38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԳՏՆԵԼՆ Է»

«ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԳՏՆԵԼՆ Է»
23.09.2011 | 00:00

«Բեռնված» կյանք, որ փոքր չափաբաժիններով ներկայացվում է հանդիսատեսին: Կյանք, որն ապրելու համար պետք է մի քիչ հորինել, մի քիչ լավատես լինել ու նաև ծիծաղել:
Երիտասարդ ռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԻ «Բեռնելով կյանքս» ֆիլմի հերոսը զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հիվանդանում է շաքարախտով, և նրան, որպես զինծառայությանը ոչ պիտանի զինվորի, զորացրում են: Այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր ներարկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդն ստիպված է դիմելու հանցագործության: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ և անզգույշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են:
«Բեռնելով կյանքս» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի «Լավագույն հայկական ֆիլմ», Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն», ինչպես նաև կինեմատոգրաֆիստների «Նուարդ» մրցանակներին (որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ):

Նոյեմբերի 16-20-ին, Բրիտանական խորհրդի աջակցությամբ, Հարություն Շատյանը մասնակցելու է Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին: Մինչ այդ` սեպտեմբերի 10-21-ին, ֆիլմը մասնակցել է Ռուսաստանի Անապա քաղաքում կայացած «Կինոշոկ» միջազգային կինոփառատոնին:
«Բեռնելով կյանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, նկարահանվել է սիրողական տեսախցիկով, թե՛ օպերատորը, թե՛ գլխավոր դերակատարը ռեժիսորն է:

-Փաստորեն, եթե կա ցանկություն, ասելիք, կարող ես ֆիլմ նկարել նաև սիրողական տեսախցիկով, թեև հակառակ պատկերն ավելի հաճախ է հանդիպում. կա գումար, կա ժամանակակից տեխնիկա, ու չհաջողված ֆիլմ:
-«Բեռնելով կյանքս» ֆիլմն ամբողջովին նկարահանվել է սիրողական տեսախցիկով, և դա ոչ թե այն պատճառով, որ չկար պրոֆեսիոնալ տեխնիկա, այլ ուղղակի դրա կարիքը չկար: Կարծում եմ` ֆիլմի հաջողություններից մեկը հենց դրանով է պայմանավորված. նման նկարահանումով, նման տեխնիկայով ստացել ենք առավելագույնս անկեղծ ֆիլմ: Իսկ գերխնդիրն ի սկզբանե դա էր` ստեղծել անկեղծ ֆիլմ: Այսօր մարդիկ նկարահանում են ինչով պատահի, հարցն այն է, թե ի՞նչ են նկարում, քանի որ կարևորը միտքն է: Եթե ունես լավ գաղափար, իրագործելու համար միջոցներ անպայման կգտնվեն:
-Չերչիլն ասել է` երբեք, երբե՛ք, երբեք մի հուսահատվիր: ՈՒնե՞ք ապրելու, պայքարելու Ձեր դրույթը:
-Հուսահատությունը նոր տարբերակ չգտնելն է: Ցանկացած պարագայում պետք է փորձես դժվար իրավիճակից դուրս գալու միջոց գտնել: Ես միշտ օգտագործում եմ «Ամեն ինչ լավ կլինի» լավատեսական արտահայտությունը: «Բեռնելով կյանքս» ֆիլմի հերոսը, անկախ դժվարություններից, միշտ լավատես է: Նա ոչ թե համակերպվում է կյանքի մատուցած անակնկալ բարդություններին, այլ փորձում է գտնել լուսավոր կետեր և դրանց միջոցով դուրս գալ բարդ իրադրություններից:
-Արվեստագետը հարցե՞ր է առաջադրում, թե՞ պատասխաններ գտնելու փորձեր անում:
-Արվեստագետը չգիտեմ, բայց նրա գործերը պետք է հարց ունեցողին տան պատասխան, պատասխան ունեցողին` հարց: Իմ ֆիլմում բարձրացված հարցերի պատասխաններն ամեն մարդու համար անհատական են: Եվ, ընդհանրապես, արվեստում չկա միանշանակ ոչինչ:
-Դալին աում էր` արվեստագետը նա չէ, ով ոգեշնչվում, է այլ նա, ով ոգեշնչում է: Ձեր ֆիլմը մենախոսությո՞ւն է, թե՞ յուրատեսակ երկխոսություն աշխարհի հետ (Ձեր դեպքում` հումորի միջոցով նաև): Կարծում եք` «աշխարհը» լսո՞ւմ է Ձեզ:
-Ոգեշնչվել ինչ-որ արվեստի գործով և ստեղծագործել դրա ազդեցությամբ սխալ է, քանի որ դա կլինի առնվազն մեկ քայլ պակաս, քան ոգեշնչման առարկան է եղել: Իսկ ոգեշնչվել ինչ-որ պատմությունով և դա դարձնել, ասենք, ֆիլմ, կարելի է և նույնիսկ անհրաժեշտ: «Բեռնելով կյանքս» ֆիլմը պատկանում է խոստովանանքի ժանրին, և կարելի է ասել, հերոսը երկխոսության մեջ է տեսախցիկի հետ, իսկ տեսախցիկն այս դեպքում հենց աշխարհն է: Նա հեգնում է ինքն իրեն և դրանով իսկ արժևորում նրա խոսքը։ Իսկ «աշխարհը» դեռ կլսի:
-Գովազդային տեսահոլովակներ եք նկարում: Դա ապրելո՞ւ միջոց է, թե՞ սիրած աշխատանքի մի մասը:
-Ես իմ ռեժիսորական գործունեությունն սկսել եմ գովազդային հոլովակներ նկարահանելով, երբ դեռ առաջին կուրսում էի: Դա լրիվ այլ ոլորտ է, որտեղ պետք է ճկուն լինես: Այն ժամանակ գումար վաստակելու միջոց էր, իսկ հետագայում գովազդային ոլորտը դարձավ աշխատանքի մի մաս:
-Սերիալ կնկարեի՞ք:
-Սերիալները բավականին աշխատատար և ժամանակատար են, և երբ մտնում ես այդ ոլորտ, այլ բան անելու ժամանակ և ուժ չի մնում, իսկ ես դեռ անելու շատ բան ունեմ:
-Հաջորդ ֆիլմն ինչի՞ մասին է լինելու: Ծրագրերի մասին մի փոքր կպատմե՞ք:
-Հետագայի համար կան ծրագրեր, և ներկայումս արդեն որոշակի աշխատանքներ արվում են, սակայն դրանց մասին կխոսեմ ավելի ուշ: Խոսել բոլորն էլ կարող են, ես սիրում եմ միանգամից ներկայանալ:
-Երիտասարդ արվեստագետի տեղը Հայաստանում։
-Մի քանի տարի առաջ ես ամեն Աստծո օր մտածում էի, թե ինչ եմ անելու ինստիտուտն ավարտելուց հետո, իսկ ավելի ուշ հասկացա, որ ավելի լավ է ոչ թե սպասել, մտածել, այլ հենց այդ տարիներին ինչ-որ բան անել` չնայելով անելիքի որակին, անպատրաստ լինելուն: Ոչ ոք քեզ չի խանգարում ինչ-որ բան անել, անկախ նրանից` ուսանո՞ղ ես, թե՞ սկսնակ մասնագետ: Եթե չեն խանգարում, դա արդեն լավ է, իսկ օգնողներ միշտ էլ կան: ՈՒղղակի շատ երիտասարդներ վախենում կամ «ալարում» են ինչ-որ բան սկսել, կամ էլ իրենց ուժերին վստահ չեն և նախընտրում են ուրախանալ ուրիշների հաջողություններով, քան ունենալ սեփականը: Կան նաև երիտասարդ արվեստագետներ, որոնց ես անվանում եմ «շարֆիկով արվեստագետներ». նրանք միշտ խոսում են բարձր արվեստներից, փնովում ցանկացած նորամուծություն և իրենց «շարֆիկից» այն կողմ ոչինչ չեն տեսնում:
-ՈՒնե՞նք լավ կինո:
-Մենք ունենք շատ լավ «ուղեղներ», որոնք պետք է ուղղակի աշխատեն և չնստեն թախտին, սպասեն հովանավորին: Իսկ լավ կինո ունենք, ունեցել ենք և հաստատ կունենանք, քանի որ ես այսօր ճանաչում եմ իրենց գործի նվիրյալների և հպարտ եմ, որ ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր կինո են ստեղծում:
-Այսօր կարճ ֆիլմերը ավելի ներկայանալի չե՞ն, հաշվի առնելով մեր կյանքի ռիթմը:
-Այսօր ամեն ինչի կարճն է գնահատվում, սակայն կա «կոմերցիոն ֆիլմ» հասկացությունը, որը նախատեսված է ժամանցի համար, և չեմ կարծում, որ կինոթատրոն գնացող հանդիսատեսը պատրաստ է վճարելու մի ֆիլմի համար, որը տևում է, ասենք, 30 րոպե: Նա, բնականաբար, ցանկանում է որոշակի ժամանակ անցկացնել կինոթատրոնում: Իսկ մնացած դեպքերում, թեկուզ հենց լրագրության մեջ, պետք է լինել առավելագույնս լակոնիկ և բովանդակալից:
-«Բեռնելով կյանքս» ֆիլմում համակարգչային բառապաշարն ակնհայտ է: Համացանցայի՞ն մարդ եք: Այսօր նույնիսկ երիտասարդների զգալի խմբի կարելի է անվանել ֆեյսբուքցիներ:
-Ֆիլմի նախնական անվանումն այլ էր, սակայն մոնտաժային փուլում ես և պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանն այն վերանվանեցինք «Բեռնելով կյանքս»: Առաջին հայացքից համակարգչային տերմին է, սակայն ունի նաև երկրորդ իմաստը, որը բեռնված կյանք ունեցող երիտասարդի մասին է, իսկ նրա կյանքը փոքր չափաբաժիններով ներկայացվում է հանդիսատեսին: Ես համացանցում բավականին շատ եմ լինում, քանի որ ներկայումս տեղեկացված լինելու ամենաարագ տարբերակը դա է, ինչն ունի նաև իր բացասական կողմերը, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ