Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
14.10.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Դուք տառապում եք անքնությա՞մբ։ Անմխիթար վիճա՞կ է։ Ինչպե՞ս ազատվել դրանից։ Ինչպե՞ս հաղթահարել այն։
Բայց մի շտապեք «ազատագրվել»։ Ոչինչ կյանքում չի լինում իզուր։ Հիվանդությունը` նույնպես։ Անքնությունը` ևս։ Ամեն ինչ ուղղված է դեպի ինչ-որ նպատակ, ամենը ծառայում է խորհրդավոր նախախնամությանը, ամեն ինչից պետք է դաս առնել։ Անխոհեմություն կլիներ խույս տալ այդ պարգևներից։ Ինչո՞ւ չընդունել դրանք։ Անհամբեր ինքնահաճությունը պետք է տենչա անմիջապես «փախչել» տհաճ բանից։ Կյանքի իմաստությունը գործում է այլ կերպ. նա ցանկանում է ընդունել տհաճությունը նույնպես։ Եվ հնարավոր է, որ ամենաթանկ պարգևը հանձնի ամենատհաճ բանին։ Այն, ինչն ուզում է արտահայտվել, պիտի անպայման արտահայտվի։ Եվ ահա հայտնվում է անքնությունը։ Բարի՛ գալուստ։ Միայն թե չպե՛տք է վախենալ նրանից։ Հակառակ դեպքում հոգին կկաշկանդվի ջղացնցումով։ Պետք չէ այն հաղթահարել։ Այլապես նա կսկսի համառորեն հաստատվել։ Քունը միշտ հեշտ է գալիս։ Ահա մենք էլ կգնանք նրան ընդառաջ ամենաթեթև քայլքով։ ՈՒ կընդունենք նրանից նրա ընծաներն ու դասերը։
Մեր կամայականությունը սահման ունի, ինչն անքնության առաջին դասն է։ Մեզնից ոչ ոք սեփական կյանքի անսահմանափակ տիրակալը չէ։ Ընդհակառակը, մենք ստիպված ենք հաշվի առնել մեր բնության անվիճելի տվյալները, մենք պետք է հարմարվենք և ենթարկվենք նրանց, որպեսզի աստվածային սկզբունքը մեր մեջ նորից արթնանա, որպեսզի նա գտնի մեր մեջ ստեղծագործական հավասարակշռություն, անդորր։ Եթե չանենք դա, կկորցնենք առողջությունը, հավասարակշռությանը, քունն այնքան ժամանակ, մինչև որ դրանք նորից չվերականգնվեն «իրենք իրենց»։ «Ինքդ քո միջոցով»` այդպես է հնչում Արիստոտելի խորին ու դիպուկ խոսքը։ Դե՛, իսկ հիմա մենք պիտի սպասենք, մինչև որ քունն ինքն իրեն կարգավորվի։ Մի՛ հուզվեք։ Անքնությունը նման է ձանձրույթի` նա այստեղ է միայն այն պատճառով, որ հեռանա շուտով։ Նա կմնա այնքան ժամանակ, մինչև ամրանա քնի տենչանքը։
Այնպես որ, քնի օգնության լավագույն միջոցը անքնությունը չխանգարելն է, նրան տրվելը, այն ըմպելը` ինչպես մատուցված գավաթը։ Ավելի լավ է մոռանալ, որ վաղուց քնելու ժամանակն է. բոլորովին չմտածել սեփական անքնության մասին, դրա հնարավոր հետևանքների մասին և այլն, այլ անկեղծորեն և անմիջականորեն տրվել կյանքի բովանդակություններին, որոնք առանց քաշվելու խցկվում են մեր մեջ և դուրս են քշում քունը։ Թող առաջ գա այն, ինչը ցանկանում է գալ. թող քանդվի գաղափարների ու աֆեկտների ամբողջ կծիկը։ Մնացած աշխարհը կարող է քնել։ Ես տրվում եմ սեփական անքնությանը և նրա թաքնված բովանդակություններին, որոնց համար ես «ժամանակ չեմ ունեցել» օրվա ընթացքում։ Ես մնում եմ մենակ ինքս ինձ հետ։ Այդպես, անքնությունը բերում է ինձ իր երկրորդ պարգևը` մենակությանը դիմանալու հատկությունը։ Այնտեղ, որտեղ բոլորն ինձ մենակ են թողել, որտեղ բոլորը, սուզվելով իրենք իրենց մեջ, մոռացել են ամբողջ աշխարհը և ինձ, որտեղ ես բոլորովին մենակ, տրամադրված պառկած եմ ու համոզված եմ, որ միայն ես եմ ի վիճակի օգնելու ինձ, այդ ժամանակ սկսվում է անսովոր, անջատված, լարված մի կյանք։ Այդ կյանքը հաճախ այնքան ինտենսիվ է, որ չի կարող լինել ձանձրալի, ընդհակառակը, նա երբեմն այնքան անսպասելի է ու արտասովոր, որ իմ մեջ արթնանում է իսկական հետաքրքրություն, իսկ երբեմն այնքան լեցուն է իմաստով, որ ես զգում եմ ինձ մենակության, ինքնուրույնության և ինքնատիրապետման դժնդակ դպրոցում։ Օ՛հ, ինչքան մարդ կա այս աշխարհում, ովքեր միայն անքուն գիշերների ընթացքում են առաջին անգամ զգացել ու ըմբռնել սեփական հոգևոր ու ոգևոր մենակությունը, և միայն այդ մենակության պատճառով են դիմել Աստծուն ու գտել Նրան։ Քանզի միայն Նա է ամենից մոտ կանգնած անքնությամբ տառապողին։ Այնտեղ, որտեղ կյանքը թվում է միանգամայն անմխիթար, վայրկենապես հայտնվում է մխիթարությունը։ Այնտեղ, որտեղ, կարծես, կործանվում ես միայնության մեջ, ավելի հեշտ ես գտնում ուղին առ Աստված։ Իսկ դա, անտարակույս, ամենավեհ մխիթարանքն է և ամենաթանկ պարգևը։
Իսկ հիմա` անքնության երրորդ թանկագին ընծան։ Այդ գիշերային հսկման մեջ սովորում ես պատկերացնել ու ականջ դնել սեփական չգիտակցված և կիսագիտակցված գաղտնարանների թաքնված իմաստներին։ ՈՒ ոչ միայն դառնությունների ու վիրավորանքների, որոնք քեզ պատճառել են ուրիշները, այլև սեփական սխալների, մեղքերի ու վերքերի մասին։ Եվ ոչ միայն դրանց, այլև խղճի սուրբ և բժշկող շողերի մասին։ Որովհետև ոչինչ այնպես չի տրամադրում ու այնպես նախանշված չէ լույսի այդ շողերի ընկալման համար, ինչպես անքնության կիսախավարի աղջամուղջային վիճակը։ Այնտեղ, որտեղ մարել են ցերեկվա լույսը և գիտակցության լույսը, որտեղ կուտակվում և ուժեղանում է ներքին ճառագայթների ընկալման ընդունակությունը և որտեղ առօրյա կյանքի մռայլ տեսարանը կարոտում է առանց նոր, աննկարագրելի լույսի։ Է՛հ, ինչքան շատ մարդ կա, որոնք միայն անքուն գիշերներին են վերապրել խղճի տառապանքների պայծառացնող բարիքը և զղջման բժշկող օրհնությունը` միայնակ, դառը, հաշտեցնող զղջման։ Մի՞թե դա թանկագին պարգև չէ։ Մի՞թե դա մխիթարություն չէ, որը ծնվել է անմխիթար վիճակից։ Ճշմարի՞տ են արդյոք այն վախկոտ մարդիկ, ովքեր փորձում են խուսափել այդ նվերներից և այդ մխիթարանքից, և որոնք դիմում են դեղերին, որպեսզի առավոտյան չլինեն...
Անքնությունը սովորեցնում է մեզ լինել առնական։ Առնական բնության առաջ, ինքդ քո դեմ, սեփական խղճիդ առաջ։ Արիությունն անհրաժեշտ է մեզ միայնության մեջ լինելու համար, որ կարողանանք աղոթք մատուցել Աստծուն։
Սա է անքնության վերջին ընծան ու նրա լավագույն մխիթարությունը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ