2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՉԵՄ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ՁԵԶ ՀԵՏ, ՔԱՆԻ ՈՐ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ՈՎ Է ԻՄ ԴԵՄ ԿԱՆԳՆԱԾ

ՉԵՄ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ՁԵԶ ՀԵՏ, ՔԱՆԻ ՈՐ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ՈՎ Է ԻՄ ԴԵՄ ԿԱՆԳՆԱԾ
07.12.2010 | 00:00

Սիրելի իմ հայ (հուսով եմ, որ հայ) եղբայր Պավել (կնքվելուց հետո` Պողոս) Անանյան:
Ես չեմ բանավիճելու Ձեզ հետ, քանի որ չգիտեմ, թե ով է իմ դեմ կանգնած: Համաձայնեք, որ եթե դիմացինդ 10-15 տարեկան երեխա է, ապա դա մի զրույց է, եթե հասուն մարդ է, ապա դա բոլորովին այլ մակարդակի խոսակցություն է, իսկ եթե դիմացինդ 95 տարեկան պապիկ է, ապա դա մի երրորդ տիպի զրույց է: Բացի դա, նաև էական նշանակություն ունեն զրուցակցիդ կրթական մակարդակը և մասնագիտական ուղղվածությունը: Եթե դիմացինդ չորրորդ դասարանի կրթություն ունի, ապա զրույցն ընթանալու է մի մակարդակում, եթե տասնամյակ է ավարտել կամ եթե բարձրագույն կրթության տեր է (և ինչ-որ մասնագիտություն ունի), ապա զրույցի մակարդակը փոխվում է, դե իսկ եթե գիտնական է դիմացինդ, ապա զրույցի թեման ձեռք է բերում իրեն արժանի գիտական մակարդակ:
Բացի այս ամենից, երբ խոսում ես գիտնականի հետ, մասնագիտությունն էլ կարևոր նշանակություն ունի: Չէ որ ոչ ճշգրիտ (այսպիսի անվանում է ընդունված, իհարկե, ավելի ճիշտ կլիներ անվանել պատմողական) գիտությունների ներկայացուցիչների համար բանավեճի ընթացքում առավել ապացուցողական ուժ ունեն այն փաստարկները, որոնց հիմքում ընկած են հղումներն այլ, իրենց համար հեղինակություն հանդիսացող, գիտնականների կարծիքներին: Իսկ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներն առավել հակված են դիտարկելու տրամաբանական հիմնավորումները:
Տեսնում եք` ինչքան բարդ արվեստ է բանավեճը:
Իսկ դուք, բարկացած և նեղացած իմ գրած որոշ գիտական փաստերից, մոռացել եք, որ արդեն կնքվել եք և դարձել քրիստոնյա: Դա նշանակում է, որ պետք է հետևեք քրիստոնեական բարոյախոսությանը:
Իսկ Դուք ի՞նչ եք անում: Սկսում և ավարտում եք Ձեր գրությունը արտահայտություններով, որոնք վայել չեն քրիստոնյային: Փորձում եք ինձ վիրավորել` անվանելով հեթանոս (ակնհայտ է, որ չգիտեք այդ բառի իմաստը և ծագումնաբանությունը, քանի որ այն օգտագործում եք ոչ ճիշտ իմաստով), անհավատ-բոլշևիկ (ակնհայտ է, որ Դուք անդրադարձնում եք Ձեր իսկ սեփական անցյալը, քանի որ գրում եք, թե կնքվել եք և, ամենայն հավանականությամբ, նոր) և բազում այլ, բոլորովին չհիմնավորված, անգիտությունից բխող, մեղադրանքներ եք հարուցում իմ դեմ:
Սակայն ես զուտ մարդկայնորեն հասկանում եմ Ձեզ և, կարելի է ասել, քրիստոնեաբար ներում եմ, քանի որ համոզված եմ, որ «չգիտեք, թե ինչ եք անում»:
Թերթը դասագիրք չէ, որ տարրական գիտելիքներ Ձեզ հաղորդեմ: Գնացեք գրադարան և կարդացեք Խորենացի, Կորյուն, Ագաթանգեղոս և այլ հեղինակների: Այդ ընթացքում, հավանաբար, կհանգստանաք, Ձեր բարկացածությունը և նեղացածությունը կանցնեն… Կիմանաք և հանգիստ կվերաբերվեք այն փաստին, որ Գրիգոր «Լուսավորիչը» հայ չէր, ինչպես Դուք եք կարծում ու գրում («Կարո՞ղ էր Սասունցի Դավիթը «ոչնչացնել հայկական մշակույթը», կամ` ուշացած ներբող սբ. Գր. Լուսավորչի (240-326) ծննդյան 1770-ամյակին», «Իրատես de facto», թիվ 31 (241), 2010), այլ պարսիկ էր, Հայաստանում Պարսկաստանի դեսպան, հայոց Խոսրով արքային սպանած Անակ Պարթևի որդին: (Փակագծերում նշենք, որ այն ժամանակներում արքայասպանությունը չափազանց մեծ մեղք էր համարվում, շատ ավելի, քան հիմա նախագահ կամ վարչապետ սպանելը, քանի որ արքայի իշխանությունը համարվում էր աստվածային շնորհ:)
Մի բան էլ նկատենք, որ եթե Լենինը և նրան շրջապատող բոլշևիկները բոլոր ժամանակների ամենաանիծյալ և նզովելի սրիկաներն էին, ապա դա չէ, որ ստվեր է գցում Մարքսի տեսության վրա: Եվ եթե մեկը քննադատում է Լենինին` սովետական կոմունիզմի` բոլշևիզմի հիմնադրին, նրա մարդատյացության և հայատյացության համար, ապա այստեղից չի բխում, որ նա քննադատում է մարքսիզմը: Մարքսի տեսությունը, իհարկե, թերի է: Եվ այդ թերությունը գտնել և բացահայտելը դժվար, սակայն լուծելի ու արդեն լուծված խնդիր է: Սովետական համակարգը կործանվեց առաջին հերթին այն պատճառով, որ նրա տնտեսական և փիլիսոփայական տեսությունը գիտականորեն չէր քննադատվում ու այդ պատճառով չէր զարգանում: Չի կարելի թույլ տալ, որ նույնը տեղի ունենա նաև քրիստոնեական ուսմունքի հետ: Եթե ես քննադատում եմ քրիստոնեություն ընդունելու ձևը, ապա դա չի նշանակում, որ ես նույն քննադատությանն եմ ենթարկում այդ ուսմունքի բարոյագիտությունը: Դրա քննարկումն արդեն իսկ շատ բարդ, նուրբ խնդիր է և բավարար գիտելիքներ է պահանջում, առավել ևս թերթային քննարկման առարկա չէ և չի էլ կարող լինել:
Այսպիսով, որոշ գիտելիքներ ձեռք բերելուց հետո միայն և հանգիստ ընկերական մթնոլորտում կարող ենք զրուցել Ձեզ հուզող բոլոր հարցերի շուրջ:
ՈՒ վերջում մի խորհուրդ տամ: Պետք չէ շռայլել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է, օրինակ, «ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ», քանի որ պարզ չէ, թե ինչպիսի, ինչ չափի պատասխանատվություն եք պատրաստ կրելու, եթե Դուք սխալված լինեք: Ներողությո՞ւն եք պատրաստ հայցելու, թե՞ պատրաստ եք ֆինանսական, վարչական կամ այլ տիպի տույժ կրելու:
Բոլոր դեպքերում գիտելիքներ ունենալը դեռ ոչ մեկին չի վնասել: Հաջողություն եմ մաղթում Ձեզ ինքնակրթության ճանապարհին:
Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ