Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

ԱՆԹԱԳԱԿԻՐ ԱՐՔԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

 ԱՆԹԱԳԱԿԻՐ ԱՐՔԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ
17.06.2011 | 00:00

ՀՈՎԻՎՅԱՆԸ ՀՈՎԻՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ-2


«ՍՏՐԵԼՑՈՎԸ ԴԱՐԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ ԷՐ»
Ինձ կցեցին կապիտան Դրաստամատին, ով ինձ ծառայության վայր` Մոսկվա պիտի հասցներ։ Մոսկվայում ասաց, թե մի նշանավոր բարեկամ ունի, ով մեզ կօգնի։ Մոսկվայի ամենահարուստ և ճանաչված մարդկանցից էր Դրաստամատի բարեկամը, մայրաքաղաքի պտուղ-բանջարեղենի տրեստի կառավարիչ Կարախանը։ Նրա 70-ամյակն էր, շատ ճանաչված մարդիկ էին եկել շնորհավորելու։ Նրա ամառանոցում ենք։ Դուռը հենց Կարախանն էլ բացեց` «Դու դրախտի փերի ես» երգելով։ Շատ էր նման մարշալ Բաղրամյանին։ Խնջույքի պահին ներկայացրինք խնդիրը, սակայն Կարախանը միանգամից օձիքն ազատեց ասելով` ֆուտբոլի անունը մի տվեք, դրա վրա եմ քաշվել։ Պարզվում է, Էդուարդ Ստրելցովի հայտնի պատմությունը, սարքովի մի գործ, որ պատճառ հանդիսացավ նրա ձերբակալության, Կարախանի ամառանոցում էր կատարվել։ Այնինչ Ստրելցովը հանճարեղ ֆուտբոլիստ էր, և հավատացնում եմ, Պելեից էլ բարձր։ Ֆրանսիայում շրջագայության ժամանակ 1957-ին, մեկ խաղում, տակավին պատանի, չորս գոլ խփեց։ Նրան ուղղակի պաղատում էին Ֆրանսիայում մնալ։ Բացի սրանից, Կարախանի ամառանոցում 20 կգ ոսկի էին հայտնաբերել։ Ի դեպ, այս ամեն համար Դրաստամատի մի աստղը հանեցին ու ծառայության գործուղեցին Հայաստանի հեռավոր մի շրջան։ Այլևս նրան չհանդիպեցի։
Հոգեբանական առումով Էդիկն անպաշտպան էր։ Նրան շատ էին ճնշումների ենթարկում։ Մի առիթով ինձ զանգահարեց հանրահայտ ֆուտբոլիստ Վորոնինը և ասաց, թե միտք է հղացել. եկող մրցաշրջանում «Տորպեդոյում», նաև հավաքականում երկու կենտրոնական հարձակվող` Ստրելցով-Հովիվյան տանդեմ։ Ցավոք, բախտ չվիճակվեց մի թիմում խաղալու։ «Սպարտակի» մարզիչներն ավելի աչալուրջ էին ու ինձ տարան «Սպարտակ»։
Նրան, իհարկե, պաշտպանները հանգիստ չէին տալիս, հետևում էին յուրաքանչյուր քայլին։ Մի առիթով ասաց. «Գիտե՞ս, Սարգիս, երբ պաշտպանները չափը շատ են անցնում, բոլորի համար աննկատ լքում եմ խաղադաշտը, որ մի փոքր շունչ առնեմ։ Բայց այդ ապուշները էլի գալիս ցցվում են կողքիս»։ Նա դարի ֆուտբոլիստն էր։
«ՎԵՀԱՓԱՌՆ ԱՍԱՑ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ` ՄԻՆՉԵՎ ԽԱՉԸ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ ԽՈՍՏԱՑԻՐ, ՈՐ ՀՈՎԻՎՅԱՆԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
Եղանակային պայմաններն ստիպել էին ԲԿՄԱ-ին Տալլինի «Կալևի» հետ հանդիպումն անցկացնել Երևանում։ 1961-ի ապրիլի 6-ն էր։ Գնացքը ժամանեց Երևան, ոչ մի դիմավորող։ Շատ տխրեցի, մի՞թե մի քանի ամսում մոռացել են։ Հասանք Երևանի «Սպարտակ» մարզադաշտ մարզվելու։ Խաղադաշտում ֆուտբոլասերների բազմությունն էր։ Ինձ ձեռքերի վրա տարան դեպի դաշտ։ Մարզիչները փոխեցին մարտավարությունը։ Որոշեցին, որ պիտի մարզվենք Նորագավիթի օդանավակայանի մոտ գտնվող փոքրիկ մարզադաշտում։ Բայց մինչ մեր ավտոբուսը կհասներ այնտեղ, ֆուտբոլասերները տրամվայով, ավտոբուսով, սեփական մեքենաներով և հեծանիվներով ավելի շուտ էին հասել ու նորից փակել խաղադաշտը։ Մոսկվայից հրահանգեցին թռչել Բաքու և «Կալևի» հետ խաղն անցկացնել այնտեղ։ Առավոտ կանուխ թռանք Բաքու երկու զինվորական ինքնաթիռով։
Մինչ այս շատ զարմանալի բան կատարվեց. մեզ բերեցին «Սևան» հյուրանոց։ Հետո իմացա, որ նախապես պայմանավորվում են ու ինձ թղթախաղով զբաղեցնում։ Ես ոչնչից տեղյակ չէի։ Այնինչ Շահումյանի հրապարակում հոծ բազմություն էր հավաքվել։ Շատ լարված էին նաև ԲԿՄԱ-ի մարզիչները։ Մի խոսքով, ելքը գտան ու ինձ ասացին, թե Սարգիս, պատշգամբ դուրս արի, մարդիկ քեզ են ուզում տեսնել։ Ենթադրեցի, որ մի 10-15 մարդ կլինի։ Դուրս եմ գալիս հրապարակ... Հրապարակը սկսեց ծափահարել, հետո ֆուտբոլասերների պրեզիդենտը (նման ոչ պաշտոնական մեկը կար) լռեցրեց նրանց և մի հարց ուղղեց ինձ` Սարգիս, ուզո՞ւմ ես խաղալ Երևանում։ Ասացի` այո։ Հետո բազմությունը կազմակերպել էր, հավանաբար, ՍՍՀՄ ֆուտբոլի պատմության ամենաանհավատալի երթը։ Ֆուտբոլասերները ճանապարհ ընկան Կենտկոմ` Զարոբյանի մոտ։ Այնտեղ նրան չգտնելով` ուղևորվեցին նրա տուն, դարձյալ պատշգամբ հրավիրեցին և հեռացան, երբ այդ հրաշալի հայրենասեր մարդն ու ղեկավարը խոստացավ մեկ տարի անց ինձ վերադարձնել Երևան։
Եվ տեսեք, թե որքան մեծ է ազգային ֆուտբոլի հանդեպ ուշադրությունը, որ իմ` Երևանում խաղալու հարցը քննարկման առարկա է դառնում Անաստաս Միկոյանի և Հովհաննես Բաղրամյանի մեծության մարդկանց համար։
Երբ 1961-ին Բաղրամյանն ընդունելության է լինում Վազգեն Վեհափառի մոտ, Ամենայն հայոց կաթողիկոսը մի պահ հապաղում է ու ասում. «Խաչը համբուրելուց առաջ խոստացիր, որ Հովիվյանին կվերադարձնես Հայաստան»։ Ի դեպ, Վեհափառը ֆուտբոլասեր էր։
«ԶԱՏԻԿՅԱՆԸ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԼՔԵՑ ԴԱՐՊԱՍԸ»
Մեր թիմի խաղի որակի մասին է խոսում այն, որ Հունգարիա մեկնեցինք շրջագայության 1960-ին։ Այն տարիներին Հունգարիան աշխարհի ֆուտբոլային գերտերություններից էր, Հիդեկկուտտիի, Շանդորի, Պուշկաշի, Մատրայի հայրենիքը։ Առաջին իսկ խաղից հետո մեր թիմի ուժը տեսնելով` նրանք փոխեցին վաղօրոք կազմած ծրագիրը և մեր դեմ դուրս բերեցին Բուդապեշտի հավաքականին։ Դա, ըստ էության, երկրի երկրորդ հավաքականն էր, որի կազմում հանդես եկավ ազգային հավաքականի աստղ Շանդորը։ Նա կարգապահական տույժ ուներ և ազգային հավաքականի կազմում արտասահման չէր մեկնել։ Երկու գերազանց թիմերի մենամարտ էր, որը հունից դուրս եկավ տեղացի մրցավարի բացահայտ կողմնապահության պատճառով։ Մենք հաղթում էինք ներկա չափանիշներով վերցրած այդ գրանդ ակումբին։ ՈՒ երբ անտեղի 11-մետրանոց նշանակվեց Զատիկյանին, ասացինք, որ լքի դարպասը։ Երեք անգամ մրցավարը խնդրեց Զատիկյանին գրավել իր տեղը։ Անարդյունք։ Հունգարացիները մեզ հաղթեցին դատարկ դարպասի գրավումով։ ՈՒշագրավ մի դրվագ ևս։ Սովորաբար խաղերից հետո թիմերը բանկետի էին մասնակցում։ Սպասում էինք բանկետին, հատկապես հռչակավոր Շանդորի հետ շփվելու համար։ Սակայն փոխարինման դուրս եկած Մանթարլյանը, ով պիտի մեկուսացներ Շանդորին, գերազանցեց ինքն իրեն, Շանդորին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։ Սակայն խաղից հետո հանդերձարան եկավ ԽՍՀՄ դեսպանը և ասաց. «Ես զեկուցելու եմ Մոսկվա, Կենտկոմ և ֆուտբոլի ֆեդերացիա և ասեմ, որ դուք գերազանց խաղացիք»։
1966-ի վերջում ինձ զանգահարեց «Սպարտակի» պետ Ստարոստինը և հիշեցնելով 1959-ի իմ մերժումը, կրկին առաջարկեց հանդես գալ «Սպարտակի» կազմում։ Այս անգամ համաձայնեցի։ Սակայն ուշքումիտքս Երևանն էր, իմ ամենամեծ կոչումն ու տիտղոսը, հայ ֆուտբոլասերը։
Առհասարակ, գործող մարզիկի համար դժվար է պարբերաբար թիմ փոխելը, բայց հավատացեք, երբևէ իմ կամքով Երևանից չեմ հեռացել։
Ի դեպ, 2011-ին ինձ գրանցեցին հայկական Գինեսի գրքում, «Դյուցազնագրքում»` անկյունային հարվածով երեք գոլ խփելու համար։ Առաջին գոլը բոլորը շատ լավ են հիշում. 1960-ին էր, երբ անկյունայինից գոլ խփեցի Թբիլիսիի «Դինամոյին»։ Այդ խաղից հետո էր, որ հանդերձարանից անհետացան խաղակոշիկներս, որոնք ինձ համար կարել էր թիֆլիսեցի հայտնի կոշկակար Միխան, Մեսխիի և Մետրևելու մարզակոշիկ կարողը։ Մի խոսքով, մի երկտող հայտնաբերվեց, ուր երեք տղա ներողություն էին խնդրում խաղակոշիկներս գողանալու համար, և ասում, որ դրանք գտնվում են ապահով տեղում։ Երկրորդ գոլը խփեցի, երբ խաղում էի ԲԿՄԱ-ի կազմում, Մինսկի «Դինամոյին», 1961-ին։ 1964-ին Բեյրութում խաղում էինք «Հոմենմեն» թիմի հետ։ Հաղթեցինք 1։0 հաշվով, դարձյալ գոլը խփեցի անկյունայինից։
ՈՒշագրավ շատ խաղեր են եղել։ 1963-ին ԽՍՀՄ ժամանեց բրազիլական «Ֆլումինենսե» ակումբը։ Դա նրանց հաղթարշավն էր, մինչև Երևան գալը ոչ մի գոլ բաց չէին թողել։ Պարտվեցինք, բայց երկու գոլ խփեցինք` մեկը իմ փոխանցումով, մեկն ինքս խփեցի։ Դա հանրահայտ «չոր տերև» հարվածն է։ Ինձ մոտեցավ 1970-ի աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի ավագ, հռչակավոր Կառլոս Ալբերտոն և ջերմորեն շնորհավորեց։
Երևանի լավագույն թիմի կազմը բոլոր տարիների համար, ըստ իս, հետևյալ տեսքը կունենար. դարպասապահ Սերգեյ Զատիկյան, պաշտպանությունում` Գրիգոր Համբարձումյան, Քաջայր Փոլադյան, Ալեքսանդր Կովալենկո և Մանուկ Սեմերջյան։ Կիսապաշտպանությունում` Հովհաննես Զանազանյան, Սերգեյ Բոնդարենկո, Անդրանիկ Գրիգորյան և Արկադի Անդրեասյան։ Հարձակման գծում` Մարգարով, Հովիվյան։
«ЦЕНТР - СВОИ, КРАЯ - АРМЯНЕ»
Շատ հաճախ եմ լսել, որ եթե Հովիվյանը Մոսկվայում մնար, հավաքականում մշտական տեղ կունենար և աշխարհով մեկ կփառաբանվեր։ Բայց ինձ համար գլխավորը հայ ֆուտբոլասերներին բարձրարվեստ, մաքուր խաղով հաճույք պատճառելն էր, Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելը։ Կարծում եմ, դա ինձ հաջողվեց։
ԳԴՀ-ում էի, ԽՍՀՄ ազգային հավաքականի հավաքին էի մասնակցում, և օրակարգում էր իմ մշտական ներկայությունը երկրի գլխավոր թիմում։ Մարզիչները հաճախ էին ստուգում կարգապահությունը և նույնքան հաճախ էլ ինձ մոտ օղու շիշ հայտնաբերում։ Եվ այլևս չհրավիրեցին։ Ինձ ասում էին, որ մարզական կարգապահությունը խախտելով` դու դաշտում մեծ թափով վազել չես կարող։ Բայց ես վազորդ չէի։ Ես ուզածիս պես ֆուտբոլ էի խաղում և գերազանց ֆիզիկական տվյալներ ունեի։
Ի դեպ, ԽՍՀՄ-ի մասշտաբով առաջինն էի արագության տակ գնդակը վարելու մրցույթում, նույն 1960-ին։
Թող անհամեստ չհնչի, սակայն արդյունքներս, առհասարակ, բավականին տպավորիչ էին, թեպետ ոչ ռեկորդային։ ԲԿՄԱ-ի կազմում էի հանդես գալիս։ Անկյունայինից մեկ հարվածով գոլ խփեցի։ Մյուս գոլը խփեց անմոռանալի Վյաչեսլավ Համբարձումյանը։ Այդ օրվանից ԲԿՄԱ-ի ռուսերեն հապավումը` ՃհԽԸ, Մոսկվայում այսպես վերծանեցին` ՃպվՑՐ - րՉՏՌ, ՍՐՈ - ՈՐՎվպ։
Առհասարակ այն տարիներին լավ մարզչին հաջորդում էր վատը։ Եկավ Արտյոմ Ֆալյանը, ով օտար էր «Արարատի», հայ ֆուտբոլասերի համար։ Նա պատահական մարդկանցով լցրեց թիմը` Վյուն, Յումակուլով, Ատամալյան, Սյոմին և այլն։ Հեռացրեց շատերին։ Նաև ինձ։ Այդ ժամանակ էր, որ Թբիլիսիից մեր տուն եկավ մեկը, ներկայացավ որպես լուսանկարիչ և ֆուտբոլասեր ու մի ուշագրավ իրողություն ներկայացրեց։ Մրցաշրջանից առաջ Թբիլիսի են հրավիրում հանրաճանաչ մարզիչ Յակուշինին և ասում, որ պատրաստ են նրա տրամադրության տակ դնելու հնարավորն ու անհնարինը, միայն թե «Դինամոն» վերջապես ԽՍՀՄ չեմպիոն դառնա։ Մի շարք պայմաններ առաջադրելով, Յակուշինն ասում է, թե բնավ չի խանգարի, որ թիմի աջ եզրում խաղա Մետրևելին, ձախում` Մեսխին, կենտրոնում` Հովիվյանը։ Մերժեցի հրավերը։
Այն տարիներին մի երգ էր ֆուտբոլասերների շուրթերին, ուր այսպիսի տող կար. «Ինչ անիծեմ թուրք Ֆալյանին, որ հեռացրեց Հովիվյանին»։
Իսկ Հրանտ Շահինյանն ասում էր. «Ես, Ալբերտ Ազարյանը և Վլադիմիր Ենգիբարյանը օլիմպիական չեմպիոններ ենք։ Բայց երբ իջնում ենք Աբովյան փողոցով, մեզ ճանաչում և ժպտում են, իսկ Հովիվյանին տեսնելիս ընկնում են հետևից»։
Շատ մտերիմ էի հռչակավոր Միշա Մեսխիի հետ։ Երևանում ես էի նրան ուղեկցում Հայաստանի տեսարժան վայրեր, Թբիլիսիում նա էր հյուրընկալ տանտերը։ Հաճախ էր մեր թիֆլիսյան հանդիպումներն իր աննման երգով զարդարում նշանավոր Գլախո Զաքարյանը։
«ԱՅՍՕՐ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔՈՎ, ԱՄԱՌԱՆՈՑՍ ԵՄ ՄՇԱԿՈՒՄ, ՈՒՐԱԽԱՆՈՒՄ, ՈՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԴԵՌ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ»
Երեքսենյականոց բնակարանս Աբովյան փողոցում ստացել եմ բոլոր ժամանակների լավագույն առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և հրաշալի քաղաքագլուխ Գրիգոր Հասրաթյանի կամեցողությամբ։ Սակայն գլխավոր խաղաքարտն այս գործում իմ անչափ սիրելի ֆուտբոլասերների ծափերն էին։ Եվ ահա տեղեկացնում եմ ժողովրդիս` այդ բնակարանը, հանգամանքների բերումով, վաճառել եմ, գնել նորը քիչ հեռվում։
ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի ավագ գիտաշխատող. «1959-ը հայկական ֆուտբոլում վերելքի տարի էր։ Հանրահայտ անունների կողքին առանձին շուքով էր փայլում Հովիվյանը, մարզասերների սիրելի Սաքոն։ Նրան դաշտում տեսնելը երջանկություն էր։
Անմոռանալի է Աբովյան փողոցով ֆուտբոլասերների երթը` Հովիվյանին Երևանում պահելու նպատակով։ Որոշ ֆուտբոլասերներ գոռում էին. «ԹՏջՖՎՌՑպ թՏՈՐ թՈրտՈՐվ, ՊՈռՑպ վՈՎ հՈՐՍՌրՈ ԿՉՌՉվՈ»։
ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ - ՀՀ նկարիչների միության նախագահ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ. «Հանրապետական» մարզադաշտում եմ ծանոթացել մեծ ֆուտբոլի հետ։ Մեր հետաքրքրությունը դուրս էր ֆուտբոլի շրջանակներից, մերոնք չէ որ խաղում էին ռուսների, էստոնացիների, վրացիների, ադրբեջանցիների հետ։ Իմ սերնդակիցների համար, առհասարակ, ֆուտբոլային մրցամարտերը հայրենասիրության որոշակի ենթատեքստ ունեին։
Չեմ հիշում, որ խաղն էր, երբ որոշեցի անպատճառ տեսնել Հովիվյանին, որը գրավել էր մեր սրտերն իր բացառիկ խաղով։
ՈՒսանում էի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Խաղից առաջ թիմերը շարվել էին ողջունելու հանդիսատեսին։ Ես ճեղքեցի միլիցիոներների շարքը, գտա Հովիվյանին և ձեռքիս աղավնին նվիրեցի նրան։ Ավանդույթ կար, եթե ֆուտբոլիստն աղավնի է թռցնում վեր, ուրեմն անպատճառ գոլ է խփելու։ Նա գոլ խփեց։ Անկասկած, Սարգիս Հովիվյանն իր ժամանակի ամենավառ անհատականություններից էր, Գարինչային, Պելեին, Ստրելցովին հավասար` իր ձիրքով»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Հ. Գ. -Փոքրիկ շտկում. Հովիվյանի 65-ամյակը Հայաստանում, այնուամենայնիվ, շնորհավորել են:

Դիտվել է՝ 3798

Մեկնաբանություններ