38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐ ՇԱՀԵՐՆ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ և ԵԼՆՈՒՄ Է ԼՈԿ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ»

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐ ՇԱՀԵՐՆ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ և ԵԼՆՈՒՄ Է ԼՈԿ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ»
23.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ
-Պարոն Սարուխանյան, ի՞նչ եք կարծում, ղարաբաղյան հարցում միջնորդ դառնալու Իրանի վերջին հայտարարություն-ցանկությունը կապ ունի՞ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցի և հանդիպումների հետ:
-Կարծում եմ` ոչ, քանի որ Իրանի ակտիվացումը` միջնորդական դեր ստանձնելու ուղղությամբ, հիմնականում կապված է այն ինֆորմացիոն դաշտի հետ, որն ստեղծվել է ԼՂ հարցի կարգավորման շուրջ վերջին շրջանում ընդհանրապես: Իսկ այդ դաշտն ասում է` կողմերը մոտ են կարգավորմանը:
-Մի կողմ թողնենք ինֆորմացիոն «բլոկը», որովհետև յուրաքանչյուր կողմ ըստ յուր պատկերի է ձևավորում այն, դառնանք բուն իրականությանը. իսկապե՞ս հարցի կարգավորումը մոտ է:
-Գիտեք, կանխատեսումներ անելն ընդհանրապես անշնորհակալ գործ է: Եվ հետո, կարևոր չէ` մո՞տ է, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, Իրանն այնպիսի տպավորություն ունի, որ հնարավոր է ստորագրվի մի պայմանագիր, որը կհակասի իր շահերին:
-Որո՞նք են այդ շահերը:
-Հասկանալի է, Իրանի հիմնական խնդիրը եղել ու մնում է նույնը` հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահների մանդատ: Ակտիվանալով ԼՂ գործընթացում` Իրանը ցույց է տալիս, որ կողմերը պետք է իր հետ ևս հաշվի նստեն և գիտակցեն, որ Իրանը խիստ շահագրգիռ կողմ է այս խաղում, որին ա) պետք է տեղյակ պահել գործընթացի վերաբերյալ, բ) գոնե մասամբ կարգավորումը տանել այն ճանապարհով, որը չհակասի Իրանի ազգային շահերին. այն է` բացառել տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայությունը: Իրանը կարծում է, որ տարածաշրջանում առնվազն չպետք է լինեն ամերիկյան և բրիտանական զորքեր:
-Իսկ խառը կոնտինգենտն Իրանի սրտո՞վ է:
-Խառը զորամիավորման առկայությունը, ըստ իս, այնքան էլ չի հակասում Իրանի նկատառումներին, եթե, իհարկե, այնտեղ վերը նշված` ամերիկյան և բրիտանական ուժերը չկան:
-Իսկ ի՞նչ եք կարծում` այդ հայտարարությամբ Իրանը բացառապես ի՞ր խաղն է առաջ տանում:
-Անշուշտ: Տարածաշրջանում Իրանը բացառապես իր շահերն է հետապնդում և ելնում է լոկ իր ազգային նպատակներից:
-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանն այդքան արագ համաձայնեց և ինչի՞ն համաձայնեց` ըստ Ձեզ:
-Ինձ թվում է, շատ արագ համաձայնելով Իրանի միջնորդական առաջարկին` Ադրբեջանը ցանկանում է լղոզել Մինսկի խմբի մենաշնորհային դիրքերը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում` փորձելով ինչ-որ պահի Թուրքիային ևս ներքաշել պրոցեսի մեջ:
-Հայկական կողմը դեռ լռում է: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ, և ապա` ի՞նչ կպատասխանի վերջապես Հայաստանն Իրանին:
-Կարծում եմ` հայկական կողմը շնորհակալություն կհայտնի Իրանին: Չի բացառվում, որ ինչ-ինչ դեկլարատիվ բնույթի բանակցություններ էլ ընթանան Իրանի հետ այս հարցով:
-Ինչպիսի՞ ձևաչափով:
-Երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով:
-Ադրբեջանը բացառում եք:
-Այո, բացառում եմ: Ինձ չի թվում, թե երբևէ որևէ եռակողմ հանդիպում տեղի կունենա կողմերի միջև: Երևանը կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես միակ պաշտոնական միջնորդ կառույց:
-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում:
-Ռուսաստանին ձեռնտու չէ Իրանի ակտիվացումը: Ռուսաստանը Մինսկի խմբում առաջատար ակտիվություն ունեցող պետություն է և փորձում է պահպանել իր դիրքերն այնտեղ: Եվ, ըստ ամենայնի, ՄԽ-ն կմնա միակ միջնորդ կառույցը, ինչի հարցում շահագրգռված է նաև Ռուսաստանը:
-Իսկ ԱՄՆ-ը՞:
-Ինչպես նկատեցիք, վերջինս Իրանի հայտարարության նկատմամբ որևէ ռեակցիա չդրսևորեց:
-Այո, ԱՄՆ-ը լռում է, որովհետև Իրանի «խառնվելով», բոլոր դեպքերում, Ռուսաստանի ձեռքերը կարճանում են, և հետո` տպավորությունն այնպիսին է, թե մի քիչ էլ Թուրքիան է ցանկացել, որ Իրանը «խառնվի»:
-Այո, Թուրքիային էլ է ձեռնտու, որ նման նախադեպ լինի, և ինքը նույնպես հետագայում միջնորդության հայտ ներկայացնի:
-Բոլոր դեպքերում, Իրանի այդ քայլը Հայաստանին էր շատ ձեռնտու, նախ` ստատուս-քվոն պահպանելու տեսանկյունից, և հետո` չմոռանանք, որ այն հնչեց Սերժ Սարգսյանի` մոսկովյան այցի նախօրյակին` համեմատաբար բարենպաստ դիրքեր «հաղորդելով» նրան: Իսկ որ Իրանի հայտարարությունը հնչեց վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթնաժողովից հետո՞...
-Դա ընդամենը զուգադիպություն էր:
-Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Սարուխանյան, թվով երրորդ պատժամիջոցները մեկ ամիս հետո կկիրառվե՞ն Իրանի նկատմամբ:
-Կարծում եմ` այո: Սակայն դրանք չեն անդրադառնա նավթի և գազի ոլորտների վրա, և որևէ լուրջ ազդեցություն չեն ունենա Իրանի տնտեսության վրա: Դրանք կվերաբերեն արդյունաբերական, գիտական ոլորտներին:
-Ասել է` սիմվոլիկ:
-Գրեթե:
-Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պահվածքը պատժամիջոցների նկատմամբ։ Ինչու եմ հարցնում, որովհետև Ռուսաստանը, ինչպես միշտ, այդ հարցում «հետ-առաջ» սկզբունքն է կիրառում. մեկ հայտարարում է, որ կողմ է, հետո ասում է` այնքան էլ կողմ չէ: Եվ ապա` Չինաստա՞նն ինչ պահվածք կորդեգրի հարցի քննարկման ժամանակ:
-Կարելի է կարծել, որ մեղմ պատժամիջոցներին Ռուսաստանը կողմ կքվեարկի: Կարելի է ենթադրել, որ կոշտ պատժամիջոցներ չեն լինի, քանի որ Չինաստանը դեմ կքվեարկի: Եթե պատժամիջոցները գազի-նավթի ոլորտներին չառնչվեն, ապա Չինաստանը ևս կողմ կքվեարկի:
-ՈՒ Իրանը «կխելոքանա՜»:
-Կասկածում եմ: Իրանն ընթանում է միջուկային զենք ստեղծելու ուղիով և այդ զենքը նա կստեղծի:
-Բա «ամերիկյան երազա՞նքը», որ Իրանը երբեք չպիտի ունենա միջուկային զենք, ի՞նչ կլինի այդ դեպքում:
-Կարծում եմ` ռազմական օպերացիա չի լինի, իսկ ռումբ Իրանի կողմից կստեղծվի:
-Եվ աշխարհը կհամակերպվի միջուկային Իրան ունենալու գաղափարի հետ:
-Կարծում եմ` այո:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ