2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՆԱՎԹԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՀՐԵՇՏԱԿԸ» ՊԱՏՐԱՆՔ ԷՐ

«ՆԱՎԹԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՀՐԵՇՏԱԿԸ» ՊԱՏՐԱՆՔ ԷՐ
04.02.2011 | 00:00

Պատերազմը ճակատագրեր է խեղում, ողջերին հաղթողի կամ պարտվողի հոգեվիճակ հաղորդում, իրեն վերապահում հրամայականներ առաջադրելու լիիրավ իրավունքը:
Արցախյան ազատամարտի հրամայականները հայ ժողովրդի համար դժվարին էին, բայց պատվախնդիր. դրսևորել ռազմական բարձր ոգի, նվիրում, ինքնակազմակերպվածություն, կարգապահություն, և անպայման հաղթանակով վճռել պարտադրված պատերազմի ելքը:
Հայոց բանակի սյուները` քաջարի մահապարտները, ազատամարտիկները, առաջին զինվորները, ունենալով համայն հայության նեցուկն ու օրհնությունը, պատվով ստանձնեցին հայրենիքի առաջ ծառացած հրամայականները, կյանքի գնով փոխեցին միջազգային քաղաքական շատ ուժերի խաղաքարտերը: Թեև մեկ տասնամյակից ավելի է, ինչ միջազգային դիվանագիտության սպասավորները` կոմիսարներն ու էմիսարները, փորձում են մոլորեցնել հայությանը, այնուհանդերձ, արդարության ուժով ձեռք բերված հաղթանակն իրավունք է տվել դիվանագիտության ասպարեզում ամրագրելու հայության հաղթանակը:
Հավաքական ուժը, այն էլ հայի, անպարտելի է, միտքը` տաղանդաշատ, և նա հնարավոր ամեն բան կանի Արցախյան ազատամարտի արդարացի ու հաղթական վերջակետը դնելու համար` ի հիշատակ բյուրավոր հայ նահատակների:
Հայոց բանակի շնորհիվ մեր բաժին մի կտոր երկինքն այս արևի տակ միշտ պաշտպանված կլինի: Նա, որ բոլորում է ծննդյան 19-ամյակը, միշտ կմնա իր բարձունքին` անառիկ ու զորեղ: Միշտ` արժանի հարգանքի ու մեծարանքի, որովհետև ազատության և արդարության բանակ է:
Նրան` հազարապատիկ շնորհակալություն:
Համաշխարհային պատերազմներ, ցեղասպանություններ, ատոմային ռումբեր. 20-րդ դարի սպիներն են սրանք: Նոր դարաշրջանը, ցավոք, ոչնչով չի զիջում նախորդին, պարզապես «չհայտարարված» պատերազմները ժամանակակից գիտատեխնիկական նորամուծությունների բովում հանդես են գալիս «տարերային աղետ» անվան տակ, որոնք իրենց երկար սպասել չեն տալիս: Դժվար է աշխարհում գտնել խաղաղության ու զարգացման համար պիտանի մի անկյուն. ամենուր հակամարտություններ են, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստեր, իրական ազատությունների ու զարգացման իրավունքների անտեսում: Մինչդեռ բոլոր բարձրացված խնդիրները քաղաքակիրթ լուծման ճանապարհ ունեն: Բայց արի ու տես, որ այդ տարբերակները կիրառելի չեն. միջազգային դիվանագիտության գլխավոր դերակատարները նախապատվությունը տալիս են քաղաքական շահարկումներին և ոչ թե իրավունքի սկզբունքին:
Ի պաշտոնե հաշտարարի դեր ստանձնած միջազգային դիվանագիտությունը հետզհետե բացահայտում է իրական դեմքը, զուգահեռաբար կորցնելով համաշխարհային հանրության հավատն ու վստահությունը։ Այլապես ինչու վերջին երեք տասնամյակում գլուխ բարձրացրած քաղաքական ու ազգամիջյան հակամարտություններից և ոչ մեկը չի ստացել իրական հանգուցալուծում, իրավաքաղաքական ընդունելի վճիռ` հակամարտող բոլոր կողմերի համար: Միջազգային դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն բան ՄԱԿ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը շրջանցելու համար, որոնք կարող են դնել թե՛ հաղթանակի, թե՛ պարտության անբեկանելի «իրավական քաղաքական վերջակետը»:
Գլոբալիզացիան միջազգային դիվանագիտության դաշտը վերածել է քաղաքական լաբիրինթոսի, որտեղ երկու տասնամյակ է, ինչ, ի թիվս այլոց, ներքաշվել է նաև ԼՂՀ իրավական կարգավիճակի, իմա` արցախահայության ազատության և անվտանգության խնդիրը: Մինչ Արցախյան ազատամարտի հաղթանակի իրավական քաղաքական ամրագրումը, Կովկասյան և տարածաշրջանային քաղաքական իրադրությունը, շահադիտական նկատառումներից մեկնած, շարունակում է մարզական-քաղաքական անվանումներով ակտիվ քննարկման ենթարկվել:
Պատմության հոլովույթում բազմազգ ժողովուրդներով բնակեցված Եվրասիական խաչմերուկն ու ողջ տարածաշրջանը բոլոր ժամանակների դիվանագիտության գորդյան հանգույց են հիշեցնում, որտեղ ոչ միայն տեղաբնակների ու եկվորների քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական խնդիրները, այլև գերտերությունների շահերն են անողոք կերպով ագուցվել:
Հայ ժողովուրդը` Հայկական լեռնաշխարհի բնիկը, հերթական անգամ անմասն չմնաց տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների զարգացումներից` ներքաշվեց Ադրբեջանի հրահրած ազգամիջյան պատերազմի մեջ: Դեռևս 1990-ականների սկզբներին Ադրբեջանի քաղաքական վերնախավը նավթադոլարների արբունքի մեջ էր. Կասպից ծովի մթնշաղի ալիքներին նազող «նավթային» դիվանագիտության «հրեշտակը» կարողացավ նրանց խելքահան անել. «Սևանա լճում լողալու ու Երևան հասնելու» սին հույս ներշնչել և դառնալ Արցախի պատերազմում ազերիների հովանավորը: «Փողն ամեն տեղ լույս է տալիս». այս արտահայտությունը դարեր ի վեր չի կորցրել այժմեականությունը, այն ազերիներին շատ էր և է սրտամոտ, սակայն նրանք մոռացել էին ու շարունակում են մոռանալ, որ կյանքն իրական այլ օրենքներ ևս ունի և սիրում է երբեմն անակնկալներ մատուցել, երբեմն էլ` սրբագրումներ մտցնել: Արցախի պատերազմը սանձազերծելիս նրանք այս նրբությունները հաշվի չէին առել: Ոչ միայն նրանք, այլև պանթուրքիզմի մնացյալ հետևորդները, որոնց հույսն Ադրբեջանի «նավթային» դիվանագիտության, ոչ թե ադրբեջանական ագրեսորների կամ նրանց վարձկան գրոհայինների ներուժի վրա էր: Ի՜նչ իմանային, որ պատերազմում միջոցներով չեն հաղթում, այլ ոգով: Հազարավոր վարձկաններ ձեռք բերեցին, սակայն նկատի չէին առել, որ հոգիներ են գնել, ոչ թե ոգիներ: Ոգեղենները չեն վաճառվում:
Ինչո՞ւ Արցախյան պատերազմում հայերը հաղթեցին. խորհե՞լ են նրանք երբևէ։ Անկասկած` ոչ: Նրանք մոռացել էին ևս մի հանգամանք` ոգիները վրեժխնդիր են։ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների ոգիները քանի՜ տասնամյակ է` հանգիստ չունեին. վրեժ էին կտակել գեհենից մազապուրծ հայության բեկորներին: Վրեժի ցասում մի օր պիտի լիներ և եղավ։ Եղավ ոգու պատերազմ:
Ազերիները թուրք բորենու ոճով սկսեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայության կոտորածը։ Արցախը վիրավորվեց, բայց չծնկեց, նրա հնչեցրած մարտափողը ոտքի հանեց աշխարհասփյուռ հայությանը: Հայոց քաջարի մարտիկները ոչ միայն մոլագար հակառակորդին, այլև ողջ աշխարհին ցույց տվեցին փոքրաթիվ հայ ժողովրդի զորեղ բազկի և անպարտելի հավաքական ոգու ուժը: Նրանք ավելին կարող էին անել, եթե միջազգային դիվանագիտական վերնախավը, Ադրբեջանի խնդրանքով, չմիջամտեր` կրակը դադարեցնել։
«Նավթային» դիվանագիտության «հրեշտակը» պատրանք էր, որի սանձազերծած պատերազմը ճակատագրական կորուստ եղավ նրանց համար: Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը համաթուրանականության ջատագովներին ստիպեց մեծագույն հիասթափություն ապրել. մեկ դարում թուրանական պետություն ստեղծելու երկրորդ փորձը ձախողվեց: Պանթուրքիզմի դրաման նորից տապալվեց:
Պատերազմում հաղթում է արդար ուժը, ամրագրում` իրավունքը, իսկ արդարության հաղթանակը թելադրում է քաղաքականության ընթացքը…
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ
«ՈՒխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ