Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՎՃՌՈՐՈՇԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ԲՆՈՐՈՇ ԹԱՍԻԲՆ Է»

«ՇԱՏ ԲԱՆԵՐՈՒՄ ՎՃՌՈՐՈՇԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ԲՆՈՐՈՇ ԹԱՍԻԲՆ Է»
27.05.2011 | 00:00

Օրերս Գյումրիում էի: Առիթը բաց չթողնելով` եղա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որի 20-ը չբոլորած սան Արթուր Ալեքսանյանը վերջերս փայլուն մրցելույթ էր ունեցել` մեծահասակների մեջ դառնալով աշխարհի փոխչեմպիոն: Տնօրենի` ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, անցյալում ոչ պակաս հանրաճանաչ մարզիկ Գևորգ Ալեքսանյանի հետ զրույցում, ով «գրով, դավթարով», էլ չեմ ասում իրեղեն ապացույց փաստով մեր հրաշալի երիտասարդի հայրն է նաև, բնականաբար, անդրադարձավ «Իրատես de facto»-ի հրապարակմանը:
«Ախպեր ջան,- գյումրեցուն բնորոշ անմիջականությամբ ու հումորով դարձավ ինձ,- իբր քիչ երկար էր կնոջս լեզուն, դուք էլ ավելի երկարացրիք: Լույսը բացվում է, թե չէ, հոդվածն աչքս է կոխում. «Տես, թերթերն էլ են գրում, որ Արթուրս ինձ է քաշել»: Ոնց որ թե էդ տղուն հոր տնից է բերել: Հոգուդ մատաղ, չի լինի՞ մի հատ գրես, որ շեկ մազերով, մաշկի բաց գույնով, կապույտ աչքերով, բան չունեմ ասելու, իրեն է քաշել, բայց հո՞ ուժով մաքուր իմ կոպիան է: Էս ամենի մասին, խնդրում եմ, գրեք, հոգիս ազատեմ դրանից»: «Ընտանիք է, ամեն կարգի խոսք ու խոսակցություն էլ կլինի,- շտապեցի հանգստացնել ընտանիքի ու մարզադպրոցի «զայրացած» գլխավորին,- դարդ մի արա: Կարևորն էն է, որ ազգի ոսկե երակը լիարյուն բաբախի»:
Արթուր Ալեքսանյանի հաջողությունը մարզադպրոցի կենսագրության վերջին էջն է այս պահի դրությամբ, մինչդեռ այն թերթելու բավականին շատ էջեր ունի դեռ: Իսկ սկիզբը 1999-ին Արտյոմ Պողոսյանը դրեց, ով Եվրոպայի պատանիների առաջնությունից վերադարձավ երկրորդ մրցանակով: Տարին տարվա վրա մարզադպրոցի արդյունքներն աճեցին, պատանիների եվրոպական առաջնությանը հաջորդելու եկան աշխարհամասի երիտասարդականը, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը, աշխարհի գավաթի խաղարկությունը, աշխարհի առաջնությունը: Անուններ են, որ ծնվեցին` Արսեն ու Արամ Ջուլֆալակյաններ, Տիգրան, Գևորգ, Շավիղ Գևորգյաններ, Ասատուր, Գևորգ Խաչատրյաններ, Արամ Ստեփանյան, Կարապետ Չալյան… Այս տղաների հրաշալի մրցելույթները մարզադպրոցին շուրջ երեք տասնյակի հասնող մեդալներ բերեցին, և սա ընդամենն ընթացք է` իր անխուսափելի շարունակությամբ, որովհետև կառույցի յուրաքանչյուր նոր հաջողություն նոր հոսք է մարզադպրոց, ոգևորության նոր ալիք քաղաքի պատանիների ու դեռահասների շրջանում` նույնպես աչքի ընկնելու ցանկությամբ, եվրոպաներ ու աշխարհներ ոտքի տակ առնելու նույն առողջ ձգտումով ու առողջ կենսակերպով:
Քիչ բան չէ` մարզադպրոցի 22 խմբակներում այսօր կոփվում, իր ազատ ժամանակն է անցկացնում 178 պատանի ու երիտասարդ, ինչն ասել է` զբաղվածության լուրջ հիմնախնդիր ունեցող Գյումրիի համար չափազանց կարևոր հարցի լուծում: Ոչ պակաս կարևոր է, որ այդ տղաների հարցով զբաղվում են հարուստ կենսափորձ ու գիտելիքներ ունեցող մարզիչ-մանկավարժներ, ովքեր տասն են, հիմնականում երիտասարդ տարիքի, պատվախնդիր ու հետևողական` ասելիքի ու անելիքի մեջ:
1994-ից գործող մարզադպրոցը, որ ի սկզբանե եղել է մենապայքարային մարզաձևերի օջախ (ձյուդո, սամբո, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ), 2005-ից «վերաորակավորվել» է հունահռոմեականի: Նեղ մասնագիտացումը, փաստորեն, հօգուտ կառույցի էր: Վկան` արդյունքները: Սակայն որքան էլ արդյունքները նշանակալի են, դրանց համարժեք չեն շենքային պայմանները: Վերջին հիմնանորոգումը 1990-ականների վերջերին էր, և շենքն իր ներկայիս տեսքով, կահավորանքով վաղուց միջամտության կարիք ունի:
«Դահլիճները հին են, պահելը հեշտ չէ, շենքը պարբերական խնամքի կարիք ունի,- ասում է Գևորգ Ալեքսանյանը:- 2010-2012 թվականների միջնաժամկետ ծրագրով ընդգրկված էինք վերանորոգման ենթակա մարզակառույցների ցանկում, սակայն տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր պլանները: Մեկ-երկու տարով ուշանալը չեմ կարծում, թե մեծ ողբերգություն կլինի, եթե վերջնահաշվում ունենալու ենք ժամանակակից չափանիշներին համապատասխանող կառույց: Գիտեք, աշխարհը շատ է առաջ գնացել, և չի պատշաճում հետ մնալը: Փառք Աստծո, մարզական արդյունքները գոհացուցիչ են, մնում է, որ էս երեխեքի համար մարզումային այնպիսի պայմաններ ապահովենք, որոնք տեսնում են դրսում: Պիտի գոհունակությամբ նշեմ, որ հատկապես վերջին տարիներին հանրապետությունում ծայր առած մարզական կառույցների շինարարության, վերանորոգման ուղղությամբ ձեռնարկված քայլերը տալիս են իրենց պտուղը, ու ոչինչ, որ հներիս հարցում, նկատի ունեմ մարզակառույցները, փոքր-ինչ դանդաղում են, գույքի հագեցվածության առումով առաջնահերթությունը տրվում է նորերին ու վերականգնվողներին: Ամենակարևորը վիճակը շտկելու միտումն է: Իհարկե, սա չի նշանակում` նստել թախտին, սպասել բախտին: Դռներ էլ ենք ծեծում, երես էլ ենք պնդացնում: Բա ո՞նց: Ժողովուրդն ասում է` մինչև երեխան չլացի, մայրը ծիծ չի տա: Հանրապետություն 10-12 մրցագորգ է մտել, ջանում ենք մեկ-երկուսը բերել, որովհետև մեր ունեցածը շարքից դուրս է եկել: Ընթացիկ խնդիրներ կան, որ քաղաքապետարանի հետ փորձում ենք լուծել: Պիտի ասեմ, որ այս կառույցի հետ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, և քաղաքապետարանը, հաճոյախոսության համար չեմ ասում, անում է իր հնարավորություններից դեռ մի բան էլ ավելի: Ինչ վերաբերում է արդյունքներ ցույց տված մարզիկների ու մարզիչների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությանը, շատ բաներում էլ վճռորոշը գյումրեցուն բնորոշ թասիբն է: Աշխատանքը գնահատվում է, մենք էլ մեզ հաճելիորեն շոյված ենք զգում: Այս առումով դժգոհելու բան չունենք ո՛չ հանրապետության մարզական կառույցների ղեկավարությունից, ո՛չ ՀԱՕԿ-ից, ո՛չ ֆեդերացիայից: Մենք մերն ենք անում արժանապատվորեն, նրանք էլ փոխադարձում են»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ