2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԻ» ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

«ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԻ» ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
18.01.2011 | 00:00

«Это кот, который гуляет сам по себе?»
Եթե առաջնորդվենք արդեն իսկ սկսված գործընթացներով, ապա` հաստա՛տ: Նախա-նշաններն են այդպիսիք (քաղաքական «մոմենտը» նկատի ունենք. այդ մասին` ներքևում):
Համ էլ նապաստակը խիստ ուղղագիծ արարած է: Հետն էլ սիրում է նստել ծառի տակ:
Իսկ կատո՜ւն:
Կատուն բարդ է: Հետաքրքիր: Բազմաշերտ: Իսկ որ կարևորն է, չի նստում ծառի տակ, որ նկարի նապաստակ: Նա ունի աշխարհում ամենաֆենոմենալ հատկությունը. ինչ բարձրությունից էլ ցած գցես, մնում է թաթերի վրա («քաղաքական» ինչպիսի՜ պահվածք):
Դա դիտենք կատվի մոտ զուտ որպես ֆիզիկական առավելություն: Կատվի «դուխովնի» առավելություններն ընդհանրապես շենշող են: Նա համարվում է «Աստծո թաշկինակ»: Կատվի մասին ասվում է` նա «այսկողմնային» և «այնկողմնային» հարաբերումի սահմանին է կանգնած: Օժտված է բացասականությունն իր մեջ ներքաշելու բացառիկ կարողությամբ (դա է պատճառը, որ նոր տուն գնելիս սկզբում կատվին են «խնդրում» այնտեղ պտտվել` «сам по себе». նրան դնում են մարմնի ցավող մասերի վրա, ցավն անցնում է, մշուշը մեղմվում, մեգն անհետանում, խավարը ցրվում... դևը հեռանում):
Մի խոսքով, ժողովուրդ, տարվա կատուն է լավ: ՈՒ եթե այդպես, ուրեմն` մյա՜ո՜ւ:
Հա, ի դեպ, կատուն հայկական միջավայրի ամենահարազատ «զավակներից» է: Նա ամենուր է: Զորօրինակ, Մեդվեդևի Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ այնքան հետաքրքիր բան տեղի ունեցավ նախագահականի բակում` ասուլիսի ժամանակ, որ նույնիսկ Կոելյոյի «նշանների լեզուն» կնախանձեր (ո՜նց էի ուզում ինչ-որ առիթով էս մասին գրել):
Եվ ուրեմն, բավականին աշխույժ և գեղեցիկ կատուներ են թափառում նախագահականի բակի վերևի հատվածում: Եվ ուրեմն, երբ երկու նախագահները մոտեցան բացօթյա ասուլիսի ամբիոններին, ոչ շատ հեռվում (թմբեր կան այնտեղ) մի սև կատու եկավ ու խիստ փաղաքուշ, վսեմաշուք կանգնեց թմբի վրա` գրեթե արձանի պես: Երբ Մեդվեդևն ասաց, որ հրաշալի եղանակ է Հայաստանում և ինքը մեծ բավարարվածություն է զգում այդ և Հայաստանում գտնվելու առիթով, երբ մենք գրի առանք այդ ֆրազները, գլուխներս թղթից բարձրացրինք` նույն սև կատվի տեղում, նույն դիրքով արդեն սպիտակ կատու էր նստած («դրվագն» ահագին ժամանակ նվաստիս չէր թողնում կենտրոնանալ ասուլիսի վրա)։
Էսպիսի բաներ:
Իսկ թե որքան զանազան-զարմանազան, բազմագույն, նաև` գեղեցիկ կատուներ են ֆռ-ֆռում ԱԺ բակում «сам по себе», կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ ոտք է դրել այլևս հաճախ բացվող ԱԺ դռներից ներս:
«ԿԱՏՈՒ» ԱՍԵԼԻՍ ԱՉՔԵՐՍ ԼՑՎՈՒՄ ԵՆ
Այսպիսով, ինչ մարտահրավերներ ուրվագծվեցին և կուրվագծվեն սկսվող Կատվի տարում հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական վեկտորներում:
Ի դեպ, տարին, ըստ իշխող մոլորակների, բաժանվում է մի քանի ցիկլի և համարվում խիստ «ֆատալնի», որովհետև կունենա լուսնային հինգ խավարում (5-ը աշխարհի թիվն է). մեկն արդեն եղել է` հունվարի 4-ին (այն համարվում է «մաքրող»). Լուսինն անչափ մոտեցել էր Երկրին` այնտեղ տեղի ունեցող զարգացումներին հաղորդելով կառուցողականություն:
Լուրջ քաղաքական ցնցումներ տարվա ընթացքում չեն լինի: Չնայած «Վիկիլիքսին» դեռևս պետք է լրջորեն վերաբերվել: Բանն այն է, որ այս առումով շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա է սպասվում: Եթե այնպես ստացվի, որ Ասանժն իսկապես էքստրադիցիայի ենթարկվի ԱՄՆ, և, իր ասածով, Գուանտանամոյի բանտում տեղ գտնի, ապա «զուգահեռաբար», որպես բողոքի նշան, «Վիկիլիքսի» ողջ ինֆորմացիան դուրս կհորդի (իր փաստաբաններն են պնդում), ու Ասանժի ձերբակալված վիճակը, ինֆորմացիայի այդ ֆոնին, ալամ աշխարհի համար ուղղակի հազարապատիկ-միլիոնապատիկ էֆեկտ կապահովի... ԱՄՆ-ի համար (մենք մնում ենք այն կարծիքին, որ «Վիկիլիքսն» ամերիկյան պրոյեկտ է, որը փորձում է ինֆորմացիոն կախվածությամբ ղեկավարելի դարձնել 21-րդ` Ջրհոսի դարի մարդուն, որն ավելի նուրբ է, քան Ձկան ժամանակաշրջանի` ներքին սպիրալը դեռ չբացված մարդը: Եվ հետո` դա ահավոր համապատասխանում է «ամերիկյան երազանքին». ԱՄՆ-ը միշտ էլ իր «սիրասուն» պրոյեկտների հետ այդպես է վարվել. դա Ալ-Քաիդան էր, Սադամ Հուսեյնն էր, Միլոշևիչն էր...)։ Անցանք առաջ:
Տարին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորում, վիկիլիքսյան մարտահրավերից զատ, ունի երեք էական-մշտական «կրումներ». գեոքաղաքական կողմնորոշում, Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ: Վերջինում էական զարգացումների ֆոն չի ուրվագծվի: Գոնե մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ավարտ:
Ինչ վերաբերում է «գեոյին», ապա, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խիստ անհասկանալի հարաբերությունների ու ջերմացման ֆոն են գրանցում («CHB»-ները վերջապես վավերացվեցին), այնուհանդերձ, Հարավային Կովկասի, Իրանի և Թուրքիայի հարցերում նրանց քաղաքականությունը գոնե մոտակա ժամանակներում «վերաբեռնում» չի կարող նախատեսել:
Հայաստանը, ինչպես տեսնում եք, ձեռնամուխ է եղել ձևով արևմտյան, բովանդակությամբ ռուսական գեոքաղաքական «վերտիկալի»:
Խոսքը վերջին կադրային «ճշգրտումների» մասին է: Այն «նախանշած» Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ճիշտ է, այսօր գրեթե համարվում է գեներալ-գուբեռնատոր «Գազպրոմից» դուրս եկած մարդու դեպքում այլ բանաձևում դժվար է օգտագործել. «Գազպրոմը» նախ` ռուսական, ապա համաշխարհային մահակ է, և ապա` այնտեղ մկրտված մարդիկ առաջին հերթին «ռուսական», նոր միայն «աշխարհաքաղաքացիներ» կարող են լինել): Ասել է` նույն առանցքային պաշտոնյա Կարեն Կարապետյանի դեպքում ոչ միայն հաճելին է օգտակարի հետ համակցվել, այլև ռուսականը` արևմտյանի: Մնում է, ինքն իր նշանակումներում, մանավանդ վարչական շրջաններին «վերաբերող», խաղը չքանդի (որոշակի նախանշաններ արդեն իսկ կան):
Մի խոսքով, այս տարի ևս Հայաստանը կփորձի հարմարավետ տեղավորվել Արևմուտքի ու Ռուսաստանի «միջև»` առաջինին զիջելով քաղաքական դաշտը, դիմացն ստանալով քաղաքական-ֆինանսական աջակցություն, իսկ ռազմական, տնտեսական հիմնական «լոտերը» հետայսու ևս կմնան մեր սիրելի «ռազմավարականի» «օրհնյալ ոտի» ձեռքում:
Ղարաբաղ: Այստեղ ստատուս քվոն կպահպանվի, սակայն ծանր գնով: Ճնշումներն աննախադեպ կլինեն, որովհետև տարին Հայաստանի համար նախընտրական է: Ճնշումներ արդեն իսկ կան: Պատերազմի սպառնալիքի տեսքով: Հանուն «Նաբուկոյի»: Բարոզոն օրերս Ադրբեջանում էր. մտածում էր` կպոկի համաձայնություն գազի «մնացուկի» հաշվով, ու կկառուցեն իրենց «Նաբուկոն» (նկատեցի՞ք` ռուսներն էն օրը հայտարարեցին, որ չի բացառվում` Հյուսիսային հոսքն ու «Նաբուկոն» միավորվեն. ա՛յ, սա արդեն լուրջ սպառնալիք կլինի Հայաստանի համար այն առումով, որ երկու գերտերությունները հետայսու կփորձեն փոխհամաձայնեցված գործել ղարաբաղյան ֆրոնտում, ուր այս պահին ԱՄՆ-ը «միայնակ գայլի» կարգավիճակում տարբեր մակարդակի իր փորձագետների, այդ թվում` ադրբեջանցի, փորձում է Հայաստանին սարսափեցնել «վաղը եղել է պատերազմ» ուրվագծումով, համ էլ` ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկով: Հետն էլ հաթաթայով, թե Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից: Իր գործն է: Իբր հիմա բանակցությունների մե՞ջ է: Չէ, իրենք «այդով» ասում են, որ պատերազմ կսկսվի, հայե՜ր: Զգուշացե՛ք:
Հա, ժողովուրդ ջան, Կատվի այս տարում (գիտեք մոռացա՞նք, որ Կատվի տարի է. ո՛չ, չենք մոռացել` մյա՜ու) հետաքրքիրն այն է, որ Արևմուտքի բանագնաց ադրբեջանցի փորձագետներն ահավոր բաց տեքստով են ասում, թե հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սահմանի վրա բախումները հզոր կլինեն:
Մենք էդ ժամանակ ոնց որ թե գնում ենք ընտրությունների, իմա` նախընտրական վերջին փուլն է լինելու այդ օրերին: ՈՒ չի բացառվում, որ հենց էդպիսի բախումներ լինեն: Բայց հո մերոնք էլ քնա՞ծ չեն:
Հա, հարգարժան ժողովուրդ (համ էլ Նոր տարիներդ շնորհավոր), Կատվի էս տարին, ուրեմն, նախընտրական է լինելու: Էդ հերիք չէ, թաթերի վրա ընկնող Կատվի այս տարում լինելու է ոչ միայն լուսնի 5 խավարում, այլև արևի գերակտիվության հզոր ցիկլացիա: Է՜, ժողովուրդ ջան, էդ էլ հերիք չէ, հետն էլ այնպիսի՜ գերհզոր հակազդեցություն, որ միմյանց նկատմամբ կունենան այս տարի Սատուրնը, Յուպիտերն ու ՈՒրանը, ինչն էլ պատահում է 450-500 տարին մեկ, մեզ բոլորիս անոմալ տիեզերական վիբրացիաների ցիկլի մեջ «կհայտնվեցնի»:
Ստո՛պ: Կխնդրենք` «չխամեմատել»: ԲՀԿ համագումարը տեղի է ունենալու փետրվարի 12-ին (Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է): Էդ ժամանակ վիբրացիաները դեռ շատ ուժեղ չեն լինելու, իրավիճակը կշիկանա մարտ-ապրիլ ամիսներին` արձանագրում են «տիեզերագետները», երբ ԲՀԿ համագումարն արդեն անցած-պրծած կլինի:
Նկատեցի՞ք` սահուն, «легкой джазовой походкой» անցել ենք ներքաղաքական դաշտ:
Եվ, այո, ԲՀԿ համագումարում ոչ մի արտառոց բան չի լինի և հնարավոր էլ չէ։ Չե՞ք հիշում, ԲՀԿ նախորդ համագումարին էլ` «կանաչ-կարմիր կոշիկը հագել էինք, կարմիր ակով գոտին կապել», փութացել էինք դեպ ԲՀԿ համագումար, ուր պետք է կուսակցապետի փոփոխություն տեղի ունենար, ու Քոչարյան Ռոբերտը դառնար կուսղեկավար, Օսկանյանն էլ անդամագրվեր ԲՀԿ-ին (բարև Ձեզ, Վարդան Մինասիչ, Ձեր Կատվի տարին էլ շնորհավոր, հետևում եք Սուդանի հանրաքվեի՞ն, Հայաստանում չե՞ք, երևի` որդու գործերով, բայց բոլոր դեպքերում, Սուդանն աչքաթող մի արեք):
Հա, էն ժամանակ էլ ԲՀԿ-ն «էլի» պիտի «դուրս գար» կոալիցիայից: Չեկավ: Դուրս։
Այս անգամ «штатский» հագնված ենք գնալու. իմաստ չունի առիթ-անառիթ զուգվել-զարդարվել, թե ինչ է` կարող է ԲՀԿ-ում փոփոխություններ լինեն: Պարզ է, չէ՞, որ այս անգամ «վաբշե» նման բան չի լինի:
Էն էինք ասում, որ Կատվի տարվա մարտ-ապրիլ ամիսներից կսկսվի իսկական քաղաքական «гроза»-ն: Ի՞նչ կլինի: Ասում են` ի հայտ կգա «պրիզիդենտը»։ Մինչև ամառվա կեսեր:
Չէ՛, մենք էս անգամ արդեն նկատի չունենք ԲՀԿ-ին ու այն հանգամանքը, թե «Մկոն վերջապես կխոսի», կասի այն, ինչին նրան «դրդում» է դիսիդենտ Ռազմիկ Զոհրաբյանը: Նկատի ունենք Ռուսաստանում ի հայտ եկող պրեզիդենտին (մեզ մոտ` «и так ясно»):
ՈՒ քանի որ բանն ասելով է լինում ու ոչ թե մոլորակներով (իսկ իրականում` մեր Տիրոջ կամքով), ասենք, որ պրեզիդենտը կլինի Մեդվեդև Դմիտրի Անատոլևիչը (բարև Ձեզ, բազմահարգ պարոն Քոչարյան. ճիշտ է, Ձեր բավականին հետաքրքիր հարցազրույցին ոչ մեկը, նույնիսկ ընդդիմադիր մամուլը կրկին չարձագանքեց, ոնց էլ չե՜ն ամաչում, բայց մենք առաջիկայում, և խիստ մանրամասն, անդրադառնալու ենք դրան «Վարչապետափոխության հմայքները» հոդվածաշարով):
Այսպիսով, Ռուսաստանին մեդվեդևյան բարի կամք հղելը չի նշանակում մոռացանք մեր մայր հայրենիքն ու այնտեղ կատարվողը: Եվ ուրեմն` մայր հայրենիքում Քոչարյանը «չի վերադառնա»: ԲՀԿ-ն կանի այն, ինչ ցայս արել է: ՀՀԿ-ն կինքնամաքրվի: ՕԵԿ-ին դեռ կուռցնեն ու կուռցնեն: «Աղջիկը կլինի որոնումների մեջ». նկատի ունենք «Ժառանգությանը», բայց ըստ ամենայնի, այս անգամ պառլամենտ չի մտնի: ՀՅԴ-ն «կեր ու սուս» կոնֆիգուրացիայով կշարունակի երազել օդ կրակելու մասին (չե՞ք տեսնում` նրանք այլևս նույնիսկ դրան ընդունակ չեն)` իշխանության օրերի կերածը դանդաղ մարսելով: Կարապետիչը լիքը դառը ճշմարտություններ կշպրտի իշխանությունների երեսին: Վերջին պահին նրան կմիացնեն «Երևան» հեռուստաընկերության հետ` կիսովի փայաբաժնով, որպես կոմպենսացիա:
ՀԱԿ-ը շունչը պահած կսպասի Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանն ու արտահերթ ընտրություններին` այդպես էլ կորցնելով հերթական ընտրություններին մասնակցելու շանսն ու հնարավորությունը:
Ըսենց բաներ, ըսենց տարի: Կատվի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ