Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԻՆՉԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՄԵԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ, ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ՉՆՉԻՆ ՈՒ ՊԻՂԾ Է

ԻՆՉԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՄԵԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ, ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ՉՆՉԻՆ ՈՒ ՊԻՂԾ Է
27.03.2012 | 00:00

Մեր դավանակից Ղպտի եկեղեցին սրբերի պակաս չի ունեցել, քանզի նրանցից են սերվում սուրբ Անտոն Անապատականը, Մակարիոսը, Արսեն Մեծը և այլք։ Այս անգամ ամենահինավուրց առաքելական եկեղեցիներից մեկի դավանակից ղպտի մեր եղբայրներն իրենց նորոգ ննջեցյալ Շենուդա 3-րդ հայրապետին ճանապարհեցին երկինք, քանզի մարտի 17-ին երկարամյա իր հոտին հայրաբար հովված Աստծո ծառան գնաց իր հոտի համար պատասխան տալու Երկնային Հովվապետին` Հիսուս Քրիստոսին։ Շենուդա 3-րդ հայրապետը ծնվել է 1923 թ. օգոստոս 3-ին և գահակալել 41 տարի Եգիպտոսում սբ. Մարկոսի հիմնած աթոռին։ Սուրբ Էջմիածնում ապրիլի 2-ին պետք է հատուկ հոգեհանգստյան արարողակարգ կատարվի Աստծո այդ ծառայի համար, չնայած բոլորն էլ համոզված են, որ նա կարող է հավատարիմ ծառայի նման կանգնել Տիրոջ առաջ, քանզի նրա անբասիր ծառայությունն ու սրբակենցաղ կյանքը շատերին են հայտնի։ Լսել ենք, որ նա չնայած հայրապետ էր, բայց սրտով ու հոգով մեծ ճգնավոր, որովհետև շաբաթվա երեք օրը նա առանձնանում էր աղոթքի ու ճգնության, իսկ մնացած օրերին իրեն վստահված հոտի բազմաթիվ հոգսերն էր հոգում Տիրոջ զորությամբ։ Իսկ որ հոգսերը բազմաթիվ են, փաստ է, որովհետև ղպտիները, չնայած բուն Եգիպտոսի բնիկներ են համարվում, սակայն իրենց փարավոնների երկրում պանդուխտի նման են ապրում, քանզի արաբները տասը դար առաջ գրավեցին այդ երկիրն ու մինչև հիմա էլ իշխում են այնտեղ։ Իսկ անցյալ տարի, երբ մուսուլման ֆունդամենտալիստները սկսեցին իրենց մոլեռանդ գործունեությունը տեղաբնակ քրիստոնյաների դեմ, ղպտի եկեղեցին երեսունին մոտ նահատակ տվեց մի օրում, որից հետո սկսվեցին մուսուլմանական մնացած երկրների կարգերի փլուզումն ու տասնյակ տարիներ իշխող պրեզիդենտների տապալումն ու սպանությունները։
Քանի որ առիթ է ընձեռվել, այժմ ավելի մոտիկից ծանոթանանք մեր դավանակից ղպտի եկեղեցուն։ Նախ մի հատված իրենց մասին Հին կտակարանից
«Տերը եգիպտացիներին պիտի զարկի,
պիտի զարկի, բայց և պիտի բժշկի,
և նրանք Տիրոջը պիտի դառնան,
ու նրանց պիտի ընդունի ու պիտի բժշկի» (Եսայի 19.23)։
Եվ այսպես, նախ իմանանք, որ ղպտիները նույն եգիպտացիներն են, այսինքն` փարավոնների արյունակից ժառանգորդները, որոնք, ըստ սաղմոսի մարգարեական խոսքի, առաջիններից էին, որ դարձան առ Աստված։ Նրանց նախնիներն են կառուցել փարավոնների բուրգերը, որոնց մասին խորհրդաբանորեն ասված է. «Ամեն ինչ վախենում է ժամանակից, իսկ ժամանակը՝ բուրգերից», քանի որ մարդու ձեռքով կառուցված ամենահին շինությունների մեջ միայն սրանք են կանգուն մնացել մինչ օրս: Նրանց մասին բազմիցս է գրվել Աստվածաշնչում, քանի որ Եգիպտոսը եղել է ու կա Իսրայելի ամենամերձավոր հողակիցը, ինչ-որ տեղ էլ իսրայելազգի աճման ու բազմացման շտեմարանը, քանի որ Տերը Աբրահամ նահապետին տարավ Պաղեստին ու խոստացավ այդ երկիրը տալ նրա սերնդին։ Այդ պատճառով եգիպտացիները հրեա ազգի կազմավորման և խմորման գործում Աստծո նախա-խնամությամբ ամենավճռորոշ դերն են կատարել, որովհետև հրեաներն ընդամենը 70 հոգով, Հակոբ նահապետի գլխավորությամբ, Եգիպտոս մտան և, Նեղոսի դելտայի` Գեսեմի ամենաբերրի երկրում բազմանալով, 430 տարի հետո այնտեղից դուրս եկան բյուրավորներով,՝ որոնց մեջ միայն մարտունակ տղամարդկանց թիվն անցնում էր 600000-ից: Այսինքն՝ Եգիպտոսը հրեաների համար մի բարեբեր երկիր դարձավ, որտեղ նրանք շատացան ու այնքան զորացան, որ կարողացան իրենց հայր Աբրահամին Աստծո խոստացած Ավետյաց երկիրը ժառանգել: Բայց այդքանով չավարտվեց Եգիպտոսի դերը, քանի որ հետագա դարերում նա, Ասորեստանի և Բաբելոնի հետ միասին, եղավ հրեաներին մեղքերի համար խարազանող մի ցավոտ մտրակ: Եվ վերջապես՝ մանուկ Հիսուսին Հերովդեսի ձեռքից փրկելու համար Հովսեփն ու Մարիամը Եգիպտոս փախցրին Նրան, որով և կատարվեց մարգարեի բերանով Տիրոջ ասած այն խոսքը, թե` «Իմ Որդուն Եգիպտոսից կանչեցի» (Ովսեե 11.1): Իսկ երբ Եգիպտոսը հպարտացավ Աստծո դեմ, Տերը Եզեկիել մարգարեի միջոցով ասաց. «Որդի՛ մարդու, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի: Ահա այն պիտի չփաթաթվի, ոչ էլ նրա վրա դեղեր ու կապեր դնելով՝ այն պիտի պատեն, որ զորանա սուր բռնելու համար... Եգիպտացիներին ազգերի մեջ պիտի ցրեմ ու երկրների մեջ նրանց ցիրուցան պիտի անեմ, ու պիտի իմանան, որ Ե՛ս եմ Տերը... Որովհետև նա հասակով բարձրացավ ու գլուխը ամպերին հասցրեց, նրա սիրտը իր բարձրությամբ հպարտացավ: Ես էլ նրան ազգերի մեջ զորավոր մեկի ձեռքը մատնեցի, որը, անշուշտ, նրան հատուցում պիտի անի» (Եզեկ. 30. 21,26, 31. 10-11): Եվ այս մարգարեությունը կատարվեց բառիս բուն իմաստով, քանզի հիմա Եգիպտոսում ընդամենը 7 միլիոն բնիկ եգիպտացի է ապրում, իսկ մնացած քսան միլիոնը ցրված է աշխարհի տարբեր ծագերում: Իսկ որ մինչև ամպերը հասած իր բարձրությամբ իսկապես հպարտացել էր, դեռ հազարամյակներ անց երևում է նրա անկրկնելի արվեստի ու ճարտարապետական հանճարի եզակի կոթողներից՝ թագավորական խորհրդավոր դամբարաններից, երկնաքեր բուրգերից և վիթխարի բազմազան կուռքերից:
Ինչպես տեսանք, Եգիպտոսը նշանակալից դերակատարություն է ունեցել հրեաների՝ որպես ազգ կազմավորվելու գործում, և բնական էր, որ մասնաբաժին ունենար այս Սուրբ երկրի մեջ, քանի որ նրանց համար նաև գրված է. «Տերը եգիպտացիներին պիտի հարվածի: Պիտի հարվածի, բայց պիտի բժշկի, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, և Նա նրանց պիտի ընդունի ու պիտի բժշկի» (Եսայի 19.22): Այս մարգարեությունը կատարվեց 7 դար անց, երբ Մարկոս Ավետարանիչը գնաց Եգիպտոս, քարոզեց Քրիստոսի Ավետարանը, ու եգիպտացիներից շատերը թողնելով իրենց կուռքերին, կենդանի Աստծուն սկսեցին պաշտել: Եվ դարձյալ մի ուրիշ մարգարեության մեջ ասվում է. «Եկեսցե հրեշտակք յԵգիպտոսէ. հնդիկք յառաջագոյն ձեռնտու լիցին առ Աստուած» (Սղմ. 67.31): Սաղմոսի մարգարեական այս տողերը մեջբերեցի գրաբարով, քանի որ «հրեշտակք» բառը տարբեր թարգմանություններում տարբեր ձևով է արտահայտվել: Մի տեղ՝ դեսպան, մի այլ տեղ՝ իշխանավոր, մի ուրիշ տեղում` պատգամավոր, իսկ հին սլավոնական թարգմանության մեջ՝ աղոթողներ: Ինքս համակարծիք եմ վերջինի հետ, ինչը հաստատվեց եգիպտացի սուրբ և ընտիր հայրերի աննախադեպ աստվածպաշտությամբ ու առաջին անապատականներով, ինչպիսիք են Անտոն Մեծը, Մակար Մեծը, հայր Արսենը, Շենուդա սուրբը և այլք: Ահա այս ազգը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում երեք առաջնորդող եկեղեցիներից հետո, իր ունեցած սրբատեղերի սեփականությունների թվով ու կարևորությամբ չորրորդն է և իրավունք ունի իր մասում պատարագներ ու ժամերգություններ կատարելու: Ճիշտ է, արարողության ժամանակ միայն պատարագիչն ու ժամարարն են հազիվ տեղավորվում վերը նկարագրված փոքրիկ մատուռում, իսկ մնացածները կանգնում են արտաքին մասում, բայց դա նրանց չի խանգարում հոգեշահ աղոթքներով Տիրոջը փառաբանել, որ բազում դարեր հետո այդ ողորմությունն է արել իրենց ազգին: Հաճախ եմ դիտել ղպտիների արարողությունները և նկատել, որ նրանք մյուս ազգերից ավելի երկյուղածորեն են մասնակցում պատարագներին, իսկ երբ մոտենում է սուրբ Հաղորդության պահը, համեստ հագնված բոլոր տղամարդիկ և կանայք հանում են իրենց կոշիկները ու սառը քարեհատակին խոնարհաբար կանգնած սպասում իրենց հերթը հասնելուն: Ավելացնեմ, որ այս փոքր, բայց կարևոր մատուռը ղպտիներն ունեն հայերիս շնորհիվ, քանզի 13-րդ դարում այն կառուցել է տվել Կիլիկիայի Հեթում թագավորը, բայց հետագայում իրենց Սբ. Մինաս եկեղեցին Եգիպտոսում տալով տեղի հայ համայնքին՝ ղպտիները Երուսաղեմում իրավունք ստացան Տիրոջ սուրբ Գերեզմանին կից այս շատ կարևոր մատուռ-խորանն ունենալ, որտեղ նրանք չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին կարող են անարգել ժամերգություն և հետո պատարագ մատուցել: Իսկ Սուրբ Հարության տաճարում եղբայրաբար նրանց մի փոքրիկ սենյակ էլ ենք տվել մեր տեսչարանին կից, որ կարողանան իրենց եկեղեցական սպասքները պահել:
Ղպտի ժողովրդի ճակատագիրը մասամբ նման է մերին: Ինչպես մեր ժողովրդի արևմտյան հատվածի բեկորն է իրենց նախնիների հայրենիքում, մահմեդական պետության մեջ, այնպես էլ ղպտիների: Եգիպտոսը, որ անհիշելի ժամանակներից, հազարամյակներ շարունակ նրանց հայրենիքն էր, այժմ մահմեդականների երկիր է, և ղպտիներն իրենց հայրենիքում ապրում են որպես օտար նվաճողների պետության հպատակներ: Այս տողերը գրելիս հիշեցի 2000 թ. Բեթղեհեմում հավաքված քրիստոնյա եկեղեցիների համաժողովը, որին մասնակցելու էին եկել Սուրբ երկրի բոլոր պատրիարքներն ու հոգևոր առաջնորդները: Երբ հայտարարվեց, որ Պաղեստինի արաբ առաջնորդ Յասեր Արաֆաթն է գալիս, բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել: Տեղյակ լինելով արաբների հանդեպ ղպտիների ունեցած հակակրանքին, ես հատուկ ուշադրություն դարձրի, թե ինչպես կպահի իրեն ղպտի եպիսկոպոսը: Նա, ի հարգանս ինձ, շատ խորագիտորեն վարվեց. մինչ բոլորը հոտնկայս ծափահարում էին (ինչ-որ տեղ և ստիպված, քանի որ Բեթղեհեմը գտնվում է պաղեստինյան իշխանության ներքո), ղպտի առաջնորդը ձեռքերն էր իրար շփում, լվացվելու շարժումներ անելով, բայց ոչ թե ծափահարում, ինչպես մնացածները: Ինձ թվում է` շատ քչերը այդ նկատեցին, բայց մեծարանք իրենց հայրենիքը նվաճողների հանդեպ, համենայն դեպս, չկայացավ: Ինչևէ, սա գրեցի, որպեսզի համոզվենք, որ չնայած Աստված Եգիպտոսի հպարտության համար այդ երկիրը տվեց անօրենների ձեռքը, բայց բուն ղպտի ազգին ապրեցրեց Քրիստոսի հավատքով (եգիպտացիների մեծ ազգից գոյատևեցին միայն նրանք, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը, իսկ մնացածը տարրալուծվեց արաբների հետ): Ավելացնենք այս ամենին, որ Կահիրեի ղպտական եկեղեցիներից մեկում տեսիլքով 30 օր երևացել է Տիրամայրը և շատերի համար բժշկության և օրհնության պատճառ եղել։
2003-ին Եգիպտոս կատարած այցիս ընթացքում երբ որպես ուխտագնաց եղա մեր Տիրոջ սուրբ ընտանիքի ապրած վայրերում, դիտեցի նաև Կահիրեից ոչ հեռու Գիզայի հովտում գտնվող աշխարհահռչակ բուրգերը, իսկ հետո ուխտագնացների խմբով մտանք նրանց քուրմերի հսկայածավալ տաճարները: Սեփական աչքով տեսնելով այդ հզորագույն պետության դարեր ու ժամանակներ հաղթող զորության կնիքները՝ ես խորհում էի. այս ազգը հիրավի մեծագույնն է եղել իր ժամանակներում, բայց նրա մեծությունը դարձավ ոչինչ, իսկ նրա երկիրը տրվեց մի փնթի ու անհանճար ազգի, որ, մեծավ մասամբ պատերազմելուց ու խախուտ հյուղակներ շինելուց զատ, ոչինչ չի կարողանում անել (իհարկե, չնսեմացնելով արաբ ազգի շատ ընտիրների մեծ գործերը): Ինչո՞ւ այդպես եղավ: Պատճառն այն էր, որ Եգիպտոսում ապրող հրեաներին պիղծ էին համարում, ու մերժեցին նրանց պաշտած Աստծուն, չնայած հրեազգի Հովսեփ Գեղեցիկի միջոցով Տերն այդ պետությունը փրկեց սովից ու աննախադեպ զորության հասցրեց: Եվ այդ նույն Աստվածն իր հզոր ձեռքով ու մեծամեծ հարվածներով հրեաներին դուրս բերեց Եգիպտոսից, նրանց մատնելով փարավոնի թագավորության ժամանակավոր փառքը մերժող Մովսես մարգարեի ձեռքը: Իսկ երբ նույն հրեաները մերժեցին այդ նույն Աստծո Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այդ ժամանակ Տերը հայերին տվեց հրեաների փառքը՝ Սիոն լեռան բարձունքը և աշխարհի զորավորների հետ բաժնեկից արեց մեզ սուրբ Հարության տաճարում, իսկ եգիպտացիներին մեզ հետևակ դարձրեց: Այդ այցելության ժամանակ մեզ տարան ցույց տալու նաև փարավոնների խորհրդավոր դամբարանները` փորված լեռների ընդերքում: Երբ անցնում էինք լաբիրինթոսի նմանվող և ամբողջովին նկարազարդված միջանցքներով, բազմաթիվ հիերոգլիֆների մեջ հանկարծ նկատեցի քրիստոնյաներիս Խաչը: Երբ ավելի մոտիկից զննեցի, հասկացա, որ դա ավելի ուշ ժամանակների գործ է, և հոգիս ուրախությամբ համակվեց՝ տեսնելով մեր ազգի պարծանք սուրբ Խաչի նշանը, որ նկարել էին նախնի քրիստոնյաները այդ հզորագույն պետության թագավորների դամբարանում: Այդ պահին մի ներքին հպարտություն ապրեցի (բայց ոչ ամբարտավանություն. ինչ զգացի, ա՛յն եմ ասում) մեր իմաստնագույն նախնիների համար, որոնք, կանխատեսելով գալիքը, առաջինը հրաժարվեցին անշունչ կուռքերից ու Քրիստոս Տիրոջը որպես Աստծո և Փրկչի ընդունեցին և հարյուրավոր ազգերի մեջ դարձան անդրանիկը բոլոր քրիստոնյաների:
Վերջերս էլ մի հայ պատմաբանի վարկածով (Ս. Այվազյան...) հայ-եգիպտական հարաբերությունների մի եզր է հայտնաբերվել, ըստ որի մ.թ.ա. 1710 թ. Եգիպտոսում հայտնվեց օտարալեզու մի ազգ, երկաթապատ կառքերով ու թրերով, որոնք հեշտությամբ ճեղքում էին մինչ այդ ամենակարծր համարվող մետաղը՝ բրոնզը: Նրանց ամեհի ուժին ու ճարպկությանը չդիմանալով` ընկավ մինչ այդ անպարտ Եգիպտոսը ինչ-որ հիքսոսներից (կամ, ինչպես հնում են անվանել՝ Հյուքոս, կամ Հայկսոսներ, որ թարգմանվում է՝ թագավոր հովիվներ): Նրանք, իշխելով Եգիպտոսին, հաստատեցին նոր թագավորական հարստություն, որը տևեց մինչև մ.թ.ա. 1580 թվականը: Մանեթոն քուրմի թողած աղքատիկ պատմության պատառիկներից տեղեկանում ենք, որ այդ եկվորները Հուրի երկրից են, որ հասկացվում է Հայասա, կամ այժմյան Հայաստանը: Նրանց շնորհիվ էր, որ Եգիպտոսը իմացավ երկաթ ստանալու գաղտնիքը, որը հետագայում նրան օգնեց իր գերագույն հզորությանը հասնելու: 1963 թ. պեղումների ժամանակ Մեծամորում հայտնաբերված երկաթաձուլարանի ուսումնասիրություններից հետո հնէաբանները հանգեցին այն եզրակացության, որ աշխարհում առաջին անգամ երկաթ ձուլել են հայերը: Այնպես որ, հավատում ենք, թե ոչ, հայ-եգիպտական եզրեր դեռ հնուց են եղել, երբ Տերը հպարտացած Եգիպտոսին ուզել է խոնարհեցնել ինչ-որ «հովիվների» միջոցով:
Այսպես է գործում Տերը, քանզի ամեն բան Իրենն է և ում ուզում՝ տալիս է, և ինչը մարդկանց մեջ մեծ է համարվում, Նրա համար չնչին ու պիղծ է, իսկ խոնարհներին Տերը բարձրացնում է: Եվ Ամենակալ Աստծո առջև խոնարհությամբ քայլող ու սուրբ երկյուղով Իրեն պաշտող ժողովուրդ թող անի մեզ՝ հայորդիներիս: Այս նյութին վերաբերող որպես կարևոր լրացում ասենք, որ, ըստ Եվսեբիոս Պամփյուլոս Կեսարացու «Ժամանակագրություն» (Քրոնիկոն) գրքի, երբ հիքսոսները պարտություն կրեցին եգիպտացիներից, 24000 սպառազեն զորքով ստիպված եղան դուրս գալ այդ երկրից ու գնալ Պաղեստին (այժմ՝ Իսրայել) և Սաղեմը հիմնեցին: Այստեղ էլ Բարձրյալ Աստծո Մելքիսեդեկ քահանայի մասին ենք կարդում Ծննդոց գրքում, որին հայր Աբրահամը տասանորդ տվեց: Իսկ ի՞նչ կապ ունի Մելքիսեդեկը մեր հայոց ազգի հետ։ Պարզվում է` ամենաուղիղ: Որտեղի՞ց նման տեղեկություն. Գրիգոր Նարեկացի սրբի «Ապարանքի սուրբ Խաչի պատմությունը» գրվածքից: Մեջբերում եմ անում այդտեղից. «Թորգոմա հյուսիս-արևելյան տան վրա հորդեցին իրենց կենսաղբյուր շնորհների անձրևները, և ցողեցին իրենց գթությունը: Որովհետև սրանք (Թորգոմա սերունդները) իրենց տոհմային պայազատությամբ (պայազատ նշանակում է ազնվական տոհմի ժառանգ- հեղ.) երևելի այրեր էին՝ ազնվական ցեղից, դյուցազունների զարմից, իշխանական տնից, գովյալների գնդից, քաջերի դասակարգից, Մելքիսեդեկի հարազատ արյան շառավղից»: Այսինքն, ըստ այդ տեղեկության, մենք,՝ այսինքն` Թորգոմի տան սերունդը, արյունակցական կապ ունենք Մելքիսեդեկի հետ: Իսկ թե որտեղից է Նարեկացի սուրբը գտել Մելքիսեդեկի հետ արյան հարազատության այս անսուտն վկայությունը, քանի որ սրբի միջոցով է մեզ փոխանցվել, ես չգիտեմ, բայց հավատում եմ ամբողջ սրտով, որովհետև այս ազնվացեղ հայորդիներին պետք է առաջինը վստահվեր Քրիստոս Տիրոջ անունն ու Խաչը: Ինչպես մի երկրի թագավոր իր տղաների միջից, ամեն տեսակի հնարքներ բանեցնելով, փնտրում է իր գահի արժանի հետնորդին, այդպես էլ Տերը մի քանի դար փնտրեց, փորձեց ու գտավ այն ազգը, որն արժանի պետք է լիներ առաջինը կրելու քրիստոնյա ազգ լինելու անդրանիկի անզուգական պատիվը: Ինչո՞ւ: Որովհետև այս ազգը պետք է լիներ այն «թթխմորը», որով պետք է խմորեր աշխարհի մնացած քրիստոնյա ազգերին: ՈՒրեմն թող նույն Աստված նաև հիմա շնորհների առատություն տա մեր ազգին` նորոգվելու և բարձրանալու, որպես երկնքին արժան հետնորդներ ապրելու:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ