«Ժառանգությունը» բացում է հերթական «թատերաշրջանը»: Խաղացանկում է Ռիչարդ 2-րդը: Խոսքը ոչ թե Ռիչարդ Հովհաննիսյանի, այլ Կիրակոսյանի մասին է:
Ոնց երևում է՝ «Ժառանգությունը» կամ «մաքրում» են, կամ՝ «մաքրվում» է: Օրերս լուր առանք, որ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այլևս չի ֆինանսավորելու նրա ծրագրերը: Ինչը Ր. Հովհաննիսյանի «խուճուճ» հայերենով նշանակում է՝ «բա՜յ»:
Որքան հետաքրքիր էր «Ջենիսի» փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի այդ պաշտոնում նշանակվելու փաստը, որը շատերը մեկնաբանեցին որպես «Ժառանգության» ամբողջական արևմտացում, էլ առավել հետաքրքիր է նրա «ազատականացման ֆակտը»: Մանավանդ որոշ զարգացումներից և բարձրաձայնումներից հետո: Էլ մանավանդ, «Լինսիի»՝ Հայաստանից հեռանալու ֆոնին: Գիտենք, որ Քըրք Քըրքորյանն ով է Հովհաննիսյանների ընտանիքի, և ընդհանրապես, «Հովհաննիսյան պրոյեկտի» համար: Քըրքն ու Ռիչարդ 1-ինը, իմա՝ Հովհաննիսյան-ավագը, համագյուղացիներ են:
Սա՝ «ծննդոց» շարքից:
Քաղաքական մասով էլ պետք է ասել, որ ինչպես շատ կուսակցություններ, այնպես էլ «Ժառանգությունը» վերադասավորությունների մեջ է, կարճ ասած՝ «վերադասավորեցըցվում» է:
Չնայած, մյուս կողմից էլ, Կիրակոսյանի նկատմամբ քայլը կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական քմահաճ-սպեցիֆիկ ձեռնարկներից մեկը. հիշենք՝ 2003 թ. ընտրությունների նախաշեմին էլ նա ստեղծեց, ապա նույնատիպ պատճառաբանությամբ փակեց ՌԱՀՀԿ շրջանակներում լույս տեսնող «Օրրան» թերթը, որն անչափ կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ շատ լավ թերթ: Որից հետո էլ փակեց հայաստանյան մշակութային կյանքում մեծ դեր ունեցած, եզակի ամսագիրը՝ «Հայացք Երևանից»-ը: Ստացվում է, որ շարունակականությունն այնքան էլ Ր. Հովհաննիսյանի սրտով չէ, ու 2012-ի ընտրությունների տակ նա հասել է ՌԱՀՀԿ-ին, որի առաջին տնօրենը եղել է բոլորիս սիրելի, մեծ մտավորական Տիգրան Հայրապետյանը:
Կամ էլ դիմացն ընտրություններ են, և «Ժառանգության» համար նոր ծախսերի տեղ կա: Էլ չենք ասում, որ այս պահին խիստ անորոշ է «Ժառանգություն» կուսակցության ճակատագիրը (որը, «համոզված» ենք, հաստատապես գոյատևում է անդամավճարների հաշվին): Խոսակցություն կար, որ կուսակցությունը միանալու է մի քանի այլ, ոչ նշանակալից կուսակցությունների, բայց նախորդ օրը, երբ «Ժառանգությունը» պինդ-պինդ նստել էր դաշնակցականների միջոցառմանը, հասկացվեց` «որոնումների մեջ է», և չի բացառվում, որ Ռիչարդ Կիրակոսյանի «ազատումը» պաշտոնից նույն այդ կոնտեքստում է:
Խնդրո առնչությամբ ցանկացանք իմանալ Ռ. Կիրակոսյանի տեսակետը, սակայն պարզվեց՝ «նա ժողովին մեջ է». իմա՝ ՊՆ-ի հետ համատեղ սեմինարի է պատրաստվում:
Բոլոր դեպքերում, երբ այս ամենին էլ հավելում ենք «Ժառանգության» կարևոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ սկսված դեմարշը, հասկանալի է դառնում, որ «Ժառանգությանն» ասել են՝ «Ճշտվիր, դիը ֆրենդ, ճշտվիր», ու «Ժառանգությունն» էլ, որ շատ տարօրինակ միքս էր՝ անհասկանալի «ուկլոններով», ասում են՝ մեկը «կասկածվում» էր դատախազակական «ուկլոնի» մեջ, «մույսը»՝ դաշնակցական, երրորդը՝ «հարում» էր ՀԱԿ-ին, չորրորդը՝ հարվում էր ԳՌՈՒ-ից, հինգերորդը մեծ՝ չամոքված սեր ուներ ԲՀԿ-ի հանդեպ, վեցերորդն ու յոթերորդը խիստ և «մտածված» սերժական էին, ութերորդը… դե, եկ, վարդապետ, ու մի խենթացիր:
Այդ իսկ պատճառով էլ ու այս պահին՝ գոտին ձգվում է մինչև «վարդապետի խազը»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ