Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՇԱՏ ԲԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ Է ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ «ԻՐԱԴՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ»

ՇԱՏ ԲԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ Է ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ «ԻՐԱԴՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ»
06.05.2011 | 00:00

Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը ստվերեց ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են` մի շարք առումներով: Նախ` սեփական ռեաբիլիտացիայի: Ապա` էլեկտորատի «ջրբաժանի»: Հետո` վարչապետական «բազարների»: Եվ վերջում` գեոպոլիտիկ կողմնորոշման:
Մինչ այդ ամենին անդրադառնալը փորձենք պատասխանել նաև որոշ հարցերի. բոլոր դեպքերում, կոալիցիոն գործընկերներն ընտրությունների գնալու են միասի՞ն, թե՞ հը՛ը: Առանձին գնալու դեպքում ո՞վ է կազմելու ցուցակները: Նաև` ումով: Պառլամենտարիզմի տասներկու թվի պատմությունը ԲՀԿ-ն կերտելու է` հայտնվելով ո՞րերորդ տեղում` երկրո՞րդ, երրո՞րդ, չորրո՞րդ: Վարչապետի «ձևավորման» ֆորմուլիրովկայի հարցում ի՞նչ դերակատարություն է ունենալու կուսակցությունը և ունենալո՞ւ է արդյոք: Որտե՞ղ է լինելու «այդ օրերին» Ռոբերտ Քոչարյանը: Միասին գնալու մասով որևէ խոսք այս պահին ու դեռ երկար ժամանակ (մինչև աշնան կեսեր) չի լինելու: Համենայն դեպս, այս պահին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի «վրա» շրջաբերական է «իջեցված»` որևէ տարբերակի համար չասել` երբեք: Իսկ ԲՀԿ-ի վերջերս արած` «նա գնաց մենակ» հայտարարությունն առանձին կնայենք` ներքևում:
Վերջնական որոշումը, հասկանալիորեն, կայացնելու է կոալիցիոն առաջնորդը, ինչպես ասացինք` ելնելով հայաստանյան և տարածաշրջանային իրադրությունից, կոնյունկտուրայից: Քաջատեղյակները պնդում են, որ առանձին գնալու որոշման շանսերը մեծ են մի շարք և նույնիսկ «մի կին ատամնատեխնիկի» պատճառով: Այո, բացի քաղաքական նպատակահարմարությունից, կա նաև տեխնիկական խնդիր. ասենք` կոալիցիան միասնական ցուցակով մուտք գործեց պառլամենտ, ստեղծեց իր նոր կառավարությունը, երբ կառավարությունում կադրային տեղաշարժ եղավ` այս կամ այն կուսակցության, ասենք` ԲՀԿ-ի գծով, և համամասնական ցուցակում հաջորդը ՕԵԿ-ն է, ԲՀԿ-ն հո իր ճակատին չի՞ գրելու ՕԵԿ ու դառնա անհասկանալի միքսնախարար, չնայած, Սամվել Բալասանյանը, որպես «կենդանի շոֆեր», կարող է և հակառակն ապացուցել, սակայն, ըստ լավատեղյակների, խնդիր իսկապես կա:
Այսպիսով, ինչո՞ւ առանձին:
ա) Այդ ձևաչափով ՀՀԿ-ն կարող է ավելի շատ «վերցնել», իսկ ԲՀԿ-ին «տալ» այնքան, ինչքան «իրադրությունը կպահանջի»: Միասնականի դեպքում կոալիցիոն «տանն» արած բազարը պետք է մաթեմատիկական ճշգրտությամբ գործի: Եվ հետո, ապագա կոալիցիա կազմելու տեսանկյունից` իրադրությունը կարող է «թելադրել», որ ռուսական կողմնորոշումը պետք է ավելի շատ լինի, դա կարվի նաև ԲՀԿ-ի հաշվին:
Չքննարկենք, թե ԲՀԿ-ին որքան ձեռնտու է առանձին գնալու տարբերակը: Այն վերջապես հնարավորություն կտա կուսակցությանը հետ բերել կոալիցիոն «ղազագրի» (ինչպես նշում էր հայոց մամուլը) տակ հայտնվելու ժամանակ կորցրած լոտերը: Ի դեպ, ԲՀԿ-ն օրերս արդեն իսկ սկսել էր այդ գործը, բուռն նախընտրական քարոզարշավի տեմպերի դեժավյուի մեջ հայտնվելով. տեսնել էր պետք այն ազարտն ու էնտուզիազմը, որով քայլում էին ԲՀԿ գերակտիվիստներն ու ակտիվիստուհիները (ԲՀԿ ներսում արդեն իսկ սկսված համամասնական ցուցակի գզվռտոցի ու վիզկրծոցիի մասին` առաջիկայում): ԲՀԿ-ն համոզված է, որ իր ունեցած ֆինանսա-«տուկա-կարտոլային» միջոցառումները բավարար խթան են` ընտրություններում իրենց ակնկալածն ստանալու համար: Եվ կարծում է, որ այս ընտրություններում ինքը կստանա այն, ինչ հայտնի ֆիլմի «պերսոնաժ» Կոլյա Օստենբակենը` իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցից. այո՜, «աղջիկը նրան սիրեց»:
Հիասթափեցնենք սիրողներին և սիրահարներին. ԲՀԿ-ի դեպքում ևս կգործի ամենազոր ու ամենակուլ կոնյունկտուրան: Կասեն ԲՀԿ-ին` սոված ես, կսովածանա, կասեն` քնիր, արագ ու խիստ կազմակերպված կքնի:
բ) Ո՞վ կասի: Ով մինչ այժմ «ասել» է: Կարծում եք` Ռուսաստա՞նը: Ճիշտ եք: Որովհետև մեր սիրելի «Ահավոր» Ադիբեկյանը, հա՛մ նալին, հա՛մ պայտին տարբերակով ասել է` ով կլինի երկրորդն ապագա պառլամենտում. ՀԱ՞Կ-ը, թե՞ ԲՀԿ-ն: ՈՒ «դատավճռել» ի շահ ԲՀԿ-ի, հորդորելով հայ մահկանացուներին` ուշի ուշով հետևել, թե ինչ պետությունների լիդերների հետ է հանդիպում ԲՀԿ առաջնորդը վերջերս (չենք հետևելու, մի անգամ հետևեցինք, լավ բան չստացվեց):
Գլուխ չցավեցնենք. խոսքը Ռուսաստանի մասին է, սակայն այս և մնացած պարագաներում Ռուսաստանը կամ «ասում է» Սերժ Սարգսյանի «ասելով», կամ` միմյանց հետ կոնսենսուսի գալով: Եվ փորձագետների պնդումը, թե ԲՀԿ-ի քայլն առանց Սերժ Սարգսյանի գիտության չէր կարող լինել, նկատառելով վերջին հայտարարությունը, խիստ «ռեապոլիտիկանն» է: Ընդ որում, դա դեռ հարց է, թե հայտարարության լույս աշխարհ գալու «հայրությամբ» ո՞վ ավելի երջանկացավ: Որովհետև պահն ու «տեղը» ահագին հետաքրքիր էին։ Բանն այն է, որ այն հնչեց, երբ արդեն իսկ հասկանալի էր` իշխանությունն ու ընդդիմությունը «շախմատ են խաղում»` մատ հայտարարելով որոշներին (Անդրանիկ Քոչարյանին դեռ Հաագա չե՞ն ուղարկել). ԲՀԿ-ին այս շարքում նկատի չունենք: Եվ քանի որ շախմատն ինտելեկտուալ խաղ է, բնականաբար, առաջանալու էին ուժեր, որոնց սրտով չէին լինելու երկրում ստեղծված նոր իրադրությունն ու խաղի կանոնները, ինչն էլ եզակի էր մեր ոչ միայն քսան տարվա պատմության, այլև առավել լայն կտրվածքի համար, և այդ «չուզվորները» փորձելու էին ձեռները տաքացնել դրա վրա: Հասկանալի էր` Տեր-Պետրոսյանն այդ շախմատի արդյունքում կորցնելու էր էլեկտորատ, որին տեր դառնալ շատերն էին երազելու: Սակայն դա նույնպես հեշտ գործերից չէր (ո՛չ Լևոնը, ո՛չ էլ Սերժն այդքան հեշտ չէին զիջելու այդ էլեկտորատն այլոց):
Ըստ ամենայնի, փորձ արվեց հաճելին համակցել օգտակարի հետ, ԲՀԿ-ին առանձնացնել, հայտարարել և հետագա պրակտիկ քայլերի միջոցով բողոքական էլեկտորատը խիստ սահուն ու նրբագեղ «տանել» ոչ թե դեպ Քոչարյան, դեպ շատ հարգարժան ու նույնքան սիրելի Օսկանյան (բարև, տեսնո՞ւմ եք` ոնց են Ձեզ զրկում վերջին պատվանդանից. նոր պատվանդան գտեք, չնայած չենք խառնվում Ձեր հայրենասիրական «ոևէ» առաքելությանը, պարոն Օսկանյան), այլ դեպ կոալիցիոն ուժ` ԲՀԿ:
Մտածում եք` ԲՀԿ-ի պարանոցին հավե՞րժ է Քոչարյանի շնչառությունը, և ԲՀԿ-ն տենչալով տենչում է առանձին գնալ, որ հետո «կպնի» Քոչարյանի՞ն: Միամիտ չլինեք: Դա վաղուց էր: Այսօր արդեն, ըստ խիստ լավատեղյակների, Քոչարյանի, ԲՀԿ-ի և Հովիկ Աբրահամյանի ջրերն ամենևին էլ նույն առվով չեն հոսում:
«Տասներկուսի» ընտրություններին ԲՀԿ-ն այդ առումով նոր հայտ է ներկայացնում` ելնելով պրագմատիկ հաշվարկներից. Քոչարյանի վերադարձի միֆը կոալիցիոն նոր հուշագրով, իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ մեկընդիշտ ոչ ևս եղավ, ֆորս մաժորի սպասող Քոչարյանի համար հաշվարկ անել` ելնելով նույն «մաժորային» նպատակադրումներից, գործող, այս պահին երկրորդ պառլամենտական ուժ համարվող ԲՀԿ-ի համար, հաստատ անիրականության ոլորտից էր:
Բայց սա` առաջին հայացքից, որովհետև երկրորդ հայացքն առավել քան փաստարկային է: Դրան հասնելու համար պետք է անդրադառնանք քաղաքական դաշտում վերջին շրջանում (ընդ որում, բավականին համառորեն) ամրակայվող մտայնությանը, թե վարչապետի պաշտոնը մշտապես ծառայում է քաղաքական «բազարի», որպեսզի պառլամենտական ընտրություններից հետո այն «բազարվի»` թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական նշանակություններով:
Ընդ որում, դեռ այն օրերին, երբ ԲՀԿ-ն շրջանառության մեջ էր դրել «հիսուն գումարած մեկ» տարբերակը, հենց վարչապետի աթոռը նկատի ուներ: Եվ դարձյալ` ո՛չ Քոչարյանի համար: Եվ ոչ ուրիշ բան:
Հիմա հիշենք, թե ԲՀԿ-ի կոալիցիապես «տյունինգ» արվելու օրերին ինչ հայտարարություններ հնչեցին Հովիկ Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան «տանդեմի» միջև: Հիշո՞ւմ եք, թե՞ հիշեցնենք:
Այս օրերին Բրյուսելում գտնվող (ընդ որում, Սաշիկ Սարգսյանի հետ) ԱԺ նախագահն ասաց, որ Քոչարյանը չի վերադառնա քաղաքականություն:
Դատական պրոցեսներում, պատասխաններում չուշացող քոչարյանական «կողմն» էլ, պատասխանելով Քոչարյանի երբեմնի ենթակային, թե` մնացել էր այդ մասին քեզ տեղյակ պահեինք (դե, էլի, ենթաշերտում):
Հիմա ԲՀԿ-ն փորձելու է ամեն ինչ անել, որ դառնա պառլամենտի երկրորդ ուժը (ա՜խ դու, Ադիբեկյան), որպեսզի կարողանա վարչապետ դարձնել… հասկացաք` ում:
Չնայած վերը նշված օրերին Աբրահամյանը նաև հայտարարեց, թե ինքը մի ժամանակ ուզում էր վարչապետ դառնալ, հիմա էլ չի ուզում: Մեզ հետ զրույցում ԱԺ նախագահը պնդելով պնդեց, որ, այո, չուզելով չի ուզում: Ավելին, ասաց, որ հակառակը` էն ինչքա՜ն չի ուզում, որ վարչապետին հանեն:
Մենք «հավատում» ենք: Միայն թե չենք հասկանում, թե ինչու վերջերս էլի թարմացվեց այդ խնդիրը` էլ ավելի բարձր մակարդակներում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնաց հենց ԱԺ «կալվածքներ», կանգնեց ԱԺ միջանցքում ու, Արշակ Երկրորդի հանգով, հրապարակավ առաջարկեց իր աթոռը ԱԺ նախագահին: Վերջինս էլ նույնքան հրապարակավ հրաժարվեց «աթոռից»: Հետո էլ պարզվեց, որ այդ ամենը կատակ է: «Շուտկա»: Պարոն Աբրահամյանը նույնիսկ հեղափոխությունների համար նախատեսված սոցցանցում «մտահոգություն» հայտնեց` հանկարծ Տիգրան Սարգսյանը «նեղացած չլինի՞» իր մերժումից:
Չհիշենք ահավոր ծեծված արտահայտությունը` ամեն կատակի մեջ լիքը լրջություն կա, մեկ փաստարկ էլ նշենք ու անցնենք առաջ. «ԲՀԿ & ընկեր-բարեկամներ» կոնֆիգուրացիան նաև գեոպոլիտիկ նպատակներ է հետապնդում: Գիտենք, երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանում լինի ռուսոֆիլ վարչապետ: Այդ նպատակին հասնելու համար իր «խոսափողերն» է աշխատեցնում:
Արևմուտքն էլ, որն այսօր, փաստորեն, դոմինանտ դերակատարություն է փորձում ստանձնել տարածաշրջանում, Հայաստանի մասով տնտեսական բլոկում պնդում և հասկացնում է բոլորին` ձեռքներդ հեռու Տիգրան Սարգսյանից (որքան էլ ոմանք «կընկնեն» այս լուրից, բայց և հստակ տեղյակ ենք, որ Արևմուտքը հակված է պնդելու գործող վարչապետի «երկրորդ սրոկի» վրա): Ընդ որում, չմոռանանք, ռուսական ֆավորիտներ էլի կան, որոնցից առաջինը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, որն այս պահին կարծես թե ակտիվ քայլեր չի անում այդ ուղղությամբ (կարո՞ղ ենք եզրակացնել` մի բան գիտի, դրա համար), բայց մյուս կողմից էլ, նրա պերմանենտ հայտարարությունները` վարչապետ դառնալ չցանկանալու, քաղաքականությամբ զբաղվելու «զահլա» չունենալու մասին ստիպում են հայոց «մույս» «ռուսասերներին» այդ սուրբ տեղը պարապ չթողնել:
Եվ ուրեմն, պարապ չմնացողները մի օր Բրյուսելում են, մի օր Բրիտանիայում… հասկանում եք` «զաչեմու»` «себя показать, на других посмотреть»։ Մի խոսքով, համարում են, որ Ռուսաստանի «դաբրոն» կա, մի քիչ էլ պետք է արևմտյանը ստանալ:
Հաջողո՞ւմ են: Հիմա որ ասենք` ոչ, պիտի ասեն` չուզվորություն ենք անում: Բայց և, դատելով նույն Տիգրան Սարգսյանի բրյուսելյան և այլ ընդունելություններից, կարող ենք միանշանակ պնդել, որ ֆավորիտի հարցում Արևմուտքի մոտ շատ բան չի փոխվել: Եվ հետո, Արևմուտքն այլոց շատ դժվար է իրեն մոտ թողնում:
Մի հանգամանք էլ. վարչապետի պաշտոնը, այո, ընտրություններից հետո կարող է լինել կուսակցությունների միջև կոմպրոմիսի, քաղաքագիտորեն ձևակերպած` «բազարի» առանցք, այնուհանդերձ, նույն Տիգրան Սարգսյանի նշանակման ժամանակ ու դեպքում կուսակցական պատկանելությունը դեր չխաղաց (ԲՀԿ-ն մտածում է` ՀՀԿ-ական հաճելին կհամակցվի ԲՀԿ-ական օգտակարի հետ): Տասներկու թվի ընտրություններից հետո ինչ «գերակայություններ» կլինեն այս հարցում, այս պահին դժվար է ասել սոսկ այն պատճառով, որ աշխարհը վերաբաժանման, նորացման շեմին է, և շատ բան որոշելու է նույն` նորին գերազանցություն «իրադրային վիճակը»:
Դառնալով ՀԱԿ-ԲՀԿ կոնֆիգուրացիային ու հարցին, թե ով է նրանցից երկրորդը լինելու, պետք է կրկին վկայակոչել նույն «անձին»` ապագա իրադրությանը:
Սակայն մինչ այդ ապագային հասնելը, եկեք խոստովանենք, որ ԲՀԿ-ի «առանձնացման» հայտարարությամբ հետաքրքիր խաղ է նաև ծավալվելու. ՀԱԿ-ը «լվացվելու» է ԲՀԿ-ով, ԲՀԿ-ն` ՀԱԿ-ով` հանուն «երկրորդայնության»:
Մնաց պատասխանել հարցին` ո՞վ է այս անգամ «կազմելու» ԲՀԿ-ի ցուցակը:
Ասե՞նք, որ գիտեք:
Աչքներիցդ երևում է` գիտե՜ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ