Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳՆԴԱԿԻ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀՄԱՅՔՆԵՐԸ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳՆԴԱԿԻ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀՄԱՅՔՆԵՐԸ
13.03.2012 | 00:00

Եթե Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Բարսելոնի», «Միլանի», ԱՊՕԵԼ-ի, «Բենֆիկայի» կողքին այսօր-վաղը հայտնի կդառնան մեկ քառորդ եզրափակիչ դուրս եկած մյուս չորս թիմերը, ապա Եվրոպայի լիգայի առնչությամբ պիտի համբերել ևս մեկ օր, որից հետո աշխարհամասի այս երկու հեղինակավոր խաղարկությունները սրընթաց կմոտենան վերջնագծին:

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՊԵՆՏԱՏՐԻԿՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Չէ, չէ՛, դուք հլա դրա ասա՜ծը տեսեք. «Գլխավորն այն է, որ թիմը հաղթեց, մենք դուրս եկանք մեկ քառորդ եզրափակիչ»:
Ի՞նչ է ստացվում: ՈՒրեմն, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մեկ խաղի ընթացքում խփած իր հինգ գոլը հեչ ու «Բարսելոնի» հերթական անգամ հաղթելը, հերթական անգամ մեկ քառորդ եզրափակիչ դուրս գալը մե՞ջ։
Էս ի՞նչ է ասո՜ւմ, էս ո՞նց է ասո՜ւմ։ Էստեղ են ասել` այ քեզ կրակ ու փորձանք:
Հասկացանք` շնորհալի, հասկացանք` տաղանդավոր, հասկացանք` աստվածատուր, բայց այսքանի հետ այս աստիճանի անանձնակա՞ն, այս աստիճանի համե՞ստ, այս աստիճանի համո՞վ, այս աստիճանի հրա՞շք:
Լավ, ի՞նչ անեմ ես` անունը գրե՞մ, թե՞ առանց գրելու էլ իմացաք` խոսքն ում մասին է: Այո, այո, սիրելի բարեկամներ, ու նրանց մեջ Մադրիդի «Ռեալի» ծպտյալ երկրպագու Վրեժ Առաքելյան (փարիսեցի մեղանչումները չեն ընդունվում), այդ մարդը բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին է` ֆուտբոլային գերհանճարը:
Ասում եմ` բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ ու կասկածող եմ փնտրում:
Հը՞: Ձեն հանող կա՞:
«Մեր թիմում հավաքված են հրաշալի վարպետներ, սակայն ինչպիսին Մեսին է, աշխարհը դեռ չի տեսել: ՈՒ չի տեսնի»:
Սրանք Խոսեպ Գվարդիոլայի խոսքերն են` լեգենդար «Բարսելոնի» լեգենդար մարզչի:
ՈՒշադրություն դարձրի՞ք ասածին` աշխարհը չի տեսել ու չի տեսնի:
«Մանչեստր Յունայթեդի» Մայքլ Օուենի ասածն էլ վկայաբերե՞մ. «Ես այնքան էլ մեծ չեմ, դրա համար էլ չեմ տեսել անցյալի մեծագույն ֆուտբոլիստներին, սակայն չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը նախկինում խաղացել է այնպես, ինչպես Մեսին»:
Իսկ գուցե լսենք և Ալեխանդրո Սաբելյայի՞ն, ում խոսքի մեջ, գնահատականից բացի, ում որ հարկն է ուղղված պատասխան էլ կա (Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը, հասկացաք, ոչ թե Վրեժ Առաքելյանին, այլ Պելեին են ուղղված). «Մենք պետք է մի նոր ածական հնարենք, որով հնարավոր լինի նկարագրել Մեսիի խաղը: Նա մրցակիցներ չունի: Մեսին պարտավոր չէ նվաճել աշխարհի գավաթը` ապացուցելու համար, որ լավագույնն ինքն է»:
Լավ: Չերկարացնեմ: Մեկ է, ամեն ինչ Աստծո արդար լույսի պես պարզ է: Իսկ ինչ վերաբերում է խաղին, 7:1 հաշվից հետո էլ ինչի՞ մասին խոսել: Հավատացեք` սրանից հետո չեմ էլ ուզում հիշել կատալոնացիների` «Բայերի» իսկ դաշտում 3:1 հաշվով տարած հաղթանակի մասին, բայց նաև հարկ եմ համարում հիշեցնելու` բարեկամներ, մի մոռացեք, որ «Բայերը» շարքային թիմ չէ, շարքային առաջնության շարքային ակումբ չէ:

«ԱՊՕԵԼ»-Ի ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԵՔԻԱԹԸ

Բավականին տարօրինակ զարգացումներ եղան «Արսենալ»-«Միլան» խաղում: Արտակարգ ոչինչ չանելով` առաջին խաղակեսում անգլիացիները խփեցին երեք գոլ և ընդհուպ մոտ էին մրցակցի դաշտում բաց թողած չորս գնդակի տարբերությունը լիկվիդացնելուն: Սակայն երկրորդ խաղակեսում այնքան տեխնիկական խոտան եղավ (ընդ որում` երկուստեք), որ քիչ էր մնում մտածեիր, թե Հայաստանի ազգային առաջնության թիմեր են խաղադաշտում, պարզապես անուններն են սխալ նշված: Ինչևէ: Թեպետ «ճռռալով»` իտալական ակումբը մեկ քառորդում է:
Մեկ քառորդում է նաև պորտուգալական «Բենֆիկան», որը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում ապացուցեց իր ավելի բարձրակարգ ակումբ լինելը: Պատասխան խաղում պորտուգալացիներին թեպետ բավարարում էր մեկ գնդակի տարբերությամբ հաղթելը (հյուրընկալվելիս պարտվել էին 2:3 հաշվով), այդուհանդերձ, գրանցեցին 2:0 արդյունք:
Շարունակում է զարմացնել կիպրական «ԱՊՕԵԼ»-ը: «Լիոնի» հետ խաղում երկու հանդիպումների արդյունքով այն նախ հավասարեցրեց հաշիվը, ապա և, բանը հասցնելով հետխաղյա տասնմեկմետրանոցների, մրցակցին ուղարկեց ներքին առաջնությունում տապակվելու: Կշարունակի՞ «ԱՊՕԵԼ»-ն այսուհետ էլ զարմացնել, անկեղծ ասած, չեմ հավատում, բայց որ սեփական գլխից վեր արդեն հասցրել է թռչել, փաստ է:
Մարտի 13-14-ին «Բավարիա»-«Բազել», «Ինտեր»-«Մարսել», «Չելսի»-«Նապոլի», «Ռեալ» (Մադրիդ)-ԲԿՄԱ (Մոսկվա) խաղերով կավարտվեն Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակիչի հանդիպումները, ու դաշտը կմնա կտրիճներին: Այնպես որ, չենք հասցնի տրտմել:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-Ը ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Եվրոպայի լիգայի մեկ ութերորդի առաջին խաղերի ամենախոշոր անակնկալի հեղինակը դարձավ «Մանչեստր Յունայթեդը»: Այսպես ենք ասում ոչ նրա համար, որ Բիլբաոյի «Աթլետիկը» թույլ թիմ է: Բնավ: Պարզապես անգլիական ակումբն այսօրվա ֆուտբոլում այլ կշիռ ունի, և 2:3 հաշիվը, ոնց էլ գցես-բռնես, անակնկալ է: Այն էլ` «Օլդ Թրաֆորդում»: Սակայն եկեք չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ, բայց, այսքանով հանդերձ, մտածել, թե «Աթլետիկն» այս խաղով լուծեց մեկ քառորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը, կնշանակի ֆուտբոլային գործերում լինել դիլետանտ: Իմ համոզմամբ, խաղից հետո սըր Ալեքս Ֆերգյուսոնը հանդերձարանում այնպիսի որոտ-կայծակ է թափել տղաների գլխին իր սիրասուն Ռունիով հանդերձ (այս պարագայում բնավ էլ «նրբացուցիչ դեպք հանցանաց» չէ երկու գոլի հեղինակ լինելը), որ սրանք իրենց հոր ու մոր հարսանիքը հիշել ու հիշել են, և դժվար չէ գուշակել, թե մեղքները քավելու համար ինչ չարությամբ են սպասում պատասխան հանդիպմանը: Հիշեք խոսքերս` Բիլբաոյում «Մանչեստր Յունայթեդ»-ը կատարյալ ճակատամարտ է տալու, և դա իսկապես լինելու է «րսՈՉվՈ ՏւՏՑՈ»:
«Սպորտինգ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունում ֆավորիտ էր համարվում անգլիական ակումբը, սակայն պորտուգալական թիմին ոչինչ չխանգարեց սեփական մարզադաշտում պարզերես մնալու երկրպագուների առաջ ու խաղը շահելու 1:0 հաշվով: Ինքնին հասկանալի է, որ Մանչինիի թիմը Մանչեստրում կփորձի շտկել իրավիճակը: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, «քաղաքաբնակները» Եվրոպայի լիգայի այս տարվա խաղարկության դռները կփակեն նաև պորտուգալական երկրորդ թիմի առաջ:
Փոքր-ինչ զարմանալ կարելի է, թե 4:0 հաշվով հաղթելու պարագայում այդ ի՞նչ բարություն իջավ իսպանական «Վալենսիայի» վրա, որ վերջին տասը րոպեում երկու գոլ ընդունեց սեփական դարպասը: Բայց որ հոլանդական ՊՍՎ-ի համար, բոլոր դեպքերում, պատասխան խաղը չափից դուրս ծանր է լինելու, կասկած չկա:
Առաջին խաղը հաղթական եղավ (3:1) նաև իսպանական մյուս թիմի` Մադրիդի «Աթլետիկոյի» համար: Որքան էլ թուրք երկրպագուն հայտնի է իր մոլեռանդությամբ, այդուհանդերձ, «Բեշիքթաշին» անասելիորեն դժվար կլինի պատասխան խաղում լիկվիդացնել երկու գնդակի տարբերությունը:
Ինչ վերաբերում է մյուս խաղերին, հոլանդական ԱԶ-ն ու «Տվենտեն» սեփական հարկի տակ գերազանցեցին իտալական «ՈՒդինեզեին» ու գերմանական «Շալկե-04»-ին` համապատասխանաբար 2:0 և 1:0 հաշվով:
Հաղթանակ տոնեց նաև «Օլիմպիակոսը»: Հունական ակումբը ուկրաինական «Մետալիստի» նկատմամբ առավելության հասավ վերջինիս դաշտում (1:0):
Մարտի ութին կայացած Եվրոպայի լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղերում միակ ոչ-ոքին գրանցվել է բելգիական «Ստանդարդ»-գերմանական «Հաննովեր» հանդիպումում (2:2):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ