Հենց սկզբից ասեմ` «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» վերտառությամբ գիրքը բոլոր առումներով աներևակայելի թյուրիմացություն է։
Այլ կերպ լինել չէր կարող, քանզի նրա արարման ելակետը սխալ է, մեթոդաբանությունը` խոցելի, իսկ գաղափարական ուղղվածությունը` դատապարտելի։ Հավանաբար, թվացել է, թե երկրորդական օժանդակ նյութերի հեղեղով կարելի կլինի ամբողջացնել բովանդակությունը, որը, սակայն, բոլորովին չէր ստացվել, անգամ որևէ հասկանալի բնորոշմամբ։ Որովհետև լիովին անտեսվել էր մարդկային միտքը և հարություն տրվել միմիայն լուսանկարչական ապարատին։ Փաստորեն, նրանում ընդգրկված նյութերն այն են, ինչ կցանկանային տեսնել և ունենալ Ապշերոնյան թերակղզում խրամատավորված կեղծարարները։ Ցավոք, տպավորությունն այնպիսին է, որ, կարծես, գրքույկը լույս աշխարհ է եկել նրանց պատվերով, ինչի պատճառով ստացվել է կատարյալ ապատեղեկատվություն։ Ակնհայտ են ոչ միայն կոպիտ սխալները, այլև հակահայկական միտումները։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչու նման գրքույկը տպագրվել է մեծ տպաքանակով, այն էլ անգլերեն կիսատ-պռատ բացատրագրերով։
Այդուհանդերձ, ծիծաղելի կլիներ գիրքը համարել «աշխատություն», քանի որ նրանում չկա մարդկային ուղեղի աշխատանք, ասել կուզի` վերլուծական, նույնիսկ բանասիրական բացատրական շարադրանք։ Զետեղված են բացառապես հում նյութեր, որոնք, անշուշտ, կարող են դառնալ մի նոր գրվելիք աշխատության օժանդակ իլյուստրացիոն նյութեր։ Անկասկած, դրանք նույնպես անհրաժեշտ են, բայց ոչ այդ քանակով ու դասավորությամբ։ Բոլորովին հարկ չկար գունավոր լուսանկարներից պատճենահանել 33 գծանկարներ և առանց բացատրագրերի տեղադրել 36-էջանոց գրքույկում։
Ես բնավ այն կարծիքին չեմ, թե մասնագետի ասելիքի անհրաժեշտություն չկար։ Բնականաբար, կար, բայց այլ ձևաչափով։ Պետք է ասվեր նոր խոսք, այն էլ հիմնավորված աղբյուրագիտական փաստերի վրա։ Լուսանկարները, գրչագրերը և դրանք իրար կցմցելը դեռևս գիտական աշխատություն չէ, քանզի յուրաքանչյուր գիրք պետք է ունենա նաև քաղաքական, քարոզչական որոշակի ուղղվածություն։ Այլ խոսքերով, ոչ պակաս կարևոր է օժանդակ նյութերը խոսեցնելու իմացությունը։ Այն էլ իմաստի, նպատակի և ազգային խորապաստառի վրա։
Մինչդեռ գրքույկում բերված հուշարձանների ազգային պատկանելությունն աղավաղված, խեղաթյուրված է ներկայացված։ Այլապես ի՞նչ անհրաժեշտություն կար Ղարղաբազարի իջևանատունն իբրև հայկական հուշարձան` հաստատված հայ հեղինակների կողմից, տեղադրել «...Մահմեդական հուշարձաններ» գրքում։ Մյուս երկու հուշարձանները` Վանոցա (Ջիջիմլի) գյուղի եկեղեցաձև դամբարանը և «Խաչեն-Դարբատլիի» դամբարանը, որոնք հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իրավացիորեն դիտարկել էր հայկական հուշարձանների համատեքստում, տեղադրել մահմեդական հուշարձանների մեջ (տե՛ս Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջանում», Եր., 1999 թ., էջ 185, 227)։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ իջևանատան համալիրի նկարների կողքին 31 էջում զետեղված են նույն ոճի հայկական միջնադարյան այլ հուշարձանների եռակամար սրահ-գավիթների լուսանկարներ` «Իջևանատան նախօրինակներ» մակագրությամբ։ Այն տպավորությունն է ստացվում, որ «...Մահմեդական հուշարձաններ» գրքում տեղադրված «նախօրինակները» նույնպես մահմեդական հուշարձաններ են։ Ավելի տեղին կլիներ, որ դրվեին Շուշիի մզկիթի եռակամար սրահի լուսանկարները և կողքին էլ վերոհիշյալ եռակամար սրահ-գավիթների լուսանկարները և դրանով ապացուցվեր, որ դրանք մզկիթի նախօրինակ հայկական հուշարձաններ են։
Ավելին, 34-35 էջերում տեղադրված են Արցախի ավերված և ամբողջական 9 բնակարանների գունավոր լուսանկարները և 3 հորինվածքային չափագրություն։ Իմաստը, նպատակն ուղղակի անհասկանալի է։ Ի՞նչ են ցանկացել ասել. որ Արցախում լայնորեն տարածված բնակելի շենքերը նո՞ւյնպես մահմեդական հուշարձաններ են։ Ինչպիսի անհեթեթություն և ոչ միայն։
Անհնար է փնտրել և մեղադրել նման խեղաթյուրված գործի համար որևէ մեկին, քանզի գրքույկը չունի հեղինակ, գրախոս և նախապես այն չի քննարկվել որևէ գիտական խորհրդում։ Ստացվում է, որ գիտական բովանդակության համար պատասխանատու չկա։ Ահա թե ինչու, սկսած վերնագրից, այն աղավաղված, խեղաթյուրված է։ Պարզապես խեղկատակություն։ Արցախին պարտադրված քաղաքական դաժան պայքարում թշնամուն այդպիսի «նվեր» մատուցելը հանցագործություն է։ Մի՞թե պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել։ Չեմ կասկածում, որ այդքանը չեն հասկացել գրքույկ-կատալոգի կազմողները և հովանավորները։ Սակայն կասկածում եմ, որ այստեղ բացասական դեր չեն խաղացել պատվերի բուն նպատակը, «ամենագետի» մեծամտությունն ու ավելորդ շտապողականությունը։ Արդյունքում ստացվել է մի ձախորդ ու ձախավեր գործ, որն իր այս վիճակում կարող է միայն ազերիներին զվարճացնել։ Քանզի նրա դղրդացնող վերնագրի տակ տեղադրված օժանդակ նյութերը հասկացվում են որպես «մահմեդական` ադրբեջանական հուշարձաններ»։
Հարկադրված եմ մի քանի շտրիխներով անդրադառնալ գրքույկի քաղաքական ուղղվածությանը, քանի որ ազերիները, անկասկած, դրանից կկաղապարեն կրոնական անհեթեթություններ, որպեսզի մեր դեմ լարեն ոչ քիչ թվով մահմեդականների։ Դրա երաշխիքը մասնագիտական, աղբյուրագիտական ասելիքի իսպառ բացակայությունն է։ Այս պարագայում գրքում տեղ գտած օժանդակ նյութերը ով ինչպես ցանկանա` կարող է հասկանալ և իր կամեցողությամբ հիմնավորել։
Հարցն ինքնաբերաբար է առաջանում. այսքան խրթին, բարդ ու քաղաքական պատասխանատու թեման ինչպե՞ս կարելի է առանց համապարփակ գիտական խոսքի բացահայտել։ Գիրքը չունի նույնիսկ առաջաբան և նկարատակերի ամբողջական բացատրագրեր։ Ճիշտ է, երկրորդ էջում ինչ-որ բանի մասին է խոսվում, սակայն նկարների, չափագրությունների վերաբերյալ գրեթե ոչինչ չասող, անվերնագիր, անկապ, վերամբարձ, բացարձակապես գրքի-կատալոգի հետ կապ չունեցող այլ բնույթի շաբլոն խոսակցություն է։
Երբ ծանոթանում ես 122 գունավոր նկարներին և երեք տասնյակից ավելի գրչագրերին և նրանց կցկտուր բացատրագրերին, հասկանում ես, որ այդքան շատ օժանդակ նյութերն առանց համարժեք շարադրանքի իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Այդ նյութերն անգամ բանիմացորեն ձևավորված չեն։ Գրքույկը կշահեր, եթե չլիներ գծանկարների մեծ մասը, որոնք տվյալ պարագայում գիտական առումով անբովանդակ են և ավելորդ տեղ են զբաղեցնում։ Նրանք պարզապես լուսանկարների գծագրված պատճեններն են, նույնիսկ չունեն, կրկնում ենք, բացատրագրեր։
Գրքույկ-կատալոգի միակ «բովանդակությունը», ասելիքը ճոռոմախոս վերնագիրն է, այն էլ «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» անհեթեթ վերտառությամբ։ Գուցե այդ վերնագրով փորձ է արվել մոլորեցնել ընթերցողին, և այդ ֆոնի վրա արդարացնել հայկական հուշարձանները որպես մահմեդական, ասել կուզի` ադրբեջանական, մշակութային արժեքներ ներկայացնելը։
Քանի որ գրքույկում գիտական շարադրանք չկա, հնարավոր չէ ասել, թե որն է ճիշտ, որը` սխալ։ Կարելի կլիներ այստեղ վերջակետ դնել, եթե չլիներ մի շարք հարցերի պատասխանն իմանալու գայթակղությունը։ Նախ, ո՞րն է «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձաններ» վերնագրի իմաստը։ Ինչ բացատրություն էլ տրվի, այն կունենա հակահայկական իմաստ և, անշուշտ, կհամարվի ադրբեջանամետ գովազդ։ Հետևապես, այս գրքույկ-կատալոգը գիտագաղափարաքաղաքական, մանավանդ քարոզչական առումով կատարյալ հիմարություն է, հատկապես մեր օրերում, երբ Ադրբեջանում մոլեգնում է հակահայկական հիստերիան, այնտեղ հնչում են «ազգովին ստեղծենք երկրորդ Արարատ հայերի գլուխներով» կոչերը, երբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դեռ չի ավարտվել, երբ արցախյան հիմնահարցը լուծելու համար անողոք վեճեր են տեղի ունենում։ Երևանում տպագրել այսպիսի անգրագետ գիրք և դրանով ներկայանալ աշխարհին ոչ միայն խեղկատակություն է, այլև թշնամու ձեռքին քարոզչական զենք դնելու նման մի բան։ Հայտնի է, որ նրանք տիրապետում են այդ զենքը մեր դեմ շրջելու «արվեստին»։ Եվ արդեն կբղավեն, որ եթե Արցախի հուշարձանները մահմեդական են, ապա, բնականաբար, Արցախը նույնպես մահմեդական` ադրբեջանական «իսկոննի» տարածք է։ Իսկ եթե դա այդպես է, ապա հայերը կամ պետք է համակերպվեն ադրբեջանցիների հետ, կամ էլ թողնեն հեռանան։ Ահա թե ինչպես է մեզանում անտեսվում, որ քարոզչությունը նույնպես գիտություն է, այն էլ` մարտունակ գիտություն։ ՈՒղղակի չի հասկացվում այս վիճակում նման գրքույկի հրատարակման անհրաժեշտությունը, նպատակը։ Ինչ բաց են նրանով ցանկացել լրացնել, այս մասին գրքույկում խոսք չկա։ Մնում է ենթադրել, որ եղել են այլ զորեղ խթանիչներ։ Եթե անգամ եղել են ինչ-ինչ շահագրգռություններ, ապա ինչո՞ւ են նրանում ընդգրկվել հայկական հուշարձանները, ինչո՞ւ են դուրս մնացել մահմեդական մյուս քյումբազները, մզկիթները և մեր օրերում կառուցված երկաթբետոնե դամբարանները։
Փաստորեն, չի գիտակցվել, որ նման խայտառակ գրքույկը չէր կարելի պետական միջոցներով տպագրել, որովհետև նրանում բացակայում է ադրբեջանական հակահայկական ապատեղեկատվությունը ժխտելու փաստերի ամբողջականությունը։
Այսօր Արցախի հուշարձանները, ինչու չէ, նաև պատմությունը, ազգային անվտանգության լուրջ խնդիրներ են, և պետք է հասկացվեր այս անբեկանելի ճշմարտությունը։ Սակայն Արցախի պատկան մարմնի պաշտոնյան մատների արանքով է նայել դրանց, այլապես չէր հովանավորի այդպիսի թուրքամետ գրքույկի տպագրությունը։ Ի դեպ, գրքույկը քննարկվել է ԼՂՀ Ազգային ժողովի հանձնաժողովի մակարդակով, և խիստ դժգոհություն է հայտնվել նրա նկատմամբ։
Ի՞նչ է, կարիք չկա՞ր, որ անգլիախոս ընթերցողը տեղեկանար, որ, այսպես կոչված, մահմեդական հուշարձանները, բացառությամբ մեկի, գտնվում են ազատագրված տարածքներում և հայկական են, միայն թե ուրիշ տեսքով և առանց աբսիդի, կառուցված են նույն շինարարական տեխնիկայով, նույն ճարտարապետական կոնստրուկցիաներով ու սկզբունքներով։ Նրանց նախատիպերը գալիս են հայկական մոնումենտալ ճարտարապետությունից։ Դրանց պերճախոս վկայություններն են Արցախի ճարտարապետության վեհաշուք համալիրները, մանավանդ եռակամար սրահ-գավիթները։ Եվ եթե մահմեդական անվանվող այդ հուշարձանները դիտարկվեին հայկական հուշարձանների շրջանակներում, ապա ակնհայտ կդառնար նրանց ազգային պատկանելությունը։ Այս կարևորագույն խնդիրն անտեսվել է, ինչի պատճառով գրքույկը ստացվել է անհեթեթ ու անիմաստ։ Նրանում չեն արծարծվել ազերիների կողմից անդառնալիորեն ոչնչացված հազարավոր հայկական հուշարձանները։ Ավելին, գրքույկը ջուր է լցնում ազերիների բարձրացրած վայրահաչությունների ջրաղացին, այսպես կոչված «օկուպացված տարածքներում» հայերի ավերած և սեփականաշնորհած ադրբեջանական 500 հուշարձանների վերաբերյալ։ Նախ, այդ թվերն ակնհայտորեն չափազանցված են։ Եթե այդքան հուշարձան եղած լիներ, ապա դրանք կընդգրկվեին պետության հաշվառած ադրբեջանական հուշարձանների ցուցակներում։
Հարց է ծագում. ինչո՞ւ հայկական պատկան գերատեսչություններն ալարում են և մինչև օրս մի լղարիկ գրքույկ իսկ չեն տպագրում ադրբեջանցիների կողմից հրետակոծված հայկական հուշարձանների լուսանկարների ընդգրկումով։ Ինչո՞ւ մինչ օրս չեն մերկացվել ազերիների պարզունակ խաբեությունները, միջազգային ատյաններին թյուրիմացության մեջ գցելու նրանց վարվելակերպը, հայկական քրիստոնեական հուշարձաններին մահմեդական «զգեստներ» հագցնելու, իսկ որոնք չեն հարմարվել, դրանք ոչնչացնելու սանձարձակությունները։ Չմոռանանք, որ անհայտ է մնում Հյուսիսային Արցախի ավելի քան 5 հազար հայկական հուշարձանների ճակատագիրը։
Այո, Արցախի պարագայում հուշարձաններն ազգային արժեքներ են, Արցախն աշխարհին ներկայացնելու անգնահատելի փաստարկներ։ Եվ եթե Արցախի նկատմամբ միջազգային հանրության կարծիքը զգալիորեն թեքվել է ճշմարտության կողմը, ապա դրանում իրենց ծանրակշիռ դերակատարությունն ունեն հուշարձանները։ Մի քանի տարի առաջ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հանդես գալով Եվրամիությունում, ասել էր. «Ի՞նչ բարոյական իրավունքով են ոմանք պնդում, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանները մահմեդական են։ Այս այն դեպքում, երբ Ղարաբաղում կան 1600 հայկական քրիստոնեական եկեղեցիներ և ընդամենը երեք մահմեդական մզկիթ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջերին»։
ՈՒշքի գալ և մտածել է պետք։ Տողերիս հեղինակը գրեթե կես դար մեծագույն զրկանքներով Արցախի հուշարձանների մասին բազմաթիվ աշխատություններ է հրապարակել և աշխարհին Արցախը ներկայացրել որպես Հայաստանի անբաժան մաս, իսկ այժմ ինչ-ինչ շահադիտական նպատակներով ոմանք փորձ են անում ապացուցել հակառակը։ Ամոթ է...
Շահեն ՄԿՐՏՉՅԱՆ
Արցախագետ
Հ. Գ. -Հավելենք, որ հիշյալ գրքույկի նախահրատարակչական աշխատանքների հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ տպագրության հովանավորը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը, հրատարակիչը` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը։