2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ Է, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՍԿՍՎՈՒՄ Է, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
14.01.2011 | 00:00

Թվում է, թե այս տոնական օրերին Ռուսաստանի բնակչության ուժից վեր աշխատանքից տանջված մասը դատական և իրավապահ մարմինների աշխատողներն էին։ Ինչպես Վոլգայի բուռլակները, նրանք իրենց «ծանր բեռն» էին քարշ տալիս սկզբում Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հետո էլ վերջապես մոտեցավ Խոդորկովսկու վաղուց հայտնի, բայց դրանից նվազ աղմկալի չդարձած դատավճռի հրապարակման ժամանակը։ Այնուհետև ընդդիմությունը Ճագարի կամ Կատվի տարվա նախօրեին հերթական անգամ անախորժություններ պատճառեց իշխանություններին և Նոր տարվա գիշերն սկսեց հանրահավաք անցկացնել։ Եվ կարևոր չէ, թե նրանք ինչ էին պահանջում՝ ընդամենը պահպանել Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը երաշխավորում է հավաքների և ժողովների ազատություն։ Ի դեպ, այդ հանրահավաքն արտոնված էր, իսկ անդադրում լիբերալ Նեմցովը Տրիումֆալնայա հրապարակում միայն «հակակառավարական կարգախոս» էր բացականչում՝ «Շնորհավո՜ր Նոր տարի»։ Նախկին այլախոհ գրող և ռուս ազգայնամոլ հայրենասերներին ներկայումս ոգեշնչող Լիմոնովն էլ ավելի առաջ գնաց. նա, ի դեպ, ոչինչ չէր բղավում։ Նա պարզապես դուրս էր եկել տնից, որ գնա հրապարակ։ Իսկ դա, պարզվում է, այժմ Ռուսաստանում հավասարվում է մանր խուլիգանության։ «Չհամաձայնվողներից» ևս մեկը, ինչպես գրում են, «փողոցն անցել էր անթույլատրելի տեղով», իսկ մի իրավապաշտպան պարմանուհի էլ` աչքերում անմեղ սրբազան փայլով, ասում էր, թե հավատում է ազատ Ռուսաստանին։ Արդյունքը մեկն էր՝ կալանք, դատ, տասնհինգօրյա դատապարտում։ Այդ «հայտնի խուլիգաններին» ավելացրին ևս հիսուն համանման «խռովարարների», և նրանք, ինչպես կարգն է, կանգնեցին «արդար դատարանի առաջ», իսկ այնուհետև տոներն անցկացրին բանտախցերում։ Ընդհանրապես նկատենք, որ, հավանաբար անցյալ դարի անմոռանալի երեսնական թվականներից ի վեր, Ամանորի տոներին դեռևս երբեք Մոսկվայի փողոցներում այդպես դես ու դեն չէին սուրացել միլիցիայի «ագռավուկները»։ Օրինակ, արդեն հունվարի առաջին օրն իրավապաշտպանները, գրողները, լրագրողները, ըստ երևույթին, հապճեպորեն մի բաժակ ըմպելով «հանուն հայրենիքի ու ընկերների», հավաքվել էին, ինչպես իրենք էին հայտարարում, միայն լռելու Սիմֆերոպոլսկի պուրակում՝ ներքին գործերի բաժնի մոտ։ Ոմանք, ի նշան ընկերների կալանավորման դեմ բողոքի, մյուսները՝ այդ «հատուկենտ պիկետների» լուսաբանման համար։ «Ագռավուկները» ճանկեցին շատերին։ Լրագրողներին էլ բաժին հասավ։ Նրանք, պատկերացնո՞ւմ եք, պետք է այժմ ամենուր գնան «որոշակի միջոցառում լուսաբանելու՝ խմբագրության գրավոր հանձնարարությամբ»։
Ի դեպ, Մոսկվայի միլիցիայի իշխանությունները հավաստիացրին, թե ընդդիմադիրներին չեն ձերբակալել, այլ ընդամենը «նրանց ուղեկցել են պրոֆիլակտիկ զրույցի»։ Այդուհանդերձ, ի պաշտպանություն Լիմոնովի, Նեմցովի և ընդդիմության ձերբակալված մյուս առաջնորդների, հանրահավաքներ էին անցկացվել հունվարի 3-ին, 4-ին և 5-ին Մոսկվայի տարբեր կետերում։ Իսկ որպես հետևանք` ձերբակալությունները չէին նվազում։ Այնուհետև իրադարձություններն ընդհանրապես սկսեցին նմանվել աներևակայելի խեղկատակության. օրինակ, Նեմցովի ընկերոջը՝ Միլովին, ձերբակալել էին մեկուսարանից դուրս գալիս, ուր նա գնացել էր մանդարին հանձնելու իր զինակցին։ Դե, իհարկե, իշխանությունները չէին մոռացել նաև «մայրաքաղաքի հյուրերին». միայն վերջին օրերին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը ձերբակալել էր երկու հարյուրից ավելի «աննպատակ թափառող» օտարերկրացիների, ընդ որում, նրանք ձերբակալվում էին հենց զարդարված և զվարճացող փողոցներում ու հրապարակներում՝ «մարդկանց մեծ կուտակման վայրերում»։
Բայց, անշուշտ, այդ մռայլ և սյուրռեալիստական դիմակահանդեսում գլխավոր դիմակը մնում է շնորհազրկված օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին, և բնավ էլ ոչ այն պատճառով, որ նա ամենանշանակալից դեմքն է, և ոչ էլ այն բանի համար, որ ամենաքիչ մեղավորն է։ Պարզապես և՛ նա, և՛ այդ «քաղաքական թատրոնի» բոլոր դեկորները՝ դատավորից մինչև դատապաշտպան ու դատախազ, վաղուց արդեն ոչ թե մարդիկ են, այլ խորհրդանիշեր։ Չորս օր ընթերցվեց դատավճիռը, նախքան կհայտարարվեր նախկին նավթամագնատ Խոդորկովսկու և նրա գործընկեր Լեբեդևի կալանքի ժամկետը՝ տասնչորս տարվա բանտարկություն։ Մի շատ հետաքրքիր հանգամանք. սկզբնապես նախատեսվում էր դատավճիռը հրապարակել դեկտեմբերի 15-ին, բայց հետո այն տեղափոխվեց դեկտեմբերի 27։ Եվ այստեղ, ըստ երևույթին, սցենարիստի շտկումները պատահական չէին։ Դա, հավանաբար, արվել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վավերացման գործընթացը չբարդացնելու համար։ Սա պատճառներից մեկն է։ Հաջորդը տոներն էին՝ սկզբում Արևմուտքում, հետո նաև Ռուսաստանում, և առանց ակնհայտ պատճառների դատավարության տեղափոխումը հասարակայնության ուշադրությունից խուսափելու անսքող և ապաշնորհ փորձ էր։ Դատավճռի հանգամանալից (միայն ժամանակի առումով, այլ ոչ թե փաստարկման) բնույթը պետք է մանրակրկիտ աշխատանքի երևութականություն ստեղծեր։ Բայց դատավոր Դանիլկինը (մարդ, որն ակամայից հռչակվեց աշխարհով մեկ) ոչ ոքի չզարմացրեց։ Առավել ևս, որ Պուտինն ավելի վաղ հեռուստատեսությամբ հայտարարել էր «դատավճիռը», թե Խոդորկովսկին «գող է, մեղավոր է և պետք է բանտ նստի»։ Այնպես որ, միգուցե և չարժեր մեկ անգամ ևս «թարմացնել» օլիգարխի դժբախտությունները, առավել ևս, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ մեզանում նրա նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը, մեղմ ասած, սկզբունքորեն առանձնահատուկ է։ Եթե չլիներ հույժ կարևոր մի հանգամանք։
Դատավարության նախօրեին Պուտինի հայտարարությունը, որը լայնորեն բազմացվում էր աշխարհի բոլոր ԶԼՄ-ների կողմից, դարձավ դատավարության քաղաքական աստառի ակներև և անսքող ապացույց։ Եվ չի կարելի ասել, թե դատավորները նման ցուցումների երբեք չեն հանդիպել։ Մեղքներս ի՞նչ թաքցնենք. դատավորները միշտ չէ, որ կարող են տեղի չտալ «վերևների ամենազոր ցանկությանը»։ Բայց «անկախ դատարանի» վրա այդչափ բացահայտ և անամոթ ճնշում ոչ ոք չի գործադրել։ Եվ դա, իր անպարկեշտությամբ, Մեդվեդևին դրեց տարօրինակ վիճակի մեջ. վերջինս վաղուց էր խոստացել վերջ դնել «իրավական նիհիլիզմին», իսկ վարչապետի բացախոսություններից հետո էլ արտահայտվեց դատավարությանը քաղաքական գործիչների (այլ խոսքով՝ Պուտինի) միջամտության դեմ։ Բայց այժմ ամեն ոք գիտի, թե ով է իսկական տերը Կրեմլում, անկախ այն բանից, թե ով է նախագահը։ Ժողովրդին (ինչպես և ամբողջ աշխարհին) ուղղված Պուտինի «ուղերձն» ավելի հստակ լինել չէր կարող. «Իշխանությունն իմ ձեռքում է»։ Խոդորկովսկու դատապարտումը պետք է պարզորոշ ցուցադրեր, որ Մեդվեդևի նախագիծը տապալվել է, որ Ռուսաստանը Պուտինի երկիրն է։ Եվ ինչ էլ ասի նախագահը, միևնույն է, շատերի համար կգործի կայուն ստերեոտիպը. Մեդվեդևն այժմ կամ առայժմ դասվում է տանուլ տվածների թվին։ Ակներև է, որ նա ճիշտ բաներ էր ասում, բայց հազիվ թե կարողանա շտկել իրավիճակը։ Ամեն ինչ տեղի է ունենում և տեղի է ունենալու «ինքնիշխան ժողովրդավարություն» տարօրինակ անվանումով ռուսաստանյան խճապատկերի կաղապարով։
Եվ Ամանորի սեղանների շուրջ պատահականորեն չէր տարածում գտել հետևյալ անեկդոտը. «Պուտինը, շնորհավորելով Մեդվեդևին, նրան նվիրում է պերճաշուք և շատ թանկարժեք ավտոմեքենա, սակայն առանց ղեկի»։ Ակնարկը հասկանալի է. երկիրը ղեկավարելու է նա ինքը։
Բայց ինչո՞ւ այդպես կոշտ և ուղղագիծ։ Ինչո՞ւ առանց անսալու աշխարհի կարծիքին։ Շատ մայրաքաղաքներ տոներին «քնած» էին, բայց չէ՞ որ նրանք, այնուամենայնիվ, կարթնանան։ Այսպես, Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ դատավարությունն «անիրավաչափ արդյունքների հասնելու նպատակով իրավական համակարգի անիրավազոր օգտագործումն էր», և որ օրենքը հարգելու Ռուսաստանի անընդունակությունը «խանգարում է նրա արդիականացմանը և Միացյալ Նահանգների հետ կապերը խորացնելու ընդունակությանը»։ Սրանք ավելի վճռական արտահայտություններ էին, քան նրանք, որ նախագահ Օբաման ավելի վաղ հնչեցրել էր։ Արդեն կարծիքներ են հնչում այն մասին, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանն աջակցելը, ներառյալ Ջեքսոն-Վենիկի լրացման չեղյալ հայտարարումը, պետք է դադարեցվեն, որ «դատական խեղկատակության» մեղավորները պետք է զրկվեն արևմտյան վիզաներից։ Դեռ ավելին, շատ փորձագետների կարծիքով, Օբամայի ռազմավարությանը («Մեդվեդևը կարող է կաշառասուն բռնատիրությանը դիմագրավել պատշաճ աջակցության և հոգատարության դեպքում») խորտակիչ հարված հասցվեց։ Ռուսաստանում օրինականություն հաստատելու կոչերն այժմ դատարկ հնչյունի տպավորություն են թողնում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու և Ռուսաստանի տնտեսությունը նավթային կախումից ազատելու փորձերը նույնպես այժմ ավելի արագ կձախողվեն։ Եթե Խոդորկովսկու գործը նոր ու անսպասելի հետևանքներ չունենա, Պուտինի հաղթանակը լիակատար կլինի, իսկ Օբամայի դիվանագիտությունը՝ դատապարտված։
Ասենք, Պուտինի համար, որն առանձնակի հույսեր չի էլ կապում Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ և հիանալի գիտի ռուս քաղքենու ատելությունն ու բարդույթներով զուգորդված արհամարհանքը Արևմուտքի հանդեպ, այդ ամենը սարսափելի չէ։ Նավթի գներն առայժմ բարձր են, խողովակները փող են «շփում», բացի այդ, բարեկամները՝ ի դեմս Շրյոդերի և Բեռլուսկոնիի, չեն մոռանա «Վոլոդյա ընկերոջը»։ Այնպես որ, նա, ըստ երևույթին, հաշվի չի էլ առել «ազատամիտ վայնասունները»։ Հաշվի է առնվել առաջին հերթին և հավանաբար միակ բանը՝ շրջապատի տպավորությունը։ Եվ այստեղ ուշադրություն դարձնենք Բերեզովսկու խոսքերին, որը, ավելի քան որևէ մեկը, լավ գիտի «Կրեմլի խոհանոցը». «Պայքարն ընթանում է ոչ թե Պուտինի և Մեդվեդևի միջև, այդպիսի պայքար չկա։ Իսկ ահա այն մարդկանց խմբերի միջև, որոնք շարվել են վահանի հետևում, որը կոչվում է Պուտին, և այն վահանի հետևում, որը կոչվում է Մեդվեդև, դա կա»։ Շատ փորձագետների պնդումների համաձայն, Ռուսաստանում կա գերվերնախավ՝ մոտավորապես հիսուն հոգի։ Այդ նրանք են որոշումներ կայացնում։ Ի դեպ, Բերեզովսկին քիչ հավանական է համարում Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին, քանի որ «վախենում են նրա անկանխատեսելիությունից»։ Բայց կա նաև այն կարծիքը, որ ընդհանրապես «քաղբյուրոյին» ձեռնտու է գոյություն ունեցող տարբերակը՝ նախաձեռնող ներկայիս նախագահը և կայունացնող ներկայիս վարչապետը։ Բայց դա, ամենայն հավանականությամբ, քիչ է ձեռնտու Պուտինին։ Իսկ եթե իրոք այդպես է, ապա վերջին բոլոր ձեռնարկումները սոսկ «շարքերի ստուգում են»։
Ամեն դեպքում, և՛ Խոդորկովսկու դատավճիռը, և՛ տոներին միլիցիայի սանձարձակությունը չարագուշակ նախանշաններ են։ Իսկ ի՞նչ անել։ Ինչի՞ վրա են հենվում Ռուսաստանի լուրջ դեմքերը, որոնք հայտարարում են, թե Մեդվեդևն ինչ-ինչ հնարավորություններ ունի, որպեսզի լիովին իր ձեռքը վերցնի կառավարման ղեկը։ Այն կարծիքը կա, որ Մեդվեդևի ամենամեծ հնարավորությունը համարձակությունն է՝ համաներում հայտարարելու և այդ կերպ արիություն ներշնչելու բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ Ռուսաստանն ընդունակ է բարենորոգումներ իրականացնելու։ Պատասխանը կարող են լինել նաև «վարկաբեկող նյութերը», իսկ եթե ճակատամարտում լուրջ շրջադարձ լինի, բանը կհասնի ապշահարույց մերկացումների, մինչև Պուտինն ու նրա «շրջապատը» չընկճվեն և չհանձնվեն։ Եթե այնուամենայնիվ չընկճվի և անձնատուր չլինի, նախագահը միշտ էլ կարող է պաշտոնանկ անել վարչապետին կառավարության հետ։ Բայց այս ամենն առայժմ ակներևաբար վարկած է։ Ինչպես և այն վարկածը, թե երկրում ահագնացող ազգայնամոլությունը կթուլանա Պուտինի ամբոխահաճությամբ, և թե դրա պահանջը վաղուց է զգացվում։ Այս ամենը սոսկ ցանկություն է` համաձայնության ցուցադրումների համապատկերի վրա։ Դա է վկայում նախագահի և վարչապետի հասցեին քծնողական արտահայտությունների վերջերս կայացած մրցությունը. «Պուտինը և Մեդվեդևը մեր պետության գերարժեքներն են»։ Ի դեպ, հաղթեց Չեչնիայի ղեկավար Կադիրովը (սեպտեմբերի 6-ին, «Օգոնյոկ» հանդեսի թղթակցի հետ զրույցի ժամանակ). «Իմ կուռքը Պուտինն է։ Նա և՛ չեչեն է, և՛ ռուս է։ Եվ նա մեզ ամեն ինչ տվեց այս երկրում»։ Համաձայնեք՝ խորհրդանշական է։
Այնպես որ, Ռուսաստանում քաղաքական շոուն նոր միայն սկսվում է, թեև Ռուսաստանում հետզհետե ավելի հաճախ են ասում, որ շատ գործընթացներ ընթանում են ճիշտ նույն կերպ, ինչպես Հին Հռոմում՝ նրա անկման նախօրեին։ Առանձնապես տպավորիչ է իշխանության և նրան ենթակա «ծնկաչոք վիճակից ոտքի ելնող» ստորին խավի` զվարճահանդեսներով համատարած հրապուրվելու համանմանությունը. շքեղաշուք հրավառություններ ու զբոսանքներ, Սոչիի օլիմպիադա, աշխարհի առաջնություն և հոկեյի հաղթած երիտասարդական հավաքականի ամբողջ աշխարհով մեկ հնչած հայհոյախառն հոգեցունց հրճվանքը. “ԾՈՎՈ ո… շ րՊպսՈս ֆՑՏ վՈւ…”: Թեպետ «զվարճահանդեսներն» անցնում են Մոսկվայի մարզում էլեկտրականության անջատումների, լուսացույցների անջատումների հաստատված ժամանակացույցի և այն հաղորդումների պայմաններում, որ «Մոսկվայի մարզի 16 շրջանում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների ժամանակ աշխատելու են ճանապարհապարեկային ծառայության լրացուցիչ խմբեր»։ Ասենք «հացն» էլ է անընդհատ պակասում։ Գներն աճում են, պայթելու է արժեզրկումը։ Գավառական հայրենասիրությունը, որն առայժմ վերջնականապես չի ձևավորվել որպես քաղաքական նախագիծ, աճում է Կալինինգրադից մինչև Հեռավոր Արևելք։
Իսկ մինչ այդ աշխարհում հայտնի է դարձել, որ «Աստծո մասնիկի» որոնումներում գիտնականները գտել են «Աստծո երաժշտությունը»։ Շվեյցարիայում երաժիշտների և գիտնական ֆիզիկոսների համագործակցությունն անակնկալ արդյունք է տվել։ Բայց պարզվում է, որ անվարժ ականջի համար այն նման է գավաթում մետաղադրամի զնգոցի։ Այնպես որ, Նոր տարին նոր միայն սկսվում է։ Այդ թվում՝ Ռուսաստանում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ