2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՀՐԵՇՏԱԿԸ ՏԱՐԱՎ ՔԱՀԱՆԱՅԻ ՀՈԳԻՆ

ՀՐԵՇՏԱԿԸ ՏԱՐԱՎ ՔԱՀԱՆԱՅԻ ՀՈԳԻՆ
30.11.2010 | 00:00

Օրերս «Տեսիլքներ հայոց մասին» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանն ինձ հրաշալի մի վկայություն ցույց տվեց, որ նկարահանված էր Թբիլիսիում, բջջային հեռախոսով: Անցորդներից մեկը մայրամուտն է նկարում, թե ինչպես արևն ահա շենքի հետևում կանհետանա: Եվ շենքի տանիքին երկնքից իջնող ուժեղ լույս է տեսնում: Շարժապատկերում արևը դեռ մայր չի մտել, և արևի լույսի նման մի լույս է իջնում տանիքից` բնակարաններից մեկը, և լույսն այնքան է զորեղ, որ շողերը քարե պատերից էլ են դուրս հորդում, ասես քարերն ապակիներ լինեն լույսի համար: Եվ պարզ երևում է, թե որ հարկն ու որ բնակարանը իջավ: Քիչ անց լույսն ավելի մեծացած դուրս է գալիս ու բարձրանում երկինք: Եվ առավել սքանչելի հրաշքն այստեղ է: Շենքից արդեն բավականին վեր` պարզ նկատվում են իրար միացած, մարդու նման` երկու լուսեղեն կերպարանքներ, մեկը` մեծ ու ավելի վեր, մյուսը` ավելի փոքր ու մի քիչ վար:
Մի քանի օր անց նկարահանողը թակում է այդ բնակարանի դուռը, ցույց է տալիս նկարածն ու հարցնում, թե այդ օրը, այդ ժամին իրենց տան մեջ իջած լույսը չե՞ն տեսել:
-Ո՛չ,- պատասխանում են տան բնակիչները,- այդ օրը դժվար օր էր մեզ համար, որովհետև այդ օրն ու այդ նույն ժամին այստեղ քահանա է մահացել:
Այժմ, երբ այս լրացուցիչ տեղեկությունները համադրում ենք նկարահանվածը քննելու համար, հոգևոր գրականությունից հիշում ենք նման պատկերներ, թե ինչպես են Աստծո ընտրյալների վրա, նրանց մահանալու պահին, Աստծո հրեշտակներն իջնում և նրանց հոգին առաջնորդում-տանում երկնային արքայություն: Անշուշտ, մեր տեսած առավել մեծ կերպարանքը Տիրոջ հրեշտակն է, փոքրը` քահանայի հոգին: Կարծում ենք, այս հրաշալի վկայությունը շատերիս կդրդի մեր կյանքն ավելի լրջորեն քննելու, ապաշխարելու մեր բոլոր մեղքերը, այն ամենը, որ անհաճո է Աստծո կամքին, ըստ Նրա պատվիրանների և Լեռան Քարոզի:
Հավելենք, որ հոգիների մասին Եղիշեն մի ուսումնասիրություն ունի, թե որտեղից են գալիս և ուր են գնում, որտեղից մի քանի հատված մեջբերենք` մեր ճանաչողությունն առավել ընդլայնելու նպատակով: Եվ երբ խելամիտ լինենք մտածելու, թե այս աշխարհում ընդամենը մենք հյուր ենք լինելու` այսքան կամ այնքան տարի, որ մեր հոգիները բանականությունից վեր գոյություններ են և մարմնի հետ չեն մեռնում, ապա առավել լավ ու խելամիտ է` հնարավորինս վաղ սկսենք ճանաչել մեր հոգիները, որտեղից են գալիս նրանք կամ մարմնի մահից հետո ուր են գնում.
«Այն, որ հոգիները կան, մեր լինելության բնությունն էլ է այդ ապացուցում, քանի որ մարդը կրկնակի տեսակից է բաղկացած, մեկը շարժում է, մյուսը՝ շարժվում: Նա, որ շարժում է, ունի կայուն բնություն, իսկ շարժվողը գործում է իր ընդունած սննդի տևողության համեմատ: Եվ միացած են միմյանց, երբ երկուսով մեկ կեցության մեջ են գտնվում, իսկ թե շարժողը թողնի շարժվողին, ապա շարժվողը, որ մարմինն է, ամբողջովին կանշարժանա...
...Երկնքից երկնայիններն են, իսկ երկրից՝ երկրայիններս, և մարդը երկնայինի ու երկրայինի խառնուրդ է. նոսրագույն է երկնքից առնված և թանձրագույն՝ վերցված երկրից: Որովհետև, եթե հրեշտակների գոյացությունները երկնքի ծնունդներ լինելով՝ հրից և օդից են բաղկացած, ինչպես մեծն Դավիթն է ասում. «Նա, որ արարեց հրեշտակներին որպես հոգիներ», իսկ պաշտոնյաներին անվանում է այրող կրակներ, ապա ի հայտ է լինում, որ եթե մարդկային հոգիները նույն նյութից են գոյացել, Արարչի կամքով՝ լինելության մեր առաքինի բնությամբ, ապա մենք ո՛չ հրեշտակներ ենք և ո՛չ էլ դևեր, ինչպես ոմանք են անվանում, այլ միայն հոգիներ ենք, մարդկային հոգիներ: Հրեշտակների հոգիները բնությամբ պարզ են և անմարմին՝ առանց հոդերի... անձեր են կատարյալ և նրանց անձերի կատարելությունը որևէ մեկից չէ, այլ ինքնակատար էություններ են՝ կատարյալ գոյացություններ:
Իսկ մարդկային հոգիները պարզ գոյացություններ են՝ հստակ էությամբ, սուրբ, մաքուր, իմացական բնությամբ, ձևն ունեն սկզբնատիպի, հարկավոր շարժումներ, վերաբերմունք, անմահ տևողություն, ապրում են մարմնին կցված, նույն որակության մեջ՝ անձանձրալի միությամբ, որպես անբաժանելի մասունք ու անհատի զորություն, անծերանալի կյանքի երկարությամբ, առանց իրենց արժանի վայրում բնակություն ունենալով, ավելի առաջ են, քան զգալը մարմնի, մարմնի հետ գոյացության լինելիության մեջ գտնվելով, ունեն իմացականություն և անքանակ են: Մարդկային հոգին մարմնի մեջ լինելով՝ ամեն ինչ ունի՝ այն ամենը, որ կամենում է կամ ախորժում: Եվ մարմնի հետ լինելով՝ գիտի իր բնությունը մարմնից տարբերել։
...Արդ, լույսը գնում-միանում է այն արմատին, որտեղից ծնվեց, որովհետև բաժանվել է արդեն իր հետ կապված մարմնից, որի հետ մեկ միության մեջ էր: Իսկ (հոգիների մասին ճշմարտությունն այս է) այն, որ ազատ ու վեհագույն է հոգին, կախված չէ նյութից և, մոտավորապես, Աստծո բնությանն է նման, նաև՝ հրեշտակներին և հրեշտակի նույն էությունից է, բայց հրեշտակ չէ, այլ հոգի է միայն...»:
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ հոգիների մասին կառուցողական մի լավ գիրք լույս տեսավ. Յուլյա Վոզնեսենսկայայի «Իմ հետմահու ճամփորդությունը» վեպը, որ լույս է ընծայել «Գթություն» հրատարակչությունը: Վեպը իրական պատմություն է: Գրքի թարգմանիչն է Վարազդատ Ավագյանը: Խորհուրդ կտայինք կարդալ:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ