ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀԱՅԵՐ-ՀՈՒՅՆԵՐ

ՀԱՅԵՐ-ՀՈՒՅՆԵՐ
01.03.2011 | 00:00

(պատմական եզրեր)
(սկիզբը` նախորդ համարում)

Ասենք, որ նման տկարամիտ քաղաքականության բնականոն հետևանքը եղավ այն, որ, ի վերջո, Աստված թույլ տվեց, որ մահմեդականները` հանձինս թուրքերի, 1453 թ. մայիսի 29-ին գրավեն Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և դարձնեն Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ վերանվանելով Ստամբուլ, իսկ ուղղափառ աշխարհի ամենավեհաշուք եկեղեցին` Սուրբ Սոֆյա տաճարը, մզկիթի վերածեն մինչ այսօր։ ՈՒ դրանով կատարվեց Տիրոջ այն խոսքը, թե. «Ով ուրիշի համար փոս փորեց, խորացրեց, ինքն ընկավ մեջը»: Իսկ Սուրբ Սոֆյայի վեհաշուքության մասին պատմում են, որ Հուստինիանոս կայսրը տաճարն ավարտին հասցնելու համար ծախսել է արքայական գանձարանի ողջ եղածը՝ մոտ 360 միլիոն ոսկե դրամ (միայն խորանի զարդարանքների համար հազար փութ արծաթ են օգտագործել): Իսկ տաճարի օծման արարողությունից հետո նրա հոյակերտ սրահը մտած կայսրը, չդիմանալով` բացականչել է. «Սողոմոն, ես հաղթեցի քեզ»: Իհարկե, սրանք լոկ արքայական փուչ հպարտության խոսքեր են եղել, քանզի Աստված Սողոմոնին ասել է. «Քեզ իմաստուն ու հանճարեղ սիրտ տվեցի, այնպես որ, քեզնից առաջ քեզ պես ոչ ոք չի եղել, քեզնից հետո էլ քո նմանը պիտի չլինի» (Գ. Թագ. 3. 12):
Բայց այս բոլորը հիշատակում եմ` ընթերցողի մեջ ոչ թե անմիտ չարություն ու ոխակալություն հարուցելու, քավ լիցի, քանզի Տիրոջից նման պատվիրան չունենք, այլ հակառակը, որպեսզի նրանց համար աղոթենք, իսկ մենք էլ հասկանանք, որ մեր մեղքերն են տկարացնում մեզ և ուժ տալիս թշնամիներին: Ինչպես աներևույթ մանրէները մեզ վրա իշխանություն չեն ունենում, քանի դեռ պահպանում ենք մեր մարմնի առողջաբանության (հիգիենայի) կանոնները: Իսկ երբ անլվա ձեռքերով կերակուր ենք ուտում, կամ ամիսներով չենք լողանում, ապա այդ հիվանդածին հարուցիչները սկսում են մեզ նեղել, չարչարել և չունեցած իշխանություն բանեցնել վրաներս: ՈՒրեմն, մեզ պատահող բոլոր փորձությունների ու մանավանդ պարտությունների պատճառը մեր մեջ փնտրելով՝ երբեք չենք սխալվի: Եվ ինչպես բացատրում է Ներսես Շնորհալին, մուկն ընկնելով թանի մեջ` այն անպետք է դարձնում, բայց ոչ թե իր զորությամբ, այլ իր բնական ապականությամբ: Նույնպես էլ մեր թշնամիներն են մեր դեմ գլուխ բարձրացնում մեր իսկ անօրենությունների պատճառով: ՈՒ, քիչ, թե շատ տեղյակ լինելով պատմական անցքերին, մի ներքին համոզմունք ունեմ, որ եթե հույները հայերի հետ եղբայրաբար, ավելի ճիշտ՝ քրիստոնեաբար վարված լինեին, ապա Աստված էլ նրանց երկիրը կպահեր իսպառ կործանումից, որովհետև Տերը խոստում ունի. «Այն չափով, որ չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկ. 6.38): Մանրամասնորեն գրեցի հույների մասին, որովհետև հայ-հունական եզրերի մասին դեռ էլի պիտի խոսենք:
Ի լրացումն սրա, ասենք, որ հայերը հույներին ու քրիստոնյա աշխարհին տվել են մի հղկած ադամանդ, որը 1500 տարուց ավելի փայլատակում է աշխարհում. դա եկեղեցու սուրբ հայրերից խոսքի անգերազանց մշակ սուրբ Հովհաննես Ոսկեբերանն է: Իհարկե, շատերդ տարակուսեցիք, քանզի գիտեք, որ Հովհաննես Ոսկեբերանը Կոստանդնուպոլսի հույն պատրիարքն էր, բայց քչերս գիտենք, որ նրան դեռևս տասնութամյա հասակում «բացահայտել է» մի հայ իմաստուն այր: Իսկ ավելի ստույգ կարդանք Ղևոնդ Ալիշանի «Հուշիկ հայրենյաց հայոց» գրքից. «Եթե ավելորդ պարծանք չէ, համարձակվում եմ ասել, թե Ոսկեբերանը հին պարտք ուներ տալու Լուսավորչի ժողովրդին ու նրա վիճակին. իր բնատուր հանճարով ոսկեզօծյալ շրթունքը եկեղեցու խոսնակ լինելուն վարժեցնողը Պողիկտոսի հայրենակից և բնիկ հայազգի մի այր էր՝ նվիրյալ ու մեծահարուստ մի անձ` սբ. Մելիտոս հայրապետը, որը, տեսնելով տասնութամյա Հովհաննեսին հռետորական շնորհքով ու գիտությամբ զարդարված, բայց տարակուսյալ՝ երկնի ու երկրի որոշիչ ճամփից, ճարտար սիրով իրեն քաշեց և երեք տարի իր մոտ պահելով, բացեց, սովորեցրեց Քրիստոսի բարձր ու վսեմ իմաստությունը, Նրա Հոր հավիտենական գաղտնիքը ու Սուրբ Հոգու հրեղեն լեզուն: Եվ երբ տեսավ Հովհաննեսին լի ու լի և ընդունակ՝ մկրտեց նրան քսանմեկ տարեկան հասակում, իր ծառայության վայրում՝ Անտիոքի եկեղեցում դպիր ձեռնադրեց» (Հուշիկ հայրենյաց հայոց, էջ 56): Այդ պատճառով է, թերևս, Հովհաննես Ոսկեբերանը Հայաստանի Կոկիսոն վայրն աքսորված ժամանակ մի գեղեցիկ ձոն գրել` նվիրված Գրիգոր Լուսավորչին:
Այսօր հույները Երուսաղեմի քրիստոնեական ամենագլխավոր սրբատեղիի՝ Սուրբ Հարության տաճարի «առաջատարն են»։ Մանավանդ Հիսուսի Սուրբ Գերեզմանամատուռի, որտեղ նրանք օր ու գիշեր հսկողություն են անում։ Այնտեղ նրանք Տիրոջ Գերեզմանաքարի սնարին մի փոքրիկ փայտյա գանձանակ են դնում, որտեղ բարեպաշտները կարող են իրենց նվիրատվությունները կամ էլ մոմերի վճարը գցել: Կարծես թե սովորական մի բան է, բայց հոգևոր աչքով նայելիս այստեղ սատանայի ձեռագիրն է երևում, որովհետև այդ գանձատուփի վրա միշտ մեկդոլարանոց են փակցնում, որ մտնողն իմանա, թե ինչի համար է այն: Այս սուրբ տեղում անիրավ մամոնայի խորհրդանշանը տնկելը, կարծում եմ, սրբապղծությանը համազոր արարք է: Աստված թող ողորմի հիմարներիս, որ Քրիստոսին Բելիարի հետ ենք խառնում, մինչդեռ Պողոս առաքյալը զգուշացրել է` ասելով. «Ի՞նչ կապ ունի արդարությունն անօրենության հետ, և կամ ի՞նչ համեմատություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև. կամ ի՞նչ կապ ունի հավատացյալը անհավատի հետ. կամ ի՞նչ նմանություն ունի Աստծո տաճարը մեհյանների հետ» (Բ.Կորնթ. 6. 14-16): Եվ այն, որ մամոնան, այսինքն՝ փողն ու հարստությունը, շատերս կուռքի ենք վերածել, փաստ է:
Այս տողերը գրելիս հիշեցի. երբ աշխարհը տոնում էր երրորդ հազարամյակի սկիզբը, Երուսաղեմ էին այցելել բոլոր ուղղափառ եկեղեցիների առաջնորդները: Առաջին պատարագը Տիրոջ սուրբ Գերեզմանի մոտ թույլ տվեցին կատարելու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդին: Բայց մինչ այս պատմությունը շարունակելը, որպես ուշագրավ տեղեկություն, ասեմ, որ այս սուրբ Տաճարում, սուրբ Տիրամոր գերեզմանում և Բեթղեհեմի սուրբ Ծննդյան վայրում որևէ ազգ, բացի հույներից, հայերից ու լատիններից, իրավունք չունի սեփական լեզվով պատարագ մատուցելու և Ավետարան կարդալու, այլ, որպես բացառիկ մի բան, թույլ են տալիս միաժամանակյա պատարագ մատուցել, որտեղ գերակշռող և առավել կարևոր պահերը կատարվում են միայն այդ երեք լեզուներով: Հայերը նման խնդիրներ չունեն, որովհետև մենք, ինչպես գիտեք, միայն մեզ ենք ներկայացնում:
Ռուսիո պատրիարքը սուրբ Երկիր էր եկել իսկապես ռուսական թափով. նրան ուղեկցողների թիվը երևի հարյուրից անց էր, միայն երգիչները 40 հոգի էին, և չհաշված 5-6 հաղթահասակ թիկնապահներին, որոնք ամբողջ Պատարագի ժամանակ, ըստ իրենց աշխատանքի բնույթի, ոչ թե դեպի սուրբ Գերեզմանն էին նայում, այլ անընդհատ շուրջբոլորն էին զննում, բայց վերջում, ժամավորներից հետո, նրանք նույնպես մոտեցան սուրբ Հաղորդությանը: Պատարագի վերջում, երբ արդեն գիշերվա ժամը երեքն էր, պետք է հայերս սկսեինք մեր պատարագը և, ըստ «Ստատիկոնի», ոչ ոք իրավունք չունի խախտելու այդ ժամը: Հույները ռուս պատրիարքին զգուշացրել էին, որ չհապաղի, որովհետև հայերի ժամն է մոտենում: Նրանք էլ ճիշտ այդ ժամին կարողացան ավարտել իրենց արարողությունը, որից հետո իսկույն սուրբ Տաճարով մեկ հնչեց հայերի կոչնակի զիլ ձայնը, նշան այն բանի, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը սուրբ Պատարագի օրհնություններ ու փառաբանություններ պիտի վերառաքի Տիրոջ սուրբ Գերեզմանից:
Ռուս ուխտավորները պատարագից հետո, բնական է, փափագում էին սուրբ Գերեզման մտնել, բայց արդեն մեր ժամն էր: Եվ փափկասիրտ, հյուրասեր հայերս չխոչընդոտեցինք նրանց՝ մեր ունեցած իրավունքները բանեցնելով, այլ եղբայրաբար թույլ տվինք «մեր հաշվին» օրհնություններ վայելել, մինչև որ սկսեինք պատարագը: Շփվելով մնացած դավանակից եկեղեցիների խստության հետ, մանավանդ հույների, հավատացնում եմ, որ նրանք հաստատ մոտ չէին թողնի և ոչ մի հոգու:
Թող Աստված մեր կողմից «Ստատիկոնի» այդ «խախտումը» հայոց ազգի մեղքերին քավություն համարի, քանզի սերն ու ողորմությունը վեր են երկրային բոլոր օրենքներից:
Բեթղեհեմի՝ մեր Տիրոջ սուրբ Ծննդյան տաճարն այդ ախտից նույնպես տառապել և տառապում է մինչև այսօր, որտեղ իրավունքներ են բանեցնում նորից այս աշխարհի երեք քրիստոնեական «հզորները»` հույները, հայերը և լատինները: Դիտմամբ հույների անունն առջևում դրեցի, որովհետև նրանց դիրքը որոշ չափով այնտեղ առավել է: Օգտվելով դրանից` ամեն թույլատրելի ու նաև ոչ վայել միջոցներով նրանք ջանում են այդ դիրքը պահել: Նույնիսկ արգելում են հայերիս, որ մեր մասնաբաժնում մոմ վաճառենք, որովհետև իրենք այդ վաճառքից ահռելի գումարներ են դիզում: Իսկ երբ մեր կաթողիկոսն ու նախագահն այցելեցին Ծննդյան 2000-ամյակի տոնին, տեղական հեռուստաընկերություններն իրենց նկարահանումները կատարելու համար տեսախցիկները տեղավորել էին հույների սրահում, որը կից է հայերի բաժնին, և մի քիչ բարձր էր ու հարմար նկարահանման համար: Եվ երբ արդեն պետք է սկսվեին արարողությունները, հանկարծ նախանձի մեղքը նորից իր սև գործն արեց, և հույների տեսուչը աղմուկ-աղաղակով, կոպտորեն արգելեց խցիկներն իրենց մասում դնել և պահանջեց անհապաղ հանել այդտեղից: Որպեսզի ավելորդ տհաճությունների տեղիք չտրվեր, ստիպված հանեցին և տարան հայոց սրահի մի ավելի ցածր ու անհարմար տեղ: Իսկ հունական սրահում հավաքված հայ ուխտավորներին «եղբայրաբար» դուրս հրավիրեցին: ՈՒ փա՜ռք Աստծո, որ լատինները եղբայրաբար թույլատրեցին իրենց մեծ սրահում հավաքվել մեր ուխտավորներին: Ես այդ ժամանակ սիրողական տեսախցիկով ուզում էի հունական սրահի բարձր աստիճանների վրայից նկարահանել մեր մասնաբաժնում կատարվելիքը: Հանկարծ ներքևից ինչ-որ մեկի կոպիտ բղավոցը լսեցի: Քանի որ սրբավայրում նման բղավոցներն անհարկի են, բնազդաբար դեպի ձայնը շրջվեցի: Պարզվեց, որ այն ինձ էր ուղղված, քանզի «հանդգնաբար» համարձակվել էի բարձրանալ հույներին պատկանող աստիճանների վրա: Իսկ երբ տեսա, թե ինչպես էր այդ խեղճ վանականի դեմքը այլայլվել անբացատրելի դիվային չարությունից (գրում եմ դիվային, որովհետև աստվածայինը նախ խաղաղարար է ու քաղցրաբարո), առանց իսկ ծպտուն հանելու, սուսուփուս իջա այնտեղից և նույն չարացած հայացքի ներքո լքեցի նրանց տարածքը: Թող իրենցը լինի, բայց ի՞նչ պիտի պատասխանեն մեր Տիրոջը, երբ գա «Սիրեցէ՛ք զմիմեանս» պատվիրանապահության հաշիվ տալու ժամանակը, չգիտեմ: Իսկապես որ դառն է քրիստոնեությունն առանց Քրիստոսի սիրո ու ողորմածության: Սեփական հետևություններ չանելով, որպես տխուր իրողություն, ավելացնեմ, որ այդ օրվանից մոտ երեք շաբաթ չանցած, Բեթղեհեմից լուր բերեցին, որ հույների այդ 41 տարեկան եպիսկոպոս-տեսուչն իր անվանակոչության նախօրյակին, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր այն շքեղորեն նշելու համար, հանկարծամահ էր եղել...
Թող Աստված ողորմի բոլոր մեղավորներիս և ներողամտության շնորհ տա միմյանց հանդեպ։
Դարձյալ բեթղեհեմյան հունա-հայկական հարաբերություններից. սուրբ Հակոբյանց մայրավանքից Ծննդյան տոների առթիվ գնացինք Բեթղեհեմի տաճարի մեր մասնաբաժինը մաքրելու և կարգի բերելու, այնպիսի զգուշությամբ էինք շարժում մեր ավելները, ինչպես պայթուցիկ ական փնտրող սակրավորները կշարժեին իրենց ականորսիչները, որ չլինի թե հանկարծ մի սանտիմետր իսկ անցնենք մեր քրիստոնյա «եղբայր» հույների սահմանը, այլապես կսկսվեն տհաճ խոսքեր, աղմուկ, «իմն է, քոնը չէ, չի՛ կարելի, իրավունք չունե՛ք» և նման այլ անհարկի բացականչություններ, որոնց պատճառով, ի վերջո, ձեռքի ավելներն են գործի դրվում, և այդ պատճառով մենք կոչում ենք «ավելակռիվ»: Իսկ տեղի արաբ ոստիկանները (Բեթղեհեմը պատկանում է Պաղեստինի իշխանությանը), կրակին սպասող հրշեջների նման, կազմ ու պատրաստ, ռետինե մահակները ձեռքներին, սպասում են, որ եթե հանկարծ նման միջադեպ ծագի, իսկույն միջամտեն, որ «եղբայրական» կռիվը չբորբոքվի և արյունահեղության չվերածվի, ինչպես 1861 թ. պատահել է այստեղ, երբ լատին միաբանները փորձել են բռնի ուժով իրենց չունեցած իրավունքներն ընդարձակել հայերիս հաշվին: Բանն այն էր, որ նրանք իրենց սրահից առանձին մուտք չունեն դեպի սուրբ Ծննդյան այրը, այլ ստիպված են մեր սրահի միջով անցնելու, իսկ այդ դուռը բացվել է 1750 թվին, երբ լատինների մոտ հյուր էր գալու ինչ-որ մեծ երկրի թագավոր: Այդ առթիվ լատինները շատ խնդրեցին, որ մենք թույլ տանք իրենց եկեղեցուց ժամանակավոր դուռ բացել դեպի մեր սրահը, որտեղից մուտք ունենք Տիրոջ սուրբ ծննդավայրը: Հայերիս հատուկ պարզամտությամբ համաձայնվեցինք, բայց երբ թագավորի այցելությունն ավարտվեց, լատինները հրաժարվեցին բացված դուռը փակելուց և, գործի դնելով մամոնա-իշխանավոր հայտնի լծակը, ի վերջո կարողացան պահել անօրենությամբ ձեռք բերված այդ իրավունքը: Բայց ահա, ըստ «Ստատիկոնի», նրանք պետք է գոնե շրջանցեին մեր սրահի աջ կողմով, բայց տարիների ընթացքում էլի եղբայրաբար մենք թույլ ենք տվել շրջանցել քիչ ավելի ձախ ճանապարհով, բայց նրանք այդ էլ քիչ համարելով, որոշել են անցնել ուղիղ գծով, որը հատում էր սրահում փռված մեր գորգը, որտեղ միշտ ժամերգություններ ենք անում: ՈՒ եթե այդ էլ թույլ տայինք, ապա նրանք իրավունք կունենային, երբ ուզենային, մեր ժամերգությունը խանգարելով, Ծննդյան այրը մտնել: Մենք, իհարկե, մերժեցինք այդ ոտնձգությունը, բայց նրանք, ինչպես երևում էր, սատանայի հրահրումներով էին առաջնորդվում, որովհետև այդ վեճը, ի վերջո, վերածվեց ձեռնամարտի, որի պատճառով մենք տասնյակ արյունլվա վիրավորներ ունեցանք հայոց ազգի իրավունքները պաշտպանելիս: Իսկ երբ 1999 թ. դեկտեմբերի վերջերին նորից գնացինք «ավելակռվի», տեսա, որ լատինները, արդեն ուղիղ գծով հատելով մեր սրահը, իրենց բացած շավիղն ավլեցին մինչև Ծննդյան սուրբ այրը: Երևում է, որ անցած հարյուր տարվա ընթացքում, անգլիական կառավարության միջոցով, լատինները հասել են իրենց նպատակին: Եթե այդ է իրենց ուզածը, որ երկրի վրա ուղիղ գծով գնան սրբավայր, թող ստանան իրենց սրտի ուզածը, իսկ դրա փոխարեն Տերը թող մեզ ողորմի և օգնի մեր ազգին, որ մենք էլ ուղիղ դավանությամբ երկնային Սրբարանը մտնենք: Բայց այդ դասը երևի լավ չսովորեցինք, որովհետև 1954 թ. նմանատիպ մի առաջարկ արվեց նաև հույների կողմից, երբ նրանք խնդրեցին, որ Հիսուսի Ծննդյան գիշերը թույլ տանք, որ սուրբ այրի դռան մեր աստիճանների վրա երգեն: Երբ մի անգամ թույլ տվեցինք՝, այդ նոր իրավունքի «համը» բերաններում մնաց ու այդ տարվանից սկսած մինչև այսօր դեռ երգում են: Թող երգեն, Աստված թող փառաբանվի մեզ պատկանող աստիճանների վրայից, բայց եղբայրական հարաբերությունները միակողմանի չեն լինում, այլ փոխադարձ:
Երբ այդ զավեշտ «մաքրության օր» կոչվող արարողությանը տեսա, թե ինչպես են հույն հոգևորականները սպիտակ ու երկար, պատկառելի մորուքները տմբտմբացնելով, փոշու և կեղտի մեջ կանգնած, ամեն մի սանտիմետրի համար կռիվ տալիս, անկախ իմ կամքից հիշեցի (թող Աստված ների նման համեմատության համար), թե ինչպես են կենդանիներն իրենց իշխանության սահմանները նշելու և ընդգծելու համար զանազան հնարքներ բանեցնում, հոգիս տրտմեց այդ տխուր վիճակից, որ քրիստոնյա եղբայրներն իջել են այն աստիճանի, որ արտաքին տաճարի մաքրության օրը վերածել են իրենց ներքին տաճարների անմաքրության միջոցի: Մինչդեռ մենք վկայություններ ունենք մեր սուրբ հայրերի կյանքից, որ նրանցից մեկը, երբ պատարագ էր մատուցում, ապա սուրբ հրեշտակներին էր տեսնում, իսկ երբ մի անգամ նրանք չերևացին, հասկացավ, որ մասնակիցներից մեկը մեղքի մեջ է ընկել, ու Սուրբ Հոգով իմանալով, թե ով է, նրան իջեցնում է խորանից, և նորից հրեշտակները երևում են նրանց: Պատարագից հետո սուրբ հայրը հարցնում է, թե ինչ մեղք էր գործել, որ հրեշտակները հեռացան իրենցից: Նա պատասխանում է, թե արարողությունից առաջ եղբայրներից մեկի հետ սիրով չի վարվել, և կոպտորեն ասել է, որ հիմա ժամանակ չունի լսելու նրան: Եթե այդքան նուրբ է մեր մեջ բնակվող Սուրբ Հոգին, որը տրտմում է նույնիսկ նման դեպքերում, ուրեմն վա՜յ մեզ, արտաքնապաշտ քրիստոնյաներիս, որ մժղուկը քամում, բայց ուղտը կուլ ենք տալիս: Եվ երբ մեր Տերը վերադառնա ու հարցնի. «Պահեցի՞ր Իմ միակ պատվիրանը. եղբորդ սիրեցի՞ր, ինչպես Ես քեզ սիրեցի ու Իմ անձը դրեցի քո փրկության համար», այդ ժամանակ շատերիս լեզուները հավիտյան պիտի պապանձվեն:
Բայց, չնայած այս բոլոր կրոնա-քաղաքական հակադրություններին, մեր իմաստուն այրերը, ի բարին գնահատելով հունական լեզվամտածողության նրբությունները, մեծ հմտությամբ օգտվել են դրանցից ու հայոց մշակույթը հղկել և հարստացրել են։ Այդ նպատակի համար նույնիսկ մեր գրչության կենտրոններում ու վանքերում, ինչպես նաև Գլաձորի համալսարանում հատուկ ուսումնասիրության առարկա էր համարվում հունական քերականությունը։ ՈՒ բնական է, որ այդ պատմամշակութային սերտ շփումներից հետո հունարենից հայերեն բազմաթիվ նոր բառեր ու բառակազմական նրբերանգներ փոխառնվեին։ Դա կարելի է համեմատել դեռ չմշակված ալմաստ քարի տաշելուն, որից հետո այն պայծառանալով ու գեղեցկանալով` դառնում է թանկարժեք ադամանդ։ ՈՒ այդ ամենի շնորհիվ էր, որ Աստվածաշնչի գրաբարյան մեր թարգմանությունը լեզվաբանների գնահատմամբ համարվում է թագուհի թարգմանության։
Իսկ այժմ կարդանք այն մասին, թե ինչու է ապագայում այս երկու ազգերի միջև մերձեցում լինելու։
Մի անգամ հայ վարդապետի հետ վերադառնում էինք Գեթսեմանիում գտնվող սուրբ Աստվածածնի գերեզմանամատուռում կատարված առավոտյան պատարագից, որոշեցինք ճանապարհին այցելել Նիկոդեմեոսի տան տեղում եղած հունական եկեղեցին։ Երբ ներս մտանք, այնտեղ ծառայող հույն վարդապետը, մեզ տեսնելով, հասկացավ, որ հայոց պատրիարքարանից ենք, իսկույն մոտ եկավ ու, սիրալիր ողջունելով, խնդրեց մի քիչ ժամանակ տրամադրել իրեն, որովհետև մի կարևոր հարցի մասին է ուզում խոսել մեզ հետ։ Քանի որ ես անգլերենին լավ չեմ տիրապետում, չմնացի վարդապետների զրույցին, այլ երկյուղածությամբ շրջում էին Նիկոդեմեոսի տան սրահներում։ Այն հրեա իշխանավորի, որը գիշերով եկել էր Հիսուսից ճշմարտության խոսք լսելու (Հովհաննու Ավետարան, 3-րդ գլուխ)։ Իսկ այդ գիշերային զրույցի արդյունքը այն եղավ, որ նա Հիսուսի խաչելությունից հետո համարձակաբար դավանեց Տիրոջ Աստվածությունը, Հովսեփ Արիմաթացու հետ մեկտեղ հուղարկավորելով խաչյալ Տիրոջը։
Հետո երեկոյան, երբ հավաքվեցինք այդ մեր վարդապետի սենյակում, մեզ պատմեց հետևյալ կարևոր բանի մասին, որ լսել էր հույն վարդապետից։ Նա ցույց է տվել մի քարտեզագրված թուղթ, որտեղ մանրամասնորեն գծագրված էին Հունաստան-Հայաստան երկրները, որոնց մեջտեղում էր Թուրքիան։ Ապա սլաքներով, ինչպես զինվորական պատերազմական քարտեզներն են լինում, Հայաստանից ու Հունաստանից դուրս եկող զորքերը, որոնք միանում են Կոստանդնուպոլսում և վերջնական գրավում այն։ Ապա դրանից հետո հույները դարձյալ իրենց մայրաքաղաքն են դարձնում այն, իսկ Սուրբ Սոֆյա տաճարը նորից վերաօծում և ուղղափառության կենտրոնը դարձնում։ Իսկ Հայաստանն այդ գործողություններից հետո վերստանում է իր նախկին հողատարածքները և դառնում մեկ միասնական հզոր երկիր ներկայիս Հայաստանի մայրաքաղաքով։ Ըստ հույն վարդապետի` այս մարգարեական տեսիլքը տեսել և հաղորդել է սուրբ Աֆոն կղզու իրենցից հարգված մի հույն վանական, ինչքան հիշում եմ, Պայիսիա Աթոսացին։ Ըստ նրա, այս նկարագրված դեպքերը տեղի են ունենալու ներկայիս սերնդի օրոք։ Թե ինչքան է հավաստի այս ամենը, ես չգիտեմ, բայց ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնեք։
Ահա, չնայած մեր երկու ազգերի միջև եղած դարավոր տարաձայնություններին, ինչպես տեսանք, ընդհանուր թշնամու դեմ միաբանական եզրեր են հայտնվելու, և չարիքից բարիքի է վերածվելու։
Դե ինչ, սերն ու միաբանությունը թող վերջապես հաղթահարեն ու վերականգնեն այն, ինչն ավերել են թշնամությունն ու ատելությունը։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ