Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ազգի նվիրյալ հերոս մտավորականը

Ազգի նվիրյալ հերոս մտավորականը
06.04.2012 | 00:00

Վերջերս երկու տարբեր լրագրերում բարձրացվեց նույն հարցը. ժամանակն է գնահատելու և արժանին հատուցելու մեր ազգի մեծ երախտավորներին։ Այն, որ մենք մեր ազգային նկարագիրը բարձրացնելու ճանապարհով պետք է դաստիարակենք ապագա սերունդներին, այլընտրանք չունեցող հրամայական է։
Ցավում եմ, որ պարոն Խ. Դադայանի նկատմամբ տեղի է ունեցել ՙդառը հոբելյանական՚ վերաբերմունք։
Երկրորդը բաց նամակ է` ուղղված հանրապետության նախագահին, որի տակ ստորագրել են իմ կողմից շատ հարգված մի շարք մտավորականներ։ Հարգարժան մտավորականներին հարց եմ տալիս. ինչպիսի՞ն կլինեինք մենք, եթե Հայաստանի Հանրապետությունն առհասարակ գոյություն չունենար այսօր։
Պարզ է. հարցադրումս ունի ենթատեքստ։
Մեր մտավորականներից մեկը Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին գրել էր. ՙԵթե չլիներ Գարեգին Հովսեփյանցը, ապա մենք չէինք ունենա Հայաստանի առաջին, հետևաբար, նաև այսօրվա Հայաստանի Հարապետությունը՚։
Դեռևս 1960-ականներին ԳԱԱ-ի բանբերներում հրատարակված Սարդարապատի մասին մանրամասները վկայում էին, որ խուճապի մատնված որոշ զինվորականներ ներկայանում են Սուրենյանց կաթողիկոսին և առաջարկում անմիջապես մեկնել Գեղարդավանք, որովհետև թուրքերն արդեն հասել են Սարդարապատ, հայկական զորախմբերը քիչ են, բարոյալքված և առանց բավարար զենք-զինամթերքի։ Ի պատիվ Գևորգ Ե. Սուրենյանց վեհափառի, պիտի ասել, որ նա ոչ միայն հրաժարվում է, այլև հայտարարում, որ ավելի լավ է ինքը նահատակվի Մայրավանքի դռանը, քան գնա այդպիսի անարժանապատիվ քայլի, և հրամայում է հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը` գուժելու վտանգը։
Լսելով ահագնացող զանգերի ղողանջը` իր խցից դուրս է գալիս Գ. եպիսկոպոս Հովսեփյանցը և, իմանալով վտանգի մասին, հրամայում է բերել իր սուրն ու ձին, 500 պատանք և դիմում էհավաքվածներին.
-Ես հագնում եմ իմ պատանքը, նրանք, ովքեր կհագնեն իրենցը, կգան ինձ հետ հանուն հայրենյաց մեռնելու կամ փրկելու մեր նվիրական հայրենիքը (սպարապետ Վ. Սարգսյանի` մահապարտների գունդ ստեղծելու արմատներն այստեղ են- հեղ.)։
Հավաքվածներից 500-ը հագնում են պատանքներ (իսկ ում չի հասնում` առանց դրա), և ով ինչ զենք ուներ (նույնիսկ եղաններով)` վերցնում ու շարժվում է դեպի Սարդարապատ։ Լուրը հասնում է գեներալին, նա էլ հրամայում է, անկախ ելքից, հետևել այդ ՙխենթ վարդապետին՚։ Արդյունքը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակն էր։
Ելնելով վերոհիշյալից և այն հանգամանքից, որ ես, մինչև հայրենադարձվելս, աշակերտել եմ նրան, լսել նրա հայրենասիրական քարոզները աշակերտելու հենց առաջին օրվանից, բաց նամակով դիմեցի Ռոբերտ Քոչարյանին (ՀՀ նախագահ) և Սերժ Սագսյանին (ՀՀ վարչապետ), որպեսզի Սարդարապատում մի հուշատախտակ դրվի, իսկ Երևանում մի փողոց անվանակոչվի նրա անունով, որի սկզբնամասում էլ լինի նրա կիսանդրին։
Միամիտս ենթադրում էր, որ նշածս բարձրաստիճան մեր ղեկավարները, լինելով Արցախից, սիրով պիտի ընդառաջեն իրենց հայրենակից հերոս և մտավորականներից ամենամտավորական այդ նվիրյալի հիշատակը հավերժացնելու գործին։
Անկեղծ ասած, ես նրանց չեմ մեղադրում. հիմա նույնիսկ նախարարներն ունեն իրենց աշխատակազմը, որի անդամների կամ ղեկավարի հայեցողությունից է կախված` ներկայացնե՞լ գրածդ վերադասին, թե՞ գցել աղբարկղ։
Պատասխանը չստացա, բայց, իմ ՙկարծիքով՚, գտա ելքը։
Քանի որ Գարեգին Հովսեփյանցը ծնվել է Արցախի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում և սովորել Շուշիի հոգևոր դպրոցում (հետո միայն Էջմիածնում), նամակով դիմեցի Արցախահայոց թեմական առաջնորդ Տ. Պարգև Սրբազանին։ Նամակս հանձնեցի ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն։
Երկու օր անց` հեռախոսազանգ. Պարգև Սրբազանն էր, շատ ուրախ էր նախաձեռնությանս համար. խոստացավ Երևան գալուց անպայման զբաղվել այս հարցով, ասաց նաև, որ իրենք մտադիր են Արցախում այդպիսի հուշաքար-կոթող կառուցել, իսկ եթե դա Երևանում էլ լինի` հիանալի է։ Միաժամանակ խնդրեց որոշ հուշեր գրել նրա մասին։ Անմիջապես գործի անցա, գրեցի մի քանի թերթանոց հուշ և նույնիսկ արխիվիցս հանեցի վեհափառի լուսանկարը` պատարագելիս։
Ամեն օր անհամբեր սպասում էի հեռախոսազանգի։ Հեռուստատեսությամբ տեսնում էի, որ Պարգև Սրբազանը Երևանում է, նույնիսկ երեխաներին ուխտագնացության էր տանում Խոր վիրապ։
Պարզ էր։
Մի նամակ էլ գրեցի և նույն ձևով ուղարկեցի Արցախ` Տ. Պարգև Սրբազանին։ Ահա նամակիս մոտավոր բովանդակությունը.
ՙՍրբազան Հայր. Դուք կատարեցիք Ձեր խոստումը, հետամուտ եղաք, որ նպատակն իրագործվի, բայց հանդիպեցիք քար լռության և անտարբերության (աշխարհիկ և կրոնական դասից միաժամանակ). իմ խոստման համաձայն` նամակիս կցում եմ մի փոքրիկ հուշ այդ մեծ մարդու մասին և նրա լուսանկարը պատարագելիս՚։
Ես թոշակառու եմ, չեմ էլ հիշում ճարտարագիտականի որ ֆակուլտետն եմ ավարտել, հետևաբար մտավորական լինելուց շատ հեռու մարդ եմ։ Բայց այն ընթերցողներին, ում կհետաքրքրի, թե ինչպիսի մեծության մասին է խոսքը, խորհուրդ կտամ կարդալ ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի 1983-ին հրատարակած ՙԳարեգին Հովսեփյան՚ երկհատորյակը` Մանյա Ղազարյանի 23-էջանոց առաջաբանով։
Այստեղ 48 հոդված է միայն, իսկ որքա՞ն հրատարակված և անտիպ նյութ կա Անթիլիասի գրադարակներում։
Բայց արդյոք միայն դա՞։
Մանկավարժական գործունեության արդյունքում նրա աշակերտներից շատերը դարձան արվեստագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության դոկտորներ և դասավանդեցին շատ առաջավոր համալսարաններում։ Նշեմ նրանցից հայաստանցիներին քաջ հայտնի ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր, դեկան Շահե արք. Աճեմյանին միայն։
Իսկ նրա քաղաքական-հայրենասիրական գործունեությունը չսահմանափակվեց Սարդարապատով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, չնայած զառամյալ տարիքին, երիտասարդական եռանդով գործի լծվեց արտասահմանում` հօգուտ ՙՍասունցի Դավիթ՚ շարասյան մեծ հանգանականության, որն արժանացավ մեր ժողովրդի ամենաբարձր գնահատականին։
Բավական է ասել, որ առայսօր Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսներից մեկն է ու երևի թե, առաջինն ու վերջինը, որին, Գևորգ Զ կաթողիկոս Չորեքչյանի թույլտվությամբ և օրհնությամբ, ի գնահատումն նրա մեծ վաստակի, թույլատրվեց ադամանդյա խաչ կրել վեղարին։ Բայց, որքան ես գիտեմ, նա չօգտվեց այդ արտոնությունից, դա վերապահելով միայն Ամենայն հայոց կաթողիկոսներին։
Նյութիս նպատակը պարզ է. Երևանում ունենալ նրա անվամբ փողոց և կիսանդրի։
Վերջում. պատկերացրեք, որ ղեկավարությունն ընդառաջի առաջարկիս։ Կստացվի, որ մենք մեր ժողովրդին ծանոթացնում ենք մի մեծության, որը կապն է Արցախի (ծնվել է այնտեղ), Հայաստանի Հանրապետության (Էջմիածնա միաբան, Գևորգյան ճեմարանի տեսուչ, Սարդարապատի հերոս) և սփյուռքահայության (ԱՄՆ-ի թեմակալ առաջնորդ, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս)։
Ինչպիսի՛ ոգևորություն կապրեն սփյուռքահայերը, ինչպիսի՛ ցնծություն կլինի Անթիլիասում։
Միաբանվել է պետք. առաջարկս այս միտումն ունի։
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ