«Ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»,- հանրահավաքում հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը` նկատի ունենալով ՀՀԿ-ն։ Մեզ հետ զրույցի սկզբում անդրադառնալով այս տեսակետին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց. «Եթե ՀՀԿ-ի գաղափարախոսությունը համեմատում է ռասիզմի հետ, ամեն ինչ թողնում եմ նրա խղճին։ Այդ գաղափարախոսությունը հայ ժողովրդի դարավոր երազանքների գաղափարական ամփոփումն է»։
-Եթե մարդիկ գաղափարախոսությունը շփոթում են իշխանության հետ, ուրեմն մեկնաբանություններն ավելորդ են,- շարունակեց պարոն Հարությունյանը։- Ցեղակրոնությունը համեմատել ռասիզմի հետ, կարծում եմ, գիտականորեն սխալ է։ Իշխանություն վերցնելու հազարավոր ճանապարհներ կան, բայց չեմ խրախուսում այն ճանապարհը, որով մարդիկ վիրավորում են ազգային գաղափարախոսությունը, ձգտումները։ ՀՀԿ-ի գոյության քսանամյակում ոչ մեկը չի կարող մի գործողության օրինակ բերել, որը գոնե հեռավոր նմանություն ունենա ռասիզմի հետ։ Մի կողմից հանրապետականներին մեղադրում են հանդուրժողականության մեջ, մյուս կողմից` ռասիզմի։ Հայաստանում և՛ պետականություն ունենալու, և՛ չունենալու ողջ ընթացքում երբեք ռասիզմի որևէ դրսևորում չի եղել։ Հայ մարդու բնույթին խորթ է ռասիզմը: Կտրականապես դեմ եմ նման ձևակերպումներին։
-Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաև նշել է, թե միջազգային հանրությունը բազմիցս պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին, բայց այդ գործում լուրջ ներդրում չունի, քանի որ փորձում է Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզել։ Ձեր դիտարկումը։
-Կարծում եմ` միջազգային կառույցներին կարելի է առավել լուրջ բացթողումների մեջ մեղադրել, ոչ թե նեղանձնական, նեղկուսակցական հարցերում։ Այսօր արցախյան հակամարտության առնչությամբ այդ կառույցների բացթողումների հետևանքով է, որ չի կարգավորվում հիմնախնդիրը։ Այն երկրներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք այս տարածաշրջանում ազդեցություն ունեն, առաջին հերթին պետք է «զոհի» և «ագրեսորի» ձևակերպումները տային։ Երկակի ստանդարտների մոտեցումը թույլ չի տալիս հարցը խաղաղ ճանապարհով լուծել։ Այդ կառույցները հաշվի չեն առնում պատմական իրողություններ, չեն տեսնում, որ հիմնախնդրի լուծումը տարածքային ամբողջականության սկզբունքով սխալ է և անհեռատես։ Կայսրությունների քայքայման ժամանակ շատ երկրներ, ընդհուպ ԱՄՆ-ը, ձեռք բերեցին իրենց անկախությունը։ Տեղին է այս պարագայում հիշել Ադամ Շիֆերին, որն ասել է` եթե տարածքային ամբողջականության սկզբունքով առաջնորդվեինք, ԱՄՆ-ը չէր ունենա իր անկախությունը։ Եթե այս սկզբունքը կիրառենք, պիտի դրա առաջատարը լինի Ռուսաստանը, քանի որ Հայաստանը 1828-ին Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանի կազմի մեջ է մտել։ Սրանից առաջ այս տարածքները պատկանել են Պարսկաստանին, ուրեմն ավելի մեծ հավակնություններ ունի նաև այս երկիրը, եթե, իհարկե, այսօրվա տրամաբանությամբ առաջնորդվենք։ Բոլոր երկրների պատմաբանների համար բացարձակ ճշմարտություն է` Ադրբեջան անունով երկիր չի եղել, որի կազմի մեջ մտնեին Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը։ Հետևաբար, այդ կազմակերպությունները, նախ և առաջ, այս հարցը պիտի դիտարկեն։ Այդ պարագայում Ադրբեջանն այսօր այդքան չէր հոխորտա ու չէր օգտվի այդ երկրների թողտվությունից, զոհի կարգավիճակ ունենալով` հաջողություններ չէր գրանցի արտաքին քաղաքականության մեջ։ Այսօր Ղարաբաղը բանակցային կողմ չէ, որն ավելի կարևոր հարց է, քան այդ կազմակերպություններին անաշխատունակության համար քննադատելը։ Եթե միջազգային այդ կառույցներին քննադատում ենք, պետք է ավելի լուրջ հարցերի առնչությամբ նրանց թիրախ դարձնել։
-Ստացվում է, որ արմատական ընդդիմությունը բարձրաձայնում է միայն այն հարցերը, որոնք միայն ի՞ր շահերն են սպասարկում։
-Այո։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը քաղբանտարկյալների թեմայից անցում կատարեր ու անդրադառնար նաև այս հանգամանքին, կնշանակեր` ընդդիմությանն իսկապես հուզում են Հայաստանի շահերը։
-Հանրահավաքի ժամանակ հնչեց տեսակետ, թե Աստանայում կայանալիք հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի համար բեկումնային է լինելու։ Հաշվի առնելով նաև Ձեր դիտարկումները, ինչ-որ էական տեղաշարժ կլինի՞ այս հանդիպումից հետո։
-Սովորական, ոչ բեկումնային հանդիպում է լինելու։ Հայաստանի նախագահը ոչ մի զիջման չի գնա, Ադրբեջանը` ևս։ Հայաստանի նախագահի հաղթաթուղթն ազգերի ինքնորոշման սկզբունքն է, իսկ Ադրբեջանինը` տարածքային ամբողջականությունը, որը, ինչպես նշեցի, ի սկզբանե սխալ մոտեցում է։ Միջնորդ կողմերը պիտի Ադրբեջանին հասկացնեն, որ ինքն ագրեսոր երկիր է ու Ղարաբաղի ժողովրդի հետ ոչ մի գործ չունի, քանի որ ղարաբաղցիներին է պատմականորեն պատկանում այդ տարածքը։
-Սակայն հակառակն է տեղի ունենում. Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններից հետո անցել է պատմական փաստերը խեղաթյուրելուն, իսկ միջնորդ կողմերն ու միջազգային հանրությունն ըմբռնումով լռում են։
-Այսօրվա Ղարաբաղի վիճակը շատ նման է 15-րդ դարի Բյուզանդիայի վիճակին. ամբողջ աշխարհն աչքերը փակում ու չի ուզում տեսնել, թե ինչ է անում մուսուլմանական աշխարհը Ղարաբաղի հետ։ Այդ թողտվությունն է շատ վտանգավոր։ Իրավիճակը շատ նման է 1915-ի ցեղասպանությանը նախորդած ժամանակահատվածին, որն արտահայտվում է մեր նկատմամբ և՛ խոշոր տերությունների վերաբերմունքով, և՛ պատմական գործընթացներով։ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ավելի ակտիվ բնույթ են կրում, ու նա այդ ամենի համար ոչ մի հակահարված չի ստանում միջազգային հանրության կողմից։ Երբ նա համոզվի, որ դատաստան տեսնելով Ղարաբաղի փոքրաթիվ ազգաբնակչության հետ, անպատիժ կմնա, կդիմի ռազմական գործողությունների։ Ռազմական բյուջեի աննախադեպ աճը, զինված ուժերի քանակի ուռճացված թվերն ինձ լավատեսության հիմքեր չեն տալիս։ Համոզված եմ, որ եթե գործընթացներն այսպես զարգանան, կլինի ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավելի սարսափելի հետևանքներ կունենա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Եթե Հայաստանի նախագահն այս ամենը շատ լավ պատկերացնում է իր անցած ուղիով, Իլհամ Ալիևը չգիտի` ինչ է պատերազմը և ինչ հետևանքներ կունենա։
-Ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության լոյալ վերաբերմունքն Ադրբեջանի նախագահի ու նրա, մեղմ ասած, անկշռադատ հայտարարությունների նկատմամբ։ Ինչո՞ւ է պարիտետը խախտված։
-Պատմական ցանկացած կնճիռ ապացուցման կարիք ունի, որը պիտի համեմատվի նաև նախորդների հետ։ Այսօր Ալիև կրտսերն ու իր տերերը ստուգում են համաշխարհային հասարակության կարծիքը։ Եթե նման բան անեն, նորից կմարսե՞ն 15 թվականը։ Այստեղ էլ պիտի մեղադրենք միջազգային հանրությանը, որովհետև չճանաչելով ցեղասպանությունը, նրանք Թուրքիային ու Ադրբեջանին քարտբլանշ են տալիս` իրականացնելու երկրորդ ցեղասպանությունը, եթե, իհարկե, վերջիններս կարողանան։ Եթե փորձեն պատերազմական գործողություններ սկսել, Ղարաբաղի թիկունքում կկանգնեն Հայաստանն ու Սփյուռքը։ Ադրբեջանի նախագահը չի էլ կարող պատկերացնել, թե այս անգամ ինչպիսի կորուստներ է ունենալու։ Էդ զրահատեխնիկան ու մնացած առավելությունները տեսել ենք։ Արցախի բնական պաշտպանական սահմանները թույլ են տալիս, որ սարսափելի հաշվեհարդար տեսնենք ագրեսորի հետ։ Պիտի միջազգային կառույցները և խոշոր տերությունները զսպելու մեխանիզմներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ։ Առաջին նախագահն այս ամենն ինձնից լավ գիտի ու պիտի ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը լինի` այս խնդիրները վեր հանելու հարցում։
-Փաստորեն, պատերազմի հավանականությունը մե՞ծ է։
-Այո։ Եթե ժամանակին Թուրքիային զսպաշապիկ հագցնեին, 15 թիվը չէր լինի, Հիտլերին հագցնեին, չէր լինի Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ի՞նչ է, միայն ե՞ս եմ տեսնում այդ հավանականությունը, Օբաման, Մերկելը, Սարկոզին, Մեդվեդևը չե՞ն տեսնում։ Եթե մի երկիր այդքան միլիարդներ է դնում ռազմական բյուջեի մեջ, բնականաբար, այդ տանկերով վար ու ցանք չի անելու։ Եթե Ադրբեջանն իր պետբյուջեի մեծ մասը հատկացնում է ռազմական ծախսերին, ի՞նչ է, լողափեր, սանատորիաներ է կառուցելո՞ւ ղարաբաղցիների համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի։ Այս երկիրն ունի քարտբլանշ, ռազմական տեխնիկա, բայց չունի կազմակերպված, մարտունակ բանակ։ Չնայած մեր բանակի վրա պրոթուրք-ադրբեջանական շրջանակների կազմակերպած հարձակումներին, այնուամենայնիվ, մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Բանակաշինության գործընթացում ավելի մեծ թերություններ են եղել, քան հիմա է։ Եթե դրանք կարողացել ենք վերացնել, այսօրվա խնդիրներն ի՞նչ են։
-Ասել է` բանակի շուրջ վերջին զարգացումներն ուղղորդվա՞ծ էին։
-Իհարկե։ Խաղաղ բնակչության մեջ օրական քանի՜ դեպք է լինում, բանակն էլ հասարակության մի մասն է, ու այստեղ էլ կլինեն զոհեր, անցանկալի դեպքեր։ Գոյություն ունի նաև կարգապահական խնդիր, որը հիմնականում մարդու բնույթով է պայմանավորված։ Այդ քննադատությունների ընթացքում ոչ մեկը չասաց, որ Սեյրան Օհանյանը պատերազմի հերոս է ու մեծ ծառայություն է մատուցել հայրենիքին։ Երբ թերություններն ուղղորդված չեն քննադատվում, ես դրա կողմնակիցն եմ: Չպետք է տոտալ պատերազմ սկսել բանակի դեմ։ Ես պարապ-սարապների մի ամբողջ բանակ գիտեմ, որոնց աշխատանքի, ապրուստի միջոցները ոչ մի տեղ հայտարարագրված չեն: Այ, նրանց միջոցով են շատ բաներ ուղղորդվում։ Էդ ինչո՞ւ մինչ այսօր չէին գրում, թե մեր բանակում նման բաներ են կատարվում։ Սա համաձայնեցված գործողությունների արդյունք էր։
-Ի վերջո, ի՞նչ եք կարծում, ղարաբաղյան հիմնախնդիրն առաջիկայում որևէ հանգրվանի կհասնի՞։
-Հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կհասկանա Ղարաբաղի հետբերման անհնարինությունը։ Սա հնարավոր է Հայաստանի նախագահի շուրջ ընդդիմադիր և իշխանական ուժերի համախմբմամբ, տնտեսության զարգացմամբ, օլիգարխիկ տնտեսական համակարգին հակահարված տալով, վարչարարական հզոր միջոցներով կոռուպցիայի դեմ պայքարով և Ղարաբաղի ժողովրդին իր տարածքում պահելով: Այս գործում չպետք է հույսը դնել Ադրբեջանի ժողովրդավար ու քաղաքակիրթ դառնալու վրա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ