2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԴՐԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԱՐԺԱՆԻ

ԴՐԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԱՐԺԱՆԻ
18.03.2011 | 00:00

Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցն անվանակոչվեց Վլադիմիր Ենգիբարյանի անունով: Ի դեպ, այս հարցը երկար ժամանակ օրակարգային էր, սակայն լուծում չէր գտնում:
Դեռ խորհրդային տարիներից մայրաքաղաքի մի շարք մարզադպրոցներ ժողովուրդը կոչում է այն մարդկանց անունով, ովքեր դրանք հիմնադրել են: Հայկական սպորտի այդ երախտավորների ցանկը մեծ չէ: Խոսքը Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Նորայր Մուշեղյանի, Վլադիմիր Ենգիբարյանի մասին է: Կար ժամանակ, որ այս շարքում հիշատակվում էր նաև Իգոր Նովիկովի դպրոցի անունը: Ցավոք, անվանի մարզիկի հիմնադրած և գլխավորած պատանի հնգամարտիկների դպրոցը վաղուց արդեն գոյություն չունի: Իսկ մարզօջախի տարածքն անտեր չի մնացել, այլ նպատակների է ծառայում:
Սակայն խորհրդային տարիներին անվանի այդ մարզիկների անուններով ոչ մի մարզադպրոց էլ պաշտոնապես չկոչվեց: Պատճառն այն է, որ այն ժամանակ ընդունված չէր մարդու կենդանության օրոք նրա անունով որևէ հաստատություն կոչել: Դա պաշտոնապես որոշված չէր, սակայն չգրված կանոն էր: Եվ մարդիկ, ովքեր համաշխարհային փառքի էին հասել, մասնագիտացված կենտրոններ հիմնել, իրենց անունով մարզադպրոցներ ղեկավարելու հնարավորություն չունեին: Նրանց համար միայն փոքր սփոփանք կարող էր համարվել այն, որ ժողովուրդն էր այդպես կոչում:
Թվում էր, թե անկախացումից հետո այս առումով ամեն բան կփոխվի, սակայն այդպիսի բան չկատարվեց: Հայաստանի առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանը մահացել է 1996-ին, և միայն այդ թվականից էլ մարմնամարզության նրա գլխավորած երևանյան դպրոցը կոչվում է Հրանտ Շահինյանի անունով: Սոսկ 2006-ին Ալբերտ Ազարյանի ղեկավարած Երևանի մարմնամարզության դպրոցը պաշտոնապես անվանակոչվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի անունով: Թվում էր` հերթը 1959-ին հիմնված Վլադիմիր Ենգիբարյանի բռնցքամարտի դպրոցինն է: Ակնկալվում էր, որ 2009-ին, երբ նշվում էր դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանը, և Ենգիբարյանը Երևան էր ժամանել, այդ հարցը կկարգավորվի: Անվանի բռնցքամարտիկը 1994-ից կնոջ` Քնարիկի հետ բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Բայց այդպիսի բան չարվեց: Դպրոցի հոբելյանն էլ մեծ շուքով չնշվեց: Այն տպավորությունն էր, որ հարցն այդպես էլ փակուղի է մտել: Թվում էր, թե խանգարող ոչ մի հանգամանք չկա, սակայն խնդիրը մնում էր: Եվ ահա, Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ Ենգիբարյանին անակնկալ էր սպասում: Դպրոցը հանդիսավորությամբ կոչվեց նրա անունով: Իսկ դրան Մելբուռնի օլիմպիական խաղերի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոնը վաղուց էր արժանի: Ենգիբարյանը ռինգում 267 հանդիպում է անցկացրել և տարել է 255 հաղթանակ:
Ի դեպ, Ենգիբարյանը ներկայումս կարծրախտով է տառապում: Ընդ որում, դա ամենևին էլ նրա նախկին բռնցքամարտիկ լինելով չի պայմանավորվում: Ենգիբարյանն այն եզակի բռնցքամարտիկներից է, ով իր մարզական կենսագրության ընթացքում ռինգում շատ քիչ հարվածներ է կրել: Հիվանդությունը, թերևս, ժառանգական բնույթ ունի, քանի որ Ենգիբարյանի հայրը, որը բռնցքամարտիկ չի եղել, նույնպես հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել:
Իսկ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք նրա կնոջ` Քնարիկի հետ: Վերջինս ասաց, որ պատահական է ստացվել, որ 1994-ին մնացել են ԱՄՆ-ում և հայրենիք չեն վերադարձել: Սակայն առաջին օրից Ենգիբարյանը չի համակերպվել նոր միջավայրին և շարունակ ասել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Սկզբնական շրջանում նա մարզչությամբ է զբաղվել, ունեցել է սաներ: Նրանցից մեկը 12 տարի առաջ հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում կազմակերպվող «Ոսկե ձեռնոցներ» հեղինակավոր մրցաշարում: Ընտանիքի ծանրությունը կրել է նաև Քնարիկը, որն ԱՄՆ տեղափոխվելու 21-րդ օրվանից սկսած աշխատել է: Նա մասնագիտությամբ բժշկուհի է: Տիկին Քնարիկը նշեց, որ երբ ամեն անգամ Հայաստան էին գալիս, մի տեսակ թևաթափ էին հեռանում, իսկ այս անգամ, պատահական այցից հետո, կատարվածից ուղղակի ցնցվել են: Եվ քանի որ բռնցքամարտի մարզադպրոցի ճեմասրահում ցուցափեղկեր են սարքավորվել, որոնցում ներկայացված են Ենգիբարյանի և բռնցքամարտի դպրոցի սաների պարգևները, հետաքրքրվեցինք, թե պահպանվե՞լ են Ենգիբարյանի օլիմպիական և մյուս պարգևները: Իսկ դրա շարժառիթն այն էր, որ 1961-ին գողացել էին մեր երկրի օլիմպիականների պարգևները:
Ենգիբարյանի կինը հայտնեց, որ այն ժամանակ ԺՏՆՑ-ի ցուցասրահից չարագործները տարել էին Հրանտ Շահինյանի մեդալների ողջ հավաքածուն` ժապավենի վրա շարված, Ալբերտ Ազարյանի, Իգոր Նովիկովի օլիմպիական մեդալները: Իսկ Վլադիմիր Ենգիբարյանը դեպքերի բերումով ցուցադրման համար պահ տված է եղել միայն իր չեմպիոնական գոտին: Եվ դրա ոսկու մասն էին հափշտակել: Ընդ որում, ոսկին առանձնացրել էին կաշեգործի դանակի օգնությամբ և այն տեղում էին թողել: Իսկ Ենգիբարյանի մեդալներն այժմ մնում են: «Եվ դրանց շնորհիվ էր, որ մեզ երկու ամսում «Գրին քարտ» տվեցին: Հաջորդ տարի նախատեսվում է, որ Հայաստանում շուքով պետք է նշվի Վլադիմիր Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանը: Խնդրել են, որ այդ մեդալների կրկնօրինակները պատրաստել տանք և ուղարկենք: Չգիտեմ, թերևս, հետագայում այդ մեդալներն էլ այստեղ բերվեն ցուցադրվելու: ՈՒնենք չորս երեխա` 3 տղա և 1 աղջիկ: Ամենափոքրերը` տղաս և աղջիկս, մեզ հետ Ամերիկայում են բնակվում: Մյուս տղաս Երևանում է, մեկն էլ Ռուսաստանում է: Հայաստանում են մեր տունը, ամառանոցը: Այնպես որ, դժվար է ասել, կշարունակե՞նք մնալ ԱՄՆ-ում, թե՞ մի օր կվերադառնանք»,- ասաց տիկին Քնարիկը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ