կազմակերպությունների հանդեպ համակրանքից և հակակրանքից։ Հիմա վճարում են կոնկրետ քարոզչության, աշխատանքի, կատարվող գործառույթի համար։ ՈՒստի և բուռն մրցակցություն է տեղի ունենում գաղափարախոսական ասպարեզում` ազգայնական գաղափարների առաջարկի առումով։ Բայց սա դեռևս հարցի պատասխանը չէ։
Բուրժուազիայի շերտավորումը տեղի է ունենում ոչ միայն տարածքային ու գաղափարական հայտանիշերով, այլև, նախ և առաջ, ազգային հայտանիշով։ Եվ այստեղ, այսպես կոչված, ռուսական ազգային բուրժուազիան վերջնականորեն ու անշրջելիորեն հասկացավ, որ ինքն իր «սեփական երկրում» ի վիճակի չէ մրցակցելու օտարազգի և օտարերկրյա բուրժուազիայի հետ։ Պարոնայք Բ. Բերեզովսկին, Վ. Գուսինսկին, Ա. Սմոլենսկին և այլ «ախպերությունները» ոչ միայն վերահսկում էին բանկային աշխարհը, այլև ավելի ու ավելի են վերահսկում քաղաքական գործընթացը։ Կոմունիստական կուսակցությունը, որի հետ մեծ հույսեր էին կապում ռուս (արյամբ) բուրժուաները, այդպես էլ չկարողացավ պաշտպանել նրանց շահերն ու իրավունքները։ Ո՞Ւմ վրա հույս դնել, ո՞վ կպաշտպանի, հովանի կստեղծի «սեփական» հայրենիքում։ ՈՒստի առավել կազմակերպված ռուս բուրժուաները «նվաստացվածների ու ոտնահարվածների» մի ինչ-որ «ազգայնական-բարձրաշխարհիկ» գաղափարական հենարանի ստեղծման քաղաքական-գաղափարախոսական պատվեր են «իջեցրել»։ Բայց այս անգամ նկատի էր առնվում ստեղծել միանգամայն պատկառելի, լուսանցքայնության և անկատարության որևէ նշույլից զերծ մի գաղափարախոսություն, որը լիովին ընդունելի լիներ Եվրոպայում։ Մտահղացումը պետք է մի կողմից ներկայացված լինի անբասիր, մյուս կողմից պարունակի Ռուսաստանում ռուսների, Եվրոպայում սպիտակ ռասայի «գերակայության» պահանջներ։ Բայց սա էլ դեռ հարցի պատասխանը չէ։
Բանն այն է, որ 2000-ականների սկզբին Արևմուտքում ընդունվեց մի շատ կարևոր որոշում, որի պատճառներն ու նպատակները դեռ այնքան էլ հասկանալի չեն։ Արևմուտքն սկսեց ֆինանսավորել և հովանավորել Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ազգայնականներին։ Ազգայնականների հովանավորումը Ռուսաստանի նախկին արբանյակ երկրներում հասկանալի է` դա նպատակ է հետապնդում հակազդելու ռուսական ազդեցությանը։ Իսկ Ռուսաստա՞նը։ Պարզվում է, Արևմուտքում հասկանում են, որ Ռուսաստանի ազատականներն ու ժողովրդավարները կատարել են իրենց դերն ու սպառել հնարավորությունները։ Եվ հարցը դրված է այսպես. կա՛մ կոմունիստները, կա՛մ աջ ազգայնականները (ձախ ազգայնականները համարվում են կոմունիստների վերապրուկներ)։ Ապա «շեշտը» դրվել է աջերի վրա, բայց այստեղ նաև մի գյուտ կա` աջեր, ազգայնականներ և արևմտամետներ (եվրոպական «նոր աջերին» լիովին համապատասխան)։ ՈՒ հիմա գլխավորը. պարզվում է` հենց Ջորջ Սորոսն է հովանավորում ոչ միայն Լեհաստանի, ՈՒկրաինայի և Բելառուսի ազգայնականներին, այլ նաև Ռուսաստանի։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ է նշանակում ռուսական «բարձրաշխարհիկ ազգայնականության» հեռանկարը Թուրքիայի, այսինքն, անատոլիացի թուրքերի համար։ Դա Ռուսաստանի լիակատար հրաժարումն է «իր կենսական շահերի գոտում», այսինքն` նախկին կայսրության սահմանի ներսում ներկայություն ունենալուց, Եվրասիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մեծ մասից մեկուսացում, ավանդական դաշնակիցների ու գործընկերների շահերի վերջնական դավաճանություն։ Ինքը` Ռուսաստանը, գուցե և բարգավաճի, ճիշտ է, ոչ որպես կայսրություն, այլ որպես ռուս ազգի հարմարավետ քաղքենաբար կազմակերպված տուն։ Իսկ Եվրասիական Ռուսաստանը, այսպես թե այնպես, նախ և առաջ, Թուրքիայի հակառակորդն է, իսկ «թուրքերի» հետ դաշինքի դոկտրինը կսահմանափակվի միայն Եվրասիայի թրքական վերապրուկային ազգությունների վերջնական կլանմամբ։
Ռուսաստանում հյուսվում է ռասիստական խմբավորումների հանցավոր մի ցանց, որոնց գործողությունները ոչ մի կապ չունեն ռուս ազգի շահերի հետ, այլ ուղղված են Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշակի ազգերի, ինչպես նաև իսլամական աշխարհից և Աֆրիկայից սերվածների դեմ։ Շարունակ հանցագործություններ են կատարվում այդ ազգությունների ներկայացուցիչների դեմ, այդ թվում` սպանություններ։ Այդ քաղաքականությունը, անկասկած, աջակցություն է ստանում և ուղղորդվում ռուսաստանյան իշխանությունների կողմից ու շռայլորեն ֆինանսավորվում է ռուսական և ամենևին ոչ ռուսական ծագում ունեցող ունևոր բիզնեսմենների կողմից։ Կապիտալը սերտաճում է ռասիստական խմբավորումների հետ, և այդ քաղաքականությունն օբյեկտիվորեն ու նպատակասլաց կերպով ուղղված է եվրասիական գաղափարի դեմ, քանի որ ռասիզմն ու եվրասիականությունն անհամատեղելի են։ Ռուսաստանն ավելի ու ավելի է խրվում ռասիզմի և շովինիստական բնույթի քաղաքական հանցավորության ճահիճը։ Այս պայմաններում եվրասիականության ջատագովներն ու պարագլուխներն ավելի խելքը գլխին բան չեն գտել, քան Թուրքիայի և Ռուսաստանում նրա գործակալների հետ դաշն կնքելը, և կասկածներ կան, որ այդ հարցում ֆինանսական լուրջ շահեր են խառնված։ Դա տեղի ունեցավ Թուրքիայի քաղաքականության բազմամյա քննադատությունից հետո, երբ եվրասիականների վերլուծություններում Թուրքիան մշտապես դասվում էր արևելականացած երկրների, ատլանտականության գործակալների թվին։ Արդի եվրասիականության քարոզիչներին ու պարագլուխներին մշտապես պակասել է ոչ միայն քաղաքական փորձը, այլև հոտառությունը։ ՈՒստի նրանց քաղաքանության և, առհասարակ, գործունեության քսանամյա փորձը լի է բազմաթիվ կոպիտ սխալներով ու համարժեք կանխատեսումներ անելու կարողության բացակայությամբ։
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացումն անմիջապես հիմք դարձավ, որ Ռուսաստանը «նոր» քաղաքականություն կառուցի Թուրքիայի նկատմամբ, երբ փորձեր են արվում թույլ չտալու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի մերձեցումը և ստեղծելու ինչ-որ ռուս-թուրքական ալյանս։ Իրականում ռուս-թուրքական հարաբերություններում խնդիրներն ավելի լուրջ են ու նշանակալի, քան թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները։ Թուրքիան շարունակում է իր նվաճողամետ նկրտումները Մոլդովայից մինչև Չինաստան ընկած տարածքներում, ամենևին չի հրաժարվել հենց Ռուսաստանի տարածքների հետ կապված իր նպատակներից, սաուդյան ազդեցության թուլացումից հետո դառնալով Հյուսիսային Կովկասում այս կամ այն քաղաքական նախագծի առաջատար նախաձեռնող։ Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել այն, ինչ Թուրքիան անում է Գագաուզիայում, Ղրիմում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, այսինքն` այն շրջաններում, որոնք համարվում են ռուսական ռազմավարական շահերի գոտի։ 2008-2009 թթ. իրադարձությունները բացահայտորեն ցույց տվեցին, որ Թուրքիայի և Ռուսաստանի դաշինքը վատ պատրաստված և չափազանց «տնտեսականացված» մոսկովյան քաղգործիչների անիրագործելի երազանք է։ Եվրասիական նախագծողները հայտնվում են ծայրաստիճան դժվարին իրավիճակում, երբ ստիպված են լինում խուսավարել «դասական» եվրասիականության և ռուսական օրախնդիր քաղաքականությունում առկա նոր հովերի միջև։ Եվրասիական նախագիծը դատապարտված է բախվելու այն բանին, ինչը հիմա աշխատում են չնկատելու տալ, այսինքն` պանթուրքիզմին, որը որոշ ռուս քաղաքագետներ ջանում են ներկայացնել իբրև մշակութաբանական խնդիր և քաղաքական «ժամկետանց» ծրագիր։ Եվրասիականությունը ներկա փուլում հայտնվել է երկու մարդաբանական հակառակորդների` պանթուրքիզմի ու էթնոազգայնականության միջև։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարող են շիրմաքար դառնալ եվրասիական գաղափարի համար։ Հարյուրամյակներ ի վեր, այս կամ այն ձևաչափով, Ռուսաստանի տիրակալները թույլ չեն տվել որևէ սպառնալիք` կապված ազգայնականության կամ ազգային քաղաքականության ահագնացման հետ։ Ներկայումս այդ հարցն օրախնդիր է մնում ռուսական քաղաքականության և Ռուսաստանի ղեկավարության համար։ Ցավոք, այս իրավիճակում եվրասիական գաղափարաբանության նախագծողներն այդպես էլ չեն կարողացել դառնալ ռուսաստանյան վերնախավի այն ինտեգրված մասը, որը մասնակցում է քաղաքական որոշումների ընդունմանը։ Եվրասիականներն ի վիճակի են միայն տարածելու, ընդունելի չափով պաճուճապատելու Ռուսաստանի ղեկավարների գաղափարներն ու սպասարկելու հույժ իրավիճակային քաղաքականությունը։ Ռուսական քաղաքականության մեջ եվրասիականության գաղափարներն ու նախագծերը լրիվ չափով ծավալելու անհնարինությունը պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող ամենանշանակալի քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներով։ Ռուս հանրությունը, հատկապես նրա առավել բարեկյաց մասը, ավելի ու ավելի է ձգտում իր երկիրը կառուցել Կանադայի կամ Շվեդիայի մոդելով, այսինքն` առանց ավելորդ արտքաղաքական հավակնությունների։ Օլիգարխիական կապիտալը, որի վրա մի ժամանակ փորձում էին հենվել եվրասիացիները, դարձել է նրանց գաղափարի հիմնական հակառակորդը։ Կարելի է այսպիսի հետևություն անել. Ռուսաստանն ի վիճակի չէ լիովին իրացնելու եվրասիական գաղափարը, այսինքն` եվրասիական դոկտրինը։ Սակայն միայն Ռուսաստանը չէ, որ պետք է դառնա այդ գաղափարի կրողը։
«Նորեվրասիական նախագիծը» Եվրասիայում «անատոլիականների» տիրապետության վախճանն է։ Դա մեր նախագիծն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ