Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԱՍՏԾՈ ԿՐԱԿԸ

ԱՍՏԾՈ ԿՐԱԿԸ
18.10.2011 | 00:00

Այս հրապարակումը ո՛չ թե սարսափ տարածելու, վախեցնելու համար է գրված, այլ զգուշացնելու, քանզի Տեր Հիսուսն ասել է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց խոսքերը չեն անցնի» (Մարկոս 13.31)։ Ահա այդ հավիտենական խոսքերին ապավինելով էլ շարադրվել է ասելիքը։
Սուրբ գիրքն ասում է. «Ահա պիտի գա Տիրոջ Օրը` հնոցի նման բորբոքված, և պիտի այրի բոլոր անօրենություն գործողներին: Եղեգի նման պիտի վառվեն նրանք այն Օրը, որը պիտի գա, և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ճյուղ չի մնալու: Բայց ձեզ՝ Իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության Արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի Նրա շողերի մեջ, և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթեր: Պիտի տրորեք անօրեններին ու նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես եմ պատրաստելու» (Մաղաքիա 4.1-3)։
Նույն միտքը Դավիթ թագավորը, որ մարգարեական հոգի ուներ, այսպես է շարունակում.
«Մեր Աստվածը պիտի գա հայտնապես,
և մեր Աստվածը պիտի չլռի,
Նրա առջև հուր պիտի բորբոքվի,
և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ:
Նա վերևից ձայն պիտի տա երկնքին
ու երկրին՝ Իր ժողովրդին դատելու համար» (Սաղմոս 49. 3-5)։
Իսկ Դանիել մարգարեն, որին Աստված առյուծների գուբում մի ամբողջ գիշեր անվնաս պահեց, գրում է. «Ես նայում էի, մինչև որ աթոռները դրվեցին, ու Հինավուրցը նստեց. Նրա զգեստը ձյան պես սպիտակ էր, ու գլխի մազերը մաքուր բրդի պես էին, Նրա աթոռը կրակի բոցի պես ու նրա անիվները վառված կրակի պես էին: Նրա առջևից կրակի գետ էր ելնում ու վազում: Հազար-հազարավորները ծառայություն էին անում Նրան, ու բյուր-բյուրավորները Նրա առջև էին կանգնում» (Դանիել 7. 9)։
Տիրոջ մյուս ծառան՝ Սոփոնիա մարգարեն, շարունակում է. «Սպասե՛ք Ինձ,- ասում է Տերը,-մինչև այն Օրը, երբ որսի համար ոտքի կանգնեմ: Ազգերը հավաքելու, թագավորությունները գումարելու, որպեսզի նրանց վրա թափեմ Իմ զայրույթը, Իմ սաստիկ բարկությունը, քանի որ Իմ վրեժխնդրության կրակով պիտի մաշվի ամբողջ երկիրը» (Սոփոնիա 3.8)։
Երեմիա մարգարեն նույնպես Աստծո վրեժխնդրությունը նմանեցնում է կրակի. «Իմ բարկությունից կրակ է վառվում, որ բորբոքվելու է ձեզ վրա» (Երեմիա 15.14)։
«Աստված մեղավորի վրա ամեն օր բարկացած է: Նրա բարկության առջև ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի Նրա զայրույթի և սրտմտության դեմ: Նրա զայրույթը հալեցնում է իշխանությունները, ժայռերը խորտակվում են Նրա առաջ» (Նավում 1.6)։
«Զորաց Տիրոջ բարկությունից երկիրը պիտի այրվի ու ժողովուրդը հրո ճարակ եղածի պես պիտի լինի» (Եսայի 9.19)։
Այս, ինչի մասին, որ կարդացինք Հին կտակարանում, շարունակվում է Նոր կտակարանում նույնպես՝ հապացույց այն բանի, որ Աստծո վրեժխնդրության կրակով բորբոքված այդ օրը դեռևս չի եկել. «Եվ արդար է Աստծո առաջ, որ ձեզ նեղողներին նեղություն հատուցվի, իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տեր Հիսուսը կհայտնվի երկնքից՝ Իր հրեշտակների զորքով՝ կրակի բոցով վրեժ լուծելու համար նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին» (Բ. Թես. 1.6-8)։
«Քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» (Եբր. 12.29)։
«Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված է այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է: Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի. որովհետև Դատաստանի օրը այդ պիտի երևա, քանի որ կրակո՛վ հայտնի պիտի լինի. և յուրաքանչյուրի գործը, ինչպես որ է, կրակը պիտի փորձի. եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ պիտի ստանա, և եթե մեկի գործը այրվի, նա պիտի տուժի, թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկին, որ կարծես կրակի միջով անցած լիներ» (Ա. Կորնթ. 3.11-15)։
Ինչպես համոզվեցինք, Աստծո ծառաների միջոցով մեզ տրված այսչափ վկայությունները զգուշացնում են մեզ, որ մարդկության կատարած մեղքերի ու անօրենությունների պատճառով Արարիչ Աստծո վրեժխնդրության օրն է գալու: Եվ բնական է, որ ընթերցողը հարցնի` իսկ ի՞նչ անենք այդ գալիք կրակից ազատվելու համար: Ջրհեղեղի ժամանակ մարդիկ Նոյյան տապանի մեջ կարող էին մտնել ու փրկվել, իսկ կրակից ազատվելու համար ո՞ւր գնանք, որտե՞ղ թաքնվենք: Դրա համար լավ է, որ նայենք, թե ինչպես են կրակից փրկվել աստվածաշնչյան հերոսները:
Երբ Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով Սեդրակին, Միսակին և Աբեդնագովին կապված գցեցին վառվող հնոցի մեջ, կրակի միջից նրանք օրհնում և գովում էին Տեր Աստծուն՝ ասելով. «Օրհնյալ ես, Տե՛ր, մեր հայրերի Աստված, հավիտյանս գովյալ և փառավորյալ է Քո անունը, որովհետև Դու արդար ես այն ամենի մեջ, որ բերեցիր մեզ վրա, Քո բոլոր գործերը ճշմարիտ են, Քո ճանապարհները՝ ուղիղ, և Քո բոլոր դատաստանները՝ արդար. Դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր և մեր հայրերի սուրբ քաղաքի` Երուսաղեմի նկատմամբ, որովհետև ճշմարտությամբ ու արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, քանի որ Քո դեմ ապստամբելով՝ մեղք գործեցինք, անօրենություններ արեցինք, առավել մեղք գործեցինք նրանով, որ պատվիրաններդ չլսեցինք: Մենք առավել մեղանչեցինք նրանով, որ Քո պատվիրանները չլսեցինք: Չպահեցինք Քո պատվիրանները և այնպես չարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ, որպեսզի լավ լիներ մեզ համար, այն ամենը, ինչ բերեցիր մեզ վրա և այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր....
Եվ հիմա չենք կարող բացել մեր բերանները, որովհետև մենք՝ Քո ժողովուրդը, ամոթահար եղանք և նախատինք կրեցինք: Բայց Դու, հանուն Քո անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր Քո ուխտի ժողովրդին: Մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզնից հանուն Քո սիրելի Աբրահամի, հանուն Քո Իսահակ ծառայի և հանուն Քո սուրբ Իսրայելի (իսկ հայորդիները թող ասեն` հանուն Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու և Քո մյուս հայոց սրբերի), որոնց ասացիր, թե պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ և այնքան, որքան ավազը ծովի ափին: Արդ, Տե՛ր, բոլոր ազգերից ավելի տկարացանք մենք և այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով: Բայց այժմ, այս ժամանակներում, չկա իշխան, մարգարե և առաջնորդ....»։
Հիմա կոտրված սրտով ու տառապած հոգով թող ընդունելի լինենք այս աղոթքի շնորհիվ և Քո առջև ողորմություն գտնենք: Որովհետև Քեզ վրա հույս դնողները ամոթով չեն մնա: Արդ, գալիս ենք դեպի Քեզ մեր ամբողջ սրտով, ու երկյուղելով Քեզնից՝ Քո բարեհաճությունն ենք խնդրում. ամոթով մի՛ թող մեզ, այլ վարվիր մեզ հետ ըստ Քո հեզության, ըստ Քո մեծ ողորմության. Տե՛ր, փրկի՛ր մեզ Քո մեծ զորությամբ և փառք բեր Քո անվանը:
Դու ես միակ Տեր Աստվածը և փառավորյալը ողջ տիեզերքում:
Օրհնյալ ես Դու, Տե՛ր, Աստվա՛ծ մեր հայրերի,
Գովյալ և փառավորյալ է Անունը Քո հավիտյան:
Օրհնյալ ես Քո փառքի սուրբ Տաճարում,
Գովյալ և առավել փառավորյալ ես հավիտյան» (Մարգարեություն Դանիելի 3.24-54)։
Օրհնեցե՛ք Աստծուն, երկրի բոլոր բնակիչներ, և փառավորեցե՛ք Նրան հավիտյան, քանզի միայն Նա՛ կարող է մեզ փրկել այդ գալիք բորբոքված հրից, որովհետև Իրեն հուսացողների հանդեպ Տիրոջ ողորմությունը հավիտյան է:
Այս զղջման ու ապաշխարության աղոթքներն ու օրհնությունները այնքան զորավոր էին, որ Տերը Իր երեք ծառաներին կրակից հանում է բոլորովին անվնաս. նույնիսկ խանձահոտ անգամ չէր գալիս նրանց հանդերձներից:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2393

Մեկնաբանություններ