Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՈՐՈՆՔ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

ՈՐՈՆՔ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ
25.02.2011 | 00:00

Այս տարվա սկզբին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն իրազեկեց, որ առաջիկայում հնարավորն արվելու է, որպեսզի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ֆինանսավորման և արված ծախսերի մասին տեղեկությունը թափանցիկ լինի։ Թերևս, պատճառն այն է, որ հստակություն չկա` ինչ սկզբունքով են մարզական ֆեդերացիաներին բաշխվում փողերը:
Ամեն տարի Հայաստանի կառավարությունը մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ֆինանսներ է տրամադրում, որոնք էլ բաշխվում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին: Եվ քանի որ փողերը սահմանափակ են, ապա ստացվում է, որ ոչ բոլորն են աջակցության կարգով գումարներ ստանում, իսկ գերակշռում են ընդհանրապես չֆինանսավորվող ֆեդերացիաները: Շարունակ խոսվում է այն մասին, որ փողեր են տրամադրվում այն մարզաձևերի ֆեդերացիաներին, որոնց ներկայացուցիչները Հայաստանին մեծ թվով մեդալներ են բերում, և դրանում ճշմարտություն կա: Սակայն անհասկանալի է մնում, թե ինչու են արտոնյալների թվում հայտնվել այնպիսի մարզաձևերի ֆեդերացիաներ, որոնց ներկայացուցիչները Եվրոպայի, աշխարհի ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդների, պատանիների առաջնություններում տարիներ շարունակ ոչ մի մեդալի չեն տիրանում:
Ինչևէ, 2011-ին Հայաստանի մարզական ֆեդերացիաներին խոստացել են տրամադրել այնքան փող, որքան նախատեսված էր անցյալ տարի: Այդ է պատճառը, որ բաշխում իրականացնելիս ոչ մի նոր ծրագիր չի կազմվել, փոփոխություն չի կատարվել: Միայն Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի փողերն են պակասեցվել: Եթե 2010-ին այդ մարզաձևի ֆեդերացիային նախատեսված էր տրամադրել շուրջ 30 մլն դրամ, ապա այս տարի այն կրկնակի նվազել է: Հավելենք, որ այս մարզաձևի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն է: Հետաքրքիր է, որ կրկին արտոնյալների թվում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան: Հայտնի չէ, թե ինչպես է այն առանձնացվել, հատուկ ուշադրության արժանացել, քանի որ արևելյան մարտարվեստի տարբեր ձևերի մի քանի տասնյակ ֆեդերացիա է գործում մեր երկրում: Ընդ որում, դա եկամտաբեր մարզաձև է, քանի որ բոլոր խմբերն էլ վճարովի են, և մարզվողները պարապելու համար պատկառելի փողեր են մուծում: Իսկ այդ մարզաձևերի ֆեդերացիաները սնկի նման աճել են, որովհետև դրանց գրանցել, գործունեության իրավունք է տվել Հայաստանի արդարադատության նախարարությունը: Ի դեպ, որոշ մարզական ֆեդերացիաների ղեկավարներ ամենևին էլ դժգոհ չեն, որ իրենց աջակցության կարգով պետությունից ոչ մի դրամ չի հատկացվում, թերևս, պատճառն այն է, որ դրսից տարբեր կարգի օգնություն է ստացվում:
Ինչևէ, 2011-ին, ինչպես սպասվում էր, ռեկորդակիրը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան է, որն իր ծախսերի համար ստանալու է 220 մլն դրամ: Եթե հաշվի առնենք այն, որ այդ փողերը հավասարապես բաժանվելու են երկու մրցաձևերի` հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի ներկայացուցիչների միջև, ապա պարզ կդառնա, որ հատկացվածն այնքան էլ շատ չէ: Այսինքն, երկու մրցաձևերից յուրաքանչյուրն ստանալու է 110 մլն դրամ: Նույնքան ֆինանսավորում է նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար: Իսկ ահա ամենահարուստը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան է (165 մլն դրամ): Սակայն եթե համեմատելու լինենք, թե ինչպես է ֆինանսավորում Չինաստանի կառավարությունն իր երկրի ծանրամարտի ֆեդերացիային, ապա ոչ մի եզր չենք կարող գտնել: Չինաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարեկան ստանում է 365 մլն դոլար: Այսինքն, կազմակերպությունն օրական ծախսում է 1 մլն դոլար:
Իսկ մեր երկրում ամենից քիչ ֆինանսավորվում են Հայաստանի մականախաղի և բադմինտոնի ֆեդերացիաները, որոնք տարեկան ստանում են 1,5-ական մլն դրամ: Թե ինչ են անում այդքան «շատ» փողը տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, անհասկանալի է, միայն կարելի է տարակուսել:
Սպորտի պետական կառույցը թեև աջակցության կարգով 2011-ին փող չի հատկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, սակայն այն կառավարությունից իր հասանելիքը ստանալու է, և դա պատկառելի գումար է: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարուստ կազմակերպություն է և մեծ փողերի հետ գործ ունի: Դրանք ստացվում են ֆուտբոլի միջազգային կազմակերպություններից, խաղերի հեռարձակումից, միջազգային հանդիպումների տոմսերի վաճառքից և այլն:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն աջակցության կարգով ֆինանսավորում է 31 մարզաձևերի ֆեդերացիաների: Դրանց հետ աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պատասխանատու երկու աշխատակից: Լյովա Վարդանյանն ուշադրության կենտրոնում է պահում 11, իսկ Սամվել Հարությունյանը` 20 մարզական ֆեդերացիա: Հետաքրքիր էր լսել նաև այդ մասնագետների տեսակետը` կապված մարզական կազմակերպությունների ֆինանսավորման հետ:
«Հայաստանում հենակետային է համարվում 6 մարզաձև,- ասաց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։- Դրանց ներկայացուցիչներն են հիմնականում մեդալներ բերում միջազգային տարբեր ստուգատեսներից, նրանց տարած հաղթանակների պատվին է բարձրացվում եռագույնը, հնչեցվում Հայաստանի օրհներգը: Եվ այդ մարզաձևերին էլ աջակցության կարգով ավելի շատ ֆինանսներ են հատկացվում: Մյուս խմբում են այն մարզաձևերը, որոնք նախկինում Հայաստանում բարձր մակարդակի վրա են եղել, ավանդույթներ են ունեցել: Ակնկալվում է, որ աստիճանաբար դրանք ևս կզարգանան, կհասնեն ցանկալի մակարդակի: Եվ վերջին խմբում մի շարք ոչ օլիմպիական մարզաձևեր են, որոնք թեթևակի աջակցություն են ստանում, որպեսզի Հայաստանում կարողանան գոյատևել: Ցանկալի կլիներ, որ բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն էլ մեծ փողեր ստանային, սակայն հնարավորությունները սահմանափակ են: Կան մարզաձևեր, որ, իրոք, քիչ փող են ստանում պետությունից, սակայն այդ ամենը որոշում է հատուկ հանձնաժողովը: Փաստորեն, հիմնական մարզաձևերը Հայաստանի և սպորտի նախարարության հսկողության ներքո են գտնվում: Կան մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ, որոնք ունեն Հայաստանի արդարադատության նախարարության գրանցում: Եվ օրինական դաշտում դրանք գործում են որպես հասարակական կազմակերպություններ: Ինչ խոսք, հնարավոր է, որ աչքից հեռու նաև չարաշահումներ կատարվեն, որոնց մասին չիմանանք: Այդ է պատճառը, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը, երբ գրանցում է այդ ֆեդերացիաները, հատկապես այն մարզաձևերի, որոնք քիչ են հայտնի, անհրաժեշտ է, որ ուսումնասիրություններ կատարի, հստակեցնի, թե ինչ մարզաբազաներ, պայմաններ ունեն, ովքեր են որպես մարզիչներ, մասնագետներ աշխատելու և այլն: Մյուս կողմից էլ` մի քանի տասնյակ կարատեի մարտաոճ կա, և դժվար է պարզել, թե ինչն ինչոց է: Այդուհանդերձ, եթե ֆեդերացիան կարողանում է միջոցներ բերել դրսից, այդ մարզաձևը Հայաստանում զարգացնել, անկախ ամեն բանից, օգնություն է տրվում»։
«Հիմնականում խաղային մարզաձևերին ենք փորձում ամեն գնով աջակցել,- իր հերթին պարզաբանեց մարզական միջոցառումների, ծրագրերի, վերլուծության և իրականացման բաժնի պետ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։- Դրանց թվում կան այնպիսիները, որոնցից միջազգային ստուգատեսներում սպասելիքները մեծ չեն, ասենք` ռեգբին, բադմինտոնը, սակայն ցանկալի է, որ դրանք ֆինանսավորվեն, հակառակ պարագայում կարող ենք կորցնել: Ֆուտբոլի ֆեդերացիային նախարարությունը չի ֆինանսավորում, սակայն համապատասխան աջակցություն ցուցաբերում է: Բանն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ աշխատակազմ ունի, մյուս կազմակերպությունների համեմատ ավելի ձևավորված է: Կան մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ, որոնք թեև պետության կողմից չեն ֆինանսավորվում, սակայն այդ կազմակերպությունների նախագահները ֆինանսներ են ներդնում, որպեսզի դրանք զարգանան: Թեև մարզաբազաների առումով մեր երկիրը, նաև տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները դժվարին դրությունում են, բայց չի կարելի ասել, թե դրանք ընդհանրապես չկան: Հատկապես վերջին 10 տարում դրանց զգալի մասը վերանորոգվել է: Այդ ուղղությամբ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են: Շատ բան է արվում, սակայն մեծ փողեր են անհրաժեշտ, որ ֆեդերացիաները ոտքի կանգնեն: Միայն մեկ փաստ նշեմ: Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տարեկան իր կարիքների համար ծախսում է 5 մլն դոլար: Ընդ որում, այդ երկրի ըմբշամարտի հավաքականները զգալիորեն զիջում են Հայաստանի ներկայացուցիչներին: Ֆինանսների պատճառով խնդիրներ շատ են առաջանում: Մասնավորապես, Հայաստանը ջրացատկի լավ ավանդույթներ ունի, սակայն միջազգային չափանիշներին համապատասխանող աշտարակներ ունեցող լողավազաններ չկան, բոլոր լողավազանները մասնավոր են»:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ