2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱՆՎԱՅԵԼՈՒՉ» ԲԱՐՔԵՐ

«ԱՆՎԱՅԵԼՈՒՉ» ԲԱՐՔԵՐ
18.03.2011 | 00:00

Տարիներ առաջ Հայաստանում շատ քիչ կարելի էր հանդիպել սափրագլուխ, հաստավիզ, սևազգեստ երիտասարդների, ովքեր իրենց տերերի համար անփոխարինելի օգնական-թիկնապահ-աջ ձեռք էին: Երևանը երբեք թիկնապահների այսպիսի քանակություն չէր ունեցել: Այսօր յուրաքանչյուր «իրեն հարգող» մականունավոր, պատահականորեն որևէ պաշտոնի տեր դարձած անձ պատիվ է համարում ունենալու մի քանի թիկնապահ, որոնցից մեկը կծառայի տան անդամներին, մյուսը` իրեն, հաջորդի համար էլ հաստատ գործ կգտնվի: ՈՒշագրավ է, որ բոլորն էլ ունենում են ֆիրմային (իհարկե, սև գույնի) մեքենաներ, որոնք շքախմբի նման «շեֆին» տեղից տեղ են տեղափոխում: Այս «բարդույթն» այնքան մոդայիկ է դարձել հասարակության որոշակի շերտերի (կոմունիստները կասեին` դասակարգերի) համար, որ առանց թիկնապահների գոյության ճնշված ու իրենց կյանքը վտանգված են զգում: Իհարկե, չենք խոսում այն հանցագործությունների մասին, որոնք գործում են թիկնապահները ու որոնց «ՍՐօՔց՚Ց» նրանց տերերը:
Ինչևէ, իրողությունն անընդունելի ու տհաճ է ոչ միայն շարքային քաղաքացու, այլև երկրի ղեկավարի համար: ՀՀԿ 20-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց. «Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի և ձևի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրն անելիք ունի»:
Թերևս առավել վտանգավոր է, երբ թիկնապահները շարունակում են իրենց ծառայությունը մատուցել արդեն նախկին պաշտոնյային, բայց գերատեսչությանը պատկանող պետհամարանիշեր կրող մեքենաներով: Ավելի հստակ. տևական ժամանակ մամուլը տեղեկացնում էր, թե ՀՀ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանն այսօր էլ՝ պաշտոնանկությունից մոտ 3 տարի անց, շրջում է նույն մաքսային կոմիտեի «բալանսին նստած» թիկնապահների ուղեկցությամբ և կոմիտեին պատկանող համարանիշեր կրող մեքենաներով: Հարցի առնչությամբ «Իրատես de facto»-ն օրերս դիմեց ՊԵԿ-ին. «Արդյոք դա ապօրինի գործունեություն չէ՞, ինչո՞ւ պետեկամուտների կոմիտեն համապատասխան քայլեր չի ձեռնարկում սա թույլ չտալու համար»: Այստեղից մեզ համար բացվում է պետական գերատեսչությունների աշխատանքների մեկ այլ բացթողում: Արդեն մեկ ամսից ավելի է, որ հարցն ուղարկվել է ՊԵԿ, սակայն ոչ մի արձագանք:
Այստեղ հիշեցինք, թե ինչպես է մշտապես վարչապետը նշում, թե նախարարությունները, գերատեսչությունները պիտի թափանցիկ, հրապարակային աշխատեն լրատվամիջոցների հետ, ուստի որոշեցինք գործադիրին դիմել` այս անգամ էլ նրանից պարզելու, թե ինչու են նախկին պաշտոնյային շարունակում սպասարկել պետական բյուջեի սուղ միջոցների հաշվին, և ինչո՞ւ իր ենթակայությամբ աշխատող ՊԵԿ-ը լրատվամիջոցներին որևէ բացատրություն չի ուզում տալ խնդրո առարկայի շուրջ: Բայց ինչպես ասում են` «ջրից դուրս եկանք, ընկանք մրջուրը»:
Հասկացանք, մամուլի հետ աշխատող Արամ Անանյանը քաղաքում չէ: Բայց հո մի կառավարություն, մի Արամ չէ՞: ՈՒրիշ ո՞վ է լիազորված լրատվամիջոցի հարցին պատասխանելու, ասացին` զանգեք Ռիմային: Զանգեցինք։ Չգտանք։ Փորձեցինք գոնե Ռիմայի բջջային հեռախոսի համարը ճշտել, որ կապվենք նրա հետ: Այս հանգամանքը հունից հանեց կառավարության լրատվական բաժնում աշխատողին, ու նա սկսեց գոռգոռալ։ Երբ մի կերպ կապվեցինք Ռիմայի հետ, վերջինս հընթացս նշեց, թե «անվայելուչ» ենք խոսել իրենց աշխատողի հետ։ Ինչևէ:
Ռիման մեզ խոստացավ ՊԵԿ-ից տեղեկանալ` ինչո՞ւ չեն պատասխանում մեր հարցին: Ըստ էության ոչինչ էլ չկարողացավ պարզել կառավարության աշխատակիցը: Իսկ մեզ համար արդեն ակնհայտ էր, որ պատասխան ակնկալել պետք չէր:
Վերջում պարզապես կցանկանայինք մեջբերել վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը. «Մեր նպատակն է խրախուսել օբյեկտիվ քննադատությունը, ինչն ուժեղացնում է իշխանությանը` բացահայտելով հասարակությունում առկա լրջագույն խնդիրները»:
Իսկ մինչ պետական գերատեսչությունները «պետական գաղտնիքի են վերածել» նախկին գլխավոր մաքսավոր Արմեն Ավետիսյանի թիկնապահների և ավտոմեքենաների հարցը, վերջինս, ի հեճուկս երկրի բարձրաստիճան ղեկավարների հավաստիացումների, շարունակում է իր անվտանգությունը և տրանսպորտային ծախսերի գոնե մի մասը հոգալ «հետճգնաժամային» պետական «սուղ բյուջեի» հաշվին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ