2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
04.02.2011 | 00:00

Քրիստոսի քաջ և անհաղթ վկան սուրբ Սարգիսն է, որը գերագույնը հանդիսացավ բոլոր թագավորներից և իշխաններից, որ պարտության մատնեց աշխարհի իշխանին՝ սատանային:
Սուրբ Սարգիսը, որը կոչվում է նաև Մար Սարգիս կամ տեր Սարգիս, պատմական Հայաստանին սահմանակից Կապադովկիայի Կեսարիա քաղաքից էր (որտեղ ձեռնադրվել և օծվել է հայոց հայրապետ Գրիգոր Լուսավորիչը) և ապրում էր Մեծ Կոստանդիանոսի և Տրդատ թագավորի ժամանակաշրջանում:
Չորրորդ դարում, երբ քրիստոնեական հավատքը տարածվեց Հռոմեական կայսրության և համայն տիեզերքի մեջ, հետզհետե պայծառացան եկեղեցիները։ Կապադովկիացիների աշխարհի մեջ իբրև լուսապայծառ աստղ ծագեց երանելի սուրբ Սարգիսը, որն ամենքին հիացնում էր իր բարեպաշտությամբ ու զորավոր հավատքով:
Հին ժամանակագիրներից մեկն այսպես է վկայում նրա մասին.
«Սարգիսը շնորհալի մի այր էր և եռում էր Աստծո Հոգով ու ինչ Աստծուց խնդրում էր, Աստված տալիս էր նրան: Նա քրիստոնյա էր և Աստծուն սիրում էր ամբողջ սրտով: Նա զորացած էր Սուրբ Հոգով և սիրելի էր Աստծուն ու ինչ գործ ձեռնարկեր, Աստված նրան հաջողություն էր պարգևում: Նա քաջ զորական էր, զինվորական համազգեստ հագած, հրամանատարի ձեռքի տակ պաշտոն էր վարում: Իմաստուն էր և հանճարեղ ու ճանաչված բոլոր դատավորների և իշխանավորների կողմից»:
Շնորհալի վկայողն ավելացնում է.
-Արքունիքի հրամանով նա կարգված էր որպես զորական՝ Կապադովկիայում գտնվող թագավորի մյուս զորքերի հետ: Բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում գերազանց էր իր զինվորականներից: Եվ նրա կատարած քաջագործությունների արձագանքը հասնում է թագավորի ականջին:
Երբ Աստծո այս սքանչելի այրն այսպիսի մեծապատիվ ճոխության և իշխանության հասավ, նա դրանք չէր օգտագործում նյութական շահի և սնոտի փառքի համար, այլ հոգևոր և աստվածահաճո գործերին էր ծառայեցնում: Շրջում էր իր իշխանության տակ եղող քաղաքներում ու գյուղերում և նահանգների զանազան գավառներում, մաքրում նրանց կռապաշտությունից: Արգելում էր կուռքերի առջև զոհերը, որոնք դեռ տարածված էին շատ տեղերում, և ամենքի առջև բացում էր աստվածագիտության ուղին, որն անձամբ քարոզում էր Սուրբ Հոգու անխափան իմաստնությամբ, որովհետև քաջահմուտ էր Հին և Նոր կտակարաններին, որոնցով կրթվել էր մանկուց:
ՈՒ այսպես՝ շատերին խոսքով էր որսում Քրիստոսի ավետարանի ուռկանի մեջ, ուրիշներին՝ իր անձի բարեպաշտության ու մարդասիրության օրինակով: Որովհետև հաճախ ողորմություն էր տալիս և իր ինչքերը բաշխում աղքատներին ու կարոտյալներին: Ոմանք ընդունում էին ճշմարտությունը և հրաժարվում մոլորությունից, որովհետև իր ունեցած իշխանությամբ սպառնում էր արտաքսել երկրից, իսկ նրանց, որոնք նախընտրում էին անգիտության խավարը աստվածապաշտության լույսից, արտաքսում էր հեռու երկիր, որ Քրիստոսին հավատացողներին գայթակղության պատճառ չլինի:
Հիմնահատակ քանդում էր մեհյանները, կործանում բագինները և նրանց տեղը շինում Աստծո եկեղեցիներ և սրբերի վկայարաններ: Բազմացնում էր քահանաների և Քրիստոսի պաշտոնյաների դասը, որով մեծապես հրճվում էին աստվածապաշտները, իսկ մեծապես տխրում հեթանոսները և ինքը՝ բանսարկուն: Երանելի այրը նույնպես ուրախանում էր Քրիստոսի փառավորումով և սատանայի կործանումով:
ՈՒ այսպես շատ տարիներ սրբությամբ և արդարությամբ ապրելով մեծ անուն է շահում և թագավորի կողմից նորանոր պարգևների արժանանում: Եվ Աստված իր հզոր Աջով պաշտպանն էր նրա, և բոլոր գործերը հաջողությամբ էին ավարտվում:
Սակայն բարու թշնամի բանսարկուն շատ էր նախանձում ու բարկանում` տեսնելով երանելի Սարգսի հաջողությունները: Նա ջանում էր զանազան փորձություններով խափանել նրա հոգևոր առաջադիմությունը, սակայն այդ նրան չէր հաջողվում, որքան ժամանակ հավատքի սյունը՝ Կոստանդիանոս կայսրը ողջ էր:
Սակայն երբ նրան հաջորդեց չարաբարո Հուլիանոսը, որ մականված էր ուրացող և ապստամբ սուրբ հավատքի դեմ, որը դևի չարության անոթ եղավ, եկեղեցու խաղաղությունն ալեկոծեց, միտք անելով՝ կա՛մ բոլոր Քրիստոսին հավատացողներին կռապաշտ դարձնել, կա՛մ ամբողջությամբ բնաջնջել:
Այս բանի վրա շատ ուրախացան մնացած մոլի կռապաշտները, և սկսեցին հալածել հավատացյալներին: Քանդում ու ավերում էին եկեղեցիները և հալածում նրա պաշտոնյաներին: Դարձյալ վերաշինում էին ավերված մեհյանները և ստիպում էին բոլորին, որ Հուլիանոսի հրամանով կուռքերին զոհեր մատուցեն: Այդ պատճառով էլ բազմաթիվ քրիստոնյա եկեղեցականներ, զինվորականներ և ռամիկներ նահատակվեցին զանազան տանջանքներով: Շատերն էլ հայրենի գավառներից փախուստի դիմեցին օտար երկրներ:
Եվ տեսնելով այս ամենը, քաջ Սարգիսը մտատանջվում է, թե ի՛նչ է Աստծո կամքը, որպեսզի ըստ այդմ գործի: Եվ ահա Հիսուսը տեսիլքի մեջ երևալով ասաց.
-Ժամանակը հասել է, ո՛վ Սարգիս, որ հեռանաս քո երկրից, ազգիցդ, ինչպես Աբրահամ նահապետը, և գնաս այն երկիրը, որ քեզ պիտի ցույց տամ: Այնտեղ է, որ պետք է ստանաս քրիստոնեության հաղթական պսակը:
Այդ ժամանակ հասկացավ բարեհաղթ զորավար Սարգիսը, թե այս է տեսիլքի մեջ իրեն ցույց տրված ժամանակը: Քանի որ իր համար անհնար էր գործակցել Հուլիանոսի հետ, կամ մասնակիցը լինել նրա գործած չարիքների, որ պետք է կրեին եկեղեցիները Հուլիանոսի արշավանքների ընթացքում, նա պատրաստվեց մեկնելու քրիստոնյաներին սահմանակից մեկ ուրիշ թագավորություն, իմա` Հայաստան:
Ապա թողնելով Կապադովկիայի մեջ ունեցած իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունները, փառքը, բազմաթիվ զորքերի հրամանատարությունը և առօրյա կյանքի բոլոր վայելքները, ըստ այն պատվերի, որ տվել էր Տերը մեծատունին, ու վաճառելով իր ստացվածքները՝ բաշխեց կարոտյալներին, և այս ձևով թեթևանալով երկրավոր նյութերի ծանրություններից, սրանց փոխարեն առնելով Քրիստոսի Խաչը, գնաց իր Փրկչի հետևից:
Նրա հետ էր նաև որդին, որը մորից որբ էր, և որ հետո իր վարքով ստացավ Մարտիրոս անունը: Նա պակաս չէր իր հոր առաքինություններից թե՛ մարմնավոր քաջագործություններով, թե՛ հոգու առաքինությամբ:
Երկուսն էլ միաբերան աղոթելով, ճշմարտության ճամփան էին խնդրում՝ ասելով.
-Ամենքի Աստված և ամենայնի Տեր, որից գոյություն առան բոլոր արարածները, որ Քո ողորմությամբ առաջին արդարների հետ եղար և նրանց փրկեցիր բազմաթիվ փորձություններից, մենք ևս ահա, Քո սուրբ Անվան համար հալածվողներս, աղաչում ենք Քեզ, մեզ հետ եղիր մեր բոլոր ճամփորդության մեջ, ինչպես արեցիր մեզնից առաջ եղող սրբերիդ, մինչև որ հասցնես Քո երկնավոր Հոր օթևաններից մեկը. և Քեզ փառք՝ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն:
Այնուհետև ճանապարհը շարունակելով՝ ուղևորվեցին Հայաստան և ապաստանեցին Տիրան արքայի մոտ, որը որդին էր Խոսրովի՝ Տրդատի որդու: Հայոց արքան մեծ պատվասիրությամբ հյուրընկալեց քաջ Սարգսին և մի որոշ ժամանակ իր մոտ պահեց։
Իսկ ուրացող Հուլիանոսն անհամար զինվորներով շարժվեց դեպի Պարսկաստան: Նախ՝ հասնելով Անտիոք, չարչարեց այնտեղի քրիստոնյաներին: Եվ երբ նրա անգթության և բռնության համբավը տարածվեց շատ տեղեր, սաստիկ վախը պատեց բոլորին, այդ պատճառով էլ շատերը փախչում էին և թաքնվում խոր ձորերի և ժայռերի ծերպերի մեջ:
Այս լուրերը հասան նաև Հայաստան, և այնտեղ էլ սկսեցին վախենալ ամբարիշտի գալուստից։ Նույնիսկ Տիրան արքան երկյուղեց իր մոտ պահել բարեպաշտ Սարգսին, մտածելով, որ գուցե Հուլիանոսը տեղեկանա և իրենից պահանջի զորավարին, և հրաժարվելու դեպքում՝ խռովություն ծագի հոռոմների և իր երկրի միջև: Ապա խորհուրդ է տալիս Սարգսին հեռանալ այստեղից և դիմել պարսից Շապուհ արքային:
Այս ամենը հենց այնպես չէր, որ կատարվում էր, այլ աստվածային նախախնամությամբ, որովհետև դա նրան առաջնորդեց այն վայրը, որը տեսել էր տեսիլքի մեջ և որտեղ պիտի պսակվեր Քրիստոսի անվան համար երանելի նահատակության վկայությամբ:
Սարգիսը մեկնեց Հայաստանից և որդու հետ գնաց Պարսկաստան: Լսելով, որ Շապուհ արքան Տիզբոնից ելել և Խորասան է անցել, ինքն էլ գնաց այնտեղ թագավորին դիմավորելու:
Շապուհ թագավորը երբ նրան տեսավ, շատ ուրախացավ, քանզի ուրիշներից տեղեկացել էր նրա քաջության մասին: Նրա բերանից ևս լսեց, թե Հուլիանոսի հարստահարություններից խուսափելու համար փախել է հոռոմների երկրից:
Արքան մեծ պատիվներով ընդունեց նրան և գլխավորներից մեկը նշանակեց իր զորքի մեջ: Տեղյակ լինելով նրա քաջության և հավատարմության մասին, բազմաթիվ գնդեր դրեց նրա տրամադրության տակ: Զորավար Սարգիսը մասնակցեց բարբարոսների դեմ մղված բազմաթիվ պատերազմներին, և բոլորի մեջ էլ Աստված նրան հաջողություն շնորհեց: Այս պատճառով էլ թագավորի ու նրա մեծավորների սիրելին դարձավ: Իսկ երանելին այս հաղթանակները ոչ թե իր անձին, այլ Աստծո զորությանն էր վերագրում:
Շուտով լուր տարածվեց, թե Տաճկաստանի թագավորը կամ մեծ նախարարը, ապստամբելով պարսիկների դեմ, բազմաթիվ զորքերով եկել, հասել է պարսից սահմանը և պետք է ավերի ու ասպատակի ողջ երկիրը: Այդ պատճառով մեծաքանակ զորք տալով Սարգսին՝ ուղարկեցին տաճիկների վրա:
Սուրբ Սարգսի զորքերը, տեսնելով թշնամիների անհամար բազմությունը, որոնք զինված էին ծանր ու թեթև զենքերով, զարհուրեցին և սկսեցին ասել.
-Հիմա ամենքս էլ նրանց ձեռքից կորսվելու ենք, որովհետև մեզ համար անհնար է, որ կարողանանք պատերազմել այսքան անհամար բազմության դեմ:- Ոմանք նույնիսկ սկսեցին ասել.
-Հեռանա՛նք այստեղից, Սարգիս, որովհետև կորստի ես մատնում թե՛ քեզ, թե՛ մեզ:
Իսկ երանելի Սարգիսը, տեսնելով, որ իր զինվորները շատ են վախենում, հարմար գտավ նրանց հայտնել իր հավատքի ճշմարտությունը և զորությունը, ու բացահայտ ցույց տալ նրանց հեթանոսական մոլոր ստությունն ու տկարությունը:
Եվ սկսեց խոսել առաքինի զորավարը՝ հաստատուն հավատք ունենալով Հիսուս Քրիստոսի վրա և լցված Աստծո սիրով, և իր շնորհալի բերանը բացելով` ասաց նրանց.
-Եղբայրներ և զինակիցներ, եթե ձեր ամբողջ սրտով հավատաք երկնքի և երկրի Արարչին, ձեր սրտերը երբեք չպիտի զարհուրեն մեր թշնամիների զորքի բազմությունից, այլ Աստծո օգնությամբ ձեզնից յուրաքանչյուրը նրանցից հազարը պիտի հալածի, երկուսը նրանց բյուրավորները փախուստի մատնեն: Արդ, հավատացեք, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, և մի՛ սարսափեք, հավատացե՛ք և Տեր Աստծու անունը կանչեք, և Նա իր հրեշտակին կուղարկի և կհալածի ձեր թշնամիներին: Եվ այս էլ ասեմ ձեզ. եթե ամբողջ սրտով հավատաք, ես երաշխավոր կլինեմ Քրիստոսի մոտ, և ձեզնից ոչ մեկը չի պակասի։ Ձեր ահը նրանց վրա պիտի ընկնի, և նրանք փախչելու են ձեր առջևից: Իսկ եթե ոչ, ձեր առջև ունեք կրկնակի կորուստ, թե՛ մարմնի և թե՛ հոգու, որովհետև ձեր աստված կոչվածները որևէ ձևով չեն կարող օգնել ձեզ, քանի որ զորություն չունեն: Եվ ոչ էլ լուսատուները, որոնց պաշտում եք, ոչ էլ կուռքերը, որոնց պատվում եք. որովհետև ականջ ունեն, բայց չեն լսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում, ձեռքեր ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, բայց չեն քայլում, և նրանց բերանում շունչ չկա: Եվ նրանք, որ սարքեցին դրանք, նրանց պես պետք է լինեն ու, բոլոր նրանք, որ նրանց վրա են հույս դրել: Ոչ էլ կրակը, որին դուք որպես աստված եք պաշտում ու երկրպագում։
Այդ ժամանակ պատասխանեցին զինվորները և ասացին.
-Իսկ ո՞ւր է քո Աստվածը, Մար Սարգիս, և եթե մեր արձանները աստված չեն, ցո՛ւյց տուր մեզ ճշմարիտ Աստվածդ, որ տեսնենք ու հավատանք Նրան:
Եվ երանելին պատասխանեց.
-Իմ պաշտած Աստվածն Աստված է բոլոր գոյությունների, երևելի թե աներևույթ, և Նա բնակվում է անմերձենալի լույսի մեջ:
Այս խոսքերից հետո սկսեց քարոզել ճշմարիտ հավատքի մասին, վկայելով ամենասուրբ Երրորդության և մեկ Աստվածությունը և հերթականությամբ պատմեց Արարչի սքանչելագործությունները, թե ինչպես մարդուն ստեղծեց ըստ Իր պատկերի, և թե ինչպես է խնամում բոլոր արարածներին: Նախ քարոզեց մարգարեների մարգարեությունները, Աստծո Բանի փրկագործ մարդեղությունը՝ Նրա աշխարհ գալով. Նրա կենարար տնօրենությունները, գործած հրաշքները, խաչվելը, թաղումը, երրորդ օրվա հարությունը և փառքով երկինք համբարձվելը: Եվ որ դարձյալ պետք է գա նույն մարմնով՝ դատելու մարդկանց իրենց գործերի համեմատ. բարեգործներին ու ուղղահավատներին՝ վարձատրելով, իսկ չարերին և անհավատներին` հավիտենական տանջանքների մատնելով: Ահա այս է ճշմարիտ աստվածությունը, որին եթե ձեր ամբողջ սրտով հավատաք և հրաժարվեք ձեր խավար պաշտամունքներից, կընդունեք հավիտենական կյանքը և երբ Նա գա Իր Աստվածային փառքով, ձեզ անհավատների հետ չի մատնի հավիտենական հրին ու դժոխքի տանջանքներին:
Այս և ուրիշ շատ բաների մասին խոսեց բանակի մեջ երանելի Սարգիսը ամբողջ զորքերի առջև, և նրա վարդապետության շնորհը մտավ բոլոր զինվորների մեջ, և նրանք միաբերան աղաղակեցին.
-Հավատո՜ւմ ենք Սարգսի Աստծուն:
Ապա համարձակաբար հարձակվելով թշնամիների վրա` ավերեցին նրանց բանակը. շատերին սպանեցին, մնացածներին հալածեցին:
Թշնամի զորքերի բազմությունները մասերի բաժանված ուզում էին գունդ-գունդ հարձակվել այն գավառի վրա, որը գտնվում էր Սարգսի պաշտպանության ներքո: Բայց ամենքն էլ խարխափելով, մառախլապատ ճամփաներին մոլորվելով, չէին կարողանում հասնել իրենց նպատակադրված վայրը: Դրանից հետո ցիրուցան լինելով չէին կարողանում իրար գտնել: Իսկ եթե հանկարծ իրար էին գտնում, պատմում էին միմյանց անմարմին զորքերի տեսիլքների մասին, և նրանց ձայնը, որ ասում էր, թե` «Մի՛ հանդգնեք պատերազմել Աստծո ծառայի՝ սուրբ Սարգսի դեմ, եթե ոչ` ամենքդ էլ կկորսվեք»:
Սուրբն այս ամենը տեսնելով և լսելով, փառք էր տալիս ամենազոր Աստծուն և, իր զինվորներին հավաքելով բանակատեղում, ասում էր նրանց.
- Տեսնո՞ւմ եք Բարձրյալի բազուկը. մե՛ծ է Տերը, և մե՛ծ են Նրա սքանչելիքները: Եկե՛ք, եղբայրներ, փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր ողորմությունը ցույց տվեց իր ծառաներին և Իր զորությունը՝ մեր հակառակորդներին:
Իսկ զինվորները, ճշմարիտ հավատքի մեջ զորացած, աղաղակում էին և ասում.
-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը, և անչափելի է Նրա զորությունը: Այսուհետ հավատում ենք ամենասուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը, որ քարոզեց Սարգիսը:
Դրանից հետո շատերը մկրտվեցին քահանաների ձեռքով և բոլորն էլ երկրպագում էին Աստծուն և ուրախանում էին սրբի վարդապետությամբ:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ