38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՎԵՐՎՈՂ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՍՊԵԼԸ»` «ԵՐՋԱՆԻԿ ԱՎԱՐՏՈՎ»

«ԱՎԵՐՎՈՂ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՍՊԵԼԸ»` «ԵՐՋԱՆԻԿ ԱՎԱՐՏՈՎ»
17.01.2012 | 00:00

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական նկարագրի «բարեփոխումները» գործողության մեջ դրվեցին Զեյթունցյանի «Արշակ թագավոր» («Ավերված քաղաքի առասպելը») դրամայի բեմադրությանը համընթաց: Նախ, 2008-ի հունվարին անաղմուկ «բարեփոխվեց» թատրոնի կանոնադրությունը: Ոչ թե չինովնիկական սեղանների մոռացության փոշով պատված «Թատրոնի մասին օրենքի» համաձայն («չինարենով» հրամցված նախագիծն այդպես էլ իրատեսական, կառուցողական բովանդակությամբ չհագեցվեց և գուցե լավ է, որ մինչ օրս օրենքի ուժ չի ստացել), այլ պարզագույն թվաբանական գործողությամբ` «գեղարվեստական ղեկավար» հաստիքային միավորի հանումով: ՊՈԱԿ-ային (պետական ոչ առևտրային կազմակերպություն) արտասովոր կարգավիճակում «թիավարելուն» անվարժ ստեղծագործական կոլեկտիվին, սակայն, այդ մասին մշակույթի «ամենաերկարակյաց» նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց օգոստոսի 15-ին: «Մարդը բեմադրություն էր պատրաստում,- արդարացրեց նա ընդունած որոշման հրապարակման հապաղումը,- ո՞նց կարող էինք աշխատանքի լարված փուլում վճռական քայլ անել»: «Պատմական հանդիպման» մասնակիցները չհասցրին տպավորվել մշակութային բարձրագույն չինովնիկի մարդասիրական «վեհ» հատկանիշներով, Շահվերդյանի 12-ամյա «գեղագիտական դիկտատից» դժգունացած մայր բեմի ստեղծագործական վերելքի «սրտացավ» մտազբաղությամբ: «Ի՞նչ անենք, որ մեզ նույն չարիքն առաջիկայում էլ չսպառնա»,- ինքնահատուկ պաթոսով «ամենագետ ու ամենակարող» տիկին Պողոսյանին էր դիմում Տիգրան Ներսիսյանը: «Ներքին հեղինակությունների» ներշնչանքով հեղինակած «Ավերվող թատրոնի առասպելն» «առաջին ընթերցմամբ» դահլիճում հավաքվածներին ներկայացնող տիկին նախարարը մեղմ ու հանդարտ պարզաբանում էր «ազատ բեմի» թատերապայծառ գաղափարը. «Դաշտում եղած բոլոր տաղանդավոր ռեժիսորներին հավասար աշխատանքային հնարավորություններ կտրվեն: ՈՒմ բեմադրությունն ավելի հաջողված լինի, նրան էլ մի քանի ամսից (՞) կվստահվի Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը»: Մարտաշունչ «մենախոսություն»-ելույթներից հանկարծակիի եկած Վահե Շահվերդյանը վայր դրեց ինքնապաշտպանական զենքերը. «վերևների» ջրաղացին ջուր էին լցնում իր բացառիկ նվիրումով «աստղային թռիչք վայելող» ամենասիրելի դերասան-դերասանուհիները: Հախուռն քննարկումներով խաթարվեց «Ավերվող թատրոնի առասպելի» բեմադրական առաջին փորձի խաղաղ ընթացքը:
Չնայած ամառային արձակուրդներին, «վերին» նախաձեռնության շուրջ բանավեճը շուտով հանրային բնույթ ստացավ: Առանց հստակ ծրագրային մարտավարության մայր բեմում իրականացվող «բարենորոգումների «թեժ գծում» ինքնակամ ներգրավվեցին ԶԼՄ-ները: Շահվերդյանի անձի ու հատկապես լճացած գեղագիտության դեմ «վերին» ու «ներքին» համադաշնությամբ և նորաստեղծ գեղխորհրդի առաջնորդությամբ ծավալվող պայքարը պարբերաբար փակուղում հայտնվեց գեղղեկության թեկնածուների բեմադրությունների պրեմիերաների ընդհանուր տպավորություններով: Եվ, ամենակարևորը, «ստեղծագործական կամավոր պարապուրդի մատնված» հանրաճանաչ սունդուկյանցիների նորակոփ դաշինքով, որոնց մի մասն ըստ երևույթին ձանձրացավ «բարենորոգումների» ակնհայտորեն ապարդյուն երկարաձգումից ու երբևէ մերժված հեռուստասերիալային դեգերումներից: Մի պահ լեթարգիական նիրհից արթնացավ ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը «Մուսա լեռան քառասուն օրի» բեմելից հետո համարձակվեց մշակույթի նախարարին դիմել եղածների մեջ ամենաարժանավորին` Արմեն Էլբակյանին, գեղղեկ հրամանագրելու պաշտոնական առաջարկով: «Վաղաժամ» համարելով փորձաշրջանի եզրափակումը` նախարարը մերժեց այն, շարունակեց կառչած մնալ «ազատ բեմի» երանելի գաղափարից (ում ասես չարտոնվեց պետության մենաշնորհով ու վարձակալական հիմունքներով հանդես գալ «մայրությունից զրկված» թատրոնում): Աստիճանաբար մարեց հանրության և ԶԼՄ-ների ակտիվ հետաքրքրությունը Սունդուկյանի անվան թատրոնի ճակատագրի նկատմամբ: Լրագրողներից շատերը գերադասեցին պասիվ հայեցողի դիրքորոշումը նախանցյալ տարեվերջին, երբ հինգ տարի ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմը ղեկավարելուց հետո 2003-ից մինչ օրս ՊՈԱԿ-թատրոնը տնօրինող Ստեփան Դավթյանը Ձմեռային այգում կազմակերպված մամլո նախատոնական ասուլիսում անվրդով հավաստեց իր միանձնյա ղեկավարության տարիներին արձանագրված ֆինանսատնտեսական և ստեղծագործական ձեռքբերումների, «մայրական իրավունքի վերադարձի» ակնառու նվաճումների մասին: Ազգային ակադեմիականում ներկայանալու հնարավորություն ստացան Արտաշես Հովհաննիսյանը, Դավիթ Հակոբյանը: Ստեղծագործական առաջնորդի զգացողություններ ունեցան գեղղեկության բոլոր հավակնորդները` Արմեն Էլբակյանը, Վահան Բադալյանը, Նիկոլայ Ծատուրյանը: Նույնիսկ վերջինը` Սամսոն Ստեփանյանը, ում «Երջանիկ ավարտ, HAPPY END»-ով (ըստ Մ. Մեյոյի և Մ. Էնեկենի «Ստախոս կինը» կատակերգության), փաստորեն, վերջակետվեց «Ավերվող թատրոնի առասպելը»:
Ավելի անսպասելի, վառվռուն թատերայնացված, չնայած նույն «գեղագիտությամբ» մտահղացված լինելուն, կրկին անաղմուկ «բարեփոխվել» էր թատրոնի կանոնադրությունը, ըստ որի ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու էր միանձնյա որոշումներ ընդունելու: Հունվարի 12-ին Ամանորի ներկայացումներից (Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» երևի թե մեր պապերին էլ է այստեղ ներկայացվել Ամանորի առիթով) հետո անապատացած թատրոն են կանչվում իրենց տներում կամ սերիալներում ծվարած դերասանները` չիմանալով, թե ինչու: Ասենք, «նախաձեռնող խմբի» (Արմեն Մարության, Տիգրան Ներսիսյան, Մուրադ Ջանիբեկյան, Ազատ Գասպարյան) մի քանի մտերիմներից ու, բնականաբար, մշակույթի նախարարի «բարի կամքը» ստացած Ստեփան Դավթյանից բացի որևէ մեկը տեղյակ չէր, որ հունվարի 9-ին ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ում թեկնածությունը «բարենորոգումների» հինգ հարյուրից ավելի օրերի ընթացքում երբեք չի բարձրաձայնվել, տնօրենի հրամանով նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսոր: Աշխատակիցներից ոմանց զարմանքը ոչ մի կերպ չէր փարատվում: Սունդուկյանի անվան թատրոնում Տիգրան Գասպարյանը հաստատվել էր 1983-ից, երբ բեմադրում էր դիպլոմային աշխատանքը` Բուլգակովի «Մոլիերի կյանքը»: Ոմանք ծանոթ էին նրա կուրսային բեմադրություններին (Բեքեթ` «Գոդոյին սպասելիս», Իոնեսկո` «Ռնգեղջյուր»): Շատերն էին մասնակցել մայր բեմում իրականացրած աշխատանքներին (Զեյթունցյան` «Ոտքի, դատարանն է գալիս», Քամյու` «Կալիգուլա», Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ», Վարդան Պետրոսյան` «Կրակի մեջ», Բրեխթ` «Կովկասյան կավճե շրջան»): Հիմա էլ միասին փորձում են «Ջոն արքան», որը մայիսին ներկայացվելու է Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում անցկացվող ամենամյա շեքսպիրյան փառատոնում: Այդուհանդերձ, որևէ մեկի մտքով չէր անցել, թե նա ի զորու է ստանձնելու ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը (ըստ էության, նույն իրավասություններն ունի գլխավոր ռեժիսորը): Ո՞վ գիտե, գուցե քավության նոխա՞զ է ընտրվել Տիգրան Գասպարյանը, ում կոլեկտիվին ներկայացնելիս նույն «նախաձեռնող խումբը» չի երկնչել շնորհավորանքներին հատու նախազգուշացումներ հավելելուց: Մուրադ Ջանիբեկյանը, օրինակ, սաստել է` ասելով. «Եթե իմ ուզած դերերը չխաղամ, չես մնա այդ աթոռին»: «Այս պահից Գասպարյան ազգանունը քննադատության թիրախ է դառնում, և սկսվում է քեզ հանելու արարողությունը»,- կես կատակ-կես լուրջ հայտարարել է Նելլի Խերանյանը: «Եթե տարիներ շարունակ Հակոբ Ղազանչյանն «այլընտրանք չունի» որպես ԹԳՄ նախագահ և գլխավորում է Պատանի հանդիսատեսի թատրոնը, ինչո՞ւ Տիգրան Գասպարյանը, ով անհամեմատ շնորհալի է, չի կարող ղեկավարել Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ զտարյուն սունդուկյանցի չի էլ մնացել»,- եզրակացրել են կուլիսներում: «Թույլ տանք մարդը դրսևորի իրեն,- ասել են դերասանախմբի ավագներն ու կրտսերները:- Տիգրանի հետ ավելի հեշտ կլինի, քանի որ մեզնից մեկն է, հանգիստ կարելի է վիճել, քննարկել ցանկացած ստեղծագործական խնդիր, ի վերջո` պաշտոնանկ անել թեկուզ պայմանագրային մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո»: Ինչևիցե, երբեմնի «Արյունոտ կիրակին», փաստորեն, Սունդուկյանի անվան թատրոնի տարեգրության մեջ պատմական բովանդակության բարեփոխման միտում է ի հայտ բերում: Մինչ «Մարտական երկուշաբթիի» իրական արժեքավորության երևան գալը չմոռանանք ասել, որ զանգվածային հեռուստալսարանը Տիգրան Գասպարյանին ճանաչում է «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալների դերակատարումներից: Հուսանք, որ «Ավերվող թատրոնի առասպելը», իրոք, «Երջանիկ ավարտով» հուշ կդառնա:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ