2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԴՈՊԻՆԳԸ` ԴԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾ»

«ԴՈՊԻՆԳԸ` ԴԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾ»
22.03.2011 | 00:00

Երևանի Մոսկվայի տանը կայացավ «Դոպինգը` դարի առեղծված» ֆիլմի շնորհանդեսը: Այն ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհով և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ: Հատկացվել է 20 հազար դոլար` ֆիլմի ստեղծման, հակադոպինգային գրքույկի տպագրման, դասախոսությունների համար: Ֆիլմում շոշափվում են դոպինգի, սպորտի, առողջության հետ կապված հարցեր: Ֆիլմն սկսվում է թմրադեղերի և դոպինգի ազդեցությունների համեմատությամբ: Պարզվում է, որ վերջինի ազդեցությունը մարդու վրա ավելի բացասական է: Թերևս, միակ թերությունն այն է, որ չի նշվում, թե որտեղից են վերցված դոպինգի օգտագործման հետ կապված միջազգային վավերագրական կադրերը: Ֆիլմը հիմնականում այդպիսի տեսանյութի օգնությամբ է պատրաստված, իսկ դա կարելի է շտկել: Թերևս, կարելի էր անդրադառնալ նաև Հայաստանի ներկայացուցիչների դոպինգի օգտագործման հետ կապված խնդիրներին, քանի որ փաստն այն է, որ Հայաստանում ևս ունենք մարզիկներ, ովքեր մերկացվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: Իսկ ֆիլմի ստեղծման գործում մեծ է Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի դոպինգի բաժնի ղեկավար, Արևելյան Եվրոպայի հակադոպինգային խորհրդի անդամ, պրոֆեսոր ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ դերը: Ի դեպ, անցյալ տարի ֆիլմը ներկայացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, և Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության (WADA) ներկայացուցիչներն այն հավանության են արժանացրել, սակայն առաջարկել են բովանդակային փոփոխություններ կատարել և ավելի շատ ուշադրություն դարձնել դոպինգի վտանգների ցուցադրմանը: Ինչ վերաբերում է Հայաստանում դոպինգի դեմ պայքարում կատարվող քայլերին, ապա Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ գործընթացը մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի ուշադրության կենտրոնում է։ 2010-ին Հայաստանում կազմակերպվել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային խորհրդի համաժողովը, որում քննարկվել են այս հիմնահարցի կարգավորման հետ կապված հրատապ մի շարք հարցեր: 2010-ին ՀԱՕԿ-ում ստեղծվել է հակադոպինգային բաժին։ Առանձին գրքույկով տպագրվել են հակադոպինգային կանոնները: Հայաստանն ունի միջազգային կարգի դոպինգի ստուգումներ անցկացնող 8 սպա: Նրանց աշխատանքի ծավալն աստիճանաբար մեծանում է: Մեր երկրի մասնագետներին արդեն վստահում են ոչ միայն սպասարկել, փորձանմուշներ վերցնել Հայաստանում կազմակերպվող խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակիցներից, այլև արտասահմանում աշխատել: Այսինքն, նաև այլ երկրների մարզիկներին ստուգելու պատվերներ կան։
ՈՒսումնասիրությունները բացահայտել են, և այդ մասին ներկայացված է ֆիլմում, որ ԱՄՆ-ում պատանի մարզիկների 80 տոկոսը պատրաստ է արգելված դեղամիջոցների օգտագործման միջոցով սպորտում փառքի հասնելու, օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու: Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստանում այդ մասին այլ պատկերացում է: Հարցում է անցկացվել և բացահայտվել է, որ մեր երկրում սպորտով զբաղվող պատանիների միայն 12 տոկոսն է պատրաստ դրան: Ցավալին այն է, որ մեր մարզիչների և նրանց սաների մեծ մասը տեղյակ չէ հակադոպինգային կանոններին: Իսկ ուսումնասիրությունների արդյունքները կասկածելի չեն, քանի որ պատասխանողներն իրենց անունները չեն նշել: Եվ քանի որ Հայաստանում տարբեր մարզաձևերում ունենք բարձրակարգ մարզիկներ, ինքնին հարց է առաջանում` նրանք տեղյա՞կ են դոպինգի նրբություններին, ի վերջո, մեր երկրում արգելված դեղամիջոցների օգտագործումն ինչպիսի՞ տարածում ունի: «Բարձրակարգ մարզիկները, ովքեր Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականներում են, միջազգային մրցումների հաճախակի են մասնակցում, այս հարցում զգուշավորություն են դրսևորում, իսկ երիտասարդ այն մարզիկները, ովքեր դեռ հաջողություններ չունեն, չի բացառվում, որ այդպիսի ապօրինությունների դիմեն: Սակայն դա միայն ենթադրություն է, քանի որ ամեն բան հստակեցնելու համար պարբերաբար անհրաժեշտ է ստուգումներ իրականացնել, որի հնարավորությունը դեռևս չկա: Պարզապես, եթե լրացուցիչ ֆինանսներ գտնվեն, ցանկալի կլինի, որ ընտրովի ուսումնասիրություններ կատարվեին մարզադպրոցներում: Իսկ հիմնականում ստուգվում են այն մարզիկները, ովքեր մեծ ճանաչում ունեն, հաճախակի են խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցում: Այդ մարզիկներն էլ գիտեն, որ մշտական հսկողության ներքո են: Մասնավորապես, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանն այս տարի մեկ անգամ արդեն ստուգվել է, իսկ այս ամսում նա ևս մեկ անգամ կստուգվի»,- ասաց Հովհաննիսյանը:
Եվ քանի որ խոսակցությունները շատ են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևն անցյալ տարվա վերջին խուսափել են դոպինգի ստուգումից, ցանկացանք կատարվածի պատճառն իմանալ: Պարզվում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Վերջերս Պրահայում կազմակերպված միջազգային մրցումների ժամանակ Արսենն ինքն է մոտեցել դոպինգ ծառայության սպային և խնդրել, որ իրեն էլ ստուգեն։ «Արսեն Ջուլֆալակյանը նոր է ստուգվել, և ամեն բան կարգին է: Իսկ Յուրի Պատրիկեևը անփութորեն մոռացել է անկետայում նշել իր հեռախոսահամարը: Դա բացթողում է համարվում, քանի որ նրան փնտրել և չեն գտել: Սակայն այդ հարցն էլ կարգավորվել է: Պատրիկեևը դոպինգի ստուգում կանցնի մարտի 28-ին, երբ Երևան գա»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։ Պրոֆեսորն ուրախությամբ նաև նշեց, որ 2009-ի փետրվարից, երբ սկսել են աշխատել, Հայաստանից ոչ մի մարզիկ չի մերկացվել դոպինգի օգտագործման հանցանքում: Իսկ առաջիկայում խնդիր է դրված այնպես անել, որ ստուգումներ կազմակերպվեն որոշ մարզաձևերի Հայաստանի առաջնությունների ժամանակ: Թերևս, այս նորամուծությունը կիրառվի ըմբշամարտիկների, բռնցքամարտիկների, ծանրորդների մրցումների ժամանակ: Իսկ հաջորդ քայլը լինելու է դոպինգի մասին Հայաստանի օրենքի ընդունումը: Դժվար է ասել, թե դա երբ կլինի: Ի դեպ, այն երկրներում, որոնցում այդ օրենքը գործում է, դատ է սպառնում, նաև ազատազրկում ոչ միայն արգելված դեղամիջոցներ օգտագործողներին, այլև դրանք տարածողներին:
Մեր այն հարցին, թե խորհրդային տարիներին ԽՍՀՄ հավաքականի կազմը համալրած Հայաստանի ներկայացուցիչները ծածուկ արգելված դեղամիջոցներ օգտագործե՞լ են, փորձառու մասնագետը հայտնեց, որ այդպես էլ է եղել: Սակայն դա այլ խոսակցության թեմա է:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ