ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«ՄԻ՛ ԴԱՏԵՔ ԱՍՏԾՈ ՔԱՀԱՆԱՅԻՆ, ԱՅԼ ԹՈՂԵՔ ԱՍՏԾՈՒՆ»

«ՄԻ՛ ԴԱՏԵՔ ԱՍՏԾՈ ՔԱՀԱՆԱՅԻՆ, ԱՅԼ ԹՈՂԵՔ ԱՍՏԾՈՒՆ»
28.10.2011 | 00:00

Վիրուսի մասին բոլորս գիտենք, քանի որ մարդկության հետ կապված ամեն բան վարակված է։ Եվ այդ ամենը սկսվեց Եդեմի դրախտից. Ադամն ու Եվան անմահության համար էին ստեղծված, բայց անհնազանդությամբ մեղանչելով, չարի ու բարու գիտության ծառի պտուղը ճաշակելով, մահով վարակվեցին, կենդանական աշխարհը վարակվեց գիշատչությամբ, քանի որ ի սկզբանե պետք է սնվեր խոտով, բնությունն էլ վարակվեց ապականությամբ։ Վերջին շրջանում էլ համակարգչային աշխարհը զանազան վիրուսներով է վարակվում ու վնասում օգտակարին։ Իսկ որ գոյություն ունի նաև հոգևոր վիրուս, այդ մասին քչերս ենք տեղյակ, թեև չի բացառվում, որ հենց ինքներս ենք վարակված այդ անտեսանելի ու մահաբեր վիրուսով։ Եվ այդ վիրուսի անունը հանդգնություն է, որը նախ Աստծո, ապա մեծավորների և հոգևոր առաջնորդների հանդեպ ամբարտավան կեցվածքն է։
Մանրամասնեմ գրվածը։ Երբ, Հիսուսը մի դատավորի մասին առակ էր պատմում, ասաց, որ նա ո՛չ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից էր ամաչում, և արդար որբևայրու բողոքին պատասխան չէր տալիս։ Այստեղից եզրահանգում, որ այս աշխարհի մեծավորները նախ Աստծուց վախ պետք է ունենան, որ երկյուղով կատարեն իրենց պաշտոնը, քանի որ, ի վերջո, Միակ Դատավորի՝ Աստծո առաջ են պատասխանելու մի օր։ Իսկ եթե Աստծո վախը չկա իրենց սրտերում, այդ դեպքում փրկարար է այն, որ մարդկանցից ամաչեն ու արդար վճիռ կայացնեն։ Իսկ եթե իշխանավորների մոտ բացակայում են թե՛ առաջինը, և թե՛ երկրորդը, ապա այդպիսի մարդուց հույսդ կտրիր, քանի որ նա սատանայի կամակատար է։
Հիմա խոսենք հոգևոր վիրուսի մասին։ Պողոս առաքյալը, որ հիմնականում գրել է գալիք ժամանակների մասին, մարգարեանալով, վերջին օրերի համար գրել է. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա՝ տարված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խանձված է» (Ա Տիմոթ. 4.1)։
Ըստ այս խոսքի` քրիստոնյաները վերջին ժամանակներս, ճշմարիտ, սուրբ հայրերի ավանդած հավատից հեռանալով, ուշադրություն կդարձնեն մոլորեցնող ոգիների ու դևերի վարդապետությունների հնարած աղանդավորական քարոզություններին և մարդկանց կհեռացնեն փրկարար հավատից, որ քարոզվել է Տիրոջ առաքյալների կողմից. ինչը և կատարվում է հիմա ողջ քրիստոնեական աշխարհում։ Վկա ենք և մենք՝ առաջին քրիստոնեական պետության ժամանակակիցներս. որ կողմը շրջվում ես, մի աղանդավորական խումբ է գործում` աջակցություն ստանալով արտասահմանից և օրենքով հովանավորվելով մեր պետական այրերի կողմից։ Այսպես որ գնա, միգուցե և արվամոլներն ու պղծամոլներն էլ սեփական հավատի իրենց դիվապետի՝ սատանայի քարոզչությունը տարածեն Հայաստանում, չնայած առանց այդ քարոզչության էլ մանկապիղծների ու միասեռականների քանակն ահագնորեն շատանում է մեզանում։ Եվ պատճառը հոգևոր այդ վիրուսն է, որ ապականել է մարդկանց հոգիները այն աստիճանի, որ հայ մարդն անարգում է իր նախնիների սրբությունները, արհամարհում դարերով ազգը ապրեցրած հոգևոր արժեքները և մեծարում ժամանակավորն ու պիղծը` վերածելով կռապաշտության։
Այդ ամենը հաստատում է Տիրոջ անսուտ խոսքը, որտեղ ասվում է. «Ձեր մեջ սողոսկել են ամբարիշտ մարդիկ, որոնք Աստծո շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին և Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին» (Հուդա 4)։ Նույն առաքյալը իր ուղերձի շարունակության մեջ այդպիսիներին համեմատում է Կայենի հետ, որոնք իրենց ցանկությունների հետևից ընթացող ատելի բանսարկուներ են, որոնց համար պահված է հավիտենական խավարի վիհը։ Հենց սրանք են հոգևոր վիրուսակիրները, որոնք, չունենալով ճշմարիտ Աստծո խոսքը, իրենք մոլորված լինելով, մոլորեցնում են անգետներին։ Եվ, այսքանը քիչ համարելով, հիմա էլ հայոց ազգի ճշմարտության սյան՝ հավատքի ողնաշարի՝ առաքելահիմն եկեղեցու դեմ են բերան բացում ու հայհոյում օծյալներին, սկսած կաթողիկոսից, իբրև թե իրենք առավել մաքուր ու արդար են Աստծո առաջ։ Բայց Տիրոջ խոսքը հորդորում է նախ մեր աչքի գերանը հանել, ապա նոր մյուսի աչքի փուշը։
Սուրբ հայրերից մեկը զգուշացրել է. «Եղբորդ հանդիմանելու պատրվակով թունաթափ մի եղիր»։ Այս խոսքը հարիր է նաև իրենց ազգի ջատագովներ համարող անձանց, որոնք թունաթափ են լինում հոգևորական մեծավորների հանդեպ։ Այդ կեղծ հայրենասերներին կուզենայի այս մի քանի հարցն ուղղել. դո՛ւ, որ արդարի կեցվածքով եկեղեցու սպասավորների դեմ բերան ես բացում, ինքդ գոնե ամիսը մեկ անգամ սուրբ պատարագի մասնակցե՞լ ես, կամ էլ, գոնե տարին հինգ անգամ, մեղքերի խոստովանությամբ սուրբ հաղորդություն ստացե՞լ ես, դրացուդ ներե՞լ ես, որ քո հանդեպ մեղանչել է, կամ էլ գոնե մի անգամ Աստվածաշունչը կարդացե՞լ ես։ Համոզված եմ, որ ո՛չ, քանի որ այդ ամենը կատարողը կարդացած կլիներ, որ Սուրբ գրքում գրված է ճիշտ քո արածների հակառակը, և հաստատված հետևյալը. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք Աստծուց» (Ղուկասի ավետարան 6.37)։
Իսկ որ եկեղեցու ծառաները նույնպես կարող են մեղք գործել ու իրենց պաշտոնին անվայել արարքներ թույլ տալ, միևնույն է, Աստված տեսնում ու լսում է այդ բոլորը, ու ահեղ դատաստանի ժամանակ այդպիսիների պատիժն ահավոր է լինելու, քանի որ Աստծո անունը հայհոյվեց իրենց պատճառով, ուրեմն այդպիսիների համար պետք է աղոթել, ոչ թե դատապարտել՝ քարկոծելով։
Սուրբ հայրերը նույնպես զգուշացնելով մեզ` հորդորել են. «Եվ դո՛ւ, ժողովուրդ, քո առաջնորդներին ու քահանաներին դատավոր ու քննիչ մի՛ եղիր, որովհետև դա բնավ քեզ չի պատշաճում, և Աստծո կողմից էլ չպատվիրվեց, Քրիստոսի դատաստանն ու դատավորական աթոռը մի՛ հափշտակիր, որովհետև Նա՛ է քահանաների քննիչն ու դատավորը, Ով Դատաստանի օրը մի մազը որպես լեռ է քաշելու մեր եղունգներից։ Քեզ հրամայվեց քահանաներին լսել և նրանց խոսքերին ու քարոզությանը հնազանդ լինել, ոչ թե նայել նրանց գործերին ու քննել նրանց։
Մի՛ դատեք Աստծո քահանային, այլ թողեք Աստծո՛ւն, որովհետև առանց քահանայի չեք կարող քրիստոնյա լինել։ Պսակի, մկրտության և խոստովանության ժամանակ Սուրբ Հոգին քահանայի միջոցով է շնորհ պարգևում» (Վարդան Այգեկցի, «Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին»)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ