Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
11.02.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Ժամանակակից մարդը չի հավատում ոչ մի բանի և համակված է կասկածներով, որոնք անարժեք են ու անպտուղ։ Այդ պատճառով այն ամենը, ինչն առաջացնում է նրա տարակուսանքը, կորցնում է իր արժեքը։ Նույնպիսի կասկածանքով է նա վերաբերվում նաև ազատությանը, ինչի հետևանքով էլ դավաճանում է նրան և զրկվում նրանից։
Սակայն մենք չենք վարանում ու գիտենք միանգամայն ստույգ, թե ինչու է մեզ անհրաժեշտ ազատությունը. առանց նրա չկան ուղիներ դեպի արժանապատիվ կյանք, չկա ճանապարհ առ Աստված։
Քանի դեռ մարդն ազատություն է վայելում, նա քիչ է մտածում դրա մասին։ Նա շնչում, ապրում և վայելում է այն, քանզի ազատությունը նման է օդի. մարդը շնչում է այն` չմտածելով նրա մասին։ Սովորաբար մենք հիշում ենք օդի մասին միայն այն պահին, երբ այն չի հերիքում, երբ այն դառնում է ծանր կամ գարշելի, երբ մարդը սկսում է շնչահեղձ լինել։ Այդ ժամանակ մենք հիշում ենք, երբեմն սարսափով, որ մոռացել էինք նրա մասին և չէինք գնահատում, որ այն, անկասկած, անհրաժեշտ է, որ առանց նրա` կործանում է...
Այդպես էլ ազատությունն է. մարդը չի կարող ապրել առանց նրա. այն, անշուշտ, անհրաժեշտ է նրան օդի պես... Ինչո՞ւ։
Որովհետև մարդը կարող է սիրել միայն ազատ։ Քանզի իսկական սերն անկեղծ է ու ամբողջական, պարտադրված չէ, ոչ էլ կեղծավոր. նա առաջ է գալիս ազատորեն և ազատ շնչում, կամ էլ բոլորովին չի ծնվում։ Ով սիրել է, գիտի դա սեփական փորձով։ Այդ պատճառով կարելի է վստահ ասել, որ ուրիշի ազատությունն արհամարհող և խեղդող մարդը չգիտի, թե ինչ է սերը. նրա սիրտն անգութ է ու մեռած։ Միայն ազատորեն կարելի է հավատալ և աղոթել։ Որովհետև իսկական, կենդանի հավատը միշտ համակում է հոգու ամենախորքը, ուր չեն թափանցում օտար հրամաններ և արգելքներ, որտեղ մարդն ինքնուրույն սուզվում է հայեցության մեջ, տեսնում, սիրում և հավատում, որտեղ նա ազատ է։ Իսկ եթե դա չկա, ապա նրա հավատն անկեղծ չէ, ու չի կարելի դա կոչել հավատ։ Հավատացյալի աղոթքը նման է խոր հոգոցի, սրտի երգի կամ սրբազան բոցի. նա հառաչում է, երգում և այրվում է ինքնին, և պարտադրել այն անհնար է։ Դրա համար հարկավոր է ընդունել, որ հավատի ազատությունն ու աղոթքը խեղդողը, ով էլ որ լինի նա` անաստված կամ «կրոնական մոլեռանդ», չի ճանաչում ո՛չ աղոթք, ո՛չ հավատ. նրա մեջ «չկա Աստված», և նրանից բարին սպասելն անհույս է։
Նման ձևով էլ մարդը կարող է մտածել և ուսումնասիրել միայն ազատորեն, որովհետև իսկական մտածողությունն ինքնուրույն է, ամեն մի իսկապես գիտական ուսումնասիրություն ինքնաբուխ է. այն չի հանդուրժում որևէ պարտադրած հեղինակություն և չի կարող շարժվել ըստ կարգադրության և արգելքի։ Մտքի պարտադրված ձևը սպանում է մտածողությունը, որից մնում է միայն բառային երևութականություն։ «Կուրորեն ուսումնասիրելը» կենդանի հակասություն է, գիտական անկարելիություն։ Հենց այդ պատճառով մտածող մարդն ընդունում է ուրիշների` հիմար լինելու կամ սխալվելու իրավունքը, քանզի նա պահպանում է ազատությունը, ինչպես մի անհրաժեշտ և թանկագին կացարան, որտեղ մի օր կհաստատվի խելացի ճշմարտությունը։ Եվ ընդհակառակը, նա, ով արմատավորում է ստրկական, նմանակող կաղապարը, չի հասկանում մտածելու բնույթը. նա հեռու է և՛ ճշմարտությունից, և՛ մտքից։
Որպեսզի մարդը կարողանա վերապրել ակնհայտը և ձեռք բերել սեփական հաստատուն կարծիք, նրան անհրաժեշտ է ազատությունը։ Միայն ազատ համոզմունքն ունի հոգևոր ուժ և իրական կշիռ, միայն նա է կլանում անձնավորության խորքը, ձևավորում մարդու բնավորությունը, միայն նա կարող է լինել հավատարիմ մինչև մահ։
Ամեն մի մարդկային ստեղծագործություն պահանջում է ազատություն` կամավոր ինքնաներդրում, հայեցող նախաձեռնություն, անձնական որոշում, սեր և ոգևորվածություն։ Ստեղծագործությունը ծնվում է ներքին, խորհրդավոր մղումից, որին մասնակցում է անհատական բնազդը, որը ղեկավարվում է անձնական ոգով։ Այդ անձնական նախաձեռնությունը թանկագին է մշակույթի բոլոր ոլորտներում` արվեստում և տնտեսությունում, գիտության, քաղաքականության ու դաստիարակության մեջ։ Մարդկային ամեն արարում ծնվում է զրկանքներից և տառապանքից, և ամեն մի ստեղծագործություն մարդու հաղթահարված և ձևակերպված տառապանք է։ Այդ հաղթահարման կայացման համար մարդն ինքը պետք է ընդունի սեփական տառապանքը, ինքը ելք փնտրի, ինքը քննի, աղոթի, մաքրի և պայծառացնի սեփական սիրտը։ Ոչ ոք չի կարող փոխարինել նրան այդ բանում, և օգնությունը դրսից կարող է գալ միայն խորհրդի, ոչ թե կարգադրության և արգելքի տեսքով։ Չկա արարում առանց ազատության։ Նա, ով չի հասկանում դա, երբեք չի ստեղծագործել և չի զգացել ոգևորվածություն։
Մարդը միայն ազատորեն կարող է վերապրել խղճի ակտը (գործողություն)` բացել սեփական սիրտը, ականջ դնել խղճի կանչին, ընդունել այն կամովին և իրագործել այն արարքով։ Այդ թանկագին ակտը չի կարող ո՛չ արգելվել, ո՛չ պարտադրվել։ Այն ի սկզբանե ամբողջական է` և՛ ոգևոր, և՛ օրգանական, խորախորհուրդ և ինքնաբուխ։ Խախտել նրա ազատությունը նշանակում է փորձել զրկել մարդուն խղճից, իսկ դրան ընդունակ են միայն խիղճը կորցրած մարդիկ։
Սակայն սերը, հավատն ու աղոթքը, միտքն ու հետազոտությունը, ակնհայտն ու ոգևոր բնավորությունը, ստեղծագործական ոգևորվածությունն ու խղճի ակտը մի՞թե կարևորագույնը չեն մարդու կյանքում, մի՞թե դրանց մեջ չէ նրա երկրային կյանքի իմաստը։ Մի՞թե դրանցով չի ստեղծվում մշակույթը։ Իհարկե, հենց դրանցով։
Բայց այդ դեպքում մարդու կյանքն առանց ազատության անիմաստ է կամ անհնարին։ Եվ իրոք այդպես էլ կա։ Ամեն մի հոգևոր ու վեհ բան առաջանում է կյանքում խորհրդավոր ձևով ինքն իրեն ներսից ու ինքն իր միջոցով. առեղծվածորեն սկսում է վառվել էակների մեջ կյանքի բոցը` Աստծու ներդրած. ազատորեն բորբոքվում է այն, ձգտելով դեպի վեր, առ Աստված։ Այդպես է բոցավառվում սերը, աղոթում մարդը, ստեղծվում արվեստը, կառուցվում գիտությունը։ Այդպես են հաղթահարվում հոգևոր ճգնաժամերը, ամրապնդվում մարդու հոգևոր բնավորությունը, կատարվում հերոսական արարքները։
Դա անհրաժեշտ է հասկանալ, դրանում հարկավոր է համոզվել մեկընդմիշտ։ Պարտադրված մտածողությունը շինծու է, մտքի ձևացում, անպատասխանատու դատարկախոսություն։ Ստիպողական սերը հիմքից զուրկ է։ Պարտադրված աղոթքը, որն արտասանվում է առանց ազատ սրտի մասնակցության, կեղծավորություն է, որով փորձում են խաբել մարդկանց և Աստծուն։ Ազատությունից զրկված մարդը հոգեպես մարում է. նա վարում է մի կյանք, որը երկատված է, անզոր և ոչ անկեղծ, նրան չի կարելի վստահել, նա ապրում է խաբեությամբ և ինքնախաբեությամբ ու ամբողջ կյանքի ընթացքում կանգնած է դավաճանության նախօրեին։ Կամ էլ, լավագույն դեպքում, նրա առողջ բնազդն ու կենդանի ոգին լքում են արտաքին կեղծավորության ոլորտը և հեռանում հոգու խորքը` ստեղծելով այնտեղ կատակոմբային (ստորերկրյա) կյանք, որտեղ նա հետևում է ազատ ոգևորվածության ձայնին։
Այդպես է ամբողջ մարդկային կյանքում, ոչ միայն հոգևոր մշակույթում, այլև տնտեսությունում։ Միայն ազատ աշխատանքը չի ստորացնում մարդուն, և միայն այդ պատճառով է նա արդյունավետ և ստեղծագործող. միայն չհարկադրված, կամավոր, ուրախ ջանասիրությունը կարող է ընդունվել որպես բնազդաբար առողջ և հոգեպես ստույգ աշխատանք։ Հարկադրանքը ոչ մի բանում չի կարող փոխարինել ազատ ձգտմանը և ստեղծագործելուն։ Նման բոլոր փորձերն անհույս են, և նա, ով չգիտի կամ չի հասկանում դա, մի օր կհամոզվի դրանում սեփական, հնարավոր է, տանջալից փորձով, քանզի ոգու և բնության օրենքներից յուրաքանչյուր շեղում պատժվում է տառապանքով։
Երկու մեծ վտանգ է սպառնում մարդկային ազատությանը. ազատության թերագնահատումը, որը տանում է դեպի թեթևամիտ հրաժարում նրանից, և ազատության չարաշահումը, որը տանում է դեպի հիասթափություն և ազատության կորուստ։
Դա կարող է պատահել ամեն մի մարդու և յուրաքանչյուր ժողովրդի հետ, եթե նա թերագնահատի առողջ և օրհնյալ ազատությունը, կամ էլ ընկնի չափազանցության և անսանձության մեջ և չարաշահի այն։ Այդ ժամանակ նա կկորցնի այն։ Դրանում դեռ խայտառակություն չկա, սակայն դա մեծ սխալ է, որը տանում է դեպի դժբախտություն և կարող է հասցնել խայտառակության։ Այդ ժամանակ սկսվում է կամավոր կամ ոչ կամավոր ստրկացում, որը կարող է տևել երկար և առաջացնել իսկական` անձնական կամ համաժողովրդական ողբերգություն։ Այդ ժամանակ ստիպված կլինեն անցնել դաժան ճանապարհ` տառապանքի, համբերության, ուսման և ազատագրման։
Նա, ով կորցնում է ազատությունը թեթևամիտ թերագնահատման պատճառով, սկզբում կարող է չնկատել իր կորուստը և զրկանքը, բայց հետո կսկսվեն ստորացումներ և զրկանքներ, և նա հարկադրված կլինի տառապել, մինչև չըմբռնի, թե ինչից է զրկվել, ու չկարոտի ազատությանը։ Սակայն կորցրած ազատությունը վերադարձնելը հեշտ չէ. անհրաժեշտ է պայքարել նրա համար, պետք է հասկանալ կյանքի տված դասի իմաստը, ըմբռնել պայքարի անխուսափելիությունը և պատրաստվել ընդունելու այն։ Փրկությունը կգա այն ժամանակ, երբ ստրկացվածն զգա, որ իր ազատությունը կյանքից թանկ է, երբ նա հասկանա, որ ազատությունը հարկավոր է գնահատել, ինչպես օդը, և չարաշահել այն չի կարելի։ Այդ պահին հարկադրանքի բեռի տակ կբռնկվի ազատության իսկական ծարավը` բնազդական պահանջը և հոգևոր կամքը կմիանան այդ պայքարի համար, և մարդու մեջ կհասունանա ոչ միայն ազատությունը ձեռք բերելու, այլև արժանի ձևի մեջ այն հաստատուն դարձնելու ընդունակությունը։
Ազատությունը հենց այնպես չի «տրվում» ի վերուստ։ Այն պետք է ընդունվի և ճիշտ ձևով իրականացվի ներքևից։ Վերևից պարգևված` այն կարող է դառնալ «ապարդյուն պարգև». ներքևում այն կթերագնահատեն, ոչ ճիշտ կմեկնաբանեն ու կօգտագործեն որպես պատիժ իրենց համար։ Մարդը պետք է ըմբռնի նրա էությունը` նրա իրավական ձևը, իրավական սահմանները, նրա փոխադարձությունն ու համատեղությունը, նրա նպատակն ու կոչումը, նա պետք է հասունանա, որ իրապես ըմբռնի նրա բարոյական և հոգևոր հիմքերը։ Եթե դա չլինի, ապա նա ազատությունը կդարձնի կամայականություն, «բոլորի պատերազմ բոլորի դեմ» և քաոս։ Եվ նրա կորուստի ողբերգությունը կսկսվի սկզբից։
Ազատությունը հոգևոր օդ է մարդու համար, բայց ոչ հոգևոր մարդու համար նա կարող է դառնալ գայթակղություն և վտանգ։ Մշակույթն առանց ազատության կեղծ է, սակայն անբարեկիրթ մարդն ընկալում է այն որպես «սանձարձակության իրավունք» կամ կամայականության կոչ։ Ժողովուրդները դանդաղ են հասունանում իսկական ազատության համար։ Եվ մարդկության պատմությունը նման է անվերջ շրջապտույտի` ստրկացման, տառապանքի, համբերության և ազատագրման։
Իսկ մենք, դիտելով կյանքի այդ հորձանքը, ազատությանը չենք կասկածում, քանզի ճիշտ ենք հասկանում նրա հոգևոր իմաստը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ