Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՅՍ Է ԻՄ ՊԱՏՎԵՐԸ. ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՍ ՍԻՐԵՑԻ»

«ԱՅՍ Է ԻՄ ՊԱՏՎԵՐԸ. ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՍ ՍԻՐԵՑԻ»
28.06.2011 | 00:00

Վերջերս շատ լրատվամիջոցներ «արտաքին գավիթից» ձեր գործունեության քաղաքականացված ու ազգի կեցությանն անհարիր գործունեության մասին են ահազանգում։ Բայց հեղինակս այս տողերի պիտի փորձեմ «ներքին գավիթից», իմա` հոգևոր տեսանկյունից, դիտարկել քրիստոնեական աղանդավորական ձեր հարանվանությունների խորթ ընկալումները դարերով սրբագործված մեր եկեղեցական ու ազգապահպան ճշմարտության։
Ըստ մեր Տեր Հիսուս Քրիստոսի տված վերջին պատվիրանի (Հովհաննեսի ավետարան 15. 12). «Այս է Իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի», նախ վկայակոչում եմ, որ ես ձեզ բոլորիդ սիրում եմ ի սրտե, քանզի այդ է Հիսուսին Տեր ու Փրկիչ դավանողի աշակերտության առաջին ու վերջին նշանը. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք»:
Եվ այս նամակի բուն նպատակը հենց այդ է՝ իմանա՛ք ու հավատա՛ք, որ Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ զավակները սիրում են ձեզ, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, ու ցանկանում են միաբանության կոչ անել, որովհետև մեր Տիրոջ վերջին աղոթքն ու բաղձանքը ա՛յս էր. «…Որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, թե Դո՛ւ ուղարկեցիր Ինձ: Որպեսզի կատարյալ լինեն միության մեջ» (Հովհաննեսի ավետարան 17.21)։
Ըստ Տիրոջ այս խոսքի, մեր շրջապատի անհավատ մարդիկ, որպեսզի հավատան, որ Հիսուսը Հայր Աստծո ուղարկած Որդին է՝ մեր կատարյալ միությունն է։ ՈՒրեմն, այն ամենը, ինչը Սուրբ Երրորդությանը դավանողներին բաժանում է ու թշնամացնում, Աստծուց չէ, և հակառակ է Նրա կենարար խոսքին։ Հակոբոս առաքյալն առավել խիստ է ասում. « Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը:
Այս իմաստությունը ի վերուստ չէ իջած, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվային. որովհետև, ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան» (Հակոբոս 3.14-16)։
Մոտ քառորդ դար լինելով քրիստոնեական հավատի մեջ` տարբեր առիթներով շփվել եմ քրիստոնյաների հետ, որոնք առաքելահիմն եկեղեցուց չեն, ու տեղյակ եմ մեզ բաժանող ու տարաձայնող հարցերին։ Այդ պատճառով էլ այսպես՝ հրապարակավ, երեք հարց եմ ուղղում աղանդավոր համարվող քրիստոնյաներիդ ու հրապարակավ էլ պատասխանի սպասում, որպեսզի ճշմարտությունն ի հայտ գա երկուստեք, այլ ո՛չ միակողմանի։
ա) «Ինչո՞ւ են ձեր քրիստոնեական հարանուն խմբակցություններում. չեմ ասում եկեղեցիներում, ինչպես, դուք եք ձեզ կոչում, որովհետև եկեղեցի բառը, որպես այդպիսին, մեկտեղ, միախորհուրդ հավաքված ժողովուրդն է կոչվում, իսկ դուք դեռևս Հիսուսի առաքյալների՝ իմա Հայաստանում Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների հիմնած եկեղեցին մերժում եք, որպես այդպիսին, նախկինում մեր առաքելահիմն եկեղեցու, Տիրոջ ձեռնադրված ու օծյալ քահանայի միջոցով մկրտված և սուրբ մեռոնով կնքված հոգուն հանդգնաբար նորից մկրտում, որ իբր նախկինը թերի կամ անվավեր է եղել։ Ո՞վ ձեզ տվեց այդ իրավունքն ու համարձակությունը, և ի՞նչ իշխանությամբ եք առաքյալների ու սուրբ հայրերի հիմնած ու հաստատած եկեղեցու զավակին դրանով իսկ հեթանոս համարում։ Եթե Աստծո խոսքով եք առաջնորդվում, ապա այն ասում է. «Տերը մե՛կ է, հավատքը` մե՛կ, մկրտությունը` մե՛կ» (Եփես. 4.5)։
Ի՞նչ է, մինչ ձեր աղանդավորական շարժումը սկսվելը, որն ընդամենը մի քանի դարի պատմություն ունի, առաքելահիմն եկեղեցու բոլոր զավակները, մանավանդ ազգի սրբերը, չմկրտված ու հեթանո՞ս են մնացել, ու դժոխքի բաժի՞ն դարձել։ Հիշեցնեմ ում մասին է խոսքը, որպեսզի գոնե այդպես պատկառեք. Գրիգոր Լուսավորիչը (և նրա սերունդը), Տրդատ թագավորը (քրիստոնեության մեջ անդրանիկ պետության թագավորը), Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք։
Դուք պատճառաբանում եք, որ իբր նրանք, ովքեր պատահաբար ձեր շարքերն են մտնում, մկրտվել են մանուկ հասակում ու ոչինչ չեն հասկացել։ Այդ դեպքում հարց եմ տալիս բոլորիդ. «Երբ Աբրահամ նահապետը Հին ուխտի թլպատության արարողությունն էր անում, ի՞նչ է, միայն հասուն տղամարդկա՞նց թլպատեց, որոնք հասկանում էին, թե ինչու են թլպատվում, թե՞ անխտիր բոլորին՝ մանուկից մինչև մեծ, այդ թվում և` իր մանկահասակ Իսահակին, որը, ցավից բացի, ոչինչ չհասկացավ այդ ժամանակ։ Բայց դա իրեն չխանգարեց հետագայում, որ գրվեր. «Աստված ասաց. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորված եք» (Մարկոս 12. 26-27)։ Այս նախադասության վերջին խոսքերը նույնպես ձեզ վերագրեք։
Եվ դարձյալ այդ հարցի մասին. երբ Պողոս առաքյալը քարոզությունից հետո մկրտեց նորադարձներին. «Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիվատիր քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. և նրա սիրտը Տերն Ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին: Եվ երբ որ մկրտվեցին ինքը և իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջ հավատացող եք համարում, իմ տունը մտե՛ք և օթևանեցե՛ք» (Գործք 16.14-15)։ ՈՒրեմն, այդ ինչպե՞ս եղավ, որ Լիդիան հավատաց, իսկ մկրտվեցին նաև իր տան բոլոր անդամները։ Իսկ տուն ասելով այստեղ հասկանում ենք ընտանիք, այսինքն երեխաները նույնպես, որոնք հայր Աբրահամի նման, հավատքով իրենց զավակներին Նոր ուխտի անդամ են դարձնում իրենց հետ մկրտության տանելով զավակներին։ Եթե չլիներ երեխաների մկրտությունը նույնպես, ապա Ավետարանը նրանց կառանձնացներ, ինչպես որ մի այլ տեղում ասվեց. «Եվ նրանք, որ կերան, մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց և երեխաներին» (Մատթ. 14.21)
Դո՛ւք, որ պատճառաբանում եք, թե մարդը պետք է խոսքը լսի ու հավատա, նոր մկրտվի երեսուն տարեկանում. լա՛վ, իսկ եթե այդպես էլ երեսունը չլրանա, այլ մանուկ հասակում մահանա, այդ դեպքում նրանց արյան պատասխանը կարո՞ղ եք տալ, որ այդ հոգուն արգելեցիք վերստին ծնունդ ունենալ մկրտությամբ, որ Աստծո արքայությանը արժանանա։
Մինչդեռ առաքելահիմն եկեղեցում բազում դեպքեր կան վկայված, երբ մահամերձ ու հիվանդ երեխաներին ծնողները հավատքով բերել են եկեղեցի, որ գոնե նա մկրտված վերադառնա Տիրոջ մոտ, ու մկրտությունից հետո, այդ երեխաներն իսկույն առողջացել են, ու շատերը մինչև հիմա էլ ապրում են, որովհետև Տե՛րն այդպես կամեցավ. իսկ ո՞վ կարող է Աստծուն հակառակ կանգնել երեխաներին Տիրոջը մոտենալու հարցում, երբ Անձամբ Ինքն է ասել դրա վերաբերյալ. «Այն ժամանակ նրա մոտ մանուկներ բերվեցին, որ նրանց վրա ձեռք դնի ու աղոթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: Հիսուս ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19.13-14)։
ՈՒրեմն, մեր սիրելի քրիստոնյա հավատակից եղբայրներ, մի՛ արգելեք մանուկներին մկրտությամբ Հիսուսի մոտ գնալու, քանզի երկնքի արքայությունն այդպիսիների համար է։
Մեր սուրբ հայրերը, որոնք մանկամկրտության խորհուրդը ժառանգեցին առաքյալներից ու նախնի ավանդություններից, քաջ գիտակցել են, որ յուրաքանչյուր քրիստոնյա բարի պատերազմի մի զինվոր է, և ինքն ու իր տունը միշտ մահվան վտանգի տակ են, և նախապես ամբողջ ընտանիքով մկրտությամբ հավիտենական Կյանքի կնիքն են ընդունել իրենց հոգիներում։ Թե չէ մեր օրերի հանգստավետ ու հեշտասեր քրիստոնյաներս, որ ոչ մի հալածանք չունենք, այլ առոք-փառոք ապրում ենք անվտանգ, բարգավաճ քրիստոնեություն քարոզելով, կարծում ենք` թե հենց դա՛ է իրական քրիստոնեությունը, մինչդեռ պատմությունից լավ գիտենք, որ քրիստոնյա նշանակում էր մահապարտ, քանզի խիստ մեծ հալածանքներ են եղել, մինչև հաստատվեր այժմյան վիճակը։ Բայց մենք, թեթև դժվարություններից ու հանդիմանանքներից, կյանքին վտանգ չսպառնացող զանազան փորձություններից ահաբեկված, պատրաստ ենք հանուն հանգստավետության ու հեշտասիրության Քրիստոսին ուրանալ, եթե ոչ առերես, այլ մեղքին հարմարվող գաղջ կյանքով։
բ) Հայտնի է, որ աղանդավորական բոլոր հարանվանություններում արհամարհվում ու մերժվում է Տիրոջ Խաչը և նույնիսկ Նրա նշանն իսկ, համարելով այն կամ մահվան գործիք, կամ էլ ընդամենը զարդ, որ առաքելահիմն եկեղեցիների անդամները կրում են իրենց վրա։
Այդ դեպքում ինչպես կարող ենք հասկանալ խաչազգյաց Պողոս առաքյալի այս խոսքերը. «Քավ լիցի, որ ես մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչից զատ մի այլ բանով պարծենամ» «Գաղ. 6.14)։
Եթե հարյուրտոկոսանոց փարիսեցի ու խաչի թշնամի Սողոսը ճանաչեց Խաչյալ Տիրոջն ու դարձավ Խաչով պարծեցող Պողոս առաքյալ, ապա ի՞նչն է պատճառը, որ Տիրոջ Խաչը անարգվում է ձեր ժողովարաններում, ու նույնիսկ եթե մեկը խաչակնքվում է, որպես քրիստոնյա, ապա նրան հանդիմանում եք, որպես թե մի հանցանք է գործել։ Այդ դեպքում նույն Պողոս առաքյալի խոսքն արդյո՞ք ձեզ չի ուղղված. «Խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծո զորությունը» (Ա Կորնթ. 1.18)։ Չէ՞ որ մենք Տիրոջ Խաչով ենք խաղաղություն գտել Աստծո հետ, ինչպես որ գրված է. «Դո՛ւք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի Արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, որը երկուսը մեկ դարձրեց, քանդեց Իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, որպեսզի մեզ հաշտեցնի Աստծո հետ Իր Խաչով, քանի որ նրանով սպանեց թշնամությունը» (Եփես. 2.16)։
Այդ չէ՞ պատճառը, որ Խաչի կնիքով մկրտված, մեռոնված՝ կնքված առաքելահիմն եկեղեցու քրիստոնյաներին հանդգնում եք դարձյալ մկրտել։
գ) Սա ամենացավոտն է ըստ իս՝ մեր բոլորի մայր Մարիամ Աստվածածնի հավետ կուսության հարցը, քանի որ ձեր հարանվանության քրիստոնյաները նրան այնքան են հողեղենացրել, որ ըստ Ավետարանի ձեր թյուր իմացության ու մեկնության, նրան որպես թե Հիսուսից հետո այլ զավակներ ունենալու մայրական «պատիվ» եք ընձեռել, ըստ այս խոսքի. «Մինչ Հիսուս դեռ խոսքն ուղղում էր բազմությանը, ահա Նրա մայրն ու Նրա եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խոսել Նրա հետ: Եվ մեկն ասաց նրան. «Ահա Քո մայրն ու Քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են Քեզ հետ խոսել»։
Եթե հանդուգն ու կարճամիտ չլինեիք, ապա հենց հիշյալ նախադասության շարունակության մեջ կստանայիք ճշմարիտ պատասխանն այդ ցավալի հարցի. «Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Իմ մայրը, կամ ովքե՞ր են Իմ եղբայրները»: Եվ Իր ձեռքը երկարելով դեպի Իր աշակերտները` ասաց. «Ահա՛ Իմ մայրը և Իմ եղբայրները. որովհետև, ով կատարում է կամքն Իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է Ինձ եղբայր և քույր և մայր» (Մատթ. 12. 46-50):
Իրեն քրիստոնյա համարող մարդը ինչպես կարող է այնքան նանրանալ իր հավատքի մեջ, որ Աստվածածին մեծագույն կոչումը կրող երանելի կույս Մարիամին, որ Սուրբ Հոգով հղացված Աստծո Որդուն ծնեց, դրանից հետո նաև մարդկային ախտավոր կրքով ադամական սերմով հղացած «մարդածին» կոչել. հիրավի դիվական ու երկրային իմաստության պտուղ է այդ ձեր մոլորությունը, որ սկսվել է ձեր ուսուցչից՝ Մարտին Լյութերից, ով դեմ էր կուսական կյանքով Աստծուն նվիրյալ կյանքին և հենց ինքն էլ օրինակ հանդիսացավ շատերի համար, ու քանդելով կուսանոցները, այնտեղի միանձնուհիներից մեկի հետ ամուսնացավ ու երեխաներ ունեցավ։ Դա՛ էր իր հավատքի չափն ու նպատակը, բայց գոնե հիշենք, որ Հովհաննես Մկրտիչն ու նույնանուն Հովհաննես առաքյալը կուսության մեջ Հիսուսին ծառայելու օրինակելի դաս տվեցին մնացած քրիստոնյաներիս։
Հիսուսի եղբայրների հարցում, գոնե մենք՝ արևելյան ապրելակերպ ունեցող հայորդիներս, առավել լավ գիտենք, որ հայրական ու մայրական կողմի՝ հորեղբոր կամ մորեղբոր (քեռու) տղաներին ու աղջիկներին մենք հաճախ հարազատ եղբայր ու քույր ենք անվանում։ Նույն կերպ էլ հրեաներն են անվանել մոտիկ ազգականների երեխաներին, ու Հիսուսի եղբայրներ կոչվողները հենց նրանցից են եղել։
Մինչդեռ Տիրոջ ընտիր սրբերը այդ հարցում Տիրամորը աներկբա ընդունել ու մեծարել են որպես հավետ Կույսի և ձոնել բազմաթիվ շարականներ ու գովերգել մեր Ամենամայր Աստվածածնին։ Իհարկե, դրանցից ամենասքանչելին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գլուխ Ձ-ում կարող եք կարդալ (քանզի մեր սրբերի խոսքն ու խրատները դուք մերժել եք).
«…Աղաչում քեզ, Սո՜ւրբ Աստվածածին,
Հրեշտակ մարդկությունից, մարմնատեսիլ քերովբե,
Երկնային Արքայուհի, եթերի պես ջինջ,
Լույսի պես մաքուր, անշաղախ, ինչպես բարձրացյալ արուսյակի պատկեր,
Գերազանց, բնակարանն անկոխելի սրբության,
Երանելի խոստումնավայր, շնչավոր Եդեմ,
Բոցեղեն հրով պաշտպանված Անմահության Կենաց Ծառ»։
Եվ դարձյալ այս նույն հարցի վերաբերյալ. չե՞ք կարդացել Տիրոջ մարգարեական խոսքից. «Նա ինձ ետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։ Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով» (Եզեկիել 44. 1-3)։ Խոսքը ի՞նչ դռան մասին է, որ հավետ փակ է մնալու, քանզի Իսրայելի Տեր Աստվածն է մտնելու այդտեղով։ Արդյո՞ք հասկանալի չէ, որ Մարիամի փակ՝ կուսական «դռնով» Հիսուս Տերը մտավ աշխարհ, ու, այդ մարգարեությամբ էլ, այն փակ է մնալու, չի բացվելու։
Առնվազն հոգեպես խուլ պետք է լինի քրիստոնյան այս մարգարեության բուն իմաստը չլսելու համար։
Իսկ Հայտնության մեջ գրված տասներկու աստղերով թագադրված Թագուհին ձեր կարծիքով ո՞վ կարող է լինել, եթե ոչ Աստծո Մայրը (Հայտն. 12.1)։
Այս մասին նույնիսկ վերջին ժամանակների մարգարեուհի Վասուլա Ռիդենի միջոցով է Տերն ասել «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» պատգամներից մեկում.
«… Նա Երկնքի Թագուհին է, Նա Իմ Մայրն է և քո Մայրը, սքանչելագույնը կանանց մեջ, գեղեցիկ՝ ինչպես Երկինքը, ճաճանչափայլ՝ ինչպես Իմ Փառքը, եզակի՝ Իր կատարելությամբ, բերկրանքը Իմ Հոգու։
Նա՛ է այն Կինը, որն Իր Գլխին տասներկու աստղ ունի որպես պսակ. Իմ Փառքի Անոթը և Արտացոլումը Իմ Հավիտենական Լույսի։
Նա՛ է, որի ներկայությունն Իմ Գավիթներում ստվերի մեջ է թողնում հաստեղությունները միասին վերցրած։
Նա Անոթն է Ճշմարիտ Լույսի՝ Բանի, Որը մարմնացավ, և Որն ապրեց ձեր մեջ։
Նայի՛ր, Ես Նրան ոչ միայն Իմ Հրեշտակների և արարածների Թագուհին եմ դարձրել, այլև Իմ Գահը» (11.11.93 թ. և 25.3.96 թ.)։
Իսկ մեկ այլ պատգամով Տեր Հիսուսը հորդորում է բոլորիս, մանավանդ ձեզ՝ մեր աղանդավոր եղբայրներ ու քույրեր. «Պատվե՛ք Իմ Մորը, ինչպես որ Ես, Բանն եմ և Ամենաբարձրը, մեծարում եմ Նրան։ Մի՞թե Ես չէի ցանկանա, որ դո՛ւք, որ փոշի ու մոխիր եք, ճանաչեք Նրան որպես Երկնքի Թագուհի և պատվեք Նրան։ Այսօր Ինձ ցավալի է տեսնել, թե որքան քիչ գիտի Իմ արարչությունը Նրա կարևորության մասին։ Իմ նվիրյալների մի մասը, որոնք Լյութերի անվան տակ են գտնվում, և որոնք ամբողջապես մեկուսացրել են իրենց, պետք է վերադառնան դեպի Պետրոսը» (դեկտեմբերի 22, 1987 թ.)։
Իսկ Լյութերի անվան տակ գտնվողները, ըստ առաքելահիմն Եկեղեցու բնորոշման, հենց աղանդավոր քրիստոնյաներն են, որոնք դարեր առաջ մեկուսացել են բուն արմատից, ու հիմա Տերը փափագում է, որ գա՛ք ու միանաք Վեմին՝ Պետրոսին, այսինքն` Քրիստոսի հիմնած Եկեղեցուն, քանզի Հիսուսն Ինքը ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է: Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»: (Մատթ. 16.17)։ Այն Եկեղեցին, որի դարերով կուտակված սրբազան ավանդություններն ու սուրբ հայրերի աղոթքներով ու ճգնություններով երկնքից իջեցված հոգևոր գանձերը, որոնք իսպառ մերժվում են աղանդավորներիդ կողմից։ Գիտե՞ք արդյոք, թե երբ է ծնվել ու ննջել մեր Փրկչի Մայրը, որ հիշեք ու մեծարեք նրան, ով իր սրբասուրբ որովայնում Աստծո Որդուն կրեց, որպես հոգևոր Անկեզ մորենի։ Այս ու նման ավանդությունները, այսինքն` առաջին նահատակ սրբերի ու առաքյալների ննջման հիշատակության օրերը, որ արհամարհվում են աղանդավորների կողմից, ինչը Տիրոջ Եկեղեցին դարերի խորքից է մեզ հասցրել ի շինություն մեր հավատքի։ Այդ եկեղեցին նաև Մայր եկեղեցի է կոչվում, որտեղ է Մայր հայրապետական Աթոռը։ ՈՒ լքելով ու մերժելով առաքելահիմն Մայր Եկեղեցին, հայորդի աղանդավոր քրիստոնյաները նմանվում են ծերացած և անուժ մայրերին լքողներին։
Ավելին չեմ ուզում ասել, այլ եղբայրաբար կհորդորեի, որ այս կարևոր հարցերի մասին ի սրտե աղոթեք, ու ձեզ անչափ սիրող Տիրամայրը կօգնի հասկանալու Լյութերի անվան տակ մեկուսացված քրիստոնյաներիդ կողմից անտեսված ու մերժված այս երեք մեծագույն խորհուրդները։
Իսկ ինչ վերաբերում է ձեզ, որպես աղանդավոր որակումին, այդ մասին խիստ բացասաբար մի հասկացեք, որպես թե մեր ազգի թշնամի կամ օտար մեկը համարվողներ, այլ ըստ ակադեմիկոս Մալխասյանցի բացատրական բառարանի՝ ընդամենը որպես կրոնական ուսուցում, կամ վարդապետություն ընդունողներ, որոնք խոտորվում են Եկեղեցու մեջ ընդունված վարդապետությունից։ Այսինքն, ինչի մասին որ էին վերոգրյալ երեք հարցերը։
Իսկ եհովականներին ու մորմոններին աղանդավոր համարելը հիմնովին սխալ եմ համարում, քանի որ նրանք ո՛չ Հիսուսի Աստվածությունն են ընդունում, ո՛չ էլ Սուրբ Հոգու, այսինքն մերժվում է Սուրբ Երրորդության վարդապետությունը։ Սրանք, ըստ նույն Մալխասյանցի բացատրության, կոչվում են հերետիկոսներ, այսինքն` Եկեղեցու ընդունած դավանությանը հակառակ դավանություն ընդունողներ ու քարոզողներ։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ձեզ սիրող ու բոլորիդ համար աղոթող Հայ առաքելական եկեղեցու զավակ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ