Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՈՒՄ

ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՈՒՄ
28.01.2011 | 00:00

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս օրերին աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ իր ուժերն է չափում Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շախմատի միջագային փառատոնի ծրագրով անցկացվող գերմրցաշարում: Ավանդական այս մրցաշարը կազմակերպվում է 73-րդ անգամ: Նախկինում փառատոնը կոչվում էր «Կորուս», այժմ փառատոնը կրում է պողպատի արտադրության հայտնի «Տատա սթիլ» ֆիրմայի անունը: Հզոր հովանավորի առկայությունն ավելի է մեծացրել հետաքրքրությունն այս մրցաշարի նկատմամբ: Պայքարի մեջ են մտել աշխարհի անվանի 14 գրոսմայստերներ, ընդ որում, նրանցից երեքի` Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Մագնուս Կառլսենի (Նորվեգիա), Լևոն Արոնյանի անհատական գործակիցը շատ բարձր է, անցնում է 2800-ի սահմանը: Եվ ահա, A մրցաշարում, որը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ շատ բարձր` 20-րդ կարգ ունի, արդեն խաղացվել է 10 տուր, սակայն մասնակիցներից ոչ մեկին չի հաջողվել հակառակորդներից մեծ «անջրպետով» առաջ անցնել:
Արոնյանը, որն այս մրցաշարում խաղալու մեծ փորձ ունի և նախկինում երկու անգամ դարձել է հաղթող, շատ հանգիստ է հանդես գալիս: Նա հաղթել է ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչիին, Ալեքսանդր Գրիշչուկին, Իսպանիայի դրոշի ներքո խաղացող Ալեքսեյ Շիրովին և խաղաղ դաշն է կնքել Կառլսենի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, չինացի Վան Հաոյի, աշխարհի չեմպիոն Անանդի հետ: ՈՒշագրավն այն է, որ հենց առաջին տուրում մեր շախմատիստին բաժին էր ընկել անցանկալի հակառակորդ համարվող Կառլսենը: Ընդ որում, վերջինս հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Սակայն մրցակիցները, համարձակ գործողությունների չդիմելով, արդեն 28-րդ քայլին միմյանց հաշտության ձեռք մեկնեցին: Ի դեպ, այս ստուգատեսում թույլ մրցակիցներ չկան: Մասնավորապես, 10-րդ տուրում Լևոնը խաղաց Անիշ Գիրիի հետ: Հոլանդացի 16-ամյա այս շախմատիստին համարում են նոր փայլատակող աստղ: Նա մասնակցում է ուժեղագույնների այս ստուգատեսին, քանի որ նախորդ տարի հաղթել էր փառատոնի B խմբի մրցաշարում: Որ այդ հաջողությունը պատահական չէ, նա արդեն հաստատել է` դառնալով այս ստուգատեսի ամենամեծ անակնկալի հեղինակը: Գիրին 3-րդ տուրում սև խաղաքարերով հաղթեց Կառլսենին, և դրա համար պահանջվեց 22 քայլ: Կարճատև էր նաև Գիրի-Արոնյան պարտիան: Մրցակիցները, 26 քայլ կատարելուց հետո, համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: ՈՒշագրավ է, որ Գիրին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, հնդիկ հոր և ռուս մոր զավակ է: Անիշը 14 տարեկանից կրում է գրոսմայստերի կոչում, 15 տարեկանում դարձել է Հոլանդիայի մեծահասակների չեմպիոն: Ավելի վաղ` 12 տարեկանում, այդ շախմատիստը հռչակվել էր Ռուսաստանի ու Եվրոպայի իր հասակակիցների չեմպիոն:
Ինչ վերաբերում է Արոնյանին, առաջին հաղթանակը նա տարավ միայն 4-րդ տուրում, երբ մրցում էր Նեպոմնյաշչիի հետ: Կարևորն այն է, որ մեր երկրի ներկայացուցիչը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը և վաստակած 6,5 միավորով Կրամնիկի հետ բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: 7-ական միավորով աղյուսակը գլխավորում են Նակամուրան և Վիշվանաթան Անանդը: Հունվարի 28-ին կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը կխաղա ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:
Հուսանք, որ մնացած երեք տուրերն էլ Արոնյանը հաջող կանցկացնի և 3-րդ անգամ կդառնա Վեյկ ան Զեեում կազմակերպվող շախմատի միջազգային գերմրցաշարի հաղթող: Հաջողությունը շատ կարևոր է մեր շախմատիստի համար, քանի որ վստահություն կհաղորդի, կօգնի նրան լավ մասնակցելու երեք ամիս հետո սկսվելիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների պայքարին:
Խաղացողների ուժեղ կազմ է հավաքել նաև փառատոնի B մրցաշարը, որտեղ խաղում է Արոնյանի մտերիմ ընկերը` Գաբրիել Սարգսյանը: Ստուգատեսը, որին նույնպես մասնակցում են 14 գրոսմայստերներ, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 17-րդ կարգի է: Հայաստանի ներկայացուցիչն ունի 6-րդ վարկանիշը` 2667: Խաղացված 10 տուրից հետո Գաբրիելը վաստակել է 6 միավոր և Լյուկ Մաքշեյնի (Անգլիա), Դավիթ Նավարայի (Չեխիա), Վլադիմիր Տկաչևի (Ֆրանսիա) հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: Իսկ 1-2-րդ տեղերում են ուկրաինացի Զախար Եֆիմենկոն և Ֆիլիպինների ներկայացուցիչ Վեսլի Սոն, որոնք ունեն 7-ական միավոր:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ