Սերգեյ ՖՈՒԴԵԼ
Իմ սիրելի Նիկոլաշենկա։
Ո՞նց ես։ Կուզեի նստել քեզ հետ, զրուցել։ Դրա համար էլ սկսեցի գրել։ Վերջին ժամանակներս ինձ տանջում է այն, որ կորցնում եմ վերջին ժամանակը, չեմ շփվում քեզ հետ, մտերմաբար չեմ զրուցում։ Ասենք, հասցրել եմ նկատել և այն, որ լռությունը հազվադեպ է վնասում, որ բանը բառերը չէ։ Բայց երբեմն բառերն այնպես են նեղվում լռությունից, որ դուրս են թռչում, ինչպես կալանավորները դեպի ազատություն։ Ես քեզ շատ շնորհակալ եմ նամակներիդ համար։ Կարելի է շատ լավ ապրել, այսինքն` լինել ինչ-որ հոգևոր անդորրի մեջ, սակայն ինչպես էլ ապրի մարդը, ամեն մի բարեկամական խոսք մոտավորապես նման է Նոյի թռչնի կտուցի թարմ ճյուղին, ուրեմն ինչ-որ տեղ ցամաք է երևացել, և դադարել է Աստծո ցասումը։ Միայն, երևի, պետք չէ «ձգտել», այսինքն` շահադիտորեն հետամուտ լինել որևէ բանի։ Դա հավասարապես վերաբերում է և՛ բարեկամի, և՛ կնոջ սիրուն։ Մենք իրավունք չունենք ոչ մի բանի, մենք ոչնչի արժանի չենք, ոչ ոք մեզ ոչինչ պարտք չէ. ոչ բարեկամը` նամակ, ոչ կինը` սեր, այլ մենք ենք պարտք բոլորին։ Դա շատ նեղ ճանապարհ է, սակայն ինչպիսի ուրախություններ է խոստանում նա առաջ քայլողներին։ Ինչքան նեղ, այսինքն` ինչքան ուժեղ է այդ «Ես եմ պարտավոր, այլ ոչ թե ինձ են պարտք»-ը, այնքան ավելի է լայնանում սիրտդ, այնքան ավելի ընդունակ է նա դառնում ընդգրկելու աշխարհը։ Այո՛, գոյություն ունի հոգևոր կյանքի մեծագույն ուրախությունների ճանապարհ, ուղի, որը հագեցած է ջերմությամբ և իմաստով։
Սակայն դրա մասին չէի ուզում գրել։ Դա հազվադեպ է արժանահավատ հնչում, քանզի չափազանց անհավատալի է։
Դու շարունակ վախենում ես` կարո՞ղ ես արդյոք ստեղծել քո ընտանիքում ընտանեկան ջերմություն, տալ Լյալյային այն, ինչը կցանկանայիր նրան տալ, հատկապես այն բանից հետո, երբ մենակ մնաս իր հետ։ Այդ վախը հիմքեր ունի։ Չի կարելի սովորել ընտանիք ստեղծել գրքերից, ամբողջ մարդկային իմաստությունից։ Գրքերն այստեղ ավելի շուտ կվնասեն։ Շուռ գալով դեպի անցյալի, տեսածի, լսածի կողմը` մտածում եմ այսպես. ինչպես Աստված առանց Եկեղեցու, այնպես էլ` ընտանիքը` առանց Եկեղեցու անիմանալի է։ Առաքյալի խոսքով, Եկեղեցին Աստծո մարմինն է։ Այդ կենդանի հյուսվածքից դուրս անհնար է անըմբռնելիի ընկալումը։ Եկեղեցուն հարկավոր է նույն կերպ հավատալ, ինչպես Աստծուն, այսինքն` իռացիոնալ և անվերապահորեն, պարզ և ուրախ։ Նա Քրիստոսի բարեկամների հյուսված ձեռքերն է Խորհրդավոր ընթրիքին, մարմին է Նրա մարմնից և ոսկոր է Նրա ոսկորներից։
Ամուսնությունից բացի, գոյություն ունի մարդու մի այլ ճանապարհ` միայնակի ուղին ընտանիքից դուրս։ Ինչպես առաքյալն է ասել, այդ ուղին «ավելի երանելի է»։ Սակայն ընտանիքի ուղին ունի մի առանձնահատկություն։ Այն ավելի շուտ է հնարավորություն տալիս Տիրոջ խոստումի իրականացմանը. «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված լինի իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»։ Ընտանիքը փոքր Եկեղեցի է, ինչ-որ մի բան, որ հատկապես զգայուն է և ընդունակ ընկալելու Եկեղեցու այդ խորհուրդը, որպես Աստծո Մարմին։ Այստեղից է ընտանիքում այդպիսի ձգտումը` սրբացնելու ամբողջ շրջապատող կենցաղը, կյանքի կերտվածքը, առարկաները, գոյության ամբողջ նյութը, սրբացնելու այն ամենով, ինչը սրբացնում է` սկսած խորհուրդներից և վերջացրած զատկական ձվով կամ խաչերով, որոնք գյուղերում մրով կամ ածխով գծագրում են բարավորների վրա։ Իհարկե, ամեն ինչ արտաքնապես արտահայտված ուժ ունի միայն ներքին իշխանության առկայության դեպքում, բայց դա արդեն այլ խոսակցություն է։
Այնպես որ, չգիտեմ` ինչպե՞ս կարելի է պատկերացնել ամուր, ջերմ և ուրախ ընտանիք Եկեղեցուց դուրս։ Իսկ Եկեղեցին, հենց այն պատճառով, որ «Քրիստոսի հագուստն է անարատ» (Տյուտչևի խոսքերն են), այլ ոչ թե ինչ-որ մեխանիկական գործողությունների համար կազմակերպություն, կամ, ինչն ավելի վատ է, ռացիոնալիստական աստվածաբանությունների համար, պահանջում է յուրաքանչյուրից, ով ուզում է այդ հագուստի մասը դառնալ, ինչ-որ հնազանդեցում մաքրության և ճշմարտության սեփական օրենքներին։ Եթե, օրինակ, Մեծ պահք է, նա ասում է. «Վերջ տո՛ւր միս ուտելուն», «Բա՛ց արա քո ներքին լսողությունը գոնե այս օրերին, երբ մենք, աշակերտներս հիշում ենք, թե ինչպես էին մեխերը ծակում Աստծո մարմինը»։ Կամ էլ գալիս է շաբաթվա երեկոն, կիրակիից առաջ. հարկավոր է նորից գոնե մի ժամով հիշել Քրիստոսի հարությունը։ Դա կարելի է ամեն տեղ։ Չի կարելի, չէ՞, անընդհատ ամեն ինչ մոռանալ։ Կամ, ավելի ճիշտ, մենք այն պատճառով ենք «մոռանում», որ չենք կարողանում և չենք ցանկանում դրանով ապրել։ Յուրաքանչյուրից պահանջվում է միայն այնքան, ինչքան նա կարող է` հիշել չարչարանաց շաբաթը, մեծ տոները, ամեն շաբաթվա երեկոյի սրբազան հիշատակը։ Այդ ամենը մենք կարող ենք ու եթե դա անում ենք (բայց, իհարկե, մաքուր սրտով, այսինքն` չնեղացնելով այդ ընթացքում հարազատներին), ապա մենք արդեն սեփական շնչով լցվում ենք Եկեղեցու մեծ շնչի մեջ։
Ահա հենց այստեղ է մեր միայնության վերջը, անապատի վերջը։
Ֆորմալիզմի (ձևամոլություն) մասին չեմ գրում, որովհետև ինքնին հասկանալի է, որ միայն իրական, ստեղծագործ գործողությունն է հաճելի Աստծուն, այլ ոչ թե ինքդ քեզ ինչ-որ բարեպաշտ մեքենա պատկերացնելը։
Սակայն Աստված փնտրում է մեր գործողությունը, ընդ որում, ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլև Իր։ Հենց այդ գործողությունն էլ Եկեղեցին է` որոշակի պարտքի ուղին Աստծո և մարդկանց առաջ։ Երբեմն մենք ձգտում ենք մեր «գլուխն ազատել» միայն մարդկանց օգնելով։ Իբր թե «մարդկանց սիրենք, բավական է»։ Դա ինքնախաբեություն է։ Մարդն անըմբռնելի է Աստծուց դուրս, և միայն Աստծու միջոցով կարող է ընդունելի լինել։ Նրանից դուրս նա անհեթեթություն է։ Միայն Մարդ-Աստծո միջոցով կարելի է ընդունել մարդուն։ Միայն Աստծուն սիրահարվելով կարելի է սիրահարվել մարդուն, որովհետև միայն այդ ժամանակ գլխի կընկնես, որ մարդու մեջ Աստվածն է։ Այլ կերպ ոչ մի բան հաստատուն չէ, ու մեր «սերը մարդկանց նկատմամբ» տևում է մինչև առաջին փորձությունը կյանքի կրակով։
Առաջին պատվիրանը` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սիրով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»։ Նկատի՛ր, թե ինչ ցնցող կրկնություններ են այդ արտահայտության մեջ։
Ընտանիքը ստեղծվում է ու պահպանվում, միայն եթե «փոքր եկեղեցի է»։ Այլ կերպ ոչ մի շղթա ինքնին չի կարող պաշտպանել ո՛չ կրքեր, ո՛չ «պարտք»։ Կրքի մասին չեմ էլ խոսում, դա ակներև է։
Մարդու կյանքը մեծագույն միայնություն է։
Ե՛վ կիրքը, և՛ «պարտքը» աստվածային սիրուց դուրս միայն սաստկացնում են այն։ Շնչասպառ լինելով կրքից, մարդը սկսում է անմիջապես ավելի շատ խեղդվել մենակությունից։ Դրանով են բացատրվում ամուսնական բոլոր, կարծես անսպասելի, գժտությունները։ Երբեմն միայն վեճ, բռնկումներ, ժամանակ առ ժամանակ վերջնական հեռացում։ ՈՒ այդ ժամանակ սկսում ես հասկանալ, որ ամուսնությունն ինքնին ոչինչ չի փրկում, ոչինչ չի պահպանում, ամեն ինչ մեռնում է մահվան շնչից, եթե այդ երկու թշվառ փոշեհատիկների միջև, որոնք միացրել են իրենց կյանքը, չկա «հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը», եթե այդ երկուսը չեն սկսել «աճել» սերմերի պես Եկեղեցու անապական գոյության մեջ։
Սեռական կյանքը երկրային ֆիզիոլոգիայի նույնպիսի ժամանակավոր երևույթ է, ինչպես ուտելիքը, ըմպելիքը կամ քունը։ Արհամարհել այդ փաստը խենթություն է, իսկ միայն դրանով ապրելը` էլ ավելի։ Պետք է սովորել, և ընդունելով, այնուամենայնիվ, կարողանալ և հաղթահարել այդ ֆիզիոլոգիական փաստը` պատրաստել ինքն իրեն ապագայի համար և կարողանալ, երբ դա պետք է, արթնանալ խոր քնից առավոտյան ժամերգության համար, սանձել ինքն իրեն, երբ դա անհրաժեշտ է, և այլ բաներում։ Դրանք բոլորը վեհերոտ քայլեր են ունայնությունից դեպի անապական կյանք։
Խնդրում եմ Աստծուն, որ Ինքը սովորեցնի քեզ, Ինքն ամեն ինչ բացատրի քո սրտին և մտքին, իսկ իմ խոսքերը, եթե պետք է, թող հարթի։
Աստված քեզ և Լյալյային խաղաղություն, բարի խորհուրդ, սեր, բարեկեցություն, իսկ երբեմն` «հրեշտակային կենակցություն» տա՛։
Քո հ(այրիկ)։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ