Վերջերս նախարարություններում ու գերատեսչություններում սկսված կառուցվածքային բարեփոխումները լուրջ դժգոհություն են առաջացրել աշխատակիցների շրջանում։ Ասում են` կառուցվածքային բարեփոխումների անվան տակ չհիմնավորված լայնածավալ կրճատումներ են ընթանում։ Տեղյա՞կ է, արդյոք, այս մասին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ։
-Ընդհանրապես ընթանում է օպտիմալացման գործընթաց, և, բնականաբար, այն ենթադրում է նաև կադրերի կրճատում։ Այնպես որ, ամեն բան արվում է օրենքի շրջանակներում։
-Սակայն տարբեր նախարարություններից, մասնավորապես, սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունից, հնչում են դժգոհություններ, թե հաստիքները կրճատվում են պետական ծառայողի մասին օրենքի խախտմամբ։
-Օրենքը չի կարող խախտվել, վստահեցնում եմ։ Բնականաբար, կրճատումների ժամանակ կարող են կրճատվել նաև ոչ թափուր հաստիքներ։ Եթե կան ավելորդ հաստիքներ, իսկ ես, անկեղծ ասեմ, համոզված եմ, որ մեր ապարատներն ուռճացված են, ապա բնական է, որ աշխատողների մի մասն ուղղակի արդյունավետ չի աշխատում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, հուլիսին արված Ձեր հայտարարությունը, թե պետական ապարատում կուսակցությունները միջամտում են կադրերի հարցում, որևէ դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ ոչ։
-Ազդեցությունը բավականին մեծ էր։
-Օրինակ, ո՞ր նախարարությունում։
-Ասածս վերաբերում է բոլորին, և նկատվում է, որ հաշվի են առնվել իմ բարձրացրած մտահոգությունները։
-Սա այն դեպքն է, երբ ասում են` «փակիր մի ա՞չքդ», թե՞ այս դեպքում երկու աչքն էլ պետք է փակել։
-Ո՛չ, ազդեցություն եղել է։ Դուք հարցրիք, ես էլ պատասխանեցի։
-Իսկ ինչո՞ւ եք մի տեսակ երկակի ժպտում։
-Երկակի չէ, ուղղակի ուրախությունից եմ ժպտում, որ ազդեցություն եղել է։
-Արդյո՞ք Ձեր այդ հայտարարությունը քաղաքական պոպուլիզմ չէ, որը թելադրված էր վերևից։
-Ո՛չ։ Ես երբեք պատվերներ չեմ կատարել և չեմ կատարում։ Անգամ պատգամավոր եղած ժամանակ միշտ ասել եմ այն, ինչ մտածել եմ և արտահայտել եմ իմ մտահոգությունները։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հ. Գ. -Գուցե կառուցվածքային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզանում, և իսկապես պետական ապարատն ուռճացված է։ Սակայն ո՞րն է երաշխիքը, որ այս բարեփոխումներից հետո որոշ ժամանակ անց կրկին նոր հաստիքներ չեն ձևավորվի` այս կամ այն պաշտոնյայի բարեկամին աշխատանքի տեղավորելու անհրաժեշտությունից ելնելով։ Համենայն դեպս, առաջին անգամ չէ, որ գործադիրում կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում, և կրկին հաստիքներն աճում են սնկի պես։