2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՉՀՆՉԱԾ ՀԱՄԱԶԱՐԿԵՐ

ՉՀՆՉԱԾ ՀԱՄԱԶԱՐԿԵՐ
03.12.2010 | 00:00

Ձեռագրերը, իրոք, չեն այրվում։ Այդ թվում` պատերազմների ու հեղափոխությունների պատմությունը վավերագրող ձեռագրերը, որոնց լուսանցքներում նենգ ու դավադիր բազում իրողություններ կան։ Հենց այդ լուսանցքներն է փորձում «սղագրել» «Իրատես de facto»-ի այս նոր հոդվածաշարի հեղինակ, պատմաբան ՌՈՒԲԵՆ ԱԴԱՄՅԱՆԸ, յուրովի վերահաստատելով աֆորիզմի արժեք ձեռք բերած հայտնի ճշմարտությունը. «Նա, ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու»։ Հավելենք` հատկապես պատերազմների անցյալը, քանզի «ո՛չ պատերազմ, ո՛չ էլ խաղաղություն» հեղհեղուկ իրավիճակում ապրող հայերիս համար այս ճշմարտության վերարժևորումն առավել քան արդիական է։
Ռազմածովային պատմաբան Ա. Ստալը գրել է. «Նավատորմերի պատմության մեջ չկա մեկ այլ օրինակ, որ մի նավ այնպիսի դեր խաղա, ինչպիսին բաժին հասավ «Գեբենին»։ Նրան ամբողջությամբ համաձայն էր նաև ՈՒինստոն Չերչիլը. «Միջին Արևելքի ժողովուրդներին «Գեբենը» բերեց ավելի շատ արյուն, տառապանք և ավերածություններ, քան ցանկացած մեկ այլ նավ համաշխարհային պատմության մեջ»։ Սակայն գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերի անցումը Դարդանելով, հետագայում նաև` Բոսֆորով, և Սև ծովում հայտնվելը` բրիտանական դիվանագիտության համաշխարհային ծրագրերի մի փոքրիկ մասն էին միայն։ Նրա առավել մեծ բեկորը Թուրքիային գերմանա-ավստրիական դաշինքի գիրկը նետելն էր, ինչի համար նույն այդ դիվանագիտությունը կաշվից դուրս էր գալիս` ճգնելով... ավելացնել սեփական հակառակորդների շարքերը։
Ժամանակի ամենաառաջնակարգ նավաշինական տերությունը Մեծ Բրիտանիան էր, և մեծ թվով պետություններ հենց այնտեղ էին պատվիրում նորագույն ռազմանավերը։ Առաջին աշխարհամարտից մի քանի տարի առաջ Բրազիլիան Անգլիային պատվիրեց իր թվով երրորդ գծանավ-դրեդնոուտը` սպառազինված տասնչորս 305 մմ-անոց հուժկու հրանոթներով։ Սակայն սուրճի հայրենիքում այնքան էլ ճիշտ չէին հաշվարկել իրենց ֆինանսական հնարավորությունները և արդեն չգիտեին էլ, թե ինչպես հրաժարվեն պատվերից, երբ ասպարեզ եկավ Թուրքիան։ Նա ոչ միայն վերագնեց բրազիլացիների համար կառուցվող ռազմանավը, այլև նախապես վճարեց ևս մեկ նման կարգի ռազմանավի համար։ Ըստ պայմանագրի` 1914-ի ամռան սկզբին երկու նավերն էլ պետք է հանձնվեին պատվիրատուին։ Բայց անսպասելիորեն, տարբեր տեսակի մտացածին պատճառաբանություններով, անգլիացիները սկսեցին ձգձգել ռազմանավերի հանձնումը, իսկ հուլիսի 28-ին (այդ օրը Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային) ընդհանրապես վերցրին ու բռնագրավեցին թուրքական զույգ դրեդնոուտները` «Էյջինկորտ» և «Էրին» անվանումներով, ներառելով դրանք իրենց ռազմածովային նավատորմում։ Ընդ որում, մտքներով անգամ չանցկացրին վերադարձնել վճարված գումարը։ Ո՛չ նավերը տվեցին, ո՛չ էլ փողը վերադարձրին։
Նման գործողությունները Թուրքիայում հարուցեցին ցասման պոռթկումներ` ծնելով համընդհանուր վրդովմունք և ատելություն։ Անհեթեթ թվացող տրամաբանությունը` Ավստրիան պատերազմ է հայտարարել Սերբիային, այդ պատճառով էլ Անգլիան բռնագրավում է թուրքական ռազմանավերը, Թուրքիայում ընդունվել էր որպես բացահայտ վիրավորանք, հրապարակային ապտակ։ Ռազմանավերի կառուցման համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը հավաքվել էր համաժողովրդական հանգանակությունների միջոցով, որից, կարծում եմ, անմասն չէին մնացել նաև մեր հայրենակիցները։ Սակայն կարևորը, իհարկե, դա չէր, այլ այն, որ, բացի բրիտանական ու, թերևս, ֆրանսիական ղեկավար շրջանակներից, համաշխարհային պատերազմի հնարավոր բռնկման մասին այդ պահին ոչ մեկի մտքով չէր էլ անցնում։ Ափսոս, որ տեղը չէ մանրամասն ներկայացնելու հիրավի հանճարեղ այն հնարքները, որոնք բրիտանական դիվանագիտությունն ու գաղտնի ծառայությունները կենսագործեցին իրար դեմ հանելու համար գերմանական և ռուսական կայսրությունները։ Ասեմ միայն, որ այդ ամենում Թուրքիային էլ որոշակի դեր էր հատկացված։ Առանձնացնենք և ընդգծենք մի միտք. թեև Թուրքիան ատելությամբ էր լցվել Անգլիայի հանդեպ, սակայն այն տարածվել էր ողջ Անտանտի վրա, իսկ աշխարհագրորեն թուրքերին սահմանակից էր նրա միայն մեկ անդամը` Ռուսաստանը։ Եվ մի կարծեք, թե Անգլիայում դա չէին հաշվարկել։
Սակայն վերադառնանք գերմանական ռազմանավերին։ Գերմանական ռազմական ղեկավարությունը որոշեց օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից և գաղտնի առաջարկեց թուրքական կառավարությանը ձեռք բերել երկու նորագույն ռազմանավերը` արդեն իսկ հիշատակված «Գեբենն» ու «Բրեսլաուն»։ Թեև նրանց թվում էր, թե իրենք այդ հնարամիտ քայլով, կոպիտ ասած, իրենցով են անում թուրքերին, բայց ինչպես հաճախ է պատահում քաղաքականության մեջ` գերմանական հրամանատարության գործողություններն ընդամենը պատճենահանում էին անգլիական շահերից բխող ծրագրերը։ Այլապես այդ ռազմանավերից և ոչ մեկը ոչ միայն չէր հայտնվի Կ. Պոլսի առափնյա ջրերում, այլև դրանց անձնակազմերն իրենց անհուշարձան գերեզմանները կգտնեին Դարդանելի նեղուցից շատ հեռու։ Եկեք մի փոքր հետևենք այդ նավարկությանը։
Ավելի ճիշտ, ձեր ուշադրությունը շատ հակիրճ բևեռելով չկայացած ծովային մարտի մի քանի դրվագների վրա, ուզում եմ, որ այդ ամենը միասին արժևորենք բոլորովին այլ տեսանկյունից։ Ահա մի հատված անգլիացի ծովային պատմաբան Ալան Մուրհեդի «Պայքար Դարդանելի համար» գրքից. «Բրիտանացիները «Գեբենի» մասին գիտեին ամեն ինչ... Օգոստոսի 4-ին Միջերկրական ծովում բրիտանական նավատորմի գլխավոր հրամանատարը հեռագրեց ծովակալություն, որ... ողջ օրվա ընթացքում բրիտանական երկու գծանավ մոտ տարածությունից շարունակում են հետևել «Գեբենին»։ Ցանկացած պահի նրանք կարող էին ծովի հատակն ուղարկել այն իրենց 12-դյույմանոց (315 մմ) թնդանոթներով, բայց Գերմանիային ներկայացված բրիտանական վերջնագրի ժամկետը լրանում էր միայն կեսգիշերին, իսկ Լոնդոնում նախարարների կաբինետը կտրականապես արգելել էր որևէ ռազմական գործողություն մինչ այդ ժամը... Իր հուշերում Չերչիլը գրում է, որ նավատորմի առաջին լորդ, արքայազն Լուի Բատենբուրգը անընդհատ առաջարկում էր խորտակել այն, և որ վերջին անգամ իր հետ կապվելով երեկոյան ժամը 5-ին, նա արտահայտվել էր այն իմաստով, որ դեռևս ժամանակ կա մինչև մութն ընկնելը ոչնչացնել այն։ Բայց մեզ ուրիշ բան չէր մնում անելու, քան սպասել... Երբ իջավ գիշերը, «Գեբենը» 24 հանգույցից ավելի արագություն հավաքեց ու անհետացավ»։ Այդ ռազմանավերի հետ կապված հետագա իրադարձությունները քաջ հայտնի են, և դրանց վրա կանգ առնելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։
Հարգելի ընթերցող, որպեսզի դուք էլ չկրկնեք տարիներ առաջ իմ թույլ տված սխալը, լցվեք մի տեսակ լուռ հիացմունքով ու ակնածանքով բրիտանական ասպետական հոգեկերտվածքի հանդեպ, ինչը նրանց թույլ չի տվել գնալու ոչ մի, ասենք այսպես, ցածր քայլի, ողջ շարադրանքի ընթացքում կբերեմ մի շարք այլ օրինակներ։ Դրանք բոլորն էլ հանրահայտ դեպքերի և իրադարձությունների հիշատակումներ են, այն տարբերությամբ միայն, որ այնտեղ կան բաներ, որոնց մասին մեզ ոչ ոք երբեք ոչ մի բառ հարկ չի համարել ասել և այսօր էլ շարունակում են լռել։ Դրանցից բոլորը չէ, որ անմիջականորեն վերաբերում են անգլիացիներին, բայց, այսպես ասած, անգլիական հետքը ներկա է ամենուր։
Սկսենք շատ պարզ մի հարցից` իրավաբանորեն գոյություն ունե՞ր, արդյոք, Անտանտի դաշինքը։ Պատմական գրականության մեջ գրեթե ամենուր շատ մշուշոտ են ներկայացվում այդ «Սրտալից համաձայնության» կայացման հիմքերը` աշխատելով արագ անցնել դրա մանրամասների վրայով։ Գոյություն ուներ մեկը մյուսից միանգամայն անկախ 3 փաստաթուղթ։ Առաջինը 1904-ին կնքված անգլո-ֆրանսիական համաձայնագիրն էր, որից էլ հենց սկսում է աշխատել Անտանտի ծնունդն ազդարարող ժամացույցը։ Բայց խոսքն այնտեղ բացառապես Նյուֆաունդլենդի, Արևմտյան Աֆրիկայի, Սիամի և Եգիպտոսի մասին է։ Պատերազմի դեպքում փոխադարձ ռազմական պարտավորությունների մասին ոչ մի խոսք դուք այնտեղ չեք գտնի։ Երկրորդը` Ռուսաստանի և Անգլիայի միջև 1907-ին կնքված համաձայնագիրն էր, որի ստորագրումով էլ հենց համարվում է, որ Ռուսաստանը դարձավ Անտանտի անդամ։ Սակայն այնտեղ էլ խոսքը բացառապես Պարսկաստանում, Աֆղանստանում և Տիբեթում ազդեցության գոտիների բաժանման մասին է։ Երկար-բարակ խոսվում է ինչ-որ մաքսային խնդիրների, ինչ-որ կոնցեսիաների մասին, սակայն փոխադարձ ռազմական պարտավորությունների մասին ակնարկ անգամ չկա։ Բայց չմոռանանք, որ հիշատակված փաստաթուղթը հենց այդ վերնագիրն էլ կրում էր` «Համաձայնագիր Ռուսաստանի և Անգլիայի միջև Պարսկաստանի, Աֆղանստանի և Տիբեթի շուրջ»։ Եվ միանգամայն տրամաբանական էր, որ Լոնդոնում պարտավորված էին զգում հարգել սոսկ «Տիբեթի տարածքային ամբողջականությունն» ու «Պարսկաստանի անկախությունը»։ Թե որտեղից էին ցարական դիվանագետները վերցրել, որ այդ համաձայնագիրը երկու երկրներին իրար է կապում «դաշնակցային» պարտավորություններով, մնում է միայն գուշակել։ Երրորդ փաստաթուղթը, որի վրա հիմնված էր Անտանտը, դեռևս Ալեքսանդր III-ի ստորագրած ֆրանկո-ռուսական պայմանագիրն էր։ Այ, այնտեղ իսկապես էլ պարզ ու հստակ ամրագրված էր, որ թե՛ ֆրանսիացիները, թե՛ ռուսները պետք է անհապաղ պատերազմ հայտարարեին այն պետությանը, որը նախահարձակ կլիներ նրանցից որևէ մեկի վրա։ Այնպես որ, մեզ մնում է միայն արձանագրել այս անհավանական դիվանագիտական իրողությունը` Անտանտի դաշինքը գոյություն ուներ լոկ ռուս դիվանագետների երևակայության մեջ։ Հակառակ կողմը շատ ավելի գործնականորեն էր նայում այդ ամենին. եթե ռուս զինվորները պետք է մեռնեին Անգլիայի և Ֆրանսիայի շահերի համար, այն կար, իսկ եթե հարկ է, որ բրիտանացիներն աջակցեն Ռուսաստանին, ապա «Անգլիան ցանկանում է իր համար պահպանել գործողությունների լիակատար ազատություն»։
Հստակ ձևակերպված պայմանագրի բացակայությունը հնարավորություն տվեց անգլիացիներին իրենց չոզոքության մասին հայտարարություններով հրահրել Գերմանիային պատերազմելու։ Հակառակ պարագայում գերմանացիներն իրենց միանգամայն այլ կերպ կպահեին, այնպես որ հենց Լոնդոնի դիրքորոշման անորոշությունն էլ դարձավ այն խայծը, որը գերմանական դիվանագետները կուլ տվեցին։ Երեք գերտերությունների հետ միաժամանակ Գերմանիան չէր պատերազմի։ Եվ անգլիացիներն արեցին ամեն ինչ` ապացուցելու Բեռլինին, որ նրանց երեք տերություն չէ, որ կդիմակայի։ Որպեսզի գերմանացիներն ու ավստրիացիները չընկրկեին։ Որպեսզի վերջապես սկսվեր երկար սպասված պատերազմը։
ՈՒզում եմ ձեզ հանդիսատեսը դարձնել մի քաղաքական թատրոնի, որտեղ իր տաղանդի ողջ ուժով փայլեց Նորին մեծության կառավարության արտաքին գործերի նախարար լորդ Էդվարդ Գրեյը։ Հենց այդ կառավարության դիրքորոշումից էր կախված ողջ մարդկության ճակատագիրը 1914-ի շոգ ամռանը։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմը շատ հեշտ էր կանխել. բավական էր միայն Մեծ Բրիտանիան հայտարարեր, որ եվրոպական պատերազմի դեպքում իրենք չեզոք չեն մնա և հանդես կգան Անտանտի իրենց զինակիցների հետ համատեղ։ Ճիշտ այդպես նրանք վարվեցին 1911-ին Մարոկկոյի ճգնաժամի ժամանակ` կանխելով ֆրանկո-գերմանական բախումը։
Ներկայացումը սկսվեց հունիսի 28-ին Սարաևոյում հնչած կրակոցներով, և արդեն հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայում Գերմանիայի դեսպան իշխան Լիխնովսկին շտապեց սըր Էդ. Գրեյի առանձնասենյակ` տնտղելու, թե ինչ դիրք կգրավի Անգլիան ստեղծված իրավիճակում։ Զրուցասեր Էդ. Գրեյը երկար, շատ երկար խոսեց` ոչ մի բան չասելով, ինչպես և սովորաբար վարվում են դիվանագետները և միայն վերջում, ասածին կարևորություն չտալով, նետեց. «Միակ բանը, որ Անգլիան ոչ մի դեպքում չի կարող թույլ տալ, Ֆրանսիայի ռազմական ջախջախումն է»։ Լիխնովսկին անմիջապես շատ պարզ տրամաբանական հետևություն արեց` Ռուսաստանի ջախջախումը Մեծ Բրիտանիային չի մտահոգում։ Երկու օր անց, նույն առանձնասենյակում, արդեն Ռուսաստանի դեսպանի համար Էդ. Գրեյը բոլորովին այլ մենախոսություն էր արտասանում` զգուշացեք, Գերմանիան շատ թշնամաբար է տրամադրված ձեր նկատմամբ, և իրավիճակն առավել քան պայթյունավտանգ է։ Հաջորդ օրը, հուլիսի 9-ին, բեմում նրա խաղընկերը կրկին գերմանական դեսպանն էր։ Այս վերջինն իր հուշերում գրել է. «Սըր Գրեյից ուղղակի լավատեսություն էր ճառագում»։ Ահա այդպես շողալով ու փայլելով էլ նա ասում է ամենակարևորը, ինչը հետաքրքրում էր դեսպանին. «Մի կողմից` Մեծ Բրիտանիայի, և մյուս կողմից` Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև չի կնքվել և ոչ մի գաղտնի համաձայնագիր, ինչը եվրոպական պատերազմի դեպքում կպարտադրի իրենց հանդես գալ վերջիններիս կողմում»։ Բաց տեքստով դա նշանակում էր` մենք չեզոք կմնանք։
ՈՒ գերմանացիները հավատացին։ Անվստահության սառույցը հալվեց սըր Էդ. Գրեյի ջերմացնող հմայքի ճառագայթների տակ։ Ցանկանար Անգլիան պահպանել խաղաղությունը` բավարար կլիներ պարզապես երկու խոսք ասել, և գերմանացիները կհասկանային, թե ինչ մազից է կախված իրենց երկրի ճակատագիրը։ Սակայն լորդ Գրեյն իր տերերից այլ առաջադրանք էր ստացել և վարպետորեն էլ ի կատար էր ածում այն. ինչ հոգ, թե միլիոնավոր մարդիկ գերեզման կիջնեին։ Պատերազմի սանձազերծման համար սրը Գրեյի թափանցիկ ակնարկներն արեցին շատ ավելին, քան Գավրիլո Պրինցիպի կրակոցները։
Հուլիսի 23-ին Ավստրիան վերջնագիր ներկայացրեց Սերբիային, և հենց նույն օրն էլ Էդ. Գրեյն առաջին անգամ ընդունեց այդ երկրի դեսպանին։ ՈՒ հերթական անգամ մի երկար ճառ սկսեց` չե՞ք մտածել արդյոք, թե ինչ վնասներ կբերի պատերազմը չորս մեծ տերությունների միջև առկա առևտրին, ու անընդհատ շեշտում էր «չորս» թիվը։ Դեսպան Մենսդորֆը հաշվել լավ գիտեր և արդյունքում ստացավ` Անգլիան չեզոք կմնա։ Եվ դրա հիման վրա էլ վերջնական վճիռ կայացվեց հարվածելու Սերբիային։ Վեց օր անց լորդ Գրեյը գերմանական դեսպանին իր ընդունելությանն արժանացրեց երկրորդ անգամ։ Առաջին հանդիպման ժամանակ նա ոչ մի էական բան չասաց։ Պատճառը` րոպե առ րոպե սպասում էր ռուսական զորահավաքի մասին լուրին։ Ստանալով անհրաժեշտ տեղեկությունը (ինչը պատերազմը դարձնում էր անխուսափելի - Ռ. Ա.), նա ինքն է մարդ ուղարկում դեսպանի հետևից։ Շտապ ժամանած դեսպանին նա, շողացող ու փայլող դիմակն արդեն մի կողմ դրած, մռայլ տեսքով ասում է. «Բրիտանական կառավարությունը... չի միջամտի, եթե զինված ընդհարումը սահմանափակվի Ավստրիայով և Ռուսաստանով։ Բայց եթե գերմանացիները դրա մեջ ներքաշեն նաև Ֆրանսիային, ապա... մենք ստիպված կլինենք անհապաղ հակահարված տալու»։
-Էդ ո՞նց,- հազիվ կարողացավ այս երկու բառն արտաբերել քար կտրած գերմանական դեսպանը։ Խեղճ մարդ, եթե միայն իմանար, թե այդ հանդիպումից երկու օր առաջ սիրալիր ու բարյացակամ Էդ. Գրեյը նախարարների կաբինետի նիստում ինչպես էր փրփուրը բերանին պահանջում Անգլիայի մասնակցությունը պատերազմին` հակառակ դեպքում սպառնալով հրաժարական տալ։
Այս ամենը ձեր ուշադրությանը ներկայացրի մի նպատակով` ցույց տալու, թե անգլիական ռազմանավերի հրանոթների չկայացած մի համազարկի հետևում իրադարձությունների ինչպիսի երկար շղթա կար թաքնված։ Նույն սկզբունքով էլ կփորձենք առաջ գնալ` մեկ առ մեկ վեր հանելով ամենախոր թաքցված կամ լռության դավադրության զոհ դարձած գաղտնի օղակները։ Հասկանալի է, որ ոչ բոլոր, այլ միայն այն, որոնք երբեմն միջնորդավորված, երբեմն ուղղակի, կապ ունեն մեր ազգային խնդիրների հետ։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ