2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
18.03.2011 | 00:00

«Ես` ՀՀ քաղաքացի Հովհաննես Գրիգորյանս, իրավունք ունեմ պետական գործիչների հետ արթնանալու վաղ առավոտյան, վստահ, որ իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի արևը ծագի արևելքից, ամպերը շարժվեն քամուն համընթաց...
Բայց ես իրավունք ունեմ բոլոր նրանց մասին, ովքեր շրջում են մերսեդեսներով, BMW-ներով և զանազան այլ ջիփերով, ազատորեն արտահայտելու կարծիքս մտովի, թեև առավել տարածված տարբերակը բարձրաձայն հայհոյելն է։
...Վստահ եմ, որ ինձ իրավունք է վերապահված ծերանոցի անծայրածիր բակի հետնախորշերից մեկում թաղվել, երբ գա ժամանակն օգտվելու իմ ամենակարևոր իրավունքից` ընտրություն կատարելու` ապրել, թե մեռնել, և ես, անշուշտ, կընտրեմ մեռնելը, թեև առավել տարածված տարբերակը սատկելն է...»։

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Սահմանադրություն»

ԿԵՑՑԵ՜Ս, ԱԶԱՏԻՉ
(ազգային-ազատագրական պայքարի շեփորականչը)
Իզուր չէ, որ 2008-ին ընդդիմադիր ձայնս նվիրեցի քեզ։ Կեցցե՛ս։ Զի ծաղկաձորյան-տնտեսական համաժողովում վերջապես թնդացին ու որոտացին թմբուկները (բարոյահոգևոր բնույթի ճողվածք առաջացավ ազգային չինովնիկության ապազգային ուղեղում, սրտում և ենթաստամոքսային գեղձում։ Տեղն է...)։ Զի Ազատիչը Ծաղկաձորում, այո՛, այո՛, ճիշտ այդպես, ուսել էր Ալեքսանդր 2-րդ Ազատարարի արքունի պատմուճանը։
Ալեքսանդր 2-րդը Ռուսիո կայսրության պատմության մեջ ի հայտ եկավ ճորտատիրական լուծը մուժիկի պարանոցից օտարելով, թոթափելով։ Ազատիչ-ազատարարը լուծը կապեց կառավարության վզին թվաբանական եռամատ կոմբինացիայով, վարկերը` հասանելի, հուշերը` օգտագործելի, ջրի սակագինն էլ` մարիֆաթով։ Ա՜յ, եթե հատուկ գյուղի համար էլեկտրաէներգիան, որ մերն է, հայրենական մեր ունեցվածքը, կես գնով մատակարարեր, գյուղն իսկապես լիաթոք կշնչեր, գյուղի չարքաշության շնորհիվ կապիտալ դիզած միջնորդ-մատակարարները լիաբուռ կմղկտային։ Բայց ամեն բան յուր ժամանակին։
Ազատիչը գրոհում է։ Եվ ահա որպես պարգև մինչև 2011-ի հունիսը (ասել է` մինչև գյուղմթերքի գնի իջեցումը սպառողի համար սովոր մակարդակի), նա «լճիցլճերում» զբոսնում է «Ալ առագաստներով» պճնված հածանավով, սեգ ճակատը հառած հորիզոնին։ Առայժմ։
ՀԱՎԿԻԹՅԱՆ ՄԱՖԻԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԸ
(աճպարարությունից ապաշնորհություն)
Աճապարում ենք, հուզվում ու կորցնում պատմական պահը։ Այնինչ Ավարայրն աչքի առաջ է։ Ավարայրը` տնտեսության, Ավարայրը, որ կրկեսի արենա է։ Արենա, ուր, անթարթ նայելով աչքիդ մեջ, հոգեբուժարանի անվճար ուղեգիր են մատուցում։ Առհասարակ, երբ խոսքը վերաբերում է երկրի տնտեսական կյանքի «արիշ-վերիշին», թվում է, որ, իսկապես, հանրապետությունը մի հսկա հոգեբուժարան է, ուր հոգեբույժի դերում, բնականաբար, վարչատնտեսական վերնախավն է, հոգեգարների վիճակում, հասկանալի է, մենք։ Ընդ որում, ամեն բան համաձայն Չեխովի «Հիվանդասենյակ համար 6»-ի։ Անշուշտ, «Վերնախավում» կան գործիչներ, ովքեր ծանոթ են ռուսական գրականության այս կոթողային երկին։ Եվ կարող են զուգահեռներ տեսնել։
Սակայն որն է բանը։ Հետևյալը։ Ահա «հավկիթային շերխաններից» մեկը գամվել է անարգանքի սյունին։ Գործնական հետևանքներով։ Վարույթ է հարուցվել «Լուսակերտ» ՍՊԸ-ի դեմ պետական համապատասխան ծառայության, այսինքն` ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից։ Երեք ամիս անց։ Հիշենք հիշարժան իրադարձությունները։ 2010-ի դեկտեմբերին հավկիթի գները «միամտաբար» մոլեգնեցին։ Եվ պահանջվեց ճիշտ մեկ եռամսյակ, որպեսզի հավակնոտ անվամբ հանձնաժողովը հայտնաբերի այն գարշահոտող խորշը, ուր պատսպարվել էր շան գլուխը։ Հայտնաբերեցին, վարույթ հարուցեցին, և ահա գլխներիս գալիքը (մեր, ոչ «հավկիթային շերխանի»). շուկայական հայոց ջունգլիներում չափից ավելի «արխայնացած» սուբյեկտը կտուգանվի, ասենք, մի կես միլիոն դրամի չափ։ Հիմա հաշվենք, եթե 30 օր շարունակ յուրաքանչյուր ձվի մեջ մարդը, ասենք, 25 դրամ գերշահույթ է կորզում և յուրաքանչյուր օր իրացնում, օրինակ, 100 հազար հավկիթ, ուրեմն կես միլիոն դրամ տուգանքը շոյանք է, կենաց-ճառ, զոքանչի օրհնանք։
Եվ, բնականաբար, նոր «սխրանքների է կոչում» հայոց շուկայական ջունգլիներում պորտապար բռնած շերխաններին և հարակից շակալախմբերին։
Այսպիսով, հանրությանը հերթական անգամ և զանգվածաբար հիմարացնում-հիպնոսում են։
Հանրությունն ատամ է կրճտացնում, հայհոյանք ու անեծք շաղ տալիս և գործն ավարտում գրպանում բռունցք ցույց տալով։ Այնինչ վաղո՜ւց ժամանակն է հիվանդասենյակը լքելու։ Ազատիչ, այսպիսով, կամ պետք է խորտակես հիվանդասենյակի պարիսպները... կա՞մ։
ՊՏՈՒՅՏ ՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ
(քաղաքային վարք ու բարքեր)
Հալաբյան փողոցում` փողոցի վերջնամասում և «ֆիզգորոդոկի» հարևանությամբ, ճիշտ մայթի վրա, ավտոլվացման կայան է գործում։ Ավելի ճշգրիտ` գործ է «դզում»։ Եվ մայթը բռնազավթված է օրնիբուն։ ՈՒ եթե փորձես մայթը հաղթահարել, զվարճալի, քրեաբնույթ, զավեշտալի իրավիճակներն անպակաս են։ Օրեր առաջ փորձեցի քաղաքացիական նախաձեռնություն հանդես բերել և մայթն անցնել բնական ճանապարհով։ Մոտ 200 քմ տարածքի վրա կառանված էին շուրջ 20 շարժակազմեր։ Ջրաշիթերի հրավառություն էր, օդամղիչ-փոշեծծիչ սարքերի փոխանցումավազք, լվացքաջրերի հեղեղ ու մեքենատերերի «ախպերաապերոյական» դիմադիր-ընդդիմադիր պռոշտիներ։
Մուտքս արգելափակվեց գերբնական-հակաբանական մի հարցապնդմամբ. «Հոպար, չե՞ս ջոկում, ըստեղ սեփականություն ա...»։ «Ջոկեցի»։ ՈՒ Հուլիոս Կեսարի մարտավարությունը հիշելով` անցա գրոհի։ (Հիշենք. Կեսարը, եգիպտական ափ ոտք դնելով, ըստ ավանդույթի, սայթաքում է և, չար աչքից ու եգիպտացի քրմերի նավսից խույս տալու նպատակով, «գրկում» է ավազն ու բացականչում. «Վերջապես հանդիպեցի Աֆրիկային»։ Հետո նրա ճանապարհը փակելու նպատակով նենգաբարո քրմերը շուկա են բացում։ Զորքը կարկամում է ու լռվում։ Խորամիտ Կեսարը ճանապարհ է հարթում առևտուր անելով։ Այսպես է կամ մոտավորապես այսպես)։ Մաքրազարդեցի մի երկու դիմապակի, փայլեցրի երկու-երեք թափք, վնասազերծեցի չորսից հինգ մարտնչող կոկորդ։ Եվ ճանապարհ ընկա դեպի Կիևյան կամուրջ։ Հաղթական քայլարշավով։
Կիևյան փողո՜ցը... «Ստալինյան ճարտարապետության» փառահեղ արձագանքները։ Այստեղ գրավյալ տարածքներ չկան, շինությունները կառուցիկ են, շքեղ և հիմնավոր։ Քայլում ես ու բարոյապես հանգստանում։ Ոչ մի օլիգարխիկ նորամուծություն։ Բայց ահա նախկին «Հրազդան» կինոթատրոնի հարևանությամբ մայթային բռնազավթման հերթական հաղթարշավն է։ Բավականին ուշագրավ հայտավորմամբ, մետաղյա առարկաների, տարաչափ խողովակների և այլնի կտրատման արտադրամաս է, և փողոցի այս հատվածում օդը ժանգաբույր է, ու, սրանից զատ, մետաղյա ձույլերի չափագրումն ու կտրատումը հաճախ մայթից փողոց են սողոսկում և վտանգում երթևեկը։ Սակայն սրանք փողոցային առևտրի բաղադրիչներ չեն։ Եվ առհասարակ, զտարյուն փարիսեցիություն է մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու հրամայականը, երբ ցանկացած վարչական շրջանում, յուրաքանչյուր մայրուղու և փողոցի առևտրաշահ հատվածում կամայականության խրախճանք է։ Եվ դեռ որքա՜ն պիտի շարունակվի այս ինքնաբավ աչքակապությունը։ Մինչդեռ Երևանի կանաչապատ տարածքները (քաղաքի «կանաչ թոքերը») շագրենի կաշվի նման կծկվում են։ Սակայն մայրաքաղաքի ծանրագույն ցավը, ինչպես պարզվեց, գյուղմթերքներ վաճառող չարքաշներն են։
Կեցցե՛ս, քաղաքագլուխ։ Կեցցե՛ք, ավագանի՛ք։ «Հաղթանակ» զբոսայգին ի տնօրինում է հանձնվում մոսկովյան հանրահայտ բանկիրին։ Բնականաբար, հսկայական միջոցների ներդրման շնորհիվ զբոսայգին կծառայի սեփականատիրոջ մոլեմսխուն շահերին։ ՈՒ կվերածվի հսկայական-հերթական սակարանի։ Ի վերջո, Հայաստանի ապագան վարչատնտեսական վերնախավը տեսնում է ծառայությունների մատուցման, սպասարկման և սիրաշահման հեռանկարում։ Ի վերջո, ինչո՞վ ենք պակաս Հունաստանից, Իտալիայից կամ Իսպանիայից։
Ի վերջո, չէ՞ որ մեզ իմաստուն մարդիկ համարել են Արևելքի Իտալիա, թանգարան բաց երկնքի տակ։ Ի վերջո, յուրաքանչյուր տարի միլիոնավոր բրիտանացիներ հատում են Լա Մանշը և ներխուժում Իսպանիա։ ՈՒ ի՞նչ եք կարծում, մառախլապատ Ալբիոնի զավակներին Գոյան ու Վելասկեսը, բասկերի մշակույթն ու ցլամարտի մարզադաշտե՞րն են գերում-ներգրավում, թե՞ դոնքիշոտյան հողմաղացները։ Բնա՛վ։ Պաղարյուն և ավանդապաշտ բրիտանացիներին Իսպանիայում երեք բան է հրապուրում` արևը, խնձորի գինին և... սեքսը։ (Սա վիճակագրություն է, սրանից չես փախչի)։ Էնպես որ, Երևանի վերակերպումը դեռ իր սաղմնային փուլում է։
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀՈ՛Պ-ԶԻԼԻՆԱ
(հումորային ցնցակաթված)
«Ժառանգություն»-ոստիկանություն-չարքաշներ հակամարտությանը քաջ ծանոթ ենք։ Ավելացնելու նոր բան` չի՛ք։ Սակայն հակամարտության թեժ կետում ի հայտ եկած ՀՀ ոստիկանապետը ցնցակաթվածի ենթարկեց հանրային բարոյականը` ոստիկանության սպաներին հայտարարելով հասարակության անապահով խավ։ Թերևս, քիչ ավելի ապահով, քան Սոմալիի սովյալներն ու հայրենական բոմժերը։ Երևույթների հրապարակավ նենգափոխումը պատիվ չի բերում ո՛չ Սոմալիի սովյալների պարագլուխներին, ո՛չ հայրենական բոմժերի վոժդերին, ո՛չ էլ, հասկանալի է, ոստիկանապետին։
Կառավարության շենքի առջևի մուլտ-խռովության ավարտից հետո ոստիկաններն անցան ծառայական պարտականությունների կատարմանը և ուշ երեկոյան տուն դարձան սեփական շարժակազմերով։ Սա չափանիշ է։ Ո՛չ խորհրդային և ո՛չ էլ անկախության տարիներին հայ ոստիկանն աղքատության մեջ չի դեգերել։ Հասկանալի է` անկախ հայ իրավապահները, նաև ոստիկանները, ժառանգել են սովետական միլիցիայի հնարավոր բոլոր արատները` պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև վայրենի ծեծ ու ջարդով ցանկալի ցուցմունք կորզելը։ Ոստիկանական լուսնի տակ ոչինչ նոր չէ։ Եվ նման հոխորտուն ու ծիծաղաշարժ պահվածքով, ամենայն հավանականությամբ, գլխավոր ոստիկանը կամենում էր քիչ թե շատ մաքրազերծել այն գորշ ու խեղդուկ մղձավանջը, որ կոչվում էր ոստիկանության բդեշխ Թամամյան։ Սակայն նրա «կուսական վարքի» մասին Ալիկ-ոստիկանապետին, անշուշտ, ոչինչ հայտնի չէր։ Բնականաբար։ Զի նա օրնիբուն զբաղված է սոցիալական անդունդի խորխորատներում թափառող հայ արդի ոստիկանների ցավն ու հոգսը քաշելով։ Եվ մեր առաջարկը. խստագույն հսկողության տակ առնել ՀՀ ոստիկանների սոցիալական վիճակը և նրանց ներառել անապահով քաղաքացիների ցուցակում։ Համապատասխան նպաստի վճարմամբ։
Միով բանիվ, ոստիկանապետը դեգերում է «լճիցլճերում» հնամաշ մի մակույկով։
ՄՈԳԱԿԱ՜Ն Է
(երգիծական օրատորիա)
«Հանրապետության նախագահի գլխավորությամբ նրա քաղաքական թիմն անցել է Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը»։ Կարծես հենց այս ոգեշունչ խոսքը հնչեց ԱԺ բարձր ամբիոնից` ԱԺ նախագահի շուրթերից։ Մոգակա՜ն է, կասեր հայտնի երգիծաֆիլմի հերոսուհին։ Մոգական է, խնդրահարույց, զառանցանքային և հուզիչ։ Լավ, եղբայրք պատվական, հարգելի պարոն խոսնակ, իսկ մինչ այդ ի՞նչ էիք մոգոնում։ Ոտնատակ էիք տալիս եվրապարտավորություննե՞րը... Հավանաբար։
Հավանաբար, քանզի եվրակրտարանը մեր պետական ատյանների համար փրկօղակ է, բալասան, եթե կուզեք, անգամ զոքանչի օրհնանք։ Զի մենք բարեկրտվում ենք տարիներ, ամիսներ, շաբաթներ և ժամեր շարունակ։ Եվ շարունակ վերադառնում ենք ելման կետ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ դրա համար ո՛չ մեր ականջն են քոքահան անում, ո՛չ էլ գոտկատեղից ներքև աքացի հասցնում։
Ճիշտ հակառակը, քանի դեռ մենք բարեփոխվում-բարեխեղվում ենք ու վերադառնում ելման կետ, վարկերի ու դրամաշնորհների անդադրում հոսքը շարունակվում է։
Այսինքն, լավատեսական ողբերգություն` հայկական լեռնաշխարհի «լճիցլճերում»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ