ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՆԱՅԵՑԵ՛Ք ՀԻՆ ԱԶԳԵՐԻՆ, ԵՎ ՏԵՍԵՔ՝ Ո՞Վ ՀԱՎԱՏԱՑ ՏԻՐՈՋԸ և ԱՄՈԹՈՎ ՄՆԱՑ»

«ՆԱՅԵՑԵ՛Ք ՀԻՆ ԱԶԳԵՐԻՆ, ԵՎ ՏԵՍԵՔ՝ Ո՞Վ ՀԱՎԱՏԱՑ ՏԻՐՈՋԸ և ԱՄՈԹՈՎ ՄՆԱՑ»
16.11.2010 | 00:00

Ծանր լուծ եմ վերցնում ինձ վրա, անդրադառնալով այս թեմային, նախապես իմանալով, որ շատերի հոգու ազգային նախանձախնդրության շերտերը պիտի փոթորկվեն, բայց, միևնույն է, պիտի փորձեմ, որովհետև բավ է այս մասին եղած անապատային լռությունը, կամ էլ կցկտուր, ոչինչ չասող խոսքերը: ՈՒ նախապես ընթերցողին ասեմ. եթե նա չի կարողացել մարսել հրեաների վերաբերյալ գրքում արդեն կարդացած մտորումները, թող հեռու մնա այս վերնագրից, որովհետև մտային անմարսողություն պիտի ունենա, քանզի խոսքը վերաբերելու է աշխարհի «ամենակարծրանյութ» ազգերի նկարագրությանը:
Երկրագնդի վրա կան բազմաթիվ ազգեր, որոնք իրենց անցած ճանապարհների հետ ունեն թե՛ զուգահեռներ, թե՛ հատման կետեր: Աստծո տնօրինությամբ մեր ազգը հարաբերվել է հին աշխարհի ամենազորավորների ու աշխարհակալների հետ. օրինակ, միդիացիների, ասորիների, բաբելացիների, մարերի, պարթևների, հույների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, հոների, աղվանների, ալանների, ելամացիների, ինչպես և ամենադաժան արյունարբուների՝ արաբների, թաթարների, մոնղոլների, թրքերի, ռուսական կոմունիստների և այլոց հետ: Սրանք հայտնի են շատերիս, որոնցից մի քանիսը դեռևս կան աշխարհի քարտեզի վրա, բայց կծկված իրենց գրաված ահռելի տարածքների մի փոքր հատվածում միայն: Իսկ դրանցից շատերը կորցրին նույնիսկ իրենց սեփական երկրներն ու աստանդական թափառում են աշխարհով մեկ՝ միդիացիներ (որոնք քրդերի նախնիներն են համարվում), ասորիներ, կամ էլ տարրալուծվել են մերձակա ազգերի մեջ՝ բաբելացիներ, պարթևներ, աղվաններ, հոներ, ալաններ և այլք: Բայց կան հայ-հրեական պատմական խաչաձևումներ, որոնց մասին քչերս գիտենք: Չնայած այդ շփման եզրերը եղել են հպանցիկ՝ տևելով պատմական կարճ ժամանակահատվածներ, բայց երկու ազգերի հետագա ընթացքի վրա թողել են խիստ նշանակալից արմատներ, այո, արմատներ, ոչ թե եզրեր, այն էլ հոգևոր, անտեսանելի ու գաղտնախորհուրդ շերտերում: Եվ այս հոդվածաշարի շատ տողեր արդեն հենց այդ մասին են ակնարկում: ՈՒ քանի որ ընտրել ենք նման վերնագիր, ապա հարկ է, որ աշխարհի համար հանելուկ հանդիսացող այս երկու ազգերի դարավոր արմատներից սկսենք: Ինչպես գիտենք, հնատիպ գեղեցիկ գորգերն արժեքավոր են նախ իրենց գեղեցկությամբ, ապա նաև տարիների ապականող զորությանը դիմակայելու ունակությամբ, այսինքն՝ դիմացկունությամբ: Մասնագետները համարում են, որ այդ գործում թերևս ամենակարևոր մասերից է գործվածքի հենքը, այսինքն՝ բամբակյա կամ բրդյա պարզ թելաշարը, որի վրա հյուսում են գունագեղ նախշերը: Նմանապես և ամեն մի հնամենի ազգ, որը դարեր շարունակ մաքառելով ու հարատևելով ապրել է մինչև մեր օրերը, դիմակայելով իրենց վրա իշխող ազգերի բռնություններին, նշանակում է` հենքում, այսինքն՝ իրենց նախնիների հոգու անիմանալի խորքերում, Աստված այնպիսի գաղտնի, ապրեցնող խորհուրդներ է դրել, որ նրանց հետնորդներն այդ զորավոր արմատներից կամա, թե ակամա անդադար ընձյուղվելով և ուժ առնելով` հարատևել են դարեդար: Զարմանալի չէ՞ ընթերցողի համար, որ գրում ենք Երուսաղեմի մասին, բայց միաժամանակ հայոց ազգի հարցեր ենք ուզում արծարծել: Բայց չշտապենք հետևություններ անել, քանի որ ավելի զարմանալի բաները դեռ առջևում են, որ, Պողոս առաքյալի բնորոշմամբ. «Օ՜, խորություն Աստծո հարստության և իմաստության և գիտության: Ինչքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ. 11. 33), ապշենք Աստծո կատարած գործերից, որովհետև այս երկու փոքրաթիվ ազգերի միջոցով Տերն աշխարհասասան և մարդկության փրկության ծրագրեր է իրականացնում: Եվ թող նորություն չթվա ընթերցողին, որ ասեմ, թե դեռ նախախնամական ժամանակներից են սկսվել հրեա-հայկական հարաբերությունները, ու եթե ուշադիր եք կարդացել այս գրքի սկզբում, ապա արդեն ակնարկվել է այդ մասին, իսկ այժմ պարզապես պիտի շեշտադրելով համադրեմ եղածը:
Գրված է, որ Արարիչ Տերն Ադամին ստեղծելուց հետո դրախտի մեջ դրեց, որը հաստատվում է Սուրբ Գրքի հետևյալ խոսքով. «Սիոնը պիտի մայր կոչվի, որտեղ մարդը ծնվեց, և նրա հիմքերը Բարձրյալը անձամբ գցեց» (Սղմ. 86.5): Իսկ երբ Տերն ասաց. «Որպեսզի ձեզ վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և սեղանի միջև: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գա այս սերնդի վրա» (Մատթ. 23. 35-36): Գրվածից հասկանալի է դառնում, որ արդար Ադամը արարվել է Սուրբ երկրում, և Աբելի արյունը Կայենը թափել է հենց այդ հողի վրա: Իսկ Ծննդոց (2.8) գրքում գրված է. «Աստված արևելյան կողմում դրախտ տնկեց, Եդեմի մեջ պարտեզ տնկեց և Իր ստեղծած մարդուն այդտեղ դրեց»: Եթե ուշադիր կարդացիք, հատուկ նշվում է արևելքում բառը: Ինչո՞ւ։ Որովհետև արևելքի երկրներից առաջինը հայերս ընդունեցինք Աստծո Որդուն, ու մեզնից դեպի արևելք քրիստոնեական երկիր այդպես էլ չեղավ: Եվ ինչպես գիտենք` Սիոնը հրեաների այժմյան սուրբ լեռն է, ու ասացինք Սիոնից արևելք Հայաստանն է, այսինքն` կորուսյալ դրախտը։
Իսկ ըստ հավաստի ավանդության` Ադամն ու Եվան, դրախտից վտարվելուց հետո, բնակվեցին այժմյան Հրեաստանի տարածքում, քանզի որտեղից առնվեցին, այնտեղ էլ հողին պիտի վերադառնային: Այս էլ իմանանք, որ, ըստ լուրջ ուսումնասիրությունների, կորուսյալ դրախտը իր ժամանակին գտնվել է Վանա լճի հատակում: Ջրհեղեղից հետո Արարիչ Աստված երկրային դրախտը իսպառ ծածկեց մարդկանց աչքերից և ճշմարիտ հավատի աչքեր տվեց, որ երկնային ու անանց դրախտին սևեռենք: Եթե կա արյան կանչ արտահայտությունը, ապա կա նաև հոգու կանչ խորհուրդը, երբ մեր ներսի՝ անտեսանելի մարդը, ծնված Աստծո Սուրբ Հոգուց, փնտրում է անիմանալին, իսկ մեր հոգին՝ անբացատրելին, որին սուրբ վարդապետները դրախտի կարոտ են անվանում: Եվ դարերի այդ կարոտը երկնքում պիտի առնենք. միայն թե Տերն արժանացնի: Իսկ Վան քաղաքը, որը նախկինում կոչվել է Տուշպա, կամ Տոսպ (մ.թ.ա. IX-VI դ.դ.), եղել է ՈՒրարտական (հետագայում Բիաինան, որից կազմավորվել է Հայաստանը) պետության մեզ հայտնի առաջին մայրաքաղաքը: Դրանից հետո (ի տարբերություն Իսրայելի, որի մայրաքաղաքը այդպես էլ չփոխվեց, բացի մեր օրերից) Հայաստանն այնքան շատ մայրաքաղաքներ է փոխել (Տուշպա, Տիգրանակերտ, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վարդգեսավան (Վաղարշապատ), Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան), որ հնում մեզ կոչել են «թափառող մայրաքաղաքների երկիր»: Սա, իհարկե մեր լավ օրից չէր, այլ անդադար գոյության կռիվ տալու ուղղակի հետևանք էր: Ասենք, որ հնում Հայաստանը կոչել են նաև Սուրբ օրենքների, կամ Սուրբ ծեսերի երկիր: Այսինքն` հեթանոսական զանազան ծիսակատարություններով ճշմարիտ Աստծուն փնտրելու կենդանի վկայություն, մինչև Տերն Իրեն մեզ կհայտներ Իր սիրելի Որդու միջոցով, քանզի Ինքն է խոստացել. «Փնտրեցե՛ք ու կգտնե՛ք»: Ընթերցողը թող իմանա նաև, որ այժմյան մայրաքաղաքի (հուսով ենք, որ կլինի վերջինը)` Երևանի անվան ծագումնաբանությունը, ըստ Ղազար Ա. Ջահկեցի կաթողիկոսի (1737-1751), հայոց Երվանդ թագավորի անունով կառուցված Երվանդաշատ մայրաքաղաքի անվան ձևափոխված ու կրճատ անունն է:
Իսկ որ Հայաստանն աշխարհին հայտնի հինավուրց պետություններից է, վկայում է նաև Սարգոն Աքքադացու ժամանակների (մ.թ.ա. 2400 թ.)` Բրիտանական թանգարանում գտնվող Բաբելոնյան քարակերտ քարտեզը, որտեղ Ասորեստանի ու Բաբելոնի կողքին գրված է Հայաստան անունը:
Իսկ Ղևոնդ Ալիշանի պնդմամբ, աշխարհի չորս ամենահինավուրց ազգերից են հայերը, որոնք, ըստ Աստվածաշնչի, սերում են անմիջապես Նոյի որդի Հաբեթի թոռ Թորգոմից, հրեաները՝ Աբրահամից, որը Նոյից հետո տասներորդն էր, մյուս երկուսն էլ չինացիներն ու հնդիկներն են: Նա հիմք է ընդունել Հովհաննես իմաստասեր Սարկավագ վարդապետի հաշվարկները, որոնց համաձայն` հայոց ազգը 2495 տարեկան է, Քրիստոսից առաջ ու գումարած այսօրվա մեր թվականը: Այսինքն` այս հրապարակման տպագրման թվականին մեր ազգի տարիքն է 4505 տարի, իսկ հրեաներն իրենց բուն թվականը համարում են 5700, սկսելով ըստ Աստվածաշնչի՝ Ադամի արարումից: Թե քանի տարի հետո այս երկու նահապետ ազգերը կկանգնեն Տիրոջ արդարության առաջ, լոկ Արարիչը գիտի, միայն թե պատրաստ լինենք, որովհետև ամենաշատ պատասխանը մեզնից է պահանջվելու, որի ապացույցը կկարդաք «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ